Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 15

Հիսուսը «երկրի վրա արդարություն» է հաստատում

Հիսուսը «երկրի վրա արդարություն» է հաստատում

1, 2. Մի առիթով ի՞նչը բորբոքեց Հիսուսի զայրույթը և ինչո՞ւ։

ՀԻՍՈՒՍԸ սաստիկ զայրացած էր, և նա հիմնավոր պատճառներ ուներ։ Թերևս դժվարանաս պատկերացնել նրան այդ վիճակում, քանի որ Հիսուսը հեզ անձնավորություն էր (Մատթեոս 21։5)։ Թեև նրա բարկությունը արդար էր, սակայն նա կատարելապես տիրապետեց իրեն *։ Ի՞նչն էր, ուրեմն, այդքան զայրացրել այս խաղաղասեր մարդուն։ Մի բան, որ ծայրաստիճան անարդար էր։

2 Հիսուսը շատ թանկ էր գնահատում Երուսաղեմի տաճարը։ Ամբողջ աշխարհում այն միակ սուրբ վայրն էր, որը նվիրված էր իր երկնային Հորը ու նախատեսված էր նրան երկրպագություն մատուցելու համար։ Շատ երկրներից հրեաները մեծ հեռավորություններ էին կտրում-անցնում, որպեսզի գային այստեղ՝ երկրպագություն մատուցելու։ Գալիս էին նույնիսկ աստվածավախ ոչ հրեաները։ Նրանք մտնում էին տաճարի այն գավիթը, որը հատկացված էր իրենց։ Բայց երբ իր ծառայության սկզբում Հիսուսը մտավ տաճար, նրա առջև մի տհաճ տեսարան բացվեց։ Տաճարը ավելի շուտ նման էր շուկայի, քան երկրպագության վայրի։ Այն լցված էր առևտրականներով ու դրամափոխներով։ Բայց ի՞նչն էր այստեղ անարդարացի։ Այդ անհատների համար Աստծու տաճարը ընդամենը մարդկանց շահագործելու, նույնիսկ թալանելու վայր էր։ Ինչպե՞ս (Հովհաննես 2։14

3, 4. Ինչպիսի՞ թալան էր կատարվում Եհովայի տանը, և ի՞նչ արեց Հիսուսը՝ իրավիճակը շտկելու համար։

3 Հոգևոր առաջնորդների որոշմամբ տաճարի տուրքը պետք է վճարվեր միայն հատուկ դրամով։ Այն ձեռք բերելու համար այցելուները ստիպված էին փոխանակել իրենց գումարը։ Ահա թե  ինչու էին դրամափոխները իրենց սեղանները հենց տաճարի ներսում դրել։ Ավելին, յուրաքանչյուր գործարքի համար նրանք վարձ էին վերցնում։ Անասունների վաճառքը նույնպես բավական շահութաբեր էր։ Այցելուները, որ ցանկանում էին զոհ մատուցել, կարող էին անասուն գնել քաղաքի ցանկացած առևտրականից, բայց տաճարի ծառայողները գուցե մերժեին նրանց զոհը՝ անվանելով այն զոհաբերության համար ոչ պիտանի։ Մինչդեռ տաճարի տարածքում գնված անասունները ընդունելի էին։ Այդպես առևտրականները իրենց քմահաճության զոհը դարձած մարդկանցից երբեմն անչափ մեծ գումարներ էին կորզում *։ Սա ավելի վատ էր, քան ամենաստոր չարչիությունը, և հավասար էր թալանի։

«Հեռացրե՛ք դրանք այստեղից»

4 Նման անարդարություն Հիսուսը չէր կարող հանդուրժել։ Դա իր Հո՛ր տունն էր։ Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից դուրս վռնդեց անասուններին։ Հետո դարձավ դեպի դրամափոխները ու շրջեց նրանց սեղանները։ Պատկերացնո՞ւմ ես, թե այդ մետաղադրամները ինչպես գլորվեցին մարմարյա հատակի վրայով։ Աղավնի վաճառող մարդկանց նա խստիվ հրամայեց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից» (Հովհաննես 2։15, 16)։ Ինչպես երևում է, ոչ ոք համարձակություն չունեցավ հակառակվելու այս անվախ մարդուն։

«Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է»

5–7. ա) Հիսուսի մինչմարդկային գոյությունն ինչպե՞ս էր անդրադարձել նրա արդարության զգացումի վրա, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։ բ) Քրիստոսն ինչպե՞ս պայքարեց այն անարդարությունների դեմ, որոնք առնչվում էին Եհովայի գերիշխանությանն ու անվանը։

5 Առևտրականները ինչ խոսք, վերադարձան։ Մոտ երեք տարի անց Հիսուսը բախվեց նույն անարդարությանը։ Այս անգամ նա մեջբերեց հենց Եհովայի խոսքերը, որոնք դատապարտում էին նրանց, ովքեր Աստծու տունը «ավազակների որջ» էին դարձրել (Մատթեոս 21։13; Երեմիա 7։11)։ Այո՛, երբ Հիսուսը տեսավ, թե  ինչպես են շահագործում մարդկանց ու պղծում Աստծու տաճարը, նույն զգացումներն ունեցավ, որ ունեցել էր իր Հայրը։ Եվ դա զարմանալի չէ։ Միլիոնավոր տարիներ Հիսուսը սովորել էր իր երկնային Հորից։ Արդյունքում Եհովայի արդարության զգացումը խորապես արմատավորվել էր նրա մեջ։ Հիսուսը այս ասացվածքի ճշմարտացիության կենդանի ապացույցն էր. «Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է»։ Ուստի եթե ցանկանում ենք լավ հասկանալ Եհովայի արդարությունը, կարող ենք խորհել Հիսուս Քրիստոսի օրինակի շուրջ. ավելի լավ միջոց չկա (Հովհաննես 14։9, 10

6 Եհովայի միածին Որդին ներկա էր, երբ Սատանան անարդարացիորեն Աստծուն ստախոս անվանեց և հարցականի տակ դրեց նրա ղեկավարման արդարացի լինելը։ Ինչպիսի՜ զրպարտություն։ Ավելի ուշ Որդին լսել էր նաև Սատանայի մեղադրանքն այն մասին, թե ոչ ոք Եհովային չի ծառայի անշահախնդրորեն՝ սիրուց մղված։ Այդ կեղծ մեղադրանքներն, անշուշտ, խոցել էին Որդու արդար սիրտը։ Որքա՜ն պետք է նա ցնծար՝ իմանալով, որ իրեն է վստահված ամենագլխավոր դերը իրավիճակը շտկելու գործում (2 Կորնթացիներ 1։20)։ Սակայն ինչպե՞ս էր նա կատարելու այդ դերը։

7 Ինչպես իմացանք 14-րդ գլխից, Քրիստոսը վերջնական ու սպառիչ պատասխան տվեց Սատանայի մեղադրանքին՝ կապված Եհովայի ստեղծած էակների անարատության հետ։ Այդպիսով Հիսուսը հիմք ստեղծեց Եհովայի գերիշխանության վերջնական արդարացման ու նրա անվան սրբացման համար։ Որպես Եհովայի կողմից նշանակված Առաջնորդ՝ Հիսուսը պետք է Աստծու արդարությունը հաստատեր ողջ տիեզերքում (Գործեր 5։31)։ Երկրի վրա իր ապրած կյանքով ևս նա արտացոլեց աստվածային արդարությունը։ Ահա թե ինչ ասաց Եհովան նրա մասին. «Ես իմ ոգին կդնեմ նրա վրա, և նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը» (Մատթեոս 12։18)։ Հիսուսն ինչպե՞ս կատարեց այս խոսքերը։

Հիսուսը բացահայտում է, «թե ինչ է արդարությունը»

8–10. ա) Կրոնական առաջնորդների բանավոր ավանդույթները ինչպե՞ս էին դրդում արհամարհանքով վերաբերվելու կանանց և ոչ հրեաներին։ բ) Բանավոր օրենքները ինչպե՞ս էին բեռ դարձրել Եհովայի շաբաթը։

8 Հիսուսը սիրում էր Եհովայի Օրենքը և ապրում այդ Օրենքի  համաձայն։ Մինչդեռ իր օրերի կրոնական առաջնորդները աղավաղում ու չարաշահում էին այն։ Ահա թե Հիսուսն ինչ ասաց նրանց. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր.... արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23։23)։ Աստծու Օրենքի այդ ուսուցիչները, փոխանակ պարզաբանելու, «թե ինչ է արդարությունը», անհասկանալի էին դարձնում այն։ Ինչպե՞ս։ Ահա մի քանի օրինակ։

9 Իր ժողովրդին Եհովան պատվիրել էր զատված մնալ շրջակա հեթանոս ազգերից (1 Թագավորներ 11։1, 2)։ Սակայն որոշ մոլեռանդ կրոնական առաջնորդներ մարդկանց դրդում էին արհամարհանքով վերաբերվելու բոլոր ոչ հրեաներին։ Միշնայում նույնիսկ կար այսպիսի կանոն. «Չի կարելի անասունին թողնել հեթանոսների իջևանատանը, քանի որ կասկած կա, որ վերջիններս զբաղվում են անասնապղծությամբ»։ Բոլոր ոչ հրեաների հանդեպ նման նախապաշարումը անարդարացի էր և ամբողջովին հակառակ Մովսիսական օրենքի ոգուն (Ղևտական 19։34)։ Մարդու կողմից ստեղծված այլ կանոններ ստորացնում էին կանանց։ Բանավոր օրենքում ասվում էր, որ կինը պետք է քայլի իր ամուսնու հետևից և ոչ թե կողքից։ Տղամարդուն արգելվում էր հասարակության մեջ խոսել կնոջ հետ, նույնիսկ եթե նա իր կինն էր։ Կանայք, ինչպես որ ստրուկները, իրավունք չունեին վկայություն տալու դատարանի առաջ։ Գոյություն ուներ նույնիսկ պաշտոնական աղոթք, որում տղամարդիկ շնորհակալություն էին հայտնում Աստծուց, որ կին չեն ծնվել։

10 Կրոնական առաջնորդները Աստծու Օրենքը «թաղել» էին մեծաքանակ մարդակերտ օրենքների ու կանոնների տակ։ Օրինակ՝ շաբաթի մասին օրենքով պարզապես արգելվում էր այդ օրվա ընթացքում աշխատելը։ Դրա շնորհիվ շաբաթ օրը ազատ էր մնում և հատկացվում էր երկրպագությանը, հոգևորապես թարմանալուն ու հանգստին։ Բայց փարիսեցիներն այդ օրենքը բեռ էին դարձրել։ Նրանք էին որոշում, թե կոնկրետ ինչ է պետք հասկանալ «աշխատանք» բառի տակ։ Փարիսեցիները աշխատանքի պիտակ էին կպցրել 39 տարբեր գործերի վրա, որոնցից էին, օրինակ, հունձն ու որսորդությունը։ Իրենց հերթին այս կարգի գործերը հարցերի անվերջ շարան էին առաջ բերում։ Եթե շաբաթ օրը մարդ լու սպաներ, որսորդություն արած կլինե՞ր։ Եթե նա դաշտի կողքով անցնելիս ուտելու համար մի բուռ հացահատիկ քաղեր, հունձ արած կլինե՞ր։  Եթե նա բուժեր հիվանդ մարդու, աշխատանք կատարած կլինե՞ր։ Նման հարցերը լուծելու նպատակով սահմանվել էին խիստ, մանրամասն կանոններ։

11, 12. Հիսուսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ դեմ է փարիսեցիների ստեղծած ոչ սուրբգրային ավանդույթներին։

11 Այսպիսի միջավայրում ինչպե՞ս էր Հիսուսն օգնելու մարդկանց ըմբռնելու արդարությունը։ Իր սովորեցրածով և ապրելակերպով նա արիաբար դեմ դուրս եկավ կրոնական այդ առաջնորդներին։ Նախ քննենք նրա սովորեցրած բաներից մի քանիսը։ Հիսուսը բացեիբաց դատապարտեց այդ կրոնավորներին իրենց բյուրավոր մարդակերտ օրենքների համար՝ ասելով. «Աստծու խոսքը անվավեր եք դարձնում ձեր ավանդույթով, որ փոխանցել եք ուրիշներին» (Մարկոս 7։13

12 Հիսուսը համարձակությամբ ցույց էր տալիս, որ փարիսեցիները սխալ տեսակետ ունեն շաբաթի օրենքի վերաբերյալ, և որ իրականում նրանք ճիշտ չեն հասկանում օրենքի գլխավոր իմաստը։ Ինչպես Հիսուսը բացատրեց, Մեսիան «շաբաթի Տերն է», ուստի լիազորություն ունի շաբաթ օրը մարդկանց բուժելու (Մատթեոս 12։8)։ Այս միտքն ընդգծելու համար նա շաբաթ օրերին բացեիբաց հրաշքով բուժումներ էր անում (Ղուկաս 6։7–10)։ Դրանք նախապատկերն էին այն բուժումների, որ նա համաշխարհային մասշտաբով պիտի անի իր Հազարամյա Իշխանության ժամանակ։ Այդ Հազարամյակը կլինի մեծագույն շաբաթը. բոլոր հավատարիմ մարդիկ վերջապես կհանգստանան մեղքի ու մահվան բեռից, որ կրել են դարեր շարունակ։

13. Ի՞նչ օրենք առաջ եկավ Քրիստոսի երկրային ծառայության վերջում, և ինչպե՞ս էր այն տարբերվում Մովսիսական օրենքից։

13 Աստծու Որդին նաև պարզ ցույց տվեց, թե ինչ է արդարությունը նոր՝ «Քրիստոսի օրենքի» միջոցով, որը հաստատվեց նրա երկրային ծառայության վերջում (Գաղատացիներ 6։2)։ Ի տարբերություն Մովսիսական օրենքի՝ նոր օրենքը հիմնականում բաղկացած էր ոչ թե գրավոր պատվիրանների շարանից, այլ սկզբունքներից։ Բայց այն ընդգրկում էր նաև որոշ կոնկրետ պատվիրաններ։ Դրանցից մեկը Հիսուսն անվանեց «նոր պատվիրան»։ Նա իր հետևորդներին սովորեցրեց սիրել միմյանց այնպես, ինչպես որ ինքը սիրեց նրանց (Հովհաննես 13։34, 35)։ Այո՛, անձնազոհ սերը պետք է լիներ բոլոր այն մարդկանց բնորոշ նշանը, ովքեր կապրեին «Քրիստոսի օրենքով»։

 Արդարության կենդանի օրինակ

14, 15. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ չի չարաշահում իր իշխանությունը, և ինչո՞ւ է դա մխիթարական։

14 Հիսուսը ոչ միայն սովորեցրեց, թե ինչ է սերը, այլև ապրեց «Քրիստոսի օրենքին» ներդաշնակ։ Նա պարզ ցույց տվեց դա իր կյանքով։ Տեսնենք, թե որ երեք կերպերով է Հիսուսի օրինակն օգնում հասկանալու, թե ինչ է արդարությունը։

15 Առաջին՝ Հիսուսը խուսափեց որևէ անարդարություն գործելուց։ Երևի թե նկատել ես, որ հաճախ անարդարություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ անկատար մարդը մեծամտանում է ու չարաշահում իր իշխանությունը։ Հիսուսը այդպես չէր վարվում։ Մի առիթով նրան մոտեցավ մի մարդ և ասաց. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ Ի՞նչ պատասխանեց Հիսուսը։ «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց ձեզ վրա» (Ղուկաս 12։13, 14)։ Մի՞թե սա ուշագրավ չէ։ Իր բանականությամբ, դատողությամբ և Աստծու կողմից շնորհված իշխանությամբ Հիսուսը գերազանցում էր երկրի վրա ապրած ցանկացած մարդու։ Այնուամենայնիվ, նա հրաժարվեց այդ գործին միջամտելուց, քանի որ տվյալ խնդիրը լուծելու իշխանություն չէր ստացել։ Այս հարցում Հիսուսը միշտ համեստություն է դրսևորել, նույնիսկ իր մինչմարդկային գոյության հազարամյակների ընթացքում (Հուդա 9)։ Այն, որ Հիսուսը խոնարհաբար թողնում էր, որ Եհովան որոշի, թե ինչն է արդար, շատ բան է ասում նրա մասին։

16, 17. ա) Հիսուսն ինչպե՞ս արդարություն դրսևորեց Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելիս։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ իր արդարությունը լի է ողորմությամբ։

16 Երկրորդ՝ Հիսուսը արդարություն էր դրսևորում նրանով, թե ինչպես էր քարոզում Աստծու Թագավորության բարի լուրը։ Նա կողմնապահություն չէր անում։ Ընդհակառակը՝ մեծ եռանդով ջանում էր խոսել բոլոր մարդկանց հետ՝ աղքատ թե հարուստ։ Ի տարբերություն Հիսուսի՝ փարիսեցիները մերժում էին հասարակ մարդկանց՝ արհամարհանքով անվանելով նրանց ամ հաարեց, կամ՝ «հողի մարդիկ»։ Հիսուսը քաջաբար դուրս էր գալիս այդ անարդարության դեմ։ Երբ նա մարդկանց ուսուցանում էր բարի լուրը, հացի էր նստում նրանց հետ, կերակրում էր նրանց, բուժում էր և նույնիսկ հարություն տալիս, այդպիսով թիկունք էր կանգնում Աստծու արդարությանը, այն Աստծու, որը  ցանկանում է հասնել «ամեն տեսակ մարդկանց» *(1 Տիմոթեոս 2։4

17 Երրորդ՝ Հիսուսի արդարությունը լի էր ողորմությամբ։ Նա մեծ ջանքեր էր գործադրում մեղավորներին օգնելու համար (Մատթեոս 9։11–13)։ Հիսուսը պատրաստակամորեն օգնության էր հասնում անպաշտպան մարդկանց։ Օրինակ՝ նա համամիտ չէր կրոնական առաջնորդների հետ, որոնց կարծիքով՝ բոլոր այլազգիներին հարկավոր էր կասկածամտությամբ վերաբերվել։ Հիսուսը նույնիսկ ողորմածաբար օգնեց և ուսուցանեց նրանցից մի քանիսին, չնայած որ հիմնականում ուղարկված էր հրեա ժողովրդի մոտ։ Երբ հռոմեական բանակի մի հարյուրապետ խնդրեց նրան հրաշքով բուժել իր ծառային, նա համաձայնվեց՝ ասելով. «Իսրայելում ոչ մեկի մեջ այսքան մեծ հավատ չգտա» (Մատթեոս 8։5–13

18, 19. ա) Ի՞նչ ձևերով է Հիսուսը խրախուսել կանանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ բ) Հիսուսի օրինակը ինչպե՞ս է օգնում մեզ տեսնելու համարձակության ու արդարության միջև եղած կապը։

18 Հիսուսը թիկունք չէր կանգնում նաև կանանց վերաբերյալ տարածված կարծիքներին։ Նա համարձակությամբ անում էր այն, ինչ արդար է։ Սամարացի կանայք նույնքան անմաքուր էին համարվում, որքան այլազգիները։ Բայց Հիսուսը առանց վարանելու քարոզեց մի սամարուհու Սյուքարի ջրհորի մոտ։ Իրականում, այդ կնոջն էր, որ նա առաջին անգամ հայտնեց իր խոստացյալ Մեսիա լինելը (Հովհաննես 4։6, 25, 26)։ Փարիսեցիների խոսքերով՝ հարկ չկար կանանց սովորեցնել Աստծու Օրենքը, բայց Հիսուսը շատ ժամանակ և ուժ էր տրամադրում նրանց ուսուցանելուն (Ղուկաս 10։38–42)։ Ու թեև, ըստ ավանդության, վկայություն տալու հարցում չարժեր վստահել կնոջը, Հիսուսը իր հարությունից հետո իրեն առաջինը տեսնելու պատիվը տվեց մի քանի կանանց։ Նա նույնիսկ պատվիրեց, որ նրանք գնան և այդ ամենակարևոր իրադարձության մասին հայտնեն իր աշակերտներին (Մատթեոս 28։1–10

 19 Այո՛, Հիսուսը պարզ ցույց տվեց ազգերին, թե ինչ է արդարությունը՝ շատ դեպքերում նույնիսկ մեծ վտանգի ենթարկելով իր կյանքը։ Հիսուսի օրինակը օգնում է մեզ տեսնելու, որ իսկապես արդար լինելու համար քաջություն է հարկավոր։ Ուստի տեղին է, որ նա կոչվում է «Առյուծ, որ Հուդայի ցեղից է» (Հայտնություն 5։5)։ Առյուծը քաջություն և արդարություն է խորհրդանշում։ Մոտ ապագայում, սակայն, Հիսուսը ավելի մեծ արդարություն կբերի։ Նա «երկրի վրա արդարություն» կհաստատի լիակատար իմաստով (Եսայիա 42։4

Մեսիական Թագավորը «երկրի վրա արդարություն» է հաստատում

20, 21. Մեր ժամանակներում ինչպե՞ս է Մեսիական Թագավորը արդարություն հաստատում ողջ աշխարհում և քրիստոնեական ժողովում։

20 1914թ.-ին Մեսիական Թագավոր դառնալուց հետո Հիսուսը սկսեց արդարություն հաստատել երկրի վրա։ Ինչպե՞ս։ Նա իր վերահսկողության տակ վերցրեց Մատթեոս 24։14-ում գրված մարգարեության կատարման գործը։ Հիսուսի ժամանակակից հետևորդները ողջ աշխարհում մարդկանց սովորեցնում են ճշմարտությունը Եհովայի Թագավորության մասին։ Հիսուսի նման՝ նրանք էլ են ուսուցանում անկողմնակալորեն, արդար կերպով ու ջանք են թափում, որ բոլոր մարդիկ՝ երիտասարդ թե ծեր, հարուստ թե աղքատ, կին թե տղամարդ, հնարավորություն ստանան ճանաչելու Եհովային՝ արդարության Աստծուն։

21 Հիսուսը արդարություն է հաստատում նաև քրիստոնեական ժողովում՝ լինելով նրա Գլուխը։ Ինչպես կանխագուշակվել էր, նա տալիս է «մարդկանց տեսքով պարգևներ»՝ հավատարիմ քրիստոնյա երեցներ, որոնք առաջնորդություն են վերցնում ժողովում (Եփեսացիներ 4։8–12)։ Աստծու թանկագին հոտը հովվելով՝ այդ մարդիկ արդարությունը հաստատելու հարցում ընդօրինակում են Քրիստոսին։ Նրանք միշտ հիշում են, որ Հիսուսն ուզում է, որ իր ոչխարների հետ արդարացիորեն վարվեն՝ անկախ նրանց դիրքից, հեղինակությունից կամ նյութական վիճակից։

22. Ի՞նչ է զգում Եհովան՝ տեսնելով լայն տարածում գտած անարդարությունը, և ի՞նչ է հանձնարարել իր Որդուն։

22 Մոտ ապագայում, սակայն, Հիսուսը երկրի վրա արդարություն կհաստատի աննախադեպ կերպով։ Այսօրվա ապականված  աշխարհը ողողված է անարդարությամբ։ Սովից մահացող յուրաքանչյուր երեխա աններելի անարդարության զոհ է, հատկապես եթե մտածենք, թե որքան գումար ու ժամանակ է ծախսվում զենքի արտադրության և եսասիրական քմահաճույքները բավարարելու համար։ Ամեն տարի անտեղի մահանում են միլիոնավոր մարդիկ։ Դա մեկն է անարդարության բազում դրսևորումներից, որոնք բորբոքում են Եհովայի արդար բարկությունը։ Նա հանձնարարել է իր Որդուն արդար պատերազմ վարել այս ամբողջ չար համակարգի դեմ և մեկընդմիշտ վերջ դնել անարդարության բոլոր ձևերին (Հայտնություն 16։14, 16; 19։11–15

23. Արմագեդոնից հետո Քրիստոսը ինչպե՞ս արդարություն կհաստատի ողջ հավիտենության ընթացքում։

23 Սակայն արդարություն գործադրելիս Եհովան չի սահմանափակվի միայն ամբարիշտներին ոչնչացնելով։ Նա իր Որդուն նշանակել է «Խաղաղության Իշխան»։ Արմագեդոն պատերազմից հետո Հիսուսի իշխանությունը խաղաղություն կհաստատի ողջ աշխարհում, և նա կիշխի «արդարությամբ» (Եսայիա 9։6, 7)։ Այդ ժամանակ Աստծու Որդին ուրախությամբ կվերացնի այն բոլոր անարդարությունները, որ այսքան ցավ ու տառապանք են պատճառել մարդկությանը։ Ողջ հավիտենության ընթացքում նա հավատարմորեն թիկունք կկանգնի Աստծու կատարյալ արդարությանը։ Ուստի շատ կարևոր է, որ մենք այսօր ջանք թափենք ընդօրինակել Եհովայի այս հատկությունը։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 1 Արդար բարկություն դրսևորելով՝ Հիսուսը նմանվեց Եհովային, որը «պատրաստ է թափելու իր բարկությունը»՝ ընդդեմ ամեն տեսակ չարության (Նաում 1։2)։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ Եհովան իր քմահաճ ժողովրդին ասաց, որ նրանք իր տունը վերածել են «ավազակների որջի», նա հայտարարեց. «Այս վայրի.... վրա պիտի թափեմ իմ բարկությունն ու զայրույթը» (Երեմիա 7։11, 20

^ պարբ. 3 Համաձայն Միշնայի՝ մի քանի տարի անց դժգոհություն բարձրացավ տաճարում վաճառվող աղավնիների բարձր գնի համար։ Գինը կտրուկ իջեցվեց մոտ 99 տոկոսով։ Իսկ ամենից շատ ո՞վ էր օգուտ ստանում այդ շահութաբեր առևտրից։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ տաճարի շուկաները քահանայապետ Հաննայի տան սեփականությունն էին և այդ քահանայական ընտանիքի մեծ հարստության հիմնական աղբյուրը (Հովհաննես 18։13

^ պարբ. 16 Ըստ փարիսեցիների՝ Օրենքը չիմացող այդ հասարակ մարդիկ «անիծված» էին (Հովհաննես 7։49)։ Նրանք ասում էին, թե չպետք է ուսուցանել նման մարդկանց և ոչ էլ նրանց հետ որևէ գործարք կատարել, ուտել և աղոթել։ Իսկ եթե որևէ մեկը թույլ տար, որ իր դուստրը ամուսնանա այդպիսի մարդու հետ, ապա դա ավելի վատ բան կհամարվեր, քան այդ աղջկան վայրի գազանների առջև գցելը։ Փարիսեցիների կարծիքով՝ հասարակ մարդիկ հարության հույս չունեին։

Իմացիր ավելին

Թագավորությունն իշխում է 100 տարի. ի՞նչ է այն իրագործել

Ի՞նչ պետք է անենք, որ Թագավորությունը օգուտներ բերի մեզ։ Ինչպե՞ս է Մեսիական Թագավորը զտում, կրթում և կազմակերպում իր հպատակներին։