Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 31

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»

1–3. ա) Ի՞նչ ենք իմանում մարդու էության մասին ծնողի ու երեխայի շփումից։ բ) Ի՞նչ է տեղի ունենում, երբ որևէ մեկը սեր է դրսևորում մեր հանդեպ, և ի՞նչ կարևոր հարց կարող ենք տալ ինքներս մեզ։

ԾՆՈՂՆԵՐԸ սիրում են նայել, թե ինչպես է ժպտում իրենց փոքրիկը։ Նրանք հաճախ կռանում են օրորոցի վրա, խոսում են նրա հետ և քնքշորեն ժպտում՝ ակնկալելով տեսնել նրա արձագանքը։ Մանկիկը երկար սպասել չի տալիս. նրա այտերին փոսիկներ են առաջանում, շուրթերի ծայրերը ձգվում են, և դեմքին հայտնվում է մի անուշ ժպիտ։ Այդ ժպիտի մեջ արտացոլված է նրա սերն ու կապվածությունը՝ ի պատասխան ծնողների սիրուն։

2 Փոքրիկի ժպիտը հիշեցնում է մի կարևոր բան, որ բնորոշ է մարդու էությանը։ Մեզ համար բնական է սիրուն սիրով պատասխանել։ Մենք այդպես ենք ստեղծված (Սաղմոս 22։9)։ Մեծանալով՝ գիտակցաբար ենք արձագանքում սիրուն։ Հավանաբար հիշում ես, թե ծնողներդ, հարազատներդ կամ ընկերներդ ինչպես էին արտահայտում իրենց սերը քո հանդեպ, երբ փոքր էիր։ Երախտագիտության ջերմ զգացումը արմատավորվեց քո սրտում, աճեց ու սկսեց պտուղներ բերել. ի պատասխան՝ դու նույնպես սկսեցիր սեր դրսևորել։ Այդպե՞ս է արդյոք զարգանում Եհովա Աստծու հանդեպ քո սերը։

3 Աստվածաշունչը հայտնում է. «Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհաննես 4։19)։ Այս գրքի առաջին երեք մասերում ուշադրություն դարձվեց այն բանի վրա, թե ինչպես է Եհովա Աստված սիրով դրսևորում իր զորությունը, արդարությունը և իմաստությունը քո օգտի համար։ Իսկ 4-րդ մասում տեսանք, որ նա ուշագրավ կերպերով սեր է ցուցաբերում ինչպես մարդկության հանդեպ, այնպես էլ անձամբ քո։ Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է մի շատ կարևոր հարց տալ իրեն. «Ես ինչպե՞ս կարձագանքեմ Եհովայի սիրուն»։

 Ինչ է նշանակում սիրել Աստծուն

4. Աստծուն սիրելու հարցում մարդիկ ի՞նչ սխալ պատկերացում ունեն։

4 Սիրո Սկզբնաղբյուրը՝ Եհովան, լավ գիտի, որ սերը հզոր ուժ է և մարդկանց մեջ արթնացնում է լավագույն հատկությունները։ Ու թեև մարդկությունն ընդհանուր առմամբ ապստամբել է Աստծու դեմ, նա վստահ է, որ որոշ անհատներ կարձագանքեն իր սիրուն։ Եվ այդ մարդկանց թիվը հասնում է միլիոնների։ Ցավոք, այս ապականված աշխարհի կրոնները մոլորեցնող պատկերացումներ են տարածել այն մասին, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Անչափ շատ է այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, թե սիրում են Արարչին, բայց նրանց թվում է, թե դա մի զգացում է, որը պետք է արտահայտել միայն խոսքերով։ Սերը Եհովայի հանդեպ կարող է առաջանալ այնպես, ինչպես ծնողի հանդեպ մանկիկի սերը, որը սկզբում արտահայտվում է ժպիտով։ Չափահաս մարդուց, սակայն, ավելին է ակնկալվում։

5. Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն, և այդ բացատրությունը ինչո՞ւ պետք է հաճելի լինի մեզ։

5 Եհովան հայտնում է, թե ինչ է նշանակում սիրել իրեն։ Նրա Խոսքում նշվում է. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները»։ Փաստորեն, Աստծու հանդեպ սերը հարկավոր է արտահայտել գործերով։ Ինչ խոսք, շատերին հնազանդության մասին միտքը հաճելի չէ։ Հետաքրքիր է, սակայն, որ վերոհիշյալ համարի շարունակության մեջ ասվում է. «[Աստծու] պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ Եհովայի օրենքներն ու սկզբունքները ստեղծված են մեզ օգուտ բերելու և ոչ թե ճնշելու նպատակով (Եսայիա 48։17, 18)։ Աստծու Խոսքում շատ են այնպիսի սկզբունքները, որոնք օգնում են մեզ մոտենալու իրեն։ Ինչպե՞ս։ Քննենք երեք ոլորտներ, որոնք առնչվում են Եհովայի հետ մեր փոխհարաբերություններին։ Դրանք են՝ հաղորդակցությունը, երկրպագությունը և Աստծուն ընդօրինակելը։

Եհովայի հետ հաղորդակցվելը

6–8. ա) Ինչպե՞ս կարող ենք լսել Եհովային։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ Աստվածաշնչից մեր ընթերցածը կենդանանա։

6 Այս գրքի առաջին գլուխը սկսվում էր հետևյալ խոսքերով. «Պատկերացրու, որ զրուցում ես Աստծու հետ»։ Ինչպես տեսանք,  դա պատրանք չէ։ Մովսեսն իրականում ունեցել է նման զրույց Արարչի հետ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ինչ խոսք, մեր օրերում Եհովան չի ուղարկում հրեշտակների՝ մարդկանց հետ զրուցելու համար, սակայն նա մեզ հետ հաղորդակցվելու մի գերազանց միջոց ունի։ Ինչպե՞ս կարող ենք լսել Աստծուն։

7 Քանի որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց», մենք լսում ենք Եհովային՝ կարդալով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16)։ Ուստի սաղմոսերգուն Եհովայի ծառաներին քաջալերում էր ընթերցել այն «գիշեր-ցերեկ» (Սաղմոս 1։1, 2)։ Դա բավական ջանքեր է պահանջում մեզանից։ Սակայն արժե՛ դրանք ներդնել։ Ինչպես տեսանք 18-րդ գլխում, Աստվածաշունչը նման է թանկ նամակի, որ ստացել ենք մեր երկնային Հորից։ Ուստի չպետք է այն մեխանիկորեն կարդանք։ Հարկավոր է ընթերցածը կենդանացնել։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

8 Աստվածաշնչյան արձանագրություններն ընթերցելիս գործի դիր երևակայությունդ և փորձիր պատկերացնել տեղի ունեցող դեպքերը։ Հերոսներին դիտիր որպես իրական անձնավորություններ։ Ձգտիր հասկանալ, թե ինչ ծագում են ունեցել նրանք, ինչ հանգամանքներում են ապրել և ինչ մղումներ են ունեցել։ Ապա խորհիր կարդացածիդ շուրջ և ինքդ քեզ այսպիսի հարցեր տուր. «Ի՞նչ սովորեցի Եհովայի մասին այս արձանագրությունից։ Նրա հատկություններից ո՞րը դրսևորվեց այստեղ։ Աստված ի՞նչ սկզբունքներ է ուզում սովորեցնել ինձ, և ինչպե՞ս կարող եմ կիրառել դրանք կյանքում»։ Կարդա, խորհրդածիր և կիրառիր. եթե այդպես վարվես, Աստծու Խոսքը կենդանի կդառնա քեզ համար (Սաղմոս 77։12; Հակոբոս 1։23–25

9. Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ինչո՞ւ է կարևոր ուշադրությամբ լսել նրան։

9 Եհովան մեզ հետ խոսում է նաև «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով։ Ինչպես կանխագուշակել էր Հիսուսը, դժվարություններով լի այս վերջին օրերում օծյալ քրիստոնյա տղամարդկանց փոքր խումբ է նշանակվել, որպեսզի «ճիշտ ժամանակին» հոգևոր կերակուր տա (Մատթեոս 24։45–47)։ Երբ կարդում ենք այն գրականությունը, որն օգնում է մեզ ձեռք բերելու աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ, և հաճախում ենք քրիստոնեական հանդիպումներին ու համաժողովներին, ստանում  ենք այն հոգևոր սնունդը, որը տրվում է հավատարիմ ծառայի կողմից։ Քանի որ նա Քրիստոսի ծառան է, մենք իմաստությամբ կվարվենք, եթե կիրառենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։ Մենք ուշադիր ենք լսում, որովհետև ընդունում ենք, որ Եհովան մեզ հետ հաղորդակցվում է նաև հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։

10–12. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ աղոթքը հրաշալի պարգև է։ բ) Ինչպե՞ս պետք է աղոթենք, որ հաճեցնենք Եհովային, և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ նա գնահատում է մեր աղոթքները։

10 Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու հետ խոսելու մասին։ Կարո՞ղ ենք արդյոք զրուցել Եհովայի հետ։ Այս միտքն արդեն իսկ ակնածանք է ներշնչում։ Կկարողանայի՞ր մոտենալ քո երկրի ղեկավարին, որպեսզի նրա հետ խոսեիր քեզ մտահոգող անձնական հարցի մասին։ Որոշ դեպքերում դա անելու փորձն անգամ կարող է վտանգավոր լինել։ Օրինակ՝ Եսթերի ու Մուրթքեի ժամանակներում, եթե մարդը, առանց հրավերի, փորձեր մոտենալ պարսից թագավորին, կարող էր մահվան մատնվել (Եսթեր 4։10, 11)։ Այժմ պատկերացրու, որ ներկայանում ես տիեզերքի Գերիշխան Տիրոջ առջև։ Նրա համեմատ՝ աշխարհի ամենահզոր տիրակալներն անգամ «մորեխների պես են» (Եսայիա 40։22)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե պետք է վախով համակվենք Աստծուն մոտենալուց։ Ամենևի՛ն։

11 Եհովան իրեն մոտենալու մի շատ պարզ ու բոլորի համար մատչելի միջոց է տրամադրել. դա աղոթքն է։ Նույնիսկ փոքր երեխան կարող է հավատով աղոթել նրան Հիսուսի անունով (Հովհաննես 14։6; Եբրայեցիներ 11։6)։ Աղոթքի միջոցով նաև հնարավորություն ենք ունենում Աստծուն պատմելու մեզ հուզող ամենախոր մտքերի ու զգացմունքների մասին, նույնիսկ եթե դրանք այնքան ցավ են պատճառում, որ դժվարանում ենք արտահայտել խոսքերով (Հռոմեացիներ 8։26)։ Պերճախոսությունը կամ երկար-բարակ աղոթքները չեն տպավորում Եհովային (Մատթեոս 6։7, 8)։ Մյուս կողմից՝ Աստված չի սահմանափակում մեզ այն հարցում, թե որքան երկար կամ հաճախ կարող ենք զրուցել իր հետ։ Նրա Խոսքը նույնիսկ քաջալերում է. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17

12 Հիշիր, որ միայն Եհովան է կոչվում «աղոթքներ Լսող», և նա լսում է մեր աղոթքները խոր կարեկցանքով (Սաղմոս 65։2)։ Իսկ  գուցե Եհովան դժկամորե՞ն է ականջ դնում իր հավատարիմ ծառաների աղոթքին։ Ո՛չ, նրանց աղոթքները հաճելի են Աստծուն։ Նրա Խոսքում դրանք համեմատվում են խնկի հետ։ Երբ այն գցում են կրակի մեջ, հանգստացնող, անուշահոտ ծուխ է բարձրանում դեպի վեր (Սաղմոս 141։2; Հայտնություն 5։8; 8։4)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր սրտաբուխ աղոթքները այդ ծխի պես վեր են բարձրանում և հաճույք են պատճառում Գերիշխան Տիրոջը։ Ուստի եթե ցանկանում ես մոտենալ Եհովային, ամեն օր խոնարհաբար աղոթիր նրան։ Դատարկիր սիրտդ քո երկնային Հոր առջև, ոչինչ մի թաքցրու նրանից (Սաղմոս 62։8)։ Պատմիր քեզ մտահոգող և ուրախացնող բաների մասին, շնորհակալություն հայտնիր ու փառաբանիր նրան։ Այս ամենը ավելի կամրացնի ձեր փոխհարաբերությունները։

Եհովային երկրպագելը

13, 14. Ի՞նչ է նշանակում երկրպագել Եհովային, և ինչո՞ւ է տեղին, որ այդպես վարվենք։

13 Եհովա Աստծու հետ մեր հաղորդակցությունը սոսկ խոսքի փոխանակություն չէ, ինչպես որ դա տեղի է ունենում ընկերոջ կամ հարազատի հետ զրուցելիս։ Իրականում, դա երկրպագություն է, պատկառանքից բխող փառաբանություն, որին նա այնքա՜ն արժանի է։ Ճշմարիտ երկրպագությունը մեր ամբողջ կյանքն է։ Այն հնարավորություն է տալիս մեզ արտահայտելու Եհովային մեր անկեղծ սերն ու նվիրվածությունը և միավորում է Աստծու բոլոր հավատարիմ ծառաներին թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Տեսիլքում Հովհաննես առաքյալը լսեց, թե ինչպես էր հրեշտակը հորդորում. «Երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները» (Հայտնություն 14։7

14 Իսկ ինչո՞ւ պետք է երկրպագենք Եհովային։ Խորհենք այն հատկությունների մասին, որ քննեցինք այս գրքում՝ սրբության, զորության, ինքնատիրապետման, արդարության, քաջության, ողորմության, իմաստության, խոնարհության, սիրո, կարեկցանքի, նվիրվածության ու բարության մասին։ Մենք տեսանք, որ այս անգին հատկություններից յուրաքանչյուրի դրսևորման գերագույն չափանիշը Եհովան է։ Երբ փորձում ենք ըմբռնել, նրա էության բոլոր գծերը, հասկանում ենք, որ Աստված ոչ միայն հիացմունքի արժանի վեհ Անձնավորություն է, այլև աներևակայելիորեն  փառավոր է և մեզանից անհամեմատ ավելի բարձր (Եսայիա 55։9)։ Ուստի կասկած չի կարող լինել, որ Եհովան է մեր օրինական Գերիշխանը, և նա, անխոս, արժանի է մեր երկրպագությանը։ Սակայն ինչպե՞ս պետք է երկրպագենք Աստծուն։

15. Ինչպե՞ս կարող ենք երկրպագել Եհովային «ոգով ու ճշմարտությամբ», և քրիստոնեական հանդիպումները ի՞նչ հնարավորություն են տալիս մեզ։

15 Հիսուսն ասել է. «Աստված Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան» (Հովհաննես 4։24)։ Սա նշանակում է, որ հարկավոր է երկրպագել Եհովային հավատով ու սիրով լի սրտով, ինչպես նաև սուրբ ոգու առաջնորդությամբ։ Բացի այդ, այս խոսքերը ցույց են տալիս, որ երկրպագությունը պետք է մատուցվի ճշմարտությանը՝ Աստծու Խոսքում տեղ գտած ճշգրիտ գիտելիքներին ներդաշնակ։ Մենք անգին հնարավորություն ունենք «ոգով ու ճշմարտությամբ» երկրպագելու Եհովային, երբ հավաքվում ենք մեր հավատակիցների հետ (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մենք արտահայտում ենք  մեր սերը Եհովայի հանդեպ՝ մասնակցելով ճշմարիտ երկրպագությանը. երգելով փառաբանական երգեր, միասնաբար աղոթելով, լսելով Աստծու Խոսքի քննարկումները ու մասնակցելով դրանց։

Քրիստոնեական հանդիպումները Եհովային երկրպագելու ուրախալի առիթներ են

16. Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաներին տրված մեծագույն պատվիրաններից մեկը, և ինչո՞ւ ենք ուրախությամբ հնազանդվում դրան։

16 Մենք երկրպագում ենք Եհովային նաև, երբ նրա մասին խոսում ենք ուրիշների հետ՝ հրապարակորեն փառաբանելով նրան (Եբրայեցիներ 13։15)։ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելը ճշմարիտ քրիստոնյաներին տրված ամենամեծ պատվիրաններից մեկն է (Մատթեոս 24։14)։ Եվ մենք մեծ պատրաստակամությամբ ենք հնազանդվում դրան, քանի որ սիրում ենք Եհովային։ Երբ մտածում ենք, թե ինչպես է «այս աշխարհի աստվածը»՝ Բանսարկու Սատանան, կուրացրել անհավատների մտքերը՝ Եհովայի մասին նողկալի ստեր տարածելով, մեր մեջ փափագ չի՞ առաջանում արդյոք ծառայելու որպես մեր Աստծու Վկաներ, որպեսզի հերքենք այդ զրպարտությունները (2 Կորնթացիներ 4։4; Եսայիա 43։10–12)։ Իսկ երբ խորհրդածում ենք Եհովայի հրաշալի հատկությունների շուրջ, մեր մեջ ցանկություն չի՞ առաջանում ուրիշներին նրա մասին պատմելու։ Իսկապես, չկա ավելի մեծ առանձնաշնորհում, քան օգնել մարդկանց ճանաչելու և սիրելու մեր երկնային Հորը։

17. Ի՞նչ է ընդգրկում Եհովային մատուցվող երկրպագությունը, և ինչո՞ւ պետք է անարատությամբ երկրպագենք նրան։

17 Աստծուն մատուցվող երկրպագությունը ավելին է ընդգրկում։ Այն իր ազդեցությունն է թողնում մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա (Կողոսացիներ 3։23)։ Եթե Եհովային իսկապես Գերիշխան Տեր ենք համարում, ապա ջանք կթափենք նրա կամքը կատարել ամեն բնագավառում՝ ընտանեկան կյանքում, աշխատավայրում, ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում, հանգստի ժամերին։ Մենք կձգտենք Աստծուն ծառայել «լիակատար սրտով»՝ անարատությամբ (1 Տարեգրություն 28։9)։ Այդպիսի երկրպագությունը բացառում է կես սրտով արվող ծառայությունը կամ երկդիմի կյանքը, այսինքն՝ երբ կեղծավորությամբ ցույց ենք տալիս, թե ծառայում ենք Եհովային, բայց միևնույն ժամանակ գաղտնաբար լուրջ մեղքեր ենք գործում։ Անարատությունը թույլ չի տա, որ կեղծավորություն զարգացնենք,  իսկ սերը կնպաստի, որ մեր մեջ զզվանք առաջանա դրա հանդեպ։ Այդ հարցում աստվածավախությունը նույնպես կօգնի։ Աստվածաշնչի համաձայն՝ սերտ կապ գոյություն ունի ակնածալից այս վախի ու Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունների միջև (Սաղմոս 25։14

Եհովային ընդօրինակելը

18, 19. Ինչո՞ւ է իրատեսական մտածել, որ անկատար մարդիկ կարող են ընդօրինակել Եհովա Աստծուն։

18 Այս գրքի յուրաքանչյուր մաս ավարտվում է մի գլխով, որում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող ենք «ընդօրինակել Աստծուն սիրելի զավակների պես» (Եփեսացիներ 5։1)։ Շատ կարևոր է հիշել, որ անկատար լինելով հանդերձ՝ մենք կարող ենք ընդօրինակել Եհովային զորություն գործադրելու, արդարություն գործելու, իմաստությամբ վարվելու և սեր դրսևորելու հարցում։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է ընդօրինակել Ամենակարողին։ Հիշենք. Եհովայի անվան նշանակությունը ցույց է տալիս, որ նա դառնում է այն, ինչ կկամենա դառնալ, որպեսզի իրականացնի իր նպատակները։ Նրա այդ կարողությունը ակնածանք է ներշնչում։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք կարող ընդօրինակել Աստծուն։ Ո՛չ։

19 Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով (Ծննդոց 1։26)։ Դրանով մարդը տարբերվում է մյուս բոլոր երկրային արարածներից։ Մենք չենք ղեկավարվում զուտ բնազդով, ժառանգական կամ արտաքին գործոններով։ Եհովան մի թանկագին պարգև է տվել մեզ՝ ազատ կամք։ Չնայած անկատար ենք, և մեր հնարավորությունները սահմանափակ են, այնուամենայնիվ կարող ենք ազատորեն ընտրել, թե ինչպիսին ենք ցանկանում դառնալ։ Ուզո՞ւմ ես լինել սիրառատ, իմաստուն, արդար մարդ, որը ճիշտ կերպով է օգտագործում իր զորությունը։ Եհովայի ոգու օգնությամբ դա քեզ կհաջողվի։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան բարի գործեր կկատարես այդ ժամանակ։

20. Եհովային ընդօրինակելով՝ ի՞նչ կկարողանանք անել։

20 Դու կուրախացնես քո երկնային Հոր սիրտը (Առակներ 27։11)։ Ավելին, կկարողանաս «լիովին հաճեցնել» նրան, քանի որ նա գիտի քո սահմանափակ հնարավորությունների մասին (Կողոսացիներ 1։9, 10)։ Ու եթե ընդօրինակելով քո սիրելի Հորը՝  շարունակես լավ հատկություններ զարգացնել, մեծ պատվի կարժանանաս։ Աստծուց օտարացած այս աշխարհում, որն ընկղմված է խավարի մեջ, լուսակիր կլինես (Մատթեոս 5։1, 2, 14)։ Դու կմասնակցես Եհովայի հրաշալի հատկությունների մասին ողջ երկրով լույսը տարածելու գործին։ Ինչպիսի՜ պատիվ։

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»

Միշտ մոտեցիր Եհովային

21, 22. Ի՞նչ ճանապարհ է բացված բոլոր նրանց առջև, ովքեր սիրում են Եհովային։

21 Հակոբոս 4։8-ում արձանագրված այս պարզ հորդորը ոչ միայն նպատակակետ է, այլև ճանապարհ։ Քանի դեռ հավատարիմ ենք, այս ճանապարհը երբեք չի վերջանա։ Մենք ավելի ու ավելի կմոտենանք Եհովային և հավիտյան նրա մասին սովորելու բան կունենանք։ Չպետք է մտածենք, թե այս գրքի շնորհիվ ամեն ինչ իմացանք Եհովայի մասին։ Իրականում, մենք դեռ նոր ենք սկսել քննել բոլոր այն բաները, որ Արարչի վերաբերյալ հայտնում է Աստվածաշունչը։ Սակայն նույնիսկ Աստծու Խոսքում ընդգրկված չէ այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ Եհովայի մասին։ Մի անգամ Հովհաննես առաքյալն ասաց, որ եթե գրի առնվեին բոլոր գործերը, որ Հիսուսը կատարեց իր երկրային ծառայության ընթացքում, «աշխարհն իսկ չէր կարողանա այդ  գրված գրքերը տեղավորել» (Հովհաննես 21։25)։ Եթե այս բանը ճշմարիտ է Որդու վերաբերյալ, ապա առավել ևս ճշմարիտ է Հոր վերաբերյալ։

22 Նույնիսկ հավիտենական կյանքը չի բավականացնի Եհովայի մասին ամեն բան սովորելու համար (Ժողովող 3։11)։ Փորձիր պատկերացնել, թե ինչ հեռանկար է բացված մեր առջև։ Հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր տարիներ ապրելով՝ Եհովայի մասին այնքան բաներ կիմանանք, որ անհամեմատ կգերազանցեն մեր այժմյան գիտելիքները։ Սակայն, միևնույնն է, թիվ չի լինի այն հրաշալի ճշմարտություններին, որ դեռ պետք է իմանանք։ Մենք կփափագենք ավելի լավ ճանաչել Եհովային, քանի որ կունենանք այն զգացումները, որ ուներ սաղմոսերգուն, երբ երգեց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղմոս 73։28)։ Հավիտենական կյանքը աներևակայելի հետաքրքիր և բազմազան կլինի, իսկ Եհովայի հետ ավելի մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելը ամենամեծ երջանկությունն ու ուրախությունը կպարգևի մեզ։

23. Ի՞նչ անելու հորդոր է տրվում քեզ։

23 Թող որ ի պատասխան Եհովայի սիրուն՝ դու արդեն այսօր սիրես նրան քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկոս 12։29, 30)։ Թող որ քո սերը լինի նվիրված ու անմար։ Թող որ քո ամենօրյա որոշումները՝ մեծ թե փոքր, ցույց տան, որ վճռել ես միշտ ամրացնել փոխհարաբերություններդ մեր երկնային Հոր հետ։ Եվ ամենակարևորը, թող որ դու մոտենաս Եհովային, իսկ նա մոտենա քեզ ո՛ղջ հավիտենության ընթացքում։