Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 9

«Քրիստոսը Աստծու զորությունն է»

«Քրիստոսը Աստծու զորությունն է»

1–3. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Գալիլեայի ծովում, և ի՞նչ արեց Հիսուսը։ բ) Ինչո՞ւ է տեղին Հիսուսի մասին ասել. «Քրիստոսը Աստծու զորությունն է»։

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ սարսափի մեջ էին։ Երբ նրանք նավով անցնում էին Գալիլեայի ծովը, հանկարծակի փոթորիկ բարձրացավ։ Ինչ խոսք, աշակերտները մինչ այդ էլ էին փոթորիկներ տեսել այդ լճում. ի վերջո, նրանցից ոմանք փորձառու ձկնորսներ էին * (Մատթեոս 4։18, 19)։ Բայց այս մեկը «ուժգին փոթորիկ էր», որի հետևանքով ծովն անմիջապես վերածվեց մոլեգնող մի հորձանուտի։ Տղամարդիկ խելահեղորեն ջանում էին իրենց հսկողության տակ պահել նավը, բայց փոթորիկը ավելի զորավոր էր։ Հողմակոծ ալիքները «խփվում էին նավակին», այնպես որ նավակը սկսեց ջրով լցվել։ Չնայած իրարանցմանը՝ Հիսուսը նավախելի վրա խոր քուն էր մտել. նա հոգնած էր, քանի որ ամբողջ օրը զբաղված էր եղել ամբոխներին ուսուցանելու գործով։ Վախենալով իրենց կյանքը կորցնելուց՝ աշակերտները արթնացրին Հիսուսին ու աղերսեցին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք» (Մարկոս 4։35–38; Մատթեոս 8։23–25

2 Հիսուսը չվախեցավ։ Լիակատար վստահությամբ՝ նա «սաստեց» քամուն և ծովին՝ ասելով. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Քամին ու ծովը միանգամից հնազանդվեցին. մրրիկը դադարեց, ալեկոծ ջրերը հանդարտվեցին, և «կատարյալ հանդարտություն տիրեց»։ Աշակերտներին արտասովոր վախ պարուրեց։ «Այս մարդն ո՞վ է»,— շշուկով սկսեցին հարցնել մեկը մյուսին։ Եվ իրոք, ո՞ր մարդը կարող էր «սաստել» քամուն ու ծովին այնպես, ասես պատժելիս լիներ անկարգ երեխայի (Մարկոս 4։39–41; Մատթեոս 8։26, 27

 Բայց Հիսուսը սովորական մարդ չէր։ Եհովայի զորությունը զարմանահրաշ կերպերով արտահայտվում էր թե՛ նրա միջոցով և թե՛ հօգուտ նրա։ Ուստի Աստծու կողմից ներշնչված՝ Պողոս առաքյալը Հիսուսի մասին իրավամբ կարող էր ասել. «Քրիստոսը Աստծու զորությունն է» (1 Կորնթացիներ 1։24)։ Ի՞նչ կերպերով է Աստծու զորությունը արտահայտվում Հիսուսի միջոցով։ Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեր կյանքի վրա այն, թե ինչպես է Հիսուսը գործադրում իր զորությունը։

Աստծու միածին Որդու զորությունը

4, 5. ա) Ինչպիսի՞ զորությամբ ու իշխանությամբ էր Եհովան օժտել իր միածին Որդուն։ բ) Ինչի՞ շնորհիվ Որդին կարող էր իրականացնել իր Հոր արարչագործական նպատակները։

4 Խորհենք այն մասին, թե ինչ զորություն ուներ Հիսուսը իր մինչմարդկային գոյության ժամանակ։ Երբ Եհովան արարեց իր միածին Որդուն, որը հետագայում հայտնի դարձավ որպես Հիսուս Քրիստոս, նա գործի դրեց իր «հավերժական զորությունը» (Հռոմեացիներ 1։20; Կողոսացիներ 1։15)։ Դրանից հետո Եհովան իր Որդուն օժտեց հսկայական զորությամբ և իշխանությամբ՝ հանձնարարելով իրագործել արարման հետ կապված իր նպատակները։ Աստվածաշունչը Որդու վերաբերյալ ասում է. «Ամեն ինչ նրա միջոցով ստեղծվեց, և առանց նրա ոչինչ չստեղծվեց» (Հովհաննես 1։3

5 Որքա՜ն հսկայածավալ էր այդ հանձնարարությունը։ Պատկերացրու, թե ինչ զորություն էր հարկավոր կյանքի կոչելու համար միլիոնավոր հզոր հրեշտակների, տիեզերքը՝ իր միլիարդավոր գալակտիկաներով, ու երկիրը՝ կյանքի այսպիսի բազմազանությամբ։ Այդ հանձնարարությունն իրականացնելու համար միածին Որդին ուներ տիեզերքի ամենահզոր ուժը՝ Աստծու սուրբ ոգին։ Որդին մեծ հաճույք էր ստանում Հմուտ Վարպետ լինելուց, և նրա օգնությամբ էր, որ Եհովան արարեց մյուս բոլոր բաները (Առակներ 8։22–31

6. Մահանալուց և հարություն առնելուց հետո ի՞նչ զորություն ու իշխանություն ստացավ Հիսուսը։

6 Հնարավո՞ր էր, որ միածին Որդին ավելի մեծ զորություն և իշխանություն ստանար։ Իր մահից ու հարությունից հետո Հիսուսն ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթեոս 28։18)։ Այո՛, Հիսուսն օժտվել է  ողջ տիեզերքում զորություն գործադրելու կարողությամբ և իրավունքով։ Որպես «թագավորների Թագավոր և տերերի Տեր»՝ նա լիազորություն է ստացել կործանելու իր Հորն ընդդիմացող «ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն»՝ տեսանելի թե անտեսանելի (Հայտնություն 19։16; 1 Կորնթացիներ 15։24–26)։ Աստված «չթողեց մի բան, որ չհպատակվի» Հիսուսին, իհարկե, իրենից բացի (Եբրայեցիներ 2։8; 1 Կորնթացիներ 15։27

7. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը երբեք չի չարաշահի Եհովայի կողմից իրեն տրված զորությունը։

7 Արժե՞ արդյոք վախենալ՝ մտածելով, թե Հիսուսը կչարաշահի իր զորությունը։ Երբե՛ք։ Նա իսկապես սիրում է իր Հորը ու երբեք չի անի նրան տհաճություն պատճառող որևէ բան (Հովհաննես 8։29; 14։31)։ Հիսուսը լավ գիտի, որ Եհովան ոչ մի պարագայում չի չարաշահում իր ամենազոր ուժը։ Նա սեփական փորձով է համոզվել, որ Աստված առիթներ է փնտրում «իր զորությունը ցույց տալու հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։ Իրոք, մարդկության հանդեպ Հիսուսն ունի այն նույն սերը, որն ունի իր Հայրը։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա իր զորությունը միշտ կգործադրի բարի նպատակներով (Հովհաննես 13։1)։ Եվ դա փաստող բազում ապացույցներ կան։ Այժմ խոսենք այն մասին, թե ինչ զորություն ուներ նա երկրի վրա եղած ժամանակ և որքան էր ցանկանում գործադրել այն։

«Խոսքով զորավոր»

8. Օծվելուց հետո ի՞նչ անելու զորությամբ օժտվեց Հիսուսը, և ինչպե՞ս նա գործադրեց այն։

8 Նազարեթում մեծանալու տարիներին պատանի Հիսուսը, ամենայն հավանականությամբ, ոչ մի հրաշք չգործեց։ Սակայն ամեն ինչ փոխվեց մ.թ. 29թ.-ին, երբ նա մոտ 30 տարեկանում մկրտվեց (Ղուկաս 3։21–23)։ Աստվածաշունչը տեղեկացնում է. «Աստված օծեց նրան սուրբ ոգով ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով նրանց, ովքեր հարստահարված էին Բանսարկուի կողմից» (Գործեր 10։38)։ «Բարի գործեր անելով». մի՞թե սա չի նշանակում, որ Հիսուսը ճիշտ կերպով էր գործադրում իր զորությունը։ Օծվելուց հետո նա «մարգարե էր և գործով ու խոսքով զորավոր» (Ղուկաս 24։19

9–11. ա) Որտե՞ղ էր ուսուցանում Հիսուսը և ի՞նչ բարդ խնդրի էր բախվում։ բ) Հիսուսի ուսուցանելու ձևը ինչո՞ւ էր ապշեցնում մարդկանց։

 9 Ի՞նչ իմաստով էր Հիսուսը խոսքով զորավոր։ Նա հաճախ ուսուցանում էր բաց երկնքի տակ՝ լճերի ափին, սարալանջերին, փողոցներում և հրապարակներում (Մարկոս 6։53–56; Ղուկաս 5։1–3; 13։26)։ Եթե Հիսուսի խոսքերը չհետաքրքրեին իր ունկնդիրներին, ապա նրանք հանգիստ կարող էին թողնել ու հեռանալ։ Նրան երախտագիտությամբ լսող անհատները, որոնք ապրում էին այնպիսի դարաշրջանում, երբ տպագիր գրքեր գոյություն չունեին, պետք է իրենց մտքում ու սրտում պահեին Հիսուսի խոսքերը։ Ուստի նրա սովորեցրածները պետք է մեծ հետաքրքրություն արթնացնեին, հեշտությամբ հասկացվեին ու առանց դժվարության հիշվեին։ Սակայն բավականին բարդ այս խնդիրը դժվարություն չէր Հիսուսի համար։ Նկատի առնենք նրա Լեռան քարոզը։

10 Մ.թ. 31թ. սկիզբն էր։ Մի առավոտ Գալիլեայի ծովի մոտ գտնվող սարի լանջին մեծ բազմություն էր հավաքվել։ Ոմանք եկել էին Երուսաղեմից, ինչպես նաև Հրեաստանի մյուս շրջաններից, որ գտնվում էին 100–110 կիլոմետր հեռավորության վրա։ Ուրիշներն էլ հյուսիսում գտնվող Տյուրոսի ու Սիդոնի ծովամերձ շրջաններից էին եկել։ Հիսուսին մոտեցան բազմաթիվ հիվանդներ, որ դիպչեն նրան, և նա բուժեց բոլորին։ Երբ հավաքվածների մեջ այլևս չմնաց լուրջ հիվանդություն ունեցող նույնիսկ մեկ անհատ, Հիսուսը սկսեց ուսուցանել (Ղուկաս 6։17–19)։ Իսկ երբ որոշ ժամանակ անց նա վերջացրեց իր խոսքը, մարդիկ ապշած էին։ Ինչո՞ւ։

11 Ահա թե տարիներ անց ինչ գրեց այդ քարոզը լսած անհատներից մեկը. «Ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև հեղինակությամբ էր սովորեցնում» (Մատթեոս 7։28, 29)։ Հիսուսի խոսքերն այնքան զորավոր էին, որ մարդիկ զգում էին դա։ Նա խոսում էր Աստծու անունից և իր ասածները հիմնավորում էր Աստծու Խոսքով, ինչը և իշխանություն էր հաղորդում դրանց (Հովհաննես 7։16)։ Հիսուսի խոսքերը պարզ էին, հորդորները՝ գործերի մղող, իսկ փաստարկները՝ անհերքելի։ Նրա խոսքերը բացահայտում էին խնդիրների բուն պատճառը, ինչպես նաև հասնում ունկնդիրների սրտի խորքը։ Նա սովորեցնում էր մարդկանց, թե ինչպես երջանկություն գտնել, ինչպես աղոթել, ինչպես փնտրել Աստծու Թագավորությունը և ապահով  ապագայի հիմք դնել (Մատթեոս 5։3–7։27)։ Հիսուսի խոսքերը արթնացնում էին այն անհատների սրտերը, ովքեր ծարավ էին ճշմարտության ու արդարության։ Այդ մարդիկ պատրաստ էին «ուրանալու» իրենց և հրաժարվելու ամեն ինչից՝ իր հետևից գնալու համար (Մատթեոս 16։24; Ղուկաս 5։10, 11)։ Ի՜նչ զորավոր էին Հիսուսի խոսքերը։

«Գործով.... զորավոր»

12, 13. Ի՞նչ իմաստով էր Հիսուսը «գործով.... զորավոր», և ի՞նչ տարբեր հրաշքներ էր նա կատարում։

12 Հիսուսը նաև «գործով էր.... զորավոր» (Ղուկաս 24։19)։ Ավետարաններում նկարագրվում են նրա կողմից կատարված ավելի քան 30 հրաշքներ, բոլորը՝ «Եհովայի զորությամբ» * (Ղուկաս 5։17)։ Հիսուսի հրաշքները անդրադառնում էին հազարավոր մարդկանց կյանքերի վրա։ Հիշենք միայն երկու դեպք, երբ Հիսուսը հրաշքով կերակրեց 5000, իսկ հետո 4000 տղամարդկանց՝ «չհաշված կանանց ու երեխաներին»։ Ընդհանուր թիվը թերևս կազմեց մոտ 20000 (Մատթեոս 14։13–21; 15։32–38

Նրանք «տեսան Հիսուսին, որ ծովի վրա քայլում» էր

13 Հիսուսի կատարած հրաշքները տարբեր էին։ Նա իշխանություն ուներ դևերի վրա և հեշտությամբ էր հեռացնում նրանց (Ղուկաս 9։37–43)։ Հիսուսը զորություն ուներ ֆիզիկական տարրերի վրա. նա ջուրը վերածեց գինու (Հովհաննես 2։1–11)։ Ի զարմանս իր աշակերտների՝ քայլեց հողմերից անպաշտպան Գալիլեայի ծովի վրայով (Հովհաննես 6։18, 19)։ Հիսուսը իշխանություն ուներ հիվանդությունների վրա. բուժում էր արատները, քրոնիկական, ինչպես նաև մահացու հիվանդությունները (Մարկոս 3։1–5; Հովհաննես 4։46–54)։ Այդ բուժումները նա կատարում էր տարբեր ձևերով։ Ոմանք բուժվում էին հեռավորության վրա, իսկ ուրիշներին Հիսուսը բուժում էր՝ դիպչելով նրանց (Մատթեոս 8։2, 3, 5–13)։ Ոմանք բժշկվում էին անմիջապես, ոմանք էլ աստիճանաբար (Մարկոս 8։22–25; Ղուկաս 8։43, 44

14. Ինչպիսի՞ իրավիճակներում Հիսուսը ցույց տվեց, որ մահը վերացնելու զորություն ունի։

14 Ուշագրավ է, որ Հիսուսը մահը վերացնելու զորություն ուներ։  Ավետարաններում նշված են հարության երեք դեպքեր, երբ նա 12-ամյա մի աղջկա վերադարձրեց ծնողներին, միակ երեխային՝ իր այրի մորը և սիրելի եղբորը՝ իր քույրերին (Ղուկաս 7։11–15; 8։49–56; Հովհաննես 11։38–44)։ Այս իրավիճակներում նրա համար բոլորովին էլ դժվար չէր հարություն տալ մարդկանց։ 12-ամյա աղջկան Հիսուսը վեր կացրեց անկողնուց, երբ վերջինս նոր էր մահացել։ Այրի կնոջ որդուն հարություն տվեց, երբ տղային, պատգարակի վրա դրած, տանում էին թաղելու, թերևս հենց նրա մահվան օրը։ Իսկ Ղազարոսին նա կյանքի կոչեց գերեզմանից, երբ վերջինս արդեն չորս օր էր, ինչ մահացած էր։

Անշահախնդրորեն, պատասխանատվությամբ, հոգատարությամբ

15, 16. Ի՞նչն է փաստում, որ Հիսուսը անշահախնդրորեն էր գործադրում իր զորությունը։

15 Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ վնաս կարող էր հասցվել, եթե Հիսուսի զորությունը տրվեր որևէ անկատար ղեկավարի։ Բայց Հիսուսը կատարյալ էր (1 Պետրոս 2։22)։ Նա թույլ չտվեց, որ իրեն ապականեն եսասիրությունը, փառասիրությունն ու ագահությունը, որոնք դրդում են անկատար մարդկանց չարաշահելու իրենց զորությունը ի վնաս ուրիշների։

16 Հիսուսը անշահախնդրորեն էր գործադրում իր զորությունը՝ երբեք չփնտրելով իր շահը։ Երբ նա քաղցած էր, հրաժարվեց քարերը իր համար հաց դարձնելուց (Մատթեոս 4։1–4)։ Հիսուսը շատ քիչ ունեցվածք ուներ, ինչը ցույց է տալիս, որ նա չէր գործադրում իր զորությունը նյութական շահ ստանալու նպատակով (Մատթեոս 8։20)։ Կա մեկ ուրիշ ապացույց, որը փաստում է, որ նա զորավոր գործեր չէր անում շահադիտական նպատակներով։ Երբ Հիսուսը հրաշք էր գործում, որոշ չափով իր հաշվին էր դա անում։ Հիվանդներին բուժելիս նրանից զորություն էր դուրս գալիս։ Եվ նա զգում էր դա, նույնիսկ եթե բուժում էր ընդամենը մի հոգու (Մարկոս 5։25–34)։ Այնուհանդերձ, Հիսուսը թույլ էր տալիս, որ մեծ թվով մարդիկ դիպչեին իրեն ու բուժվեին (Ղուկաս 6։19)։ Ինչպիսի՜ անձնազոհություն։

17. Ինչպե՞ս էր Հիսուսը ցույց տալիս, որ պատասխանատվությամբ է մոտենում իր զորությունը գործադրելուն։

17 Հիսուսը պատասխանատվությամբ էր մոտենում զորություն գործադրելուն։ Իր զորավոր գործերը նա երբեք չէր կատարում  թատերական ձևով կամ դրանք ցուցադրելու նպատակով (Մատթեոս 4։5–7)։ Հիսուսը չցանկացավ նշաններ անել Հերովդեսի համար, որը հետաքրքրասիրությունից դրդված էր ցանկանում հրաշք տեսնել (Ղուկաս 23։8, 9)։ Նա ոչ միայն չէր գովազդում իր զորությունը, այլև բուժվածներին հաճախ պատվիրում էր ոչ ոքի չպատմել այդ մասին (Մարկոս 5։43; 7։36)։ Հիսուսը չէր ցանկանում, որ մարդիկ իր մասին եզրակացություններ անեին ցնցող լուրերի հիման վրա (Մատթեոս 12։15–19

18–20. ա) Ի՞նչն էր անդրադառնում այն բանի վրա, թե ինչպես էր Հիսուսը գործի դնում իր զորությունը։ բ) Այն, թե ինչպես Հիսուսը բուժեց մի խուլ մարդու, ի՞նչ զգացմունքներ է արթնացնում քո մեջ։

18 Այդ զորեղ մարդը՝ Հիսուսը, ընդհանրապես նման չէր այն ղեկավարներին, որոնք իրենց իշխանությունը գործադրել են անխղճորեն՝ հաշվի չառնելով ուրիշների կարիքներն ու նրանց կրած տառապանքները։ Հիսուսը մտածում էր մարդկանց մասին։ Մարդկանց տառապանքը տեսնելը նրա վրա այնքան խոր ազդեցություն էր թողնում, որ նրա մեջ ցանկություն էր առաջանում թեթևացնելու նրանց ցավը (Մատթեոս 14։14)։ Հիսուսը հաշվի էր առնում նրանց զգացմունքներն ու կարիքները։ Հոգատարությունից բխող իր հետաքրքրվածությունը անդրադառնում էր այն բանի վրա, թե ինչպես էր նա գործի դնում իր զորությունը։ Շատ հուզիչ մի օրինակ կարելի է կարդալ Մարկոս 7։31–37-ում։

19 Մարդկանց մի մեծ բազմություն գտավ Հիսուսին ու նրա մոտ բերեց բազմաթիվ հիվանդների, և նա բուժեց նրանց (Մատթեոս 15։29, 30)։ Սակայն նրանցից մեկին Հիսուսը առանձնահատուկ ուշադրության արժանացրեց։ Այդ մարդը խուլ էր և հազիվ էր կարողանում խոսել։ Հավանաբար, Հիսուսը տեսավ, որ նա չափից շատ էր կաշկանդված ու շփոթված։ Նրբանկատություն դրսևորելով՝ այդ մարդուն ամբոխից մի կողմ տարավ և նշանների միջոցով հասկացրեց, թե ինչ է պատրաստվում անել։ Հիսուսը «իր մատները դրեց այդ մարդու ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին» * (Մարկոս 7։33)։ Այնուհետև դեպի երկինք նայելով՝ խոր հոգոց հանեց։ Այս գործողություններով նա մարդուն  ուզում էր ասել հետևյալը. «Այն, ինչ այժմ պատրաստվում եմ անել քեզ համար, Աստծու զորության շնորհիվ է»։ Ի վերջո Հիսուսն ասաց՝ բացվի՛ր (Մարկոս 7։34)։ Այդ պահին մարդու լսողությունը վերականգնվեց, և նա կարողացավ նորմալ խոսել։

20 Որքա՜ն ենք տպավորվում, երբ մտածում ենք, որ տառապողներին բուժելու համար իր աստվածաշնորհ զորությունը գործադրելիս անգամ Հիսուսը ցույց էր տալիս, որ կարեկից է ու հաշվի է առնում նրանց զգացմունքները։ Մխիթարական չէ՞ արդյոք իմանալ, որ Եհովան Մեսիական Թագավորությունը հանձնել է նման կարեկից ու հոգատար Ղեկավարի։

Գալիք բաների նախապատկեր

21, 22. ա) Ինչի՞ նախապատկերն են Հիսուսի հրաշքները։ բ) Քանի որ Հիսուսը իշխանություն ունի բնության ուժերի վրա, ի՞նչ կարող ենք ակնկալել նրա Թագավորությունից։

21 Երկրի վրա Հիսուսի կատարած զորավոր գործերը նախապատկերն էին ավելի մեծ օրհնությունների, որ կլինեն նրա Թագավորության ժամանակ։ Աստծու նոր աշխարհում Հիսուսը նորից հրաշքներ կգործի, այս անգամ համաշխարհային մասշտաբով։ Խորհենք, թե ի՜նչ հիասքանչ ապագա է սպասում մեզ։

22 Հիսուսը կվերականգնի երկրի էկոլոգիան և կատարյալ հավասարակշռության մեջ կբերի այն։ Հիշիր, որ փոթորիկը դադարեցնելով՝ նա ցույց տվեց, որ կարող է իր հսկողության տակ պահել բնության ուժերը։ Անկասկած, Քրիստոսի Թագավորության ներքո մարդկությունը կարիք չի ունենա վախենալու թայֆուններից, երկրաշարժերից, հրաբուխներից կամ բնական այլ աղետներից։ Քանի որ Հիսուսն է Հմուտ Վարպետը, որի օգնությամբ Եհովան ստեղծել է երկիրն ու նրա վրա եղող կյանքի բոլոր տեսակները, նա կատարելապես գիտի երկրի կազմությունը։ Հիսուսը գիտի, թե ինչպես օգտագործել երկրի բնական ռեսուրսները։ Իր իշխանության ներքո երկրագունդը ամբողջությամբ կվերածվի դրախտի (Ղուկաս 23։43

23. Որպես Թագավոր՝ ինչպե՞ս է Հիսուսը բավարարելու մարդկանց կարիքները։

23 Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդկանց կարիքների բավարարման մասին։ Այն փաստը, որ շատ քիչ կերակուրով Հիսուսը կարողացավ հագեցնել հազարավոր մարդկանց քաղցը,  վստահեցնում է մեզ, որ նրա իշխանության ներքո սովի խնդիրը կլուծվի։ Արդարացիորեն բաշխված առատ սնունդը հավիտյան վերջ կդնի սովին (Սաղմոս 72։16)։ Հիվանդությունների վրա նրա իշխանությունը ցույց է տալիս, որ հիվանդ, կույր, խուլ, անդամալույծ ու կաղ մարդիկ կբուժվեն ամբողջովին ու մեկընդմիշտ (Եսայիա 33։24; 35։5, 6)։ Մահացածներին հարություն տալու նրա կարողությունը վստահեցնում է մեզ, որ նա՝ որպես երկնային հզոր Թագավոր, կարող է հարություն տալ միլիարդավոր այն մարդկանց, ում Հայրը կամեցել է պահել իր հիշողության մեջ (Հովհաննես 5։28, 29

24. Հիսուսի զորության մասին խորհելիս ի՞նչ պետք է հիշենք և ինչո՞ւ։

24 Խորհելով Հիսուսի ունեցած զորության մասին՝ հիշենք, որ նա կատարելապես ընդօրինակում է իր Հորը (Հովհաննես 14։9)։ Ուստի այն, թե ինչպես է Հիսուսը գործադրում իր զորությունը, օգնում է պատկերացնելու, թե ինչպես է դա անում Եհովան։ Խորհենք այն մասին, թե ինչպիսի ջերմությամբ Հիսուսը բուժեց բորոտությամբ տառապող մի անհատի։ Կարեկցանքը մղեց նրան դիպչելու այդ մարդուն և ասելու՝ ուզո՛ւմ եմ (Մարկոս 1։40–42)։ Այսպիսի արձանագրությունների միջոցով Եհովան, ըստ էության, ասում է. «Ահա՛ թե ես ինչպես եմ գործի դնում իմ զորությունը»։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանում արդյոք փառաբանելու մեր Ամենակարող Աստծուն և շնորհակալություն հայտնելու նրան այն բանի համար, որ իր զորությունը գործադրում է նման սիրառատ կերպով։

^ պարբ. 1 Գալիլեայի ծովում հանկարծահաս փոթորիկները սովորական երևույթ են։ Քանի որ լիճը գտնվում է ցածրադիր բարձրության վրա (ծովի մակարդակից մոտ 200 մետր ցածր), օդն այնտեղ շատ ավելի տաք է, քան շրջակա տարածքներում, և դա մթնոլորտում օդի մեծ տեղաշարժեր է առաջացնում։ Ուժեղ քամիները հյուսիսում գտնվող Հերմոն լեռից սուրում են դեպի Հորդանան գետի հովիտը։ Մի ակնթարթում անդորրը վերափոխվում է մոլեգին փոթորկի։

^ պարբ. 12 Բացի այդ, Ավետարաններում երբեմն շատ հրաշքներ ներկայացվում են մեկ ընդհանուր խմբի մեջ։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսին տեսնելու էր եկել «ամբողջ քաղաքը», և նա բուժեց «շատ» հիվանդների (Մարկոս 1։32–34

^ պարբ. 19 Թե՛ հրեաները, թե՛ հեթանոսները թուքը համարում էին բուժման միջոց կամ նշան։ Ռաբունական արձանագրություններից երևում է, որ թուքն օգտագործվել է բուժումների ժամանակ։ Թքելով՝ Հիսուսն, ըստ երևույթին, հասկացրեց մարդուն, որ նա շուտով բուժվելու է։ Ամեն դեպքում, նա իր թուքը չօգտագործեց իբրև բժշկելու բնական միջոց։

Իմացիր ավելին

«Թող գա քո Թագավորությունը». ե՞րբ

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստծու օծյալ Թագավորը շուտով քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Նրա կամքը լիարժեքորեն կատարվի երկրի վրա։