Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 8

Վերականգնելու զորություն. Եհովան «ամեն բան նոր է անում»

Վերականգնելու զորություն. Եհովան «ամեն բան նոր է անում»

1, 2. Այսօր ի՞նչ կորուստներ են ունենում մարդիկ, և ի՞նչ ազդեցություն է թողնում դա մեզ վրա։

ԵՐԵԽԱՆ կորցնում կամ կոտրում է իր սիրած խաղալիքն ու սկսում է աղիողորմ լաց լինել։ Նրա ձայնը սիրտ է ճմլում։ Բայց երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է փայլում նրա դեմքը, երբ ծնողը հետ է բերում կորցրածը։ Խաղալիքը գտնելը կամ այն վերանորոգելը գուցե դժվար չէ ծնողի համար։ Մինչդեռ ցնծության մեջ գտնվող երեխայի համար դա իսկական հրաշք է։ Այն, ինչը առհավետ կորած էր թվում, վերագտնվեց։

2 Եհովան՝ ամենամեծ Ծնողը, զորություն ունի վերականգնելու այն, ինչը իր երկրային երեխաները կարող են անհուսալիորեն կորած համարել։ Խոսքն, իհարկե, խաղալիքի մասին չէ։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» մենք այնպիսի կորուստներ ենք ունենում, որոնք շատ ավելի մեծ են (2 Տիմոթեոս 3։1–5)։ Թվում է՝ մշտական վտանգի տակ է այն, ինչ մարդիկ թանկ են համարում՝ ընտանիքը, ունեցվածքը, աշխատանքը, նույնիսկ առողջությունը։ Մենք թերևս սարսափով ենք մտածում շրջակա միջավայրի կործանման և դրա կորստաբեր հետևանքի՝ կենդանի օրգանիզմների բազմաթիվ տեսակների ոչնչացման մասին։ Սակայն ոչինչ այնքան չի ցնցում մարդուն, որքան սիրելի անհատի մահը։ Կորստի զգացումն ու անզորությունը կարող են ծայրաստիճան ճնշող լինել (2 Սամուել 18։33

3. Մխիթարական ի՞նչ հեռանկարի մասին է խոսվում Գործեր 3։21-ում, և ինչի՞ միջոցով է Եհովան իրականացնելու դա։

3 Ուստի որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան վերականգնելու զորություն ունի։ Ինչպես կտեսնենք, ապշեցուցիչ չափերի է հասնում այն, թե Աստված որքան բան կարող է վերականգնել և կվերականգնի իր երկրային զավակների համար։ Ըստ Աստվածաշնչի՝ Եհովան նպատակ ունի բերելու «բոլոր բաների վերականգնման ժամանակները» (Գործեր 3։21)։ Աստված կիրագործի դա Մեսիական Թագավորության միջոցով, որի ղեկավարն է իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Փաստերը ցույց են տալիս, որ այս  Թագավորությունը սկսել է իշխել երկնքում 1914 թ.-ից * (Մատթեոս 24։3–14)։ Իսկ ի՞նչը պետք է վերականգնվի։ Քննենք այն մեծ գործերից մի քանիսը, որ վերականգնման նպատակով անում է Եհովան։ Դրանցից մեկը կարելի է հիմա արդեն զգալ ու տեսնել։ Մյուսները մեծ մասշտաբով կկատարվեն ապագայում։

Մաքուր երկրպագության վերականգնումը

4, 5. Ի՞նչ տեղի ունեցավ Աստծու ժողովրդի հետ մ.թ.ա. 607թ.-ին, և ի՞նչ հույս տվեց նրանց Եհովան։

4 Եհովայի կողմից արդեն վերականգնված բաներից մեկն է մաքուր երկրպագությունը։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է դա նշանակում, համառոտակի քննենք Հուդայի թագավորության պատմությունը։ Դրա շնորհիվ մենք կտեսնենք, թե ինչպես է Եհովան գործի դնում վերականգնելու իր զորությունը, և դա կոգևորի մեզ (Հռոմեացիներ 15։4

5 Պատկերացրու, թե ինչ էին զգում հավատարիմ հրեաները, երբ մ.թ.ա. 607թ.-ին Երուսաղեմը կործանվեց։ Իրենց սիրելի քաղաքը ավերված էր, պարիսպը՝ քանդված։ Իսկ ամենացավալին այն էր, որ Սողոմոնի կառուցած փառավոր տաճարը՝ երկրի վրա Եհովայի մաքուր երկրպագության միակ կենտրոնը, վերածվել էր փլատակների (Սաղմոս 79։1)։ Ավերումից փրկվածները գերի էին տարվել Բաբելոն՝ իրենց հայրենի երկիրը թողնելով ամայացած վիճակում՝ որպես վայրի գազանների բնակատեղի (Երեմիա 9։11)։ Մարդու տեսանկյունից ամեն ինչ կորած էր (Սաղմոս 137։1)։ Բայց Եհովան, որը վաղուց կանխագուշակել էր այդ կործանումը, հույս տվեց նրանց՝ ասելով, որ առջևում վերականգնման ժամանակներ են սպասվում։

6–8. ա) Հաճախ ինչի՞ մասին է խոսվում հրեա մարգարեների գրվածքներում, և ի՞նչ սկզբնական կատարում են ունեցել այդ մարգարեությունները։ բ) Մեր օրերում Աստծու ժողովրդի վրա ինչպե՞ս են կատարվել վերականգնման մասին բազմաթիվ մարգարեությունները։

 6 Իրականում, վերականգնման մասին հաճախ է խոսվում հրեա մարգարեների գրվածքներում *։ Նրանց միջոցով Եհովան խոստացել էր վերականգնված ու վերաբնակեցված բերրի մի երկիր՝ պաշտպանված վայրի գազաններից ու թշնամիների հարձակումներից։ Իրենց վերականգնված երկիրը նա նկարագրել էր որպես իսկական դրախտ (Եսայիա 65։25; Եզեկիել 34։25; 36։35)։ Իսկ ամենակարևորը, վերականգնվելու էր մաքուր երկրպագությունը, և վերաշինվելու էր տաճարը (Միքիա 4։1–5)։ Այս մարգարեությունները հույս տվեցին աքսորված հրեաներին՝ օգնելով նրանց դիմանալու բաբելոնյան 70-ամյա գերությանը։

7 Վերջապես հասավ վերականգնման ժամանակը։ Բաբելոնից ազատագրված հրեաները վերադարձան Երուսաղեմ և այնտեղ նորից կառուցեցին Եհովայի տաճարը (Եզրաս 1։1, 2)։ Քանի դեռ նրանք հավատարիմ էին ճշմարիտ երկրպագությանը, Եհովան օրհնում էր նրանց և բերրի ու ծաղկուն դարձնում նրանց երկիրը։ Նա հրեաներին պաշտպանում էր թշնամիներից և գազաններից, որոնք տասնյակ տարիներ տիրել էին այդ երկրին։ Ինչպիսի՜ ուրախություն պետք է որ նրանց պարգևեր Եհովայի վերականգնելու զորությունը։ Բայց այդ իրադարձությունները վերականգնման մասին մարգարեությունների միայն սկզբնական ու մասնակի կատարումն էին։ Ավելի մեծ կատարումը պետք է տեղի ունենար «վերջին օրերում»՝ մեր օրերում, երբ Դավիթ թագավորի՝ վաղուց խոստացված ժառանգը գահ բարձրանար (Եսայիա 2։2–4; 9։6, 7

8 1914թ.-ին գահակալվելուց շատ չանցած՝ Հիսուսը սկսեց հոգ տանել Աստծու հավատարիմ երկրային ժողովրդի հոգևոր կարիքների մասին։ Ճիշտ ինչպես պարսից Կյուրոս թագավորը մ.թ.ա. 537թ.-ին հրեաների մնացորդին ազատ արձակեց Բաբելոնից, այնպես էլ Հիսուսը ազատեց հոգևոր հրեաների մնացորդին՝ իր հետևորդներին, ժամանակակից Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության ազդեցությունից (Հռոմեացիներ 2։29; Հայտնություն 18։1–5)։ 1919թ.-ից մաքուր երկրպագությունը իր  արժանավայել տեղն է զբաղեցնում անկեղծ քրիստոնյաների կյանքում (Մաղաքիա 3։1–5)։ Այդ ժամանակվանից ի վեր Եհովայի ժողովուրդը երկրպագում է Աստծուն նրա մաքրված հոգևոր տաճարում՝ ճշմարիտ երկրպագության համար նախատեսված կառույցում։ Իսկ այսօր ինչո՞ւ է դա կարևոր մեզ համար։

Հոգևոր վերականգնում. ինչո՞ւ է դա կարևոր

9. Առաքյալների դարաշրջանից հետո ի՞նչ են արել քրիստոնյա աշխարհի եկեղեցիները ճշմարիտ երկրպագության հետ, սակայն ի՞նչ քայլեր է ձեռնարկել Եհովան մեր օրերում։

9 Մի հայացք նետենք պատմությանը։ Առաջին դարում քրիստոնյաները բազմաթիվ հոգևոր օրհնություններ էին վայելում։ Սակայն Հիսուսն ու առաքյալները կանխագուշակեցին, որ ճշմարիտ երկրպագությունը կաղավաղվի ու կվերանա (Մատթեոս 13։24–30; Գործեր 20։29, 30)։ Առաքյալների դարաշրջանից հետո առաջ եկավ քրիստոնյա աշխարհը, որի հոգևորականությունը որդեգրեց հեթանոսական ուսմունքներն ու սովորույթները։ Բացի այդ, նրանք գրեթե անհնարին դարձրին Արարչին մոտենալը՝ նրան ներկայացնելով իբրև անըմբռնելի Երրորդություն, սովորեցնելով մարդկանց խոստովանել իրենց մեղքերը քահանաներին ու Եհովայի փոխարեն՝ Մարիամին և տարբեր «սրբերի» աղոթել։ Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկեց Եհովան դարեր տևող այս հավատուրացության առնչությամբ։ Նա միջամտեց կրոնական կեղծիքով ողողված և աստվածամերժ սովորություններով աղտոտված ներկայիս աշխարհի գործերին ու վերականգնեց մաքուր երկրպագությունը։ Մենք առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ այս վերականգնումը մեր ժամանակների ամենակարևոր իրադարձություններից մեկն է։

10, 11. ա) Ի՞նչ երկու բան է ընդգրկում հոգևոր դրախտը, և ինչպե՞ս է դա անդրադառնում քեզ վրա։ բ) Ինչպիսի՞ մարդկանց է Եհովան հավաքել հոգևոր դրախտում, և ի՞նչը տեսնելու պատիվ կունենան նրանք։

10 Այսօր ճշմարիտ քրիստոնյաները հոգևոր դրախտ են վայելում։ Ի՞նչ է ընդգրկում այդ դրախտը։ Հիմնականում երկու բան։ Առաջին՝ մաքուր երկրպագությունը, որը մատուցվում է ճշմարիտ Աստված Եհովային։ Նա օրհնել է մեզ երկրպագության այնպիսի ձևով, որը զերծ է կեղծիքից ու աղավաղումներից։ Նա մեզ օրհնել է հոգևոր սննդով, ինչի շնորհիվ հնարավորություն ունենք սովորելու մեր երկնային Հոր մասին, որ հաճեցնենք և մոտենանք նրան (Հովհաննես 4։24)։ Երկրորդ՝ հոգևոր դրախտն ընդգրկում է մարդկանց։ Ինչպես կանխագուշակել էր Եսայիան, «վերջին օրերում» Եհովան  իր երկրպագուներին սովորեցրել է խաղաղության ճանապարհները։ Նա մեր մեջ վերացրել է պատերազմները։ Չնայած մեր անկատարությանը՝ Աստված օգնում է հագնելու «նոր անձնավորությունը»։ Նա օրհնում է մեր ջանքերը՝ տալով իր սուրբ ոգին, որը մեր մեջ գեղեցիկ հատկություններ է առաջ բերում (Եփեսացիներ 4։22–24; Գաղատացիներ 5։22, 23)։ Եթե դու վարվում ես Աստծու ոգուն ներդաշնակ, ուրեմն իսկապես հոգևոր դրախտի մաս ես կազմում։

11 Այս հոգևոր դրախտում Եհովան հավաքել է այն մարդկանց, ում սիրում է. նրանց, ովքեր սիրում են իրեն, սիրում են խաղաղություն և «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Դրանք այն անհատներն են, ովքեր պատիվ կունենան տեսնելու ամենափառահեղ վերականգնումը՝ մարդկության և ողջ երկրագնդի վերականգնումը։

«Ահա ամեն բան նոր եմ անում»

12, 13. ա) Վերականգնման մասին մարգարեությունները ինչո՞ւ պետք է ևս մի կատարում ունենան։ բ) Եդեմում ասված խոսքերի համաձայն՝ ո՞րն է Եհովայի նպատակը երկրի նկատմամբ, և ինչո՞ւ է դա ապագայի հույս տալիս մեզ։

12 Վերականգնման մասին մարգարեություններից շատերը հոգևոր վերականգնումից ավելին են մատնանշում։ Եսայիան, օրինակ, գրել է մի ժամանակի մասին, երբ հիվանդը, կաղը, կույրը և խուլը կբուժվեն, նույնիսկ մահը կկլանվի հավիտյան (Եսայիա 25։8; 35։1–7)։ Այս խոստումները հին Իսրայելում չկատարվեցին ուղղակի իմաստով։ Ու թեպետ այսօր դրանք կատարվում են հոգևոր իմաստով, բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ ապագայում կիրականանան բառի բուն իմաստով և մեծ մասշտաբով։ Որտեղի՞ց գիտենք դա։

13 Եդեմում Եհովան պարզ արտահայտել էր իր կամքը երկրի նկատմամբ. այն պետք է բնակեցված լիներ երջանիկ, առողջ մարդկանցով, որոնք մեկ համերաշխ ընտանիք պիտի կազմեին։ Տղամարդն ու կինը պետք է հոգ տանեին երկրին և նրա վրա բնակվող բոլոր արարածներին ու դրախտի վերածեին ողջ մոլորակը (Ծննդոց 1։28)։ Դա ներկայիս իրավիճակի հակապատկերն է։ Սակայն կարող ենք համոզված լինել, որ Եհովայի նպատակները երբեք անհաջողության չեն մատնվի (Եսայիա 55։10, 11)։ Հիսուսը՝ Եհովայի կողմից նշանակված Մեսիական Թագավորը, կհաստատի այս համաշխարհային դրախտը (Ղուկաս 23։43

14, 15. ա) Ինչպե՞ս է Եհովան «ամեն բան նոր անելու»։ բ) Ինչի՞ն կնմանվի կյանքը դրախտում, և այդ առումով հատկապես ի՞նչն է քեզ գրավում։

 14 Միայն պատկերացրու. ողջ երկիրը վերածվելու է դրախտի։ Այդ ժամանակի մասին Եհովան ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5)։ Փորձենք հասկանալ, թե դա ինչ է նշանակելու։ Այն բանից հետո, երբ Եհովան այլևս գործի չի դնի կործանելու իր զորությունը ընդդեմ այս չար համակարգի, կմնան «նոր երկինքն ու նոր երկիրը»։ Սա նշանակում է, որ երկնքից նոր կառավարություն է իշխելու նոր երկրային հասարակության վրա, որը կազմված կլինի Եհովային սիրող ու նրա կամքը կատարող մարդկանցից (2 Պետրոս 3։13)։ Սատանան իր դևերի հետ կզրկվի որևէ ձևով գործելու հնարավորությունից (Հայտնություն 20։3)։ Հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ մարդկությունը կազատվի նրանց ապականված, ատելությամբ լի, վնասակար ազդեցությունից։ Թեթևացումը, որ կզգան մարդիկ, անկասկած, շատ մեծ կլինի։

15 Վերջապես մենք հնարավորություն կունենանք հոգ տանելու այս գեղեցիկ մոլորակի մասին, ինչպես որ ի սկզբանե նախատեսված էր։ Երկիրը վերականգնվելու բնական զորություն ունի։ Աղտոտված լճերն ու գետերը կարող են ինքնուրույն մաքրվել, եթե աղտոտման աղբյուրը վերանա։ Պատերազմների հետևանքով վնասված գեղեցիկ վայրերը կարող են վերականգնվել, եթե պատերազմները դադարեն։ Որքա՜ն հաճելի կլինի նպաստել երկրի վերականգնմանը՝ վերածելով այն մի ծաղկաստանի՝ համաշխարհային Եդեմի, որը լի կլինի բազմազան կենդանական ու բուսական աշխարհով։ Կենդանիներին ու բույսերին անտեղի վերացնելու փոխարեն՝ մարդը խաղաղություն կվայելի բոլոր երկրային ստեղծագործությունների հետ։ Նույնիսկ երեխաները ոչ մի պատճառ չեն ունենա վախենալու գազաններից (Եսայիա 9։6, 7; 11։1–9

16. Յուրաքանչյուր հավատարիմ անհատ ինչպիսի՞ վերականգնում կվայելի դրախտում։

16 Վերականգնում կվայելենք նաև յուրաքանչյուրս անհատապես։ Արմագեդոնից հետո փրկվածները կտեսնեն հրաշքով կատարվող բուժումներ, որոնք տեղի կունենան ամբողջ աշխարհում։ Ինչպես որ երկրի վրա եղած ժամանակ, այս անգամ էլ Հիսուսը կօգտագործի Աստծու կողմից իրեն տրված զորությունը՝ վերականգնելու կույրերի տեսողությունը, խուլերի լսողությունը, հաշմանդամների առողջությունը (Մատթեոս 15։30)։ Ծերերն կվերագտնեն իրենց առողջությունը, երիտասարդական ուժն ու կորովը (Հոբ 33։25)։ Կնճիռները  կանհետանան, վերջույթները կուղղվեն, մկանները կլցվեն նորոգված ուժով։ Բոլոր հավատարիմ մարդիկ կզգան, որ մեղքի ու անկատարության հետևանքները աստիճանաբար կորչում են ու վերանում։ Որքա՜ն շնորհակալ կլինենք Եհովա Աստծուց վերականգնելու իր հրաշալի զորության համար։ Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք վերականգնման այդ ոգևորիչ ժամանակի սիրտ ջերմացնող մի առանձնահատկության վրա։

Վերականգնվում է մահացածների կյանքը

17, 18. ա) Ինչո՞ւ Հիսուսը հանդիմանեց սադուկեցիներին։ բ) Ի՞նչ հանգամանքներում Եղիան խնդրեց, որ Եհովան հարություն տա մի երեխայի։

17 Մ.թ. առաջին դարում որոշ կրոնական առաջնորդներ, որոնք «սադուկեցիներ» էին կոչվում, չէին հավատում հարությանը։ Հիսուսը հանդիմանեց նրանց հետևյալ խոսքերով. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը» (Մատթեոս 22։29)։ Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան ունի վերականգնելու նման զորություն։ Իսկ ինչպե՞ս։

18 Մտովի պատկերացրու, թե ինչ տեղի ունեցավ Եղիայի օրերում։ Մի այրի կին գրկել էր իր միակ երեխայի անզոր մարմինը։ Տղան մեռած էր։ Երեխայի մահը թերևս ցնցեց Եղիա մարգարեին, որը մի որոշ ժամանակ հյուր էր եղել այրի կնոջ տանը։ Անցյալում նա փրկել էր այդ երեխային սովամահ լինելուց։ Հավանաբար, Եղիան կապվել էր փոքրիկ տղայի հետ։ Մայրը վշտից կորցրել էր գլուխը։ Տղան իր ամուսնուց մնացած միակ կենդանի հիշատակն էր։ Կինը թերևս հույս ուներ, որ իր որդին հոգ կտաներ իրեն ծերության օրերում։ Վշտաբեկ այրին վախենում էր, թե դա պատիժ է անցյալում իր գործած ինչ-որ սխալի համար։ Եղիան չէր կարող տանել այդ ողբերգությունը, որը հիշյալ պատճառներով ավելի ցավագին էր դարձել։ Նա մոր գրկից մեղմորեն վերցրեց տղայի մարմինը, բարձրացրեց իր սենյակ ու Եհովա Աստծուց խնդրեց վերականգնել երեխայի հոգին՝ կյանքը (1 Թագավորներ 17։8–21

19, 20. ա) Աբրահամը ինչպե՞ս ցույց տվեց, որ հավատում է Եհովայի վերականգնելու զորությանը, և այդպիսի հավատի համար ի՞նչ հիմք ուներ նա։ բ) Ինչպե՞ս Եհովան վարձատրեց Եղիային նրա հավատի համար։

19 Եղիան հարությանը հավատ ընծայող առաջին մարդը չէր։ Իրենից դարեր առաջ Աբրահամը հավատում էր, որ Եհովան ունի վերականգնելու նման զորություն, և նա հիմնավոր պատճառներ ուներ դրա համար։ Երբ Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, Եհովան վերականգնեց սերունդ առաջ բերելու նրանց  կարողությունը՝ հրաշքի միջոցով հնարավորություն տալով Սառային որդի ունենալ (Ծննդոց 17։17; 21։2, 3)։ Ավելի ուշ, երբ տղան մեծացավ, Եհովան պատվիրեց Աբրահամին զոհաբերել իր որդուն։ Աբրահամը հավատ դրսևորեց՝ մտածելով, որ Եհովան կարող է վերականգնել իր սիրելի Իսահակի կյանքը (Եբրայեցիներ 11։17–19)։ Այսպիսի ուժեղ հավատով կարելի է բացատրել այն, թե որդուն զոհաբերելու համար լեռ բարձրանալուց առաջ ինչու Աբրահամը վստահեցրեց իր ծառաներին, որ նա և Իսահակը միասին կվերադառնան (Ծննդոց 22։5

«Տե՛ս, քո որդին կենդանի է»

20 Եհովան խնայեց Իսահակին, ուստի այդ ժամանակ հարություն տալու անհրաժեշտություն չառաջացավ։ Եղիայի դեպքում, սակայն, այրի կնոջ որդին արդեն մահացած էր։ Բայց նա այդ վիճակում երկար չմնաց։ Եհովան վարձատրեց մարգարեին նրա հավատի համար ու հարություն տվեց երեխային։ Այնուհետև Եղիան տղային վերադարձրեց իր մորը՝ ասելով հետևյալ անմոռանալի խոսքերը. «Տե՛ս, քո որդին կենդանի է» (1 Թագավորներ 17։22–24

21, 22. ա) Ի՞նչ նպատակով են տեղի ունեցել Աստվածաշնչում արձանագրված հարության դեպքերը։ բ) Ի՞նչ մասշտաբների կհասնի հարությունը դրախտում, և ո՞վ կիրականացնի այն։

21 Այսպիսով Աստվածաշնչում առաջին անգամ տեսնում ենք, որ Եհովան գործի է դնում իր զորությունը՝ մարդու կյանքը վերականգնելու նպատակով։ Հետագայում Աստված մահացածների կյանքը վերականգնելու զորություն տվեց նաև Եղիսեին, Հիսուսին, Պողոսին ու Պետրոսին։ Ճիշտ է, հարություն առած այս անհատները ի վերջո նորից մահացան, բայց աստվածաշնչյան այդ արձանագրությունները կարդալով՝ վառ կերպով պատկերացնում ենք, թե ինչ է լինելու ապագայում։

22 Դրախտում Հիսուսը կկատարի «հարության և կյանքի» իր դերը (Հովհաննես 11։25)։ Նա հարություն կտա անթիվ-անհամար մահացածների՝ հնարավորություն ընձեռելով նրանց հավիտյան ապրելու երկրային դրախտում (Հովհաննես 5։28, 29)։ Պատկերացրու. թանկագին ընկերներն ու հարազատները, որ երկար ժամանակ բաժանված են եղել մահվան պատճառով, կվերամիավորվեն ու գրկախառնվելով՝ ուրախությունից կցնծան։ Ողջ մարդկությունը կփառաբանի Եհովային վերականգնելու նրա զորության համար։

23. Ո՞րն է Եհովայի զորության մեծագույն դրսևորումը, և ինչո՞ւ է դա երաշխիք ապագայի հանդեպ մեր հույսի համար։

 23 Եհովան հաստատապես երաշխավորեց, որ այդ հույսերը կիրականանան. որպես իր զորության մեծագույն դրսևորում՝ նա իր Որդուն հարություն տվեց իբրև հզոր ոգեղեն էակի և նրան դարձրեց իրենից հետո երկրորդ անձնավորությունը ողջ տիեզերքում։ Հարություն առած Հիսուսը հայտնվեց հարյուրավոր ականատեսների առջև (1 Կորնթացիներ 15։5, 6)։ Նույնիսկ թերահավատների համար սա շատ մեծ ապացույց պետք է լինի։ Այո՛, Եհովան ունի կյանքը վերականգնելու զորություն։

24. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան հարություն կտա մահացածներին, և մեզանից յուրաքանչյուրը ո՞ր հույսը պետք է փայփայի։

24 Աստված ոչ միայն մահացածներին կյանքի վերադարձնելու զորություն ունի, այլև դա անելու ցանկություն։ Հավատարիմ Հոբը Եհովայի ներշնչմամբ ասաց, որ Աստված իրականում կարոտում է և ուզում է կյանքի վերադարձնել մահացածներին (Հոբ 14։15)։ Մի՞թե քո մեջ ցանկություն չի առաջանում մտերմանալու մեր Աստծու հետ, որը փափագում է գործադրել վերականգնելու իր զորությունը նման սիրառատ կերպով։ Հիշիր, սակայն, որ հարությունը ընդամենը մի մասն է վերականգնման այն մեծ գործի, որը ապագայում կատարելու է Եհովան։ Նրան ավելի ու ավելի մոտենալով՝ միշտ փայփայիր այն թանկագին հույսը, որ դու էլ հնարավորություն ունես տեսնելու, թե ինչպես է Եհովան «ամեն բան նոր անում» (Հայտնություն 21։5

^ պարբ. 3 «Բոլոր բաների վերականգնման ժամանակները» սկսվեցին Մեսիական Թագավորության հաստատմամբ, երբ գահ բարձրացավ հավատարիմ Դավիթ թագավորի ժառանգներից մեկը։ Եհովան Դավթին խոստացել էր, որ իր հետնորդներից մեկը կիշխի հավիտյան (Սաղմոս 89։35–37)։ Բայց այն բանից հետո, երբ մ.թ.ա. 607թ.-ին Բաբելոնը կործանեց Երուսաղեմը, Դավթի սերնդից ոչ մեկը չնստեց Աստծու գահին։ Հիսուսը, որը երկրի վրա ծնվեց որպես Դավիթ թագավորի ժառանգ, դարձավ վաղուց խոստացված այդ Թագավորը, երբ նստեց երկնային գահին։

^ պարբ. 6 Մովսեսը, Եսայիան, Երեմիան, Եզեկիելը, Օսեեն, Հովելը, Ամոսը, Աբդիան, Միքիան և Սոփոնիան զարգացրել են այս թեման։

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Երկրի վրա դրախտ հաստատելու վերաբերյալ Աստծու նպատակը երբևէ կիրագործվի՞։ Եթե այո, ապա ե՞րբ։