Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 20

«Սրտով իմաստուն», բայցև խոնարհ

«Սրտով իմաստուն», բայցև խոնարհ

1–3. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան խոնարհ է։

ՀԱՅՐԸ ցանկանում է կարևոր դաս սովորեցնել իր փոքրիկին և շատ է ուզում հասնել նրա սրտին։ Ինչպե՞ս նա կանի դա։ Իր ողջ հասակով կկանգնի ու վախեցնելով երեխային՝ կոպտորե՞ն կխոսի նրա հետ, թե՞ կխոնարհվի ու կխոսի մեղմ ու հաճելի ձայնով։ Անկասկած, իմաստուն և խոնարհ հայրը կնախընտրի մեղմորեն խոսել։

2 Իսկ ինչպիսի՞ Հայր է Եհովան. գոռո՞զ, թե՞ խոնարհ, կոպի՞տ, թե՞ մեղմ։ Աստված գիտի ամեն բան, նա ամենաիմաստունն է։ Բայց հավանաբար նկատել ես, որ գիտելիքներն ու բարձր մտավոր կարողությունները միշտ չէ, որ խոնարհ են դարձնում անհատին։ Համաձայն Աստվածաշնչի՝ «գիտելիքները հպարտացնում են» (1 Կորնթացիներ 3։19; 8։1)։ Սակայն Եհովան ոչ միայն «սրտով իմաստուն» է, այլև խոնարհ (Հոբ 9։4)։ Եվ դա որևէ առումով չի ցածրացնում նրա դիրքը կամ նվազեցնում նրա վեհությունը։ Աստծու մեջ հպարտության նշույլ անգամ չկա։ Ինչո՞ւ։

3 Եհովան սուրբ է։ Այդ պատճառով նրա մեջ չկա հպարտություն. հատկություն, որն ապականում է (Մարկոս 7։20–22)։ Ավելին, ուշադրություն դարձնենք, թե նրա մասին ինչ է ասել Երեմիա մարգարեն. «Քո հոգին [այսինքն՝ ինքը Եհովան] անպատճառ կհիշի և կխոնարհվի ինձ վրա» * (Ողբ 3։20)։ Պատկերացրու. Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, ցանկանում էր «խոնարհվել»,  կամ՝ հավասարվել Երեմիային, որպեսզի իր հավանությանն արժանացներ այդ անկատար մարդուն (Սաղմոս 113։7)։ Այո՛, Եհովան խոնարհ է։ Իսկ ի՞նչ է Աստծու խոնարհությունը։ Ի՞նչ կապ ունի դա իմաստության հետ։ Ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար։

Ինչպես է Եհովան ցույց տալիս, որ խոնարհ է

4, 5. ա) Ի՞նչ է խոնարհությունը, ինչպե՞ս է արտահայտվում, և ինչո՞ւ չպետք է այն շփոթենք թուլության ու վախկոտության հետ։ բ) Եհովան ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց հօգուտ Դավթի, ու նրա խոնարհությունը որքանո՞վ է կարևոր մեզ համար։

4 Խոնարհությունը խոնարհամտությունն է, մեծամտության ու հպարտության բացակայությունը։ Այս հատկությունը սրտի ներքին վիճակ է և արտահայտվում է այնպիսի հատկությունների միջոցով, ինչպիսիք են մեղմությունը, համբերությունը և խոհեմությունը (Գաղատացիներ 5։22, 23)։ Աստվածային այս հատկությունները, սակայն, երբեք չպետք է շփոթել թուլության ու վախկոտության հետ։ Դրանք համատեղելի չեն Եհովայի արդար բարկության և կործանելու զորության հետ։ Աստծու խոնարհության ու մեղմության մեջ ամփոփված է վիթխարի ուժ՝ զգացմունքները  կատարելապես հսկելու կարողություն (Եսայիա 42։14)։ Ի՞նչ կապ ունի խոնարհությունը իմաստության հետ։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ ասվում է. «Խոնարհությունը անձնազոհության անբաժանելի երեսակն է և ողջ իմաստության հիմքը»։ Հետևաբար, իսկական իմաստությունը չի կարող խոնարհությունից անկախ դրսևորվել։ Իսկ ի՞նչ օգուտ է տալիս մեզ Եհովայի խոնարհությունը։

Իմաստուն հայրը իր երեխաներին վերաբերվում է խոնարհաբար և մեղմորեն

5 Ահա թե իր երգի մեջ Եհովային ինչ ասաց Դավիթը. «Դու կտաս ինձ քո փրկության վահանը, քո աջ ձեռքը կհաստատի ինձ, և քո խոնարհությունը կբարձրացնի ինձ» (Սաղմոս 18։35)։ Ըստ էության, Եհովան «կռացավ», որպեսզի օգնի այս անկատար մարդուն՝ ամեն օր պաշտպանելով ու սատար կանգնելով նրան։ Դավիթը գիտակցում էր, որ իր թշնամիներից ազատվելը, և նույնիսկ այն, թե որքան մեծ կլինի իր թագավորությունը, կախված էր այդ ձևով իրեն խոնարհեցնելու Աստծու պատրաստակամությունից։ Եվ իրոք, մեզանից ո՞վ փրկության հույս կունենար, եթե Եհովան խոնարհ չլիներ ու չցանկանար «կռանալ», որպեսզի մեզ հետ վարվի մեղմ ու սիրառատ Հոր պես։

6, 7. ա) Ինչո՞ւ աստվածաշնչյան ոչ մի համարում չի ասվում, որ Եհովան համեստ է։ բ) Ի՞նչ կապ գոյություն ունի մեղմության և իմաստության միջև, և այս հարցում ո՞վ է ամենալավ օրինակը։

6 Արժե նշել, որ խոնարհությունը տարբերվում է համեստությունից։ Համեստությունը հիանալի հատկություն է, և հավատարիմ մարդիկ, ինչ խոսք, պետք է զարգացնեն այն։ Ինչպես խոնարհությունը, այն նույնպես կապ ունի իմաստության հետ։ Օրինակ՝ Առակներ 11։2-ում ասվում է. «Իմաստությունը համեստների հետ է»։ Բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ Եհովան համեստ է։ Ինչո՞ւ։ Ըստ Սուրբ Գրքի՝ համեստ լինել նշանակում է գիտակցել հնարավորությունների սահմանափակ լինելը։ Սակայն Ամենակարողը սահմանափակումներ չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքն է սահմանել դրանք՝ առաջնորդվելով իր արդար չափանիշներով (Մարկոս 10։27; Եբրայեցիներ 6։18)։ Բացի այդ, որպես Բարձրյալ՝ նա ենթակա չէ որևէ մեկին։ Ուստի համեստություն հատկությունը պարզապես հնարավոր չէ վերագրել Եհովային։

7 Սակայն Եհովան խոնարհ է ու մեղմ։ Նա սովորեցնում է իր ծառաներին, որ մեղմությունը սերտորեն կապված է իսկական իմաստության հետ։ Աստվածաշնչում ասվում է, որ մեղմությունը  «բնորոշ է իմաստությանը» *(Հակոբոս 3։13)։ Քննենք, թե այս հարցում ինչ օրինակ է թողնում Եհովան։

Եհովան խոնարհաբար լիազորում է ուրիշներին և լսում է

8–10. ա) Ինչո՞ւ է ուշագրավ այն, որ Եհովան պատրաստ է լիազորելու ուրիշներին և լսելու նրանց։ բ) Ինչպիսի՞ խոնարհություն դրսևորեց Ամենակարողը իր հրեշտակների հանդեպ։

8 Ուրիշներին լիազորելու և նրանց լսելու պատրաստակամությունը Եհովայի խոնարհության վառ ապացույցն է։ Դա իսկապես զարմանալի է, քանի որ նա օգնության կամ խորհրդի կարիք ընդհանրապես չունի (Եսայիա 40։13, 14; Հռոմեացիներ 11։34, 35)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը շարունակ ընդգծում է, որ Եհովան այս կերպերով խոնարհություն է դրսևորում իր ծառաների հանդեպ։

9 Ահա թե ուշադրության արժանի ինչ դեպք տեղի ունեցավ Աբրահամի կյանքում։ Մի առիթով նրան այցելեցին երեք հոգի։ Նրանցից մեկին նահապետն անվանեց «Եհովա»։ Իրականում, այցելուները հրեշտակներ էին։ Նրանցից մեկը, սակայն, եկել էր Եհովայի անունից և գործում էր նրա անունով։ Երբ այդ հրեշտակը ինչ-որ բան էր ասում կամ անում, իրականում խոսում կամ գործում էր Եհովան։ Այդպես Աստված հայտնեց Աբրահամին, որ լսել է «Սոդոմի ու Գոմորի համար արված բողոքի աղաղակը»։ Եհովան ասաց. «Ես վճռել եմ իջնել ու տեսնել, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ինձ հասած աղաղակին, իսկ եթե ոչ՝ իմանամ» (Ծննդոց 18։3, 20, 21)։ Իհարկե, Եհովայի խոսքերը չէին նշանակում, թե Ամենակարողը անձամբ էր «իջնելու»։ Փոխարենը՝ նա նորից ուղարկեց հրեշտակներին՝ որպես իր ներկայացուցիչների (Ծննդոց 19։1)։ Բայց ինչո՞ւ։ Մի՞թե ամենատես Աստված չէր կարող առանց որևէ մեկի օգնության «իմանալ», թե ինչ իրավիճակ էր տիրում այդ տեղանքում։ Իհարկե կարող էր։ Այնուամենայնիվ, Եհովան խոնարհաբար այդ հրեշտակներին հանձնարարեց պարզելու, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ, և այցելելու Սոդոմում ապրող Ղովտին ու նրա ընտանիքին։

 10 Եհովան նաև պատրաստ է լսելու։ Մի անգամ նա խնդրեց իր հրեշտակներին տարբերակներ առաջարկել չար Աքաաբ թագավորին կործանելու համար, չնայած որ նման օգնության կարիք չուներ։ Աստված հավանություն տվեց հրեշտակներից մեկի առաջարկին ու հանձնարարեց նրան իրականացնել այն (1 Թագավորներ 22։19–22)։ Մի՞թե դա խոնարհության դրսևորում չէր։

11, 12. Աբրահամը ինչպե՞ս տեսավ Եհովայի խոնարհությունը։

11 Եհովան պատրաստ է լսելու նույնիսկ անկատար մարդկանց, երբ նրանք ցանկանում են պատմել իրենց մտահոգությունների մասին։ Օրինակ՝ երբ Աստված առաջին անգամ հայտնեց Աբրահամին, որ մտադիր է կործանելու Սոդոմն ու Գոմորը, այդ հավատարիմ մարդը շփոթության մեջ ընկավ։ «Անհնար է, որ դու այդպես վարվես»,— ասաց Աբրահամը։ Ապա ավելացրեց. «Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»։ Այնուհետև նա հարցրեց, թե արդյոք Եհովան կխնայի այդ քաղաքները, եթե այնտեղ 50 արդար գտնվի։ Եհովան վստահեցրեց Աբրահամին, որ կխնայի։ Բայց վերջինս նորից տվեց նույն հարցը՝ այս անգամ թիվն իջեցնելով մինչև 45, հետո 40 և այդպես շարունակ։ Թեպետ Եհովան վստահեցնում էր Աբրահամին, որ արդարությամբ կվարվի, վերջինս շարունակում էր տալ իր հարցերը, մինչև որ թիվը հասավ տասի։ Հավանաբար, Աբրահամը դեռ լիովին չէր հասկանում, թե որքան ողորմած է Եհովան։ Ամեն դեպքում Աստված համբերությամբ ու խոնարհաբար թույլ տվեց, որ Աբրահամը՝ իր ընկերն ու ծառան, նման ձևով արտահայտի իր մտահոգությունները (Ծննդոց 18։23–33

12 Փայլուն ընդունակություններ ու բարձր կրթություն ունեցող մարդկանցից քանի՞սը այդպիսի համբերությամբ կլսեին մեկին, որն իր գիտելիքներով անհամեմատ ցածր է իրենցից *։ Տեսնո՞ւմ ես, թե որքան խոնարհ է մեր Աստվածը։ Եհովայի հետ իր զրույցից Աբրահամը հասկացավ նաև, որ Աստված չի շտապում բարկանալ (Ելք 34։6)։ Ըստ երևույթին, գիտակցելով, որ իրավունք չունի հարցականի տակ դնելու Ամենաբարձրյալի գործերը՝ Աբրահամը երկու անգամ խնդրեց. «Խնդրում եմ, թող Եհովայի բարկությունը չբորբոքվի» (Ծննդոց 18։30, 32)։ Եհովան, իհարկե,  չբարկացավ։ Նա իսկապես ունի մեղմություն, «որը բնորոշ է իմաստությանը»։

Եհովան խոհեմ է

13. Աստվածաշնչում ի՞նչ իմաստով է գործածվում «խոհեմ» բառը, և ինչո՞ւ է այն ճշգրտորեն նկարագրում Եհովային։

13 Եհովայի խոնարհությունը արտահայտվում է նաև մեկ ուրիշ գեղեցիկ հատկության միջոցով։ Դա խոհեմությունն է։ Ցավոք, անկատար մարդիկ հաճախ են թերանում այս հատկությունը դրսևորելու հարցում։ Եհովան ոչ միայն ցանկանում է լսել գիտակցությամբ օժտված արարածներին, այլև պատրաստ է զիջելու այն դեպքերում, երբ չեն խախտվում իր արդար չափանիշները։ Աստվածաշնչում օգտագործված «խոհեմ» բառը բառացի նշանակում է «զիջող»։ Այս հատկությունը նույնպես Աստծու իմաստության տարբերակիչ նշանն է։ Հակոբոս 3։17-ում ասվում է. «Վերին իմաստությունը.... խոհեմ է»։ Ամենայն իմաստության տեր Եհովա Աստված ի՞նչ առումով է խոհեմ։ Օրինակ՝ նա հարմարվող է։ Հիշիր, որ Աստծու անունը նշանակում է, որ իր նպատակներն իրականացնելու համար Եհովան ինքն իրեն դարձնում է այն, ինչ անհրաժեշտ է (Ելք 3։14)։ Մի՞թե սա հարմարվողականության ու խոհեմության նշան չէ։

14, 15. Եհովայի երկնային կառքի տեսիլքը ի՞նչ է սովորեցնում մեզ նրա երկնային կազմակերպության մասին, և ինչպե՞ս է այն տարբերվում աշխարհիկ կազմակերպություններից։

14 Աստվածաշնչում ուշագրավ մի նկարագրություն կա, որն օգնում է մեզ պատկերացում կազմելու Եհովայի հարմարվողականության մասին։ Եզեկիել մարգարեին մի տեսիլք տրվեց ոգեղեն էակներից բաղկացած Եհովայի երկնային կազմակերպության մասին։ Մարգարեն տեսավ ահ ներշնչող չափերի մի կառք, որը միշտ գտնվում է Եհովայի հսկողության տակ։ Ամենահետաքրքիրը կառքի շարժվելու ձևն էր։ Հսկայական անիվները սլանում էին չորս ուղղությամբ և լի էին աչքերով, այնպես որ կարողանում էին նայել ցանկացած ուղղությամբ և մի ակնթարթում փոխել իրենց ուղղությունը՝ առանց կանգ առնելու կամ թեքվելու։ Ի տարբերություն մարդու կողմից ստեղծված անդյուրաշարժ մեքենաների՝ այս հսկայական կառքը ծանրաշարժ չէր։ Այն կարողանում էր սլանալ կայծակնային արագությամբ և նույնիսկ թեքվել ուղիղ անկյան տակ (Եզեկիել 1։1, 14–28)։ Այո՛, Եհովայի  կազմակերպությունը իր ամենազոր Գերիշխան-Ղեկավարի նման անչափ հարմարվող է և արձագանքում է փոփոխվող հանգամանքներին ու կարիքներին։

15 Մարդ արարածը ընդամենը կարող է փորձել ընդօրինակել այսպիսի կատարյալ հարմարվողականությունը։ Հիմնականում, սակայն, մարդիկ ու նրանց կազմակերպությունները անթեք են և անխոհեմ։ Բերենք օրինակ։ Հսկա բեռնատար նավերն ու գնացքները տպավորիչ են իրենց չափերով և հզորությամբ։ Բայց կարո՞ղ են արդյոք դրանք հարմարվել հանգամանքների հանկարծակի փոփոխությանը։ Եթե մի բան ընկնի ընթացող ապրանքատար գնացքի ճանապարհին, ապա դրա ուղղությունը փոխելն անհնար կլինի։ Այն հանկարծակի կանգնեցնելը նույնպես հեշտ չէ։ Արգելակումից հետո ծանր գնացքը նախքան կանգ առնելը անցնում է մոտ 2 կիլոմետր։ Իսկ հսկա բեռնատար նավը շարժիչի անջատվելուց հետո նախքան կանգ առնելը անցնում է 8 կիլոմետր։ Նույնիսկ եթե նավը հետ տրվի, այնպես որ սկսի դեպի հետ ընթանալ, միևնույնն է, այն դեռ 3 կիլոմետր առաջ կլողա։ Նույնը կարելի է ասել նաև մարդկանց ստեղծած կազմակերպությունների մասին, որոնք սովորաբար պահպանողական են և հակված չեն փոփոխություններ կատարելու։ Հպարտությունը հաճախ դրդում է մարդկանց հրաժարվելու կարիքների ու հանգամանքների փոփոխությանը հարմարվելուց։ Եվ դա շատ ընկերությունների սնանկացման և նույնիսկ պետությունների անկման պատճառ է դարձել (Առակներ 16։18)։ Որքա՜ն երջանիկ ենք, որ ինչպես Եհովան, այնպես էլ նրա կազմակերպությունը մի փոքր անգամ անթեք չեն։

Ինչպես է Եհովան խոհեմություն դրսևորում

16. Նախքան Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանելը Եհովան ինչպե՞ս խոհեմություն դրսևորեց Ղովտի հանդեպ։

16 Նորից անդրադառնանք Սոդոմի ու Գոմորի կործանման պատմությանը։ Ղովտն ու իր ընտանիքը Եհովայի հրեշտակից պարզ հրահանգներ ստացան. «Փախի՛ր լեռները»։ Սակայն սա հաճելի չէր Ղովտին։ «Խնդրում եմ, Եհո՛վա, միայն թե ոչ դա»,— աղաչեց նա։ Համոզված լինելով, թե լեռները փախչելու դեպքում կմահանա՝ Ղովտը խնդրեց, որ ընտանիքով գնա մոտակա Սեգոր քաղաք։ Սակայն Եհովան մտադիր էր կործանել այն։ Բացի այդ, Ղովտի մտավախությունները անհիմն էին։ Աստված, անխոս,  կարող էր պահպանել նրա կյանքը լեռներում։ Չնայած այս ամենին՝ Եհովան զիջեց ու կատարեց Ղովտի խնդրանքը՝ խնայելով Սեգոր քաղաքը։ «Շա՛տ լավ։ Ես քեզ համար այս բանն էլ կանեմ»,— ասաց հրեշտակը Ղովտին (Ծննդոց 19։17–22)։ Մի՞թե սա խոհեմության դրսևորում չէր Եհովայի կողմից։

17, 18. Նինվեի բնակիչների առնչությամբ Եհովան ինչպե՞ս դրսևորեց իր խոհեմությունը։

17 Եհովան ընդունում է նաև սրտանց զղջումը՝ միշտ վարվելով ողորմածաբար ու արդարությամբ։ Խորհենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հովնան մարգարեն ուղարկվեց չարությամբ ու բռնությամբ ողողված Նինվե քաղաքը։ Հովնանը անցավ Նինվեի փողոցներով՝ հռչակելով Աստծու հստակ նախազգուշացման մասին. հզոր քաղաքը 40 օրից կործանվելու էր։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց։ Նինվեի բնակիչները զղջացին (Հովնան, գլ. 3)։

18 Ուսանելի կլինի համեմատել հանգամանքների փոփոխության հանդեպ Եհովայի արձագանքը Հովնանի արձագանքի հետ։ Աստված հարմարվեց և ինքն իրեն «խիզախ պատերազմող» դարձնելու փոխարեն՝ դարձրեց մեղքեր Ներող * (Ելք 15։3)։ Իսկ Հովնանը պատրաստ չէր հարմարվելու և այնքան էլ ողորմած չէր։ Եհովայի խոհեմությունն ընդօրինակելու փոխարեն՝ մարգարեն ավելի շուտ նմանվեց վերը հիշատակված ապրանքատար գնացքին ու բեռնատար նավին։ Եթե նա արհավիրք էր կանխագուշակել, ուրեմն արհավիրք էլ պետք է գար։ Համբերություն դրսևորելով՝ Եհովան ողորմության ու խոհեմության մի անմոռանալի դաս սովորեցրեց իր անհամբեր մարգարեին (Հովնան, գլ. 4)։

Եհովան խոհեմ է և հասկանում է, որ մեր հնարավորությունները սահմանափակ են

19. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան խոհեմություն է դրսևորում այն հարցում, թե ինչ է ակնկալում մեզանից։ բ) Առակներ 19։17-ը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան բարի, խոհեմ և խոնարհ Տեր է։

19 Եհովան խոհեմություն է դրսևորում նաև այն հարցում, թե ինչ է ակնկալում մեզանից։ Դավիթ թագավորը գրում է. «Նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Եհովան մեզանից ավելի լավ գիտի մեր սահմանափակումներն  ու թերությունները։ Նա երբեք մեր կարողությունից վեր ոչինչ չի ակնկալում մեզանից։ Աստվածաշնչում տարբերություն է դրվում «բարի ու խոհեմ» և այն տերերի միջև, «ում դժվար է հաճեցնել» (1 Պետրոս 2։18)։ Իսկ ինչպիսի՞ Տեր է Եհովան։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է այդ մասին ասվում Առակներ 19։17-ում. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս»։ Պարզ է, որ միայն բարի ու խոհեմ տերը ուշադրություն կդարձնի աղքատի համար կատարված յուրաքանչյուր բարի գործին։ Ավելին, այս համարը այն միտքն է հաղորդում, որ տիեզերքի Արարիչը իրեն համարում է պարտական այն մարդկանց, ովքեր ողորմած գործեր են անում։ Սա խոնարհության ամենամեծ դրսևորումն է։

20. Ի՞նչն է վստահեցնում մեզ, որ Եհովան լսում է մեր աղոթքները ու պատասխանում դրանց։

20 Եհովան նույնքան մեղմ ու խոհեմ է նաև մեր օրերում ապրող իր ծառաների հանդեպ։ Երբ մենք հավատով դիմում ենք Աստծուն, նա լսում է մեր աղոթքը։ Ու թեպետ հրեշտակներ չի ուղարկում մեզ հետ խոսելու, չպետք է եզրակացնենք, թե մեր աղոթքները անպատասխան են մնում։ Հիշենք, որ երբ Պողոս առաքյալը հավատակիցներին խնդրեց «շարունակ աղոթել», որպեսզի բանտից ազատվի, նա ասաց հետևյալ խոսքերը. «Որպեսզի ավելի շուտ վերադառնամ ձեզ մոտ» (Եբրայեցիներ 13։18, 19)։ Ուստի մեր աղոթքները իրականում կարող են մղել Եհովային անելու այն, ինչ նա չէր անի, եթե չաղոթեինք (Հակոբոս 5։16

21. Ի՞նչ չի նշանակում Եհովայի խոնարհությունը, և ի՞նչը պետք է գնահատենք նրա մեջ։

 21 Ինչ խոսք, Եհովայի խոնարհության այս դրսևորումները՝ մեղմությունը, ուրիշներին լսելու պատրաստակամությունը, համբերությունը և խոհեմությունը, չեն նշանակում, թե Աստված զիջումների է գնում իր արդար սկզբունքները պահելու հարցում։ Քրիստոնյա աշխարհի հոգևորականները գուցե կարծում են, թե խոհեմություն են դրսևորում, երբ իրենց հոտի անդամներին հաճոյանալու նպատակով մեղմացնում են Եհովայի բարոյական չափանիշները (2 Տիմոթեոս 4։3)։ Բայց սեփական շահի համար փոխզիջումների գնալը, որ բնորոշ է մարդուն, ոչ մի ընդհանուր բան չունի Աստծու խոհեմության հետ։ Եհովան սուրբ է. նա երբեք չի ոտնահարի իր արդար սկզբունքները (Ղևտական 11։44)։ Ուրեմն թող որ միշտ գնահատենք Եհովայի խոհեմությունը որպես նրա խոնարհության դրսևորում։ Մի՞թե մեզ չի ուրախացնում այն միտքը, որ Եհովա Աստված՝ տիեզերքի ամենաիմաստուն Անձնավորությունը, անչափ խոնարհ է։ Ի՞նչ հաճելի է մոտենալ այս հզոր, բայցև մեղմ, համբերատար ու խոհեմ Աստծուն։

^ պարբ. 3 Հնում ապրած դպիրները՝ սոփերիմները, փոփոխության են ենթարկել այս համարը, ինչի հետևանքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե խոնարհվողը Երեմիան է և ոչ թե Եհովան։ Նրանք ակներևաբար մտածում էին, որ տեղին չէ Աստծուն նման խոնարհ քայլ վերագրել։ Ուստի շատ թարգմանություններ չեն հաղորդում այս գեղեցիկ համարի իմաստը։ Սակայն աստվածաշնչյան թարգմանություններից մեկը ճշգրտորեն փոխանցում է Երեմիայի խոսքերը, որոնք ուղղված են Աստծուն. «Հիշիր, օ՜, հիշիր և կռացիր ինձ վրա» (The New English Bible)։

^ պարբ. 7 Աստվածաշնչի այլ թարգմանություններում ասվում է՝ «խոնարհություն, որ գալիս է իմաստությունից» և «փափկություն, որ իմաստության տարբերակիչ նշանն է»։

^ պարբ. 12 Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում համբերությունը հակադրվում է ամբարտավանությանը (Ժողովող 7։8)։ Եհովայի համբերությունը նրա խոնարհության մեկ ուրիշ ապացույցն է (2 Պետրոս 3։9

^ պարբ. 18 Սաղմոս 86։5-ում Եհովան նկարագրվում է որպես «բարի ու ներելու պատրաստ» անձնավորություն։ Երբ այս սաղմոսը թարգմանվեց հունարեն, «ներելու պատրաստ» արտահայտությունը թարգմանվեց էպիիկիս բառով, որը նշանակում է «խոհեմ»։

Իմացիր ավելին

Աղոթք. Աստված կլսի՞ ու կպատասխանի՞

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան իրոք լսում է մեր աղոթքները։ Սակայն Աստված կլսի մեր աղոթքները, թե ոչ, մեծապես կախված է մեզանից։