Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 7

Պաշտպանելու զորություն. «Աստված մեզ համար ապաստան է»

Պաշտպանելու զորություն. «Աստված մեզ համար ապաստան է»

1, 2. Մ.թ.ա. 1513թ.-ին Սինա լեռան մերձակայքը հասնելով՝ վտանգավոր ի՞նչ իրավիճակում էին հայտնվել իսրայելացիները, և ինչպե՞ս Եհովան մխիթարեց նրանց։

ԵՐԲ մ.թ.ա. 1513թ. սկզբին իսրայելացիները հասան Սինա լեռան մերձակայք, հայտնվեցին վտանգավոր իրավիճակում։ Առջևում սարսափելի ճանապարհ էր, որն անցնում էր «մեծ և ահազդու անապատի միջով, որտեղ թունավոր օձեր ու կարիճներ կային» (2 Օրենք 8։15)։ Կար նաև թշնամի ազգերի հարձակման վտանգը։ Իսրայելացիներին այնտեղ էր բերել Եհովան՝ նրանց Աստվածը։ Արդյոք նա կկարողանա՞ր պաշտպանել իր ժողովրդին։

2 Նրանց համար շատ մխիթարական էին Եհովայի հետևյալ խոսքերը. «Դուք տեսաք, թե ես ինչ արեցի եգիպտացիներին, որպեսզի արծվի թևերի վրա տանեմ ձեզ և ինձ մոտ բերեմ» (Ելք 19։4)։ Եհովան իր ժողովրդին հիշեցրեց, որ ազատել է նրանց եգիպտացիների ձեռքից և փոխաբերական իմաստով ապահով վայր է տեղափոխել արծվի թևերով։ «Արծվի թևերը» Եհովայի պաշտպանությունը նկարագրող հարմար օրինակ էր նաև ուրիշ պատճառներով։

3. Ինչո՞ւ են «արծվի թևերը» հարմար օրինակ՝ նկարագրելու Աստծու պաշտպանությունը։

3 Արծվի լայն և ուժեղ թևերը միայն բարձունքներում սավառնելու համար չեն։ Օրվա տապին մայր արծիվը, որի թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան երկու մետրի, պահում է դրանք կամարի պես՝ հովանի անելով իր նուրբ ձագուկներին արևի կիզիչ ճառագայթներից։ Երբեմն էլ արծիվը իր թևերի մեջ է առնում նրանց, որպեսզի պատսպարի սառը քամուց։ Իր ձագուկներին պաշտպանող արծվի նման՝ Եհովան սատար էր կանգնում նոր ձևավորված Իսրայել ազգին։ Անապատում Աստծու ժողովուրդը կշարունակեր ապաստան գտնել նրա հզոր թևերի տակ այնքան  ժամանակ, որքան հավատարիմ մնար նրան (2 Օրենք 32։9–11; Սաղմոս 36։7)։ Բայց ճիշտ կլինի՞ արդյոք այսօր ակնկալել, որ Աստված կպաշտպանի մեզ։

Աստծու պաշտպանությունը ստանալու խոստում

4, 5. Ինչո՞ւ կարող ենք բացարձակ վստահություն ունենալ մեզ պաշտպանելու Եհովայի խոստման հանդեպ։

4 Անկասկած, Եհովան կարողություն ունի իր ծառաներին պաշտպանելու։ Նա «Ամենակարող Աստված» է. այս տիտղոսը ցույց է տալիս, որ նա անհաղթահարելի զորության տեր է (Ծննդոց 17։1)։ Ոչինչ չի կարող խոչընդոտել Եհովայի կողմից գործադրվող զորությանը, ինչպես որ հնարավոր չէ կանգնեցնել ալիքները մակընթացության ժամանակ։ Քանի որ նա ի վիճակի է անելու իր կամքին համապատասխան ցանկացած բան, մեր մեջ գուցե հարց առաջանա. «Եհովայի կա՞մքն է արդյոք իր զորությունը գործադրել իր ժողովրդին պաշտպանելու նպատակով»։

5 Եթե պատասխանենք մեկ բառով՝ այո՛։ Եհովան վստահեցնում է, որ կպաշտպանի իր ժողովրդին։ «Աստված մեզ համար ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղմոս 46։1)։ Քանի որ Եհովան այնպիսի Աստված է, որը «չի կարող ստել», ուրեմն կարող ենք բացարձակ վստահություն ունենալ մեզ պաշտպանելու նրա խոստման հանդեպ (Տիտոս 1։2)։ Քննենք, թե ինչ վառ օրինակներ է օգտագործում նա՝ հոգատարությունից բխող իր պաշտպանությունը նկարագրելու համար։

6, 7. ա) Հովիվը ինչպե՞ս էր պաշտպանում ոչխարներին։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը օրինակով ցույց տալիս, որ Եհովան ցանկանում է պաշտպանել ու հոգ տանել իր ոչխարներին։

6 Եհովան Հովիվ է, և «մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները» (Սաղմոս 23։1; 100։3)։ Շատ քիչ են այն կենդանիները, որոնք նույնքան անպաշտպան են, որքան ոչխարը։ Աստվածաշնչյան ժամանակներում ապրող հովիվը պետք է քաջություն ունենար, որպեսզի կարողանար իր ոչխարներին պաշտպանել առյուծից, գայլից, արջից, ինչպես նաև գողերից (1 Սամուել 17։34, 35; Հովհաննես 10։12, 13)։ Սակայն երբեմն նրանց պաշտպանելու համար անհրաժեշտ էր լինում քնքշություն ցուցաբերել։  Երբ ոչխարը ծնում էր փարախից հեռու, ուշադիր հովիվը հոգ էր տանում մորը այն պահերին, երբ վերջինս անօգնական էր, իսկ հետո վերցնում էր անպաշտպան գառնուկին և տանում փարախ։

«Իր գրկում է տանելու նրանց»

7 Իրեն հովվի հետ համեմատելով՝ Եհովան վստահեցնում է, որ ի սրտե ցանկանում է օգնել մեզ (Եզեկիել 34։11–16)։ Հիշենք, թե ինչ նկարագրություն է տրվում Աստծու մասին Եսայիա 40։11-ում, որը քննեցինք երկրորդ գլխում։ «Հովվի պես նա հովվելու է իր հոտը։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց»։ Ինչպե՞ս է փոքրիկ գառնուկը հայտնվում հովվի գրկում՝ նրա վերնազգեստի ծալքերում։ Նա կարող է մոտենալ հովվին, նույնիսկ դիպչել նրա ոտքերին, սակայն հովիվն է, որ պետք է խոնարհվի, վերցնի գառնուկին ու քնքշորեն իր գիրկն առնի։ Սիրտ ջերմացնող ինչպիսի՜ տեսարան. այն ցույց է տալիս, որ մեր Մեծ Հովիվը մեզ օգնելու և պաշտպանելու ցանկություն ունի։

8. ա) Աստված ո՞ւմ է պաշտպանություն խոստանում, և ինչպե՞ս է դա ցույց տրվում Առակներ 18։10-ում։ բ) Ի՞նչ է նշանակում Աստծու անվան մեջ ապաստան գտնել։

8 Բայց Եհովան բոլորին չէ, որ պաշտպանում է, այլ միայն նրանց, ովքեր մոտենում են իրեն։ Առակներ 18։10-ում ասվում է. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում»։ Աստվածաշնչյան ժամանակներում աշտարակները երբեմն կառուցվում էին անապատում, որպեսզի ծառայեին իբրև ապաստանի ապահով վայրեր։ Սակայն վտանգի մեջ գտնվող մարդուց էր կախված՝ կփախչե՞ր աշտարակ՝ պաշտպանություն գտնելու համար, թե ոչ։ Նույնը վերաբերում է նաև Աստծու անվան մեջ ապաստան գտնելուն։ Դա ավելին է, քան պարզապես Աստծու անունը կրկնելը. այն մոգական զորություն չունի։ Մենք պետք է ճանաչենք ու վստահենք այդ անունը կրողին և ապրենք նրա արդար չափանիշներին ներդաշնակ։ Ինչպիսի՜ բարություն է դրսևորում Եհովան՝ վստահեցնելով մեզ, որ եթե հավատով մոտենանք իրեն, նա մեզ համար ապաստան ու աշտարակ կլինի։

«Աստված.... կարող է փրկել մեզ»

9. Պաշտպանություն խոստանալուց բացի, ի՞նչ է արել Եհովան։

9 Եհովան պաշտպանություն խոստանալուց ավելին է արել։ Աստվածաշնչյան ժամանակներում նա հրաշքների միջոցով  ցույց է տվել, որ կարող է պաշտպանել իր ժողովրդին։ Իսրայելի պատմության ընթացքում Եհովայի զորեղ «ձեռքը» պահպանել է իր ազգին հզոր թշնամիներից (Ելք 7։4)։ Պաշտպանելու իր զորությունը, սակայն, Աստված գործադրել է նաև հօգուտ առանձին անհատների։

10, 11. Աստվածաշնչյան ո՞ր օրինակներից է երևում, որ Եհովան գործադրել է պաշտպանելու իր զորությունը հօգուտ առանձին անհատների։

10 Երբ երեք եբրայեցի երիտասարդները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, հրաժարվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանի առջև խոնարհվելուց, զայրացած թագավորը սպառնաց նրանց գցել կրակով բորբոքված թեժ հնոցի մեջ։ «Ո՞վ է այն աստվածը, որ ազատի ձեզ իմ ձեռքից»,— հեգնանքով ասաց Նաբուգոդոնոսորը, որն այդ ժամանակվա աշխարհի ամենահզոր միապետն էր (Դանիել 3։15)։ Երեք երիտասարդները լիովին համոզված էին, որ իրենց Աստվածը իրենց պաշտպանելու զորություն ունի։ Բայց նրանք համոզված չէին՝ կպաշտպանի նա իրենց, թե ոչ, ուստի պատասխանեցին. «Եթե մեզ գցեն հնոցը, Աստված, որին մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ» (Դանիել 3։17)։ Եվ իրոք, հնոցը՝ նույնիսկ սովորականից յոթ անգամ շատ տաքացված, ամենազոր Աստծու համար խոչընդոտ չէր։ Եհովան պաշտպանե՛ց նրանց։ Եվ թագավորը ստիպված եղավ խոստովանել. «Ուրիշ աստված չկա, որ նրա պես կարողանա ազատել» (Դանիել 3։29

11 Նաև Եհովան ակնառու կերպով ցույց տվեց պաշտպանելու իր զորությունը, երբ իր միածին Որդու կյանքը տեղափոխեց Մարիամ անունով հրեա մի կույսի արգանդը։ Հրեշտակը Մարիամին ասաց, որ նա «կհղիանա և մի որդի կծնի»։ Նա բացատրեց. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկաս 1։31, 35)։ Թվում է, թե Աստծու Որդին երբեք այդքան անպաշտպան չէր եղել։ Մոր մեղքն ու անկատարությունը վնասակար ազդեցություն չէի՞ն գործի արդյոք պտղի վրա։ Սատանային չէ՞ր հաջողվի արդյոք վնաս հասցնել կամ սպանել այդ Որդուն նախքան նրա ծնվելը։ Նման բան հնարավոր չէր։ Եհովան ասես պաշտպանական պարիսպ կառուցած լիներ Մարիամի շուրջը. ո՛չ անկատարությունը, ո՛չ վնասակար որևէ ազդեցություն, ո՛չ դևերը ու ո՛չ որևէ մարդասպան չկարողացան վնաս հասցնել զարգացող պտղին՝ բեղմնավորման պահից  սկսած։ Եհովան պաշտպանեց Հիսուսին նաև նրա պատանեկության տարիներին (Մատթեոս 2։1–15)։ Աստծու թանկագին Որդուն հնարավոր չեղավ վնաս հասցնել, մինչև որ հասավ նշանակված ժամանակը։

12. Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան ինչո՞ւ հրաշքով պաշտպանեց որոշ մարդկանց։

12 Ինչո՞ւ էր Եհովան հրաշքով պաշտպանում որոշ մարդկանց։ Մեծ մասամբ այն պատճառով, որ պաշտպանի շատ ավելի կարևոր մի բան՝ իր նպատակի իրականացումը։ Փոքրիկ Հիսուսի փրկությունը, օրինակ, շատ կարևոր էր Աստծու նպատակի իրագործման համար, որն ի վերջո օգուտ էր բերելու ողջ մարդկությանը։ Եհովայի պաշտպանելու զորության դրսևորման մասին պատմող շատ դեպքեր ընդգրկվել են ներշնչված Աստվածաշնչի մեջ, որը «մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Այո՛, այս օրինակները ամրացնում են ամենազոր Աստծու հանդեպ մեր հավատը։ Սակայն ի՞նչ պաշտպանություն կարող ենք մենք ակնկալել Աստծուց այսօր։

Ի՞նչ չի նշանակում պաշտպանելու զորությունը

13. Արդյոք Եհովան պարտավո՞ր է հօգուտ մեզ հրաշքներ գործել։ Բացատրիր։

13 Թեպետ Եհովան խոստանում է պաշտպանություն, սակայն դա չի նշանակում, թե նա պարտավոր է հօգուտ մեզ հրաշքներ գործել։ Ո՛չ, այս համակարգում Աստված խնդիրներից զերծ կյանք չի երաշխավորում։ Եհովայի հավատարիմ ծառաներից շատերը բախվում են մեծ դժվարությունների՝ չքավորության, պատերազմի, հիվանդության, մահվան։ Իր աշակերտներին Հիսուսը պարզ ասաց, որ նրանցից ոմանց գուցե սպանեն իրենց հավատի համար։ Ահա թե ինչու նա շեշտեց մինչև վերջ համբերելու անհրաժեշտությունը (Մատթեոս 24։9, 13)։ Եթե Եհովան, գործադրելով իր զորությունը, ամեն անգամ հրաշքով փրկեր իր ծառաներին, Սատանան հիմք կունենար նրան քննադատելու և հարցականի տակ դնելու մեր անկեղծ նվիրվածությունը նրա հանդեպ (Հոբ 1։9, 10

14. Ո՞ր օրինակներից է երևում, որ Եհովան միշտ միևնույն ձևով չի պաշտպանում իր բոլոր ծառաներին։

14 Նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում Եհովան պաշտպանելու  իր զորությունը չէր գործադրում իր բոլոր ծառաներին վաղաժամ մահից փրկելու համար։ Օրինակ՝ մ.թ. մոտ 44թ.-ին Հակոբոս առաքյալը մահապատժի ենթարկվեց Հերովդեսի կողմից, մինչդեռ դրանից կարճ ժամանակ անց Պետրոսը ազատվեց «Հերովդեսի ձեռքից» (Գործեր 12։1–11)։ Իսկ Հովհաննեսը՝ Հակոբոսի եղբայրը, ավելի երկար ապրեց, քան Պետրոսն ու Հակոբոսը։ Պարզ է, որ մենք չենք կարող ակնկալել, որ Եհովան իր բոլոր ծառաներին կպաշտպանի միևնույն ձևով։ Բացի այդ, «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Այդ դեպքում ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ այսօր։

Եհովան պաշտպանում է ֆիզիկապես

15, 16. ա) Ի՞նչն է փաստում, որ Եհովան ֆիզիկապես պաշտպանում է իր երկրպագուներին որպես խմբի։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպաշտպանի իր ծառաներին մեր օրերում և «մեծ նեղության» ժամանակ։

15 Նախ խոսենք ֆիզիկական պաշտպանության մասին։ Որպես Եհովայի երկրպագուներ՝ կարող ենք ակնկալել, որ նա այդ ձևով կպաշտպանի մեզ որպես խմբի։ Հակառակ դեպքում մենք հեշտությամբ կդառնանք Սատանայի զոհը։ Խորհենք հետևյալի մասին. Սատանան՝ «այս աշխարհի իշխանը», ոչ մի բան այնքան չի ցանկանա, որքան ոչնչացնել ճշմարիտ երկրպագությունը (Հովհաննես 12։31; Հայտնություն 12։17)։ Աշխարհի ամենահզոր պետություններից մի քանիսում մեր քարոզչական գործունեությունը արգելվել է, և ջանքեր են գործադրվել մեզ ամբողջովին արմատախիլ անելու։ Բայց Եհովայի ժողովուրդը մնացել է անսասան և շարունակել է առանց դադարի քարոզել։ Ինչո՞ւ հզոր ազգերը չեն կարողացել վերջ դնել քրիստոնյաների համեմատաբար փոքր և անպաշտպան թվացող այս խմբի գործունեությանը։ Որովհետև Եհովան իր հզոր թևերով ապաստան է եղել մեզ համար (Սաղմոս 17։7, 8

16 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ֆիզիկական պաշտպանության մասին, որ կտրվի «մեծ նեղության» ժամանակ։ Մենք Աստծու դատաստանից վախենալու պատճառ չունենք։ Ի վերջո, Եհովան «գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից, իսկ անարդարներին պահի դատաստանի օրվա համար, որ կործանվեն» (Հայտնություն 7։14; 2 Պետրոս 2։9)։ Մենք կարող ենք միշտ համոզված լինել երկու բանում։ Առաջին՝ Եհովան  երբեք թույլ չի տա, որ իր հավատարիմ ծառաները բնաջինջ լինեն երկրի երեսից։ Երկրորդ՝ անարատություն պահողներին նա կպարգևատրի հավիտենական կյանքով արդար նոր աշխարհում՝ անհրաժեշտության դեպքում հարության տալով նրանց։ Ինչ վերաբերում է մահացածներին, ապա նրանց համար Աստծու հիշողությունից ավելի ապահով «տեղ» չկա (Հովհաննես 5։28, 29

17. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ իր Խոսքի միջոցով։

17 Նույնիսկ հիմա Եհովան պաշտպանում է մեզ իր կենդանի «խոսքի» միջոցով, որը զորություն ունի սրտեր բժշկելու և մարդկանց կյանքերը վերափոխելու (Եբրայեցիներ 4։12)։ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով՝ մենք կարող ենք որոշ առումներով պաշտպանված լինել ֆիզիկական վնասներից։ «Ես՝ Եհովաս.... օգտակար բաներ եմ սովորեցնում քեզ»,— գրված է Եսայիա 48։17-ում։ Անկասկած, Աստծու Խոսքին ներդաշնակ ապրելը կարող է բարելավել մեր առողջությունը ու երկարացնել մեր կյանքը։ Օրինակ՝ շնորհիվ այն բանի, որ կիրառում ենք Աստվածաշնչի խորհուրդը պոռնկությունից հեռու մնալու և մեր անձերը պղծություններից մաքրելու վերաբերյալ՝ մենք խուսափում ենք անմաքուր գործերից ու վնասակար սովորություններից, որոնք բազում անաստված մարդկանց կյանքեր են կործանում (Գործեր 15։29; 2 Կորնթացիներ 7։1)։ Որքա՜ն երախտապարտ ենք Աստծու Խոսքի միջոցով տրվող պաշտպանության համար։

Եհովան պաշտպանում է մեզ հոգևոր առումով

18. Եհովան հոգևոր ի՞նչ պաշտպանություն է տալիս մեզ։

18 Ամենակարևորն այն է, որ Եհովան մեզ պաշտպանում է հոգևոր առումով։ Մեր սիրառատ Աստվածը պաշտպանում է մեզ հոգևոր վնասներից՝ զինելով այն ամենով, ինչ անհրաժեշտ է փորձություններին դիմանալու և իր հետ մեր փոխհարաբերությունները պահպանելու համար։ Այդպես նա երկարացնում է մեր կյանքը ոչ թե ընդամենը մի քանի տարով, այլ հավիտյան։ Այժմ նկատի առնենք, թե մեզ հոգևորապես պաշտպանելու նպատակով Աստված ինչ միջոցներ է տրամադրում։

19. Եհովայի ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմագրավելու ցանկացած փորձություն։

19 Եհովան «աղոթքներ Լսող» Աստված է (Սաղմոս 65։2)։ Երբ թվում է, թե այլևս չենք դիմանում կյանքի ճնշումներին, մեր սիրտը  նրա առջև բացելով՝ թեթևանում ենք (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Թերևս նա հրաշքով վերջ չդնի մեր փորձություններին, բայց ի պատասխան մեր սրտաբուխ աղոթքներին՝ կարող է պարգևել իմաստություն, որը կօգնի մեզ հաղթահարելու դրանք (Հակոբոս 1։5, 6)։ Ավելին, Եհովան իր սուրբ ոգին է տալիս բոլոր իրենից խնդրողներին (Ղուկաս 11։13)։ Այդ հզոր ոգին կարող է օգնել մեզ դիմագրավելու ցանկացած փորձություն կամ խնդիր, որին կբախվենք։ Սուրբ ոգին կարող է տալ նաև «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի դիմանանք մինչև այն ժամանակը, երբ Եհովան վերջ կդնի ցավ պատճառող բոլոր խնդիրներին։ Դա տեղի կունենա նոր աշխարհում, որն այնքան մոտ է (2 Կորնթացիներ 4։7

20. Եհովայի պաշտպանելու զորությունը ինչպե՞ս կարող է արտահայտվել մեր հավատակիցների միջոցով։

20 Երբեմն Եհովայի պաշտպանելու զորությունը կարող է դրսևորվել մեր հավատակիցների միջոցով։ Եհովան իր ժողովրդից կազմել է մի համաշխարհային «եղբայրություն» (1 Պետրոս 2։17; Հովհաննես 6։44)։ Այդ եղբայրության ջերմ մթնոլորտում մենք տեսնում ենք կենդանի ապացույցն այն բանի, որ Աստծու սուրբ ոգին զորություն ունի մարդկանց վրա լավ ազդեցություն թողնելու։ Այդ ոգին մեր մեջ պտուղ է առաջ բերում՝ գեղեցիկ, անգին հատկություններ, որոնց թվում են սերը, բարությունը, առաքինությունը (Գաղատացիներ 5։22, 23)։ Ուստի երբ վատ  վիճակում ենք ու հավատակիցներից որևէ մեկը ցանկանում է օգնել մեզ խորհրդով կամ այդ պահին շատ անհրաժեշտ քաջալերական խոսքերով, կարող ենք շնորհակալ լինել Եհովայից, որ մեզ պաշտպանելու ցանկությունից մղված՝ նա այդպիսի հոգատարություն է դրսևորում։

21. ա) Ճիշտ ժամանակին ի՞նչ կերակուր է տալիս Եհովան «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով։ բ) Անձամբ դու ի՞նչ օգուտներ ես քաղել այն միջոցներից, որ տրամադրել է Եհովան՝ մեզ հոգևորապես պաշտպանելու նպատակով։

21 Մեզ պաշտպանելու համար Եհովան տրամադրում է մեկ ուրիշ բան՝ ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակուր։ Որպեսզի կարողանանք ուժ ստանալ իր Խոսքից, Եհովան «հավատարիմ և իմաստուն ծառային» հանձնարարել է հոգևոր կերակուր տալ։ Հրատարակությունների, այդ թվում «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի, ինչպես նաև ժողովների ու համաժողովների միջոցով հավատարիմ ծառան մեզ «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին». անհրաժեշտ բանը՝ անհրաժեշտ ժամանակին (Մատթեոս 24։45)։ Պատահե՞լ է, որ ժողովի հանդիպման ընթացքում մեկնաբանության, ելույթի, նույնիսկ աղոթքի ժամանակ լսել ես մի բան, որը քեզ հաղորդել է հենց այն ուժն ու քաջալերանքը, որի կարիքն ունեիր։ Քո կյանքի վրա որևէ ձևով անդրադարձե՞լ է ինչ-որ հոդված, որ գրված է եղել մեր ամսագրերից մեկում։ Հիշիր, Եհովան այս բոլոր միջոցները տրամադրում է մեզ հոգևորապես պաշտպանելու նպատակով։

22. Ինչպե՞ս է Եհովան միշտ գործադրում իր զորությունը, և ինչո՞ւ է դա ծառայում մեր օգտին։

22 Անկասկած, Եհովան վահան է «բոլոր նրանց համար, ովքեր իր մոտ ապաստան են գտնում» (Սաղմոս 18։30)։ Մենք գիտակցում ենք, որ պաշտպանելու իր զորությունը նա այսօր չի գործադրում, որպեսզի պահպանի մեզ բոլոր դժբախտություններից։ Այնուհանդերձ, Աստված միշտ այն գործադրում է իր նպատակը իրականացնելու համար։ Արդյունքում դա մեծ օգուտներ կբերի իր ժողովրդին։ Եթե մենք մոտենանք Եհովային ու մնանք նրա սիրո մեջ, նա ողջ հավիտենության ընթացքում կատարյալ կյանք վայելելու հնարավորություն կտա մեզ։ Այդ հեռանկարը մտքում պահելով՝ ներկա համակարգում մեզ հասցված ցանկացած վնաս կհամարենք «վաղանցիկ ու թեթև» (2 Կորնթացիներ 4։17

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Մնա Եհովայի պաշտպանության հովտում

Ի՞նչ է պաշտպանության հովիտը, և ինչպե՞ս կարող են Եհովայի երկրպագուները ապաստան գտնել այնտեղ