Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 17

«Օ՜, որքա՜ն.... խորն է նրա իմաստությունը»

«Օ՜, որքա՜ն.... խորն է նրա իմաստությունը»

1, 2. Ո՞րն էր Եհովայի նպատակը յոթերորդ օրվա առնչությամբ, և այդ օրվա սկզբում ինչպե՞ս փորձվեց Աստծու իմաստությունը։

ԸՆԿԱ՛Վ։ Մարդ արարածը՝ արարչագործության վեցերորդ օրվա փառավոր գլուխգործոցը, կատարելության բարձունքից հանկարծ ցած գլորվեց։ Արարչագործական աշխատանքները ավարտին հասցնելուց հետո Եհովան «շատ լավ» էր անվանել «իր ստեղծած բոլոր բաները», այդ թվում նաև մարդուն (Ծննդոց 1։31)։ Բայց յոթերորդ օրվա սկզբում Ադամն ու Եվան նախընտրեցին հետևել Սատանային ու բռնել ըմբոստության ճանապարհը։ Նրանք ընկան մեղքի, անկատարության և մահվան ծուղակը։

2 Թվում էր՝ Եհովայի նպատակը յոթերորդ օրվա առնչությամբ անհուսալիորեն խափանվեց։ Այդ օրը, նախորդ վեց օրերի նման, նույնպես պետք է տևեր հազարավոր տարիներ։ Եհովան այն սուրբ էր անվանել։ Յոթերորդ օրվա ընթացքում ողջ երկիրը վերածվելու էր դրախտի՝ ամբողջությամբ բնակեցված կատարյալ մարդկանցով, որոնք կկազմեին մեկ միասնական ընտանիք (Ծննդոց 1։28; 2։3)։ Սակայն աղետալի ըմբոստությունից հետո ինչպե՞ս էր իրականանալու այդ նպատակը։ Ի՞նչ կարող էր անել Աստված։ Հենց այստեղ էր, որ մեծապես, թերևս նույնիսկ առավելագույնս փորձվեց Եհովայի իմաստությունը։

3, 4. ա) Եհովայի արձագանքը Եդեմում տեղի ունեցած ապստամբությանը ինչո՞ւ է նրա իմաստության ակնածանք ներշնչող դրսևորում։ բ) Խոնարհությունը կմղի, որ Եհովայի իմաստությունն ուսումնասիրելիս ո՞ր ճշմարտությունը նկատի ունենանք։

3 Եհովան անմիջապես գործի անցավ։ Եդեմում նա հայտնեց իր դատավճիռը ապստամբների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Աստված նախապես մի հրաշալի հույս տվեց։ Նա հայտնեց իր նպատակը՝ վերացնել բոլոր չարիքները, որոնք հենց նոր էին սկիզբ առել (Ծննդոց 3։15)։ Եհովայի իմաստուն նպատակը ընդգրկում է մարդկության պատմության հազարամյակներ. այն սկսեց կատարվել Եդեմում և վերջնականապես  կիրագործվի հեռավոր ապագայում։ Աստծու նպատակը պարզ է, բայցև այնքան խորը, որ Աստվածաշունչ ընթերցողը կարող է իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել այն և խորհել դրա շուրջ, ինչը մեծ վարձատրություններ կբերի նրան։ Ավելին, Եհովայի նպատակի իրականացումը լիովին երաշխավորված է։ Դրա շնորհիվ վերջ կդրվի ողջ չարությանը, մեղքին ու մահվանը, իսկ մարդկությունը կհասնի կատարելության։ Այս ամենը տեղի կունենա նախքան յոթերորդ օրվա ավարտը, հետևաբար, անկախ ամեն ինչից, երկրի նկատմամբ իր նպատակը Եհովան կիրականացնի ճիշտ ժամանակին։

4 Նման իմաստությունը ակնածանք է ներշնչում։ Ահա թե ինչ գրեց Պողոս առաքյալը. «Օ՜, որքա՜ն.... խորն է նրա իմաստությունը» (Հռոմեացիներ 11։33)։ Աստծու այս հատկության տարբեր կողմերը ուսումնասիրելով՝ պետք է խոնարհաբար նկատի ունենանք մի շատ կարևոր ճշմարտություն. լավագույն դեպքում մենք կարող ենք ընդամենը մակերեսորեն ըմբռնել Եհովայի անսահման իմաստությունը (Հոբ 26։14)։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է ակնածանք ներշնչող այս հատկությունը։

Ի՞նչ է Աստծու իմաստությունը

5, 6. Ի՞նչ կապ գոյություն ունի գիտելիքների և իմաստության միջև, և որքա՞ն խորն են Եհովայի գիտելիքները։

5 Իմաստությունն ու գիտելիքները տարբեր բաներ են։ Օրինակ՝ համակարգչի մեջ հնարավոր է հսկայական քանակությամբ ինֆորմացիա պահել, բայց հազիվ թե կգտնվի մեկը, որ այդ սարքը իմաստուն անվանի։ Այնուամենայնիվ, գիտելիքներն ու իմաստությունը փոխկապակցված են (Առակներ 10։14)։ Եթե առողջությանդ սպառնացող որևէ լուրջ խնդիր ունենայիր, մի՞թե կխորհրդակցեիր բժշկությունից բոլորովին անտեղյակ կամ այդ բնագավառում աղքատիկ գիտելիքներ ունեցող անձնավորության հետ։ Դժվար թե։ Ուստի իսկական իմաստության հասնելու համար շատ կարևոր է ճշգրիտ գիտելիքներ ունենալ։

6 Եհովան անսահման գիտելիքներ ունի։ Որպես «հավիտենության Թագավոր»՝ նա միակն է, որ չունի սկիզբ և վերջ (Հայտնություն 15։3)։ Քանի որ նա ապրում է անհամար տարիներ, ուստի տեղյակ է ամեն բանից։ Աստվածաշնչում ասվում է. «Չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից, այլ բոլոր բաները  մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13; Առակներ 15։3)։ Ամեն բանի Արարիչը լինելով՝ Եհովան կատարելապես գիտի այն ամենը, ինչ ստեղծել է։ Նա ի սկզբանե տեսել է նաև մարդկանց բոլոր գործերը։ Աստված քննում է յուրաքանչյուր մարդու սիրտը, և նրա աչքից ոչ մի բան չի վրիպում (1 Տարեգրություն 28։9)։ Եհովան մեզ ազատ կամք է պարգևել։ Ուստի երբ տեսնում է, որ կյանքում իմաստուն որոշումներ ենք կայացնում, դա ուրախություն է պատճառում նրան։ Որպես «աղոթքներ Լսող»՝ նա միաժամանակ լսում է անթիվ-անհամար մարդկանց աղոթքներ (Սաղմոս 65։2)։ Ավելորդ է նշել, որ Եհովան կատարյալ հիշողություն ունի։

7, 8. Ինչպե՞ս է Եհովան հասկացողություն, խորաթափանցություն և իմաստություն դրսևորում։

7 Եհովան ոչ միայն գիտելիքներ ունի, այլև տեղյակ է, թե ինչ փոխադարձ կապ գոյություն ունի փաստերի ու դեպքերի միջև, և տեսնում է ամբողջական պատկերը՝ բաղկացած բյուրավոր մանրամասներից։ Նա գնահատում ու դատում է՝ տարբերելով բարին չարից և կարևորը անկարևորից։ Ավելին, նա միայն արտաքինին չի նայում, այլ թափանցում է մարդու սրտի խորքը (1 Սամուել 16։7)։ Այո՛, Եհովան ունի հասկացողություն և խորաթափանցություն. հատկություններ, որոնք գերազանցում են գիտելիքները։ Սակայն իմաստությունը շատ ավելի բարձր է այս հատկություններից։

8 Իմաստությունը գիտելիքները, խորաթափանցությունն ու հասկացողությունը կիրառելն է ցանկալի արդյունքի հասնելու համար։ Իրականում, բնագրային բառերը, որ թարգմանվել են «իմաստություն», բառացի նշանակում են «արդյունավետ գործելակերպ» կամ «գործնական իմաստություն»։ Հետևաբար, Եհովայի իմաստությունը զուտ տեսական չէ։ Այն գործնական է և արդյունքներ է բերում։ Իր ընդարձակ գիտելիքների և խոր հասկացողության շնորհիվ Եհովան միշտ ամենաճիշտ որոշումներն է կայացնում և դրանք իրականացնում է լավագույն կերպով։ Հենց դա է իսկական իմաստությունը։ Եհովայի օրինակը փաստում է Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19)։ Տիեզերքում Եհովայի կատարած բոլոր գործերը նրա իմաստության հիմնավոր ապացույցն են։

 Աստծու իմաստության ապացույցներ

9, 10. ա) Ինչպիսի՞ իմաստություն ունի Եհովան, և ինչպե՞ս է նա դրսևորում այն։ բ) Ինչպե՞ս է բջիջը վկայում Եհովայի իմաստության մասին։

9 Երբևէ հիացե՞լ ես գեղեցիկ և որակով առարկաներ պատրաստող վարպետի հմտությամբ։ Նման հմտությունը իմաստության դրսևորում է, որը մեծ տպավորություն է գործում (Ելք 31։1–3)։ Եհովան է այսպիսի իմաստության աղբյուրը և գերագույն տերը։ Ահա թե նրա մասին ինչ է ասել Դավիթ թագավորը. «Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում։ Զարմանալի են քո գործերը, և իմ հոգին դա լավ է գիտակցում» (Սաղմոս 139։14)։ Եվ իրոք, որքան ավելի շատ ենք սովորում մարդու մարմնի մասին, այնքան ավելի մեծ ակնածանքով ենք լցվում Եհովայի իմաստության հանդեպ։

10 Ահա մի օրինակ։ Քո կյանքը սկիզբ է առել ընդամենը մի բջջից՝ քո մոր ձվաբջջից, որը բեղմնավորվել էր քո հոր սերմնաբջջից։ Հետո այդ բջիջը կիսվեց։ Արդյունքում առաջ եկան մոտ 100 տրիլիոն միկրոսկոպիկ բջիջներ։ Միջին մեծության մոտ 10000 բջիջներ կարելի է տեղավորել գնդասեղի գլխիկի չափից ոչ մեծ մակերեսի վրա։ Այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրը աներևակայելիորեն բարդ է։ Բջիջը շատ ավելի բարդ կառուցվածք ունի, քան մարդու ձեռքով ստեղծված ցանկացած մեքենա կամ մի ամբողջ գործարան։ Գիտնականների խոսքերով՝ բջիջը նման է պարսպապատ քաղաքի, որի մեջ ելումուտը հսկողության տակ է, և որն ունի իր տրանսպորտային համակարգը, կապի ցանցը, էներգիայի կայանները, գործարանները, «թափոնների» վերամշակման ու վերացման համակարգերը, պաշտպանական մեխանիզմները և նույնիսկ կենտրոնական կառավարումը իր կորիզում։ Ավելին, ընդամենը մի քանի ժամում բջիջը կարողանում է կատարելապես պատճենել ինքն իրեն։

11, 12. ա) Զարգացող սաղմի բջիջները ինչի՞ արդյունքում են սկսում տարբեր ֆունկցիաներ կատարել, և ինչպե՞ս է դա համապատասխանում Սաղմոս 139։16-ում գրվածին։ բ) Ինչպե՞ս է մարդու ուղեղը ցույց տալիս, որ մենք «զարմանալի կերպով ենք ստեղծված»։

11 Ինչ խոսք, բոլոր բջիջները չէ, որ իրար նման են։ Կիսվելու հետ մեկտեղ սաղմի բջիջները սկսում են տարբեր ֆունկցիաներ կատարել։ Դրանց մի մասը վերածվում է նյարդային բջիջների, մյուս մասը՝ ոսկրային, մկանային, արյան և աչքի։ Այս բոլոր տարբերությունները ծրագրված են գենետիկական կոդի «գրադարանում»՝  ԴՆԹ-ում։ Հետաքրքիր է, որ Դավիթ թագավորը սուրբ ոգու ներշնչմամբ գրել է. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը» (Սաղմոս 139։16

12 Որոշ օրգաններ անչափ բարդ են։ Նկատի առնենք մարդու ուղեղը։ Ոմանք այն անվանում են տիեզերքի ամենաբարդ օբյեկտը։ Ուղեղը կազմված է մոտ 100 միլիարդ նյարդային բջիջներից՝ մոտավորապես այնքան, որքան մեր գալակտիկայում աստղերի թիվն է։ Այդ բջիջներից յուրաքանչյուրը հազարավոր կապերով միավորված է մյուս բջիջների հետ։ Գիտնականների կարծիքով՝ մարդու ուղեղը կարող է տեղավորել այնքան ինֆորմացիա, որքան որ պարունակում են աշխարհի բոլոր գրադարանները։ Նրանք ասում են նաև, որ ուղեղի ընկալման հնարավորություններն իրականում անսահման են։ Թեպետ արդեն տասնամյակներ է, ինչ գիտնականներն ուսումնասիրում են «զարմանալի կերպով ստեղծված» այս օրգանը, նրանք խոստովանում են, որ իրենց թերևս երբեք էլ չհաջողվի ամբողջությամբ հասկանալ, թե ինչպես է այն գործում։

13, 14. ա) Ինչի՞ց է երևում, որ մրջյունը և մյուս կենդանի արարածները «բնազդային իմաստությամբ են օժտված», և ի՞նչ է դա սովորեցնում Արարչի մասին։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սարդոստայնը պատրաստված է «իմաստությամբ»։

13 Սակայն մարդը Եհովայի արարչագործական իմաստության ընդամենը մի ապացույցն է։ Սաղմոս 104։24-ում ասվում է. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով»։ Եհովայի իմաստությունը երևում է իր բոլոր ստեղծագործություններում, որ կան մեր շուրջը։ Օրինակ՝ մրջյունը «բնազդային իմաստությամբ է օժտված» (Առակներ 30։24)։ Մրջյունների գաղութները գերազանց կերպով են կազմակերպված։ Որոշ մրջյուններ դետի դեր են կատարում, ուրիշներն էլ պաշտպանում են գաղութը, սնունդ են վերցնում լվիճներ կոչվող միջատներից, ասես վերջիններս նրանց համար ընտանի կենդանիներ լինեն։ Մյուսները զբաղվում են «հողագործությամբ». տնկում ու մշակում են սնկեր։ Բնազդով զարմանահրաշ գործեր կատարելու ծրագիրը դրված է նաև շատ ուրիշ արարածների մեջ։ Սովորական ճանճը օդում կատարում է այնպիսի շարժումներ, որոնք չեն կարող ընդօրինակել ամենակատարելագործված ինքնաթիռներն անգամ։ Չվող թռչունները կողմնորոշվում են աստղերով, երկրի մագնիսական  դաշտով և յուրօրինակ ներքին քարտեզով։ Կենսաբանները երկար տարիներ ուսումնասիրում են այս արարածների վարքագիծը, որ ծրագրված է նրանց մեջ։ Ինչպիսի՜ իմաստուն Ծրագրավորող է Աստված։

14 Արարչագործության ժամանակ Եհովայի դրսևորած իմաստությունից գիտնականները շատ բան են սովորել։ Գոյություն ունի գիտության մի ճյուղ, որ հայտնի է բիոնիկա անունով, որը զբաղվում է կենսաբանական համակարգերի կառուցվածքի ուսումնասիրությամբ ու կրկնօրինակմամբ։ Հավանաբար առիթ ունեցել ես նայելու սարդոստայնին և հիանալու նրա գեղեցկությամբ։ Ինժեների համար, սակայն, դա մի հրաշք-մոդել է։ Նուրբ թելիկներից մի քանիսը հարաբերական առումով ավելի ամուր են, քան պողպատը, և ավելի կարծր, քան զրահաբաճկոնի մանրաթելերը։ Իսկ որքա՞ն ամուր։ Պատկերացրու սարդոստայնը՝ ձկնորսական նավի ցանցի չափ մեծացված։ Այդպիսի ցանցով հնարավոր կլինի բռնել մարդատար ինքնաթիռը թռիչքի պահին։ Այո՛, այս բոլոր բաները Եհովան ստեղծել է «իմաստությամբ»։

Կենդանիներին ո՞վ է օժտել «բնազդային իմաստությամբ»

Իմաստությունը՝ Երկրի սահմաններից դուրս

15, 16. ա) Աստղազարդ երկինքը ինչպե՞ս է վկայում Եհովայի իմաստության մասին։ բ) Եհովայի դիրքը որպես բազմաթիվ հրեշտակների Գերագույն Հրամանատար ինչպե՞ս է վկայում նրա իմաստության մասին։

15 Եհովայի իմաստության մասին են վկայում նաև այն գործերը, որ նա կատարել է ողջ տիեզերքում։ Աստղերը, որոնց մասին մի փոքր խոսեցինք 5-րդ գլխում, տիեզերական տարածության մեջ քաոսային կերպով ցիրուցան եղած չեն։ Շնորհիվ Եհովայի հաստատած «երկնքի կանոնների» տիեզերքը շատ գեղեցիկ է համակարգված՝ բաժանված է որոշակի կառուցվածք ունեցող գալակտիկաների։ Վերջիններս համախմբված են գալակտիկաների կույտերի մեջ, որոնք իրենց հերթին միասին կազմում են գալակտիկաների գերկույտեր (Հոբ 38։33)։ Զարմանալի չէ, որ երկնային մարմիններին Եհովան անվանում է «զորք» (Եսայիա 40։26)։ Սակայն գոյություն ունի մեկ ուրիշ զորք, որը շատ ավելի վառ կերպով է արտացոլում Եհովայի իմաստությունը։

 16 Ինչպես նշեցինք 4-րդ գլխում, Աստված կոչվում է «Զորքերի Տեր Եհովա», քանի որ հարյուր միլիոնավոր ոգեղեն էակներից կազմված բանակի Գերագույն Հրամանատարն է, ինչը վկայում է նրա զորության մասին։ Իսկ ինչպե՞ս է նրա իմաստությունը առնչվում այս իրողությանը։ Եհովան ու Հիսուսը երբեք չեն դադարում գործելուց (Հովհաննես 5։17)։ Ուրեմն տրամաբանական է, որ Բարձրյալի հրեշտակ-ծառաները նույնպես միշտ զբաղված պետք է լինեն։ Նրանք մարդկանցից բարձր են, գերխելացի ու գերհզոր (Եբրայեցիներ 1։7; 2։7)։ Այնուհանդերձ, Եհովան այդ բոլոր ոգեղեն էակներին գոհացուցիչ աշխատանք է տվել, ու արդեն միլիարդավոր տարիներ է, ինչ հրեշտակները «կատարում են նրա խոսքն» ու «նրա կամքը» (Սաղմոս 103։20, 21)։ Ակնածանք ներշնչող ինչպիսի՜ իմաստություն պետք է որ ունենա այս Ղեկավարը։

Եհովան «միակ իմաստունն է»

17, 18. Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ Եհովան «միակ իմաստունն է», և նրա իմաստությունը ինչո՞ւ պետք է մեզ ակնածանք ներշնչի։

17 Հաշվի առնելով այս ամենը՝ մի՞թե զարմանալի է, որ Աստվածաշնչում Եհովայի իմաստությունը մեծարվում է։ Օրինակ՝ նրանում ասվում է, որ Եհովան «միակ իմաստունն է» (Հռոմեացիներ 16։27)։ Միայն Եհովան ունի բացարձակ իմաստություն։ Նա է ամեն տեսակ ճշմարիտ իմաստության աղբյուրը (Առակներ 2։6)։ Այդ պատճառով Հիսուսը, որը Եհովայի կողմից արարված էակներից ամենաիմաստունն է, չէր ապավինում իր իմաստությանը, այլ ասում էր այն, ինչ պատվիրել էր իր Հայրը (Հովհաննես 12։48–50

18 Ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասել Պողոս առաքյալը Եհովայի բացառիկ իմաստության մասին. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները (Հռոմեացիներ 11։33)։ Բացականչությամբ սկսելով իր խոսքերը՝ Պողոսը ցույց տվեց իր բուռն զգացմունքները, տվյալ դեպքում՝ իր ակնածանքը։ «Խոր» թարգմանված հունարեն բառը սերտորեն առնչվում է «անդունդ» բառին։ Ուստի առաքյալի ընտրած այդ բառը վառ մտապատկեր է առաջ բերում։ Եհովայի իմաստության մասին խորհելը նման է անհատակ, անհուն անդունդի մեջ նայելուն, որի խորությունն ու  մեծությունը մեր երևակայությունից վեր են, ուր մնաց կարողանանք նկարագրել կամ ամենայն մանրամասնությամբ պատկերել այն (Սաղմոս 92։5)։ Մի՞թե այս միտքը մեզ չի մղում խոնարհ լինելու։

19, 20. ա) Ինչո՞ւ է արծիվը խորհրդանշում Աստծու իմաստությունը։ բ) Եհովան ինչպե՞ս է ցույց տվել ապագան տեսնելու իր կարողությունը։

19 Եհովան «միակ իմաստունն է» մեկ ուրիշ առումով ևս. միայն նա կարող է տեսնել ապագան։ Հիշենք, որ Եհովան օգտագործում է հեռատես արծվի օրինակը իբրև աստվածային իմաստության խորհրդանիշ։ Քարարծիվն, օրինակ, կարող է կշռել ընդամենը 5 կիլոգրամ։ Նրա աչքերը, սակայն, ավելի մեծ են, քան մարդու աչքերը։ Այդ արծվի տեսողությունը զարմանալիորեն սուր է և հնարավորություն է տալիս նրան իր փոքրիկ զոհին նկատել հարյուրավոր մետրերի, նույնիսկ կիլոմետրերի վրա։ Ահա թե արծվի մասին ինչ է ասել Եհովան. «Նրա աչքերը հեռուներն են նայում» (Հոբ 39։29)։ Նույնը և Աստված։ Նա կարող է «հեռուները» տեսնել՝ ապագան։

20 Աստվածաշնչում այս մասին վկայող ապացույցներն անչափ շատ են։ Գրքում կան հարյուրավոր մարգարեություններ՝ նախօրոք գրված պատմական իրադարձություններ։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, թե ինչպես կավարտվի այս կամ այն պատերազմը, ինչպես առաջ կգան ու կկործանվեն աշխարհակալ ուժերը, նույնիսկ թե մարտավարական ինչ կոնկրետ քայլեր  կձեռնարկեն որոշ զորավարներ, և այս ամենը՝ կատարումից երբեմն հարյուրավոր տարիներ առաջ (Եսայիա 44։25–45։4; Դանիել 8։2–8, 20–22

21, 22. ա) Ինչո՞ւ հիմքեր չկան մտածելու, որ Եհովան նախապես որոշել է, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք մեր կյանքում։ Բեր օրինակ։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի իմաստությունը սառը կամ անողորմ հատկություն չէ։

21 Արդյո՞ք սա նշանակում է, որ Աստված կանխորոշել է, թե դու ինչ որոշումներ կկայացնես քո կյանքում։ Դա են պնդում նախասահմանության կողմնակիցները։ Սակայն այդպիսի տեսակետները նսեմացնում են Եհովայի իմաստությունը, քանի որ դա նշանակում է, որ նա չի կարող հսկողության տակ պահել ապագան տեսնելու իր կարողությունը։ Ենթադրենք՝ դու գեղեցիկ ձայն ունես, մի՞թե անդադար կերգես։ Համաձայնվիր, որ դա անհեթեթություն կլինի։ Նմանապես, Եհովան ունի ապագան կանխատեսելու կարողություն, բայց այն անընդհատ գործի չի դնում։ Եթե Աստված այդպես վարվի, մենք կզրկվենք ազատ կամքից, իսկ դա թանկարժեք պարգև է, որը Եհովան երբեք հետ չի վերցնի (2 Օրենք 30։19, 20

22 Ավելին, նախասահմանության գաղափարը ենթադրում է, որ Եհովայի իմաստությունը սառը, անսիրտ, կարեկցանքից և ողորմությունից զուրկ հատկություն է։ Բայց դա այդպես չէ։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան «սրտով իմաստուն» է (Հոբ 9։4)։ Իհարկե, նա բառացի սիրտ չունի։ Այդ բառը Աստվածաշնչում հաճախ գործածվում է անձնավորության ներքին էության առնչությամբ, որն ընդգրկում է մղումներն ու զգացմունքները, օրինակ՝ սերը։ Ուստի Եհովայի իմաստությունը, ինչպեսև նրա մյուս հատկությունները գործադրվում է սիրով (1 Հովհաննես 4։8

23. Եհովայի գերազանց իմաստությունը ի՞նչ անելու պետք է մղի մեզ։

23 Ինչպես տեսնում ենք, կարելի է լիովին վստահել Եհովայի իմաստությանը։ Այն շատ է գերազանցում մեր իմաստությունը, այդ պատճառով Աստծու Խոսքը քաջալերում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակներ 3։5, 6)։ Այժմ փորձենք թափանցել Եհովայի իմաստության խորքերը, ինչի շնորհիվ կկարողանանք է՛լ ավելի մոտենալ ամենայն իմաստության մեր Աստծուն՝ Եհովային։