Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 14

Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»

Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»

1, 2. Աստվածաշունչն ինչպե՞ս է նկարագրում մարդկության վիճակը, և ո՞րն է այդ վիճակից դուրս գալու միակ միջոցը։

«ԲՈԼՈՐ ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Այս խոսքերով Պողոս առաքյալը նկարագրում է մեր ողբալի վիճակը։ Մարդկային տեսանկյունից թվում է, թե տառապանքից, մեղքից ու մահից ազատվելու ոչ մի միջոց չկա։ Բայց ի տարբերություն մարդկանց՝ Եհովայի հնարավորությունները սահմանափակ չեն (Թվեր 23։19)։ Արդարության Աստվածը տրամադրել է այն միջոցը, որի օգնությամբ կկարողանանք ազատվել մեր ցավերից։ Այդ միջոցը կոչվում է փրկանք։

2 Փրկանքը մարդկությանը տված Եհովայի մեծագույն պարգևն է։ Շնորհիվ դրա մենք մեղքից ու մահից ազատվելու հնարավորություն ունենք (Եփեսացիներ 1։7)։ Այն հիմք է տալիս հավիտենական կյանքի հույս ունենալու՝ լինի երկնքում թե դրախտային երկրի վրա (Ղուկաս 23։43; Հովհաննես 3։16; 1 Պետրոս 1։4)։ Բայց ի՞նչ է փրկանքը։ Ի՞նչ է այն սովորեցնում մեզ Եհովայի գերազանց արդարության մասին։

Ինչպես առաջացավ փրկանքի կարիքը

3. ա) Ինչո՞ւ առաջացավ փրկանքի անհրաժեշտությունը։ բ) Աստված ինչո՞ւ չէր կարող պարզապես փոխել Ադամի սերունդների վերաբերյալ կայացրած մահվան դատավճիռը։

3 Փրկանքի անհրաժեշտությունը առաջացավ Ադամի գործած մեղքի պատճառով։ Աստծուն չհնազանդվելով՝ Ադամը իր ժառանգներին «կտակեց» հիվանդություն, տառապանք, ցավ և մահ (Ծննդոց 2։17; Հռոմեացիներ 8։20)։ Աստված չէր կարող տեղի տալ զգացմունքներին ու պարզապես փոխել մահվան դատավճիռը։ Այդպես վարվելով՝ նա անտեսած կլիներ իր սեփական օրենքը, համաձայն որի՝ «մեղքի տված վարձը մահն է» (Հռոմեացիներ 6։23)։ Իսկ եթե Եհովան անվավեր ճանաչեր արդարության իր սեփական չափանիշները, ապա ողջ տիեզերքում քաոս և անօրենություն կտիրեր։

4, 5. ա) Սատանան ինչպե՞ս զրպարտեց Աստծուն, և ինչո՞ւ Եհովան պարտավորված զգաց պատասխանելու այդ մեղադրանքներին։ բ) Սատանան ի՞նչ մեղադրանք ուղղեց Եհովայի անձնվեր ծառաների դեմ։

 4 Ինչպես տեսանք 12-րդ գլխից, Եդեմում բարձրացած ապստամբությունը ավելի կարևոր հարցեր առաջ բերեց։ Սատանան անարգեց Աստծու սուրբ անունը։ Նա մեղադրեց Եհովային՝ պնդելով, թե նա ստախոս է ու դաժան բռնապետ, որն իր ստեղծած էակներին զրկում է ազատությունից (Ծննդոց 3։1–5)։ Առաջին հայացքից Սատանան խափանեց Աստծու նպատակը, որն է՝ երկիրը լցնել արդար մարդկանցով։ Այդպիսով նա նաև մեղադրեց Եհովային ձախողակ լինելու մեջ (Ծննդոց 1։28; Եսայիա 55։10, 11)։ Եթե Եհովան պատասխան չտար այս հարցերին, ապա բանականությամբ օժտված նրա ստեղծագործություններից շատերը կկորցնեին իրենց վստահությունը նրա ղեկավարման հանդեպ։

5 Սատանան մեղադրեց նաև Եհովայի նվիրված ծառաներին՝ պնդելով, թե նրանք Աստծուն ծառայում են զուտ եսասիրական մղումներով, և թե ճնշման տակ նրանցից ոչ մեկը հավատարիմ չի մնա Եհովային (Հոբ 1։9–11)։ Այս հարցերը շատ ավելի կարևոր էին, քան մարդկանց ծանր վիճակը։ Միանգամայն արդարացիորեն Աստված պարտավորված զգաց Սատանայի զրպարտություններին պատասխան տալու։ Սակայն ինչպե՞ս Եհովան կկարողանար լուծել այս հարցերը և միևնույն ժամանակ փրկել մարդկությանը։

Փրկանք՝ համարժեքություն

6. Ի՞նչ բառերով է Աստվածաշունչը նկարագրում այն միջոցը, որը տրամադրել է Աստված՝ մարդկությանը փրկելու համար։

6 Եհովան խնդրին այնպիսի լուծում տվեց, որը թե՛ շատ արդար էր, թե՛ անչափ ողորմած։ Նման լուծում ոչ մի մարդ երբեք չէր կարող գտնել։ Միևնույն ժամանակ այն շատ պարզ էր։ Այդ լուծումը ներկայացվում է տարբեր բառերի միջոցով՝ փրկագին, քավություն, հաշտություն (Սաղմոս 49։8; Դանիել 9։24; Գաղատացիներ 3։13; Կողոսացիներ 1։20; Եբրայեցիներ 2։17)։ Սակայն Եհովայի արածը նկարագրող ամենահամապատասխան բառը օգտագործել է Հիսուսը։ Նա ասել է. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք [հունարեն՝ լիտրոն] տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28

7, 8. ա) Աստվածաշնչում ի՞նչ իմաստով է օգտագործվում «փրկանք» բառը։ բ) Ինչպե՞ս է փրկանքը կապված համարժեքության հետ։

 7 Ի՞նչ է փրկանքը։ Այս համարում գործածված հունարեն բառը ծագում է մի բայից, որը նշանակում է «ազատ արձակել, ազատություն տալ»։ Այդ բառն օգտագործվում էր ռազմագերիներին ազատելու համար տրվող գումարի առնչությամբ։ Ուստի հիմնականում փրկանքը կարելի է սահմանել հետևյալ կերպ. մի բան, որ վճարվում է մեկ ուրիշ բան հետ գնելու նպատակով։ Եբրայերեն Գրություններում «փրկանք» թարգմանված կոֆեր բառը ծագում է «ծածկել» բայից։ Օրինակ՝ Աստված պատվիրել էր Նոյին կուպրով «պատել» (նույն բառի ձևերից մեկը) տապանը (Ծննդոց 6։14)։ Սա օգնում է մեզ հասկանալու, որ փրկանք տալ նշանակում է նաև մեղքերը ծածկել (Սաղմոս 65։3

8 Ուշագրավ է, որ համաձայն մի բառարանի՝ այս բառը (կոֆեր) «միշտ մատնանշում է համարժեքություն», կամ՝ համապատասխանություն (Theological Dictionary of the New Testament)։ Օրինակ՝ ուխտի տապանակի կափարիչն ուներ այնպիսի չափ, որը համապատասխանում էր տապանակի չափին։ Նմանապես, մեղքը քավելու, կամ՝ ծածկելու համար հարկավոր էր վճարել այնպիսի գին, որը լիարժեք կերպով կհամապատասխաներ մեղքի հետևանքով հասցված վնասին, կամ՝ ամբողջովին կծածկեր այն։ Իսրայելին տված իր Օրենքում Աստված պատվիրել էր. «Հոգու դիմաց՝ հոգի, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք» (2 Օրենք 19։21

9. Հավատարիմ մարդիկ ինչո՞ւ էին կենդանիներ զոհաբերում, և ինչպե՞ս էր վերաբերվում դրանց Եհովան։

9 Սկսած Աբելից՝ հավատարիմ մարդիկ կենդանիներ են զոհաբերել Աստծուն։ Այդ քայլով նրանք ցույց են տվել, որ տեղյակ են մեղքի իրողության և փրկագնի անհրաժեշտության մասին, ու իրենց հավատն են ցույց տվել Աստծու խոստացած ազատության հանդեպ, որը տրվելու էր «սերնդի» միջոցով (Ծննդոց 3։15; 4։1–4; Ղևտական 17։11; Եբրայեցիներ 11։4)։ Եհովան հավանություն էր տալիս իր երկրպագուների զոհաբերություններին և բարի անուն շնորհում նրանց։ Այնուամենայնիվ, կենդանական  զոհերը լավագույն դեպքում ծառայում էին զուտ որպես խորհրդանշական վճար։ Իրականում, կենդանիները չէին կարող ծածկել մարդկանց մեղքերը, քանի որ դրանք ստորադաս են (Սաղմոս 8։4–8)։ Այդ պատճառով Աստվածաշնչում ասվում է. «Անհնար է, որ ցլերի և այծերի արյունը մեղքեր վերացնի» (Եբրայեցիներ 10։1–4)։ Այդ զոհերն ընդամենը նախապատկերն էին իսկական փրկանքի՝ քավիչ զոհի, որը դեռ պետք է տրվեր։

«Համապատասխան փրկանք»

10. ա) Ո՞ւմ պետք է համապատասխաներ փրկիչը և ինչո՞ւ։ բ) Ինչո՞ւ էր միայն մեկ մարդկային զոհ անհրաժեշտ։

10 «Ադամով բոլորը մահանում են»,— գրում է Պողոս առաքյալը (1 Կորնթացիներ 15։22)։ Ուստի փրկանքը նշանակում էր Ադամին ամբողջությամբ հավասար մարդու՝ կատարյալ մարդու մահ (Հռոմեացիներ 5։14)։ Ոչ մի ուրիշ արարած չէր կարող հավասարեցնել արդարադատության կշեռքը։ Միայն կատարյալ՝ ադամական մահվան դատապարտության տակ չգտնվող մարդը կկարողանար տալ «համապատասխան»՝ Ադամին կատարելապես համապատասխանող փրկանք (1 Տիմոթեոս 2։6)։ Կարիք չէր լինի, որ Ադամի ժառանգներից յուրաքանչյուրի համար անթիվ-անհամար անհատներ զոհաբերվեին՝ որպես համապատասխան փրկանք։ Պողոս առաքյալը տալիս է հետևյալ բացատրությունը. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12)։ Եվ «ինչպես որ մահն է մարդու միջոցով», այնպես էլ Աստված հնարավոր դարձրեց, որ «մարդու միջոցով» լինի մարդկության փրկությունը (1 Կորնթացիներ 15։21)։ Ինչպե՞ս։

«Համապատասխան փրկանք.... բոլորի համար»

11. ա) Ինչպե՞ս էր փրկիչը «մահ ճաշակելու ամեն մարդու համար»։ բ) Ինչո՞ւ Ադամն ու Եվան չեն կարող օգտվել փրկանքից (տե՛ս ծանոթագրությունը)։

11 Եհովան միջոցներ ձեռնարկեց, որ մի կատարյալ մարդ հոժարակամորեն զոհաբերի իր կյանքը։ Համաձայն Հռոմեացիներ 6։23-ի՝ «մեղքի տված վարձը մահն է»։ Իր կյանքը զոհաբերելով՝ փրկիչը «մահ էր ճաշակելու ամեն մարդու համար»։ Այլ կերպ ասած՝ նա վճարելու էր Ադամի մեղքի վարձը (Եբրայեցիներ 2։9; 2 Կորնթացիներ 5։21; 1 Պետրոս 2։24)։ Դա իրավական հիմք կհանդիսանար Ադամի հնազանդ ժառանգների համար  չեղյալ համարելու դատավճիռը, քանի որ փրկանքը վերացնելու էր մեղքի կործանարար իշխանությունը *(Հռոմեացիներ 5։16

12. Օրինակով ցույց տուր, թե պարտք վճարելը ինչպես է օգուտ բերում բազմաթիվ մարդկանց։

12 Պարզաբանելու համար քննենք հետևյալ օրինակը։ Պատկերացրու, թե ապրում ես մի քաղաքում, որի բնակիչներից շատերը աշխատում են մի մեծ գործարանում։ Դու և քո հարևանները ձեր աշխատանքի դիմաց լավ եք վարձատրվում և հանգիստ ու ապահով կյանք եք վարում։ Բայց մի օր գործարանի դռները փակվում են։ Պատճա՞ռը։ Տնօրենը խարդախություն է արել, և ընկերությունը սնանկացել է։ Աշխատանքից հանկարծակի զրկվելով՝ ո՛չ դու և ո՛չ էլ քո հարևանները չեք կարողանում վճարել վարձերը։ Գործազուրկները, նրանց կանայք, երեխաները, պարտատերերը՝ բոլորը տառապում են ընդամենը մի մարդու խարդախության պատճառով։ Արդյոք ելք կգտնվի՞ այս իրավիճակից։ Այո՛։ Մի հարուստ բարերար որոշում է օգնության ձեռք մեկնել։ Նա գիտի, որ այդ ընկերությունը շատ մեծ արժեք ունի։ Բացի այդ, կարեկցում է գործարանի բազմաթիվ աշխատողներին ու նրանց ընտանիքներին։ Ուստի բարերարը վճարում է ընկերության պարտքը և նորից աշխատեցնում գործարանը։ Պարտքը մարելը թեթևացում է բերում բազմաթիվ աշխատողների, նրանց ընտանիքներին, ինչպես նաև պարտատերերին։ Նմանապես, Ադամի «պարտքը» մարելը օգուտ է բերում միլիարդավոր մարդկանց։

Ո՞վ է վճարում փրկանքը

13, 14. ա) Եհովան ինչպե՞ս փրկանք տվեց մարդկության համար։ բ) Ո՞ւմ վճարվեց փրկանքը, և ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ վճարը։

13 Միայն Եհովան կարող էր տալ «Գառանը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29)։ Մարդկությանը փրկելու  համար, սակայն, Աստված ուղարկեց ոչ թե պարզապես հրեշտակներից մեկին, այլ նրան, ում միջոցով վերջնականապես ու հիմնավոր կերպով պատասխան կտրվեր Սատանայի մեղադրանքներին՝ ուղղված Եհովայի ծառաների դեմ։ Այո՛, Եհովան մեծագույն զոհաբերությունը կատարեց, երբ ուղարկեց իր միածին Որդուն, որով «նա ուրախանում էր» (Առակներ 8։30)։ Աստծու Որդին հոժարակամորեն «զրկեց իրեն» երկնային կյանքից (Փիլիպպեցիներ 2։7)։ Եհովան իր միածին երկնային Որդու կյանքն ու էության առանձնահատկությունները հրաշքով տեղափոխեց Մարիամ անունով մի հրեա կույսի արգանդը (Ղուկաս 1։27, 35)։ Որպես մարդ՝ այդ Որդին պետք է կոչվեր Հիսուս։ Բայց իրավական տեսանկյունից՝ նրան կարելի էր անվանել երկրորդ Ադամ, քանի որ նա Ադամի կատարյալ համարժեքն էր (1 Կորնթացիներ 15։45, 47)։ Ուստի Հիսուսը կարող էր իր կյանքը տալ որպես քավիչ զոհ մեղավոր մարդկության համար։

14 Ո՞ւմ պետք է վճարվեր փրկանքը։ Սաղմոս 49։7-ում հատուկ նշվում է, որ փրկանքը վճարվում է «Աստծուն»։ Բայց չէ՞ որ Եհովան էր փրկանք տվողը։ Այո՛, սակայն դա չի նշանակում, որ անիմաստ, մեխանիկական փոխանակություն է, ասես փողը մի գրպանից հանում ես և մյուսի մեջ դնում։ Հարկավոր է հասկանալ, որ փրկանքը ոչ թե բառացի փոխանակություն էր, այլ իրավական քայլ։ Այն վճարելով, թեկուզ և իր համար չափազանց թանկ գնով՝ Եհովան հաստատեց, որ անսասան է իր սեփական կատարյալ արդարությունը պահելու հարցում (Ծննդոց 22։7, 8, 11–13; Եբրայեցիներ 11։17; Հակոբոս 1։17

15. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։

15 Մ.թ. 33թ. գարնանը Հիսուս Քրիստոսը հոժարակամորեն ենթարկվեց ծանր փորձությունների, որոնք հանգեցրին փրկագնի վճարմանը։ Նա թույլ տվեց, որ կեղծ մեղադրանքների հիման վրա իրեն ձերբակալեն, մեղավոր ճանաչեն ու գամեն ցցին։ Իսկապե՞ս անհրաժեշտ էր, որ Հիսուսն այդքան տառապեր։ Այո՛, որովհետև Աստծու ծառաների անարատության հարցը լուծում էր պահանջում։ Ուշագրավ է, որ Աստված թույլ չտվեց Հերովդեսին սպանել Հիսուսին, երբ նա դեռ մանկիկ էր (Մատթեոս 2։13–18)։ Մեծանալով՝ Հիսուսը կարողացավ դիմադրել Սատանայի կատաղի գրոհներին՝ լիովին հասկանալով վիճաբանական հարցերի  էությունը *։ Դաժան վերաբերմունքի արժանանալով՝ նա մնաց «նվիրված, անխարդախ, անպիղծ, մեղավորներից զատված» և փայլուն կերպով վերջնականապես ապացուցեց, որ Եհովան ունի ծառաներ, որոնք փորձության ժամանակ իրեն հավատարիմ են մնում (Եբրայեցիներ 7։26)։ Ուստի զարմանալի չէ, որ իր մահից անմիջապես առաջ Հիսուսը հաղթականորեն բացականչեց՝ կատարվե՛ց (Հովհաննես 19։30

Ավարտին է հասցնում իր փրկարար գործը

16, 17. ա) Հիսուսն ինչպե՞ս շարունակեց իր փրկարար գործը։ բ) Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ նա «մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ»։

16 Սակայն փրկարար գործը դեռ չէր ավարտվել։ Իր Որդու մահվան երրորդ օրը Եհովան հարություն տվեց նրան (Գործեր 3։15; 10։40)։ Այս նշանակալից քայլով Աստված ոչ միայն վարձատրեց Հիսուսին հավատարիմ ծառայության համար, այլև հնարավորություն տվեց, որ նա՝ որպես Աստծու կողմից նշանակված Քահանայապետ, ավարտին հասցնի իր փրկարար գործը (Հռոմեացիներ 1։4; 1 Կորնթացիներ 15։3–8)։ Պողոս առաքյալը բացատրում է. «Երբ Քրիստոսը եկավ [որպես Քահանայապետ].... նա մեկընդմիշտ մտավ սուրբ վայրը, սակայն ոչ թե այծերի ու ցլիկների արյունով, այլ իր իսկ արյունով, և հավիտյան ազատագրեց մեզ։ Որովհետև Քրիստոսը մտավ ոչ թե ձեռակերտ սուրբ վայր, որը իրականության օրինակն է, այլ բուն երկինք, որպեսզի հիմա մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբրայեցիներ 9։11, 12, 24

17 Հիսուսն իր արյունը բառի բուն իմաստով չէր կարող տանել երկինք (1 Կորնթացիներ 15։50)։ Փոխարենը՝ նա իր հետ տարավ այն, ինչ խորհրդանշում էր այդ արյունը. դա իր զոհաբերած  կատարյալ կյանքի իրավական արժեքն էր։ Այնուհետև նա Աստծու առաջ պաշտոնապես ներկայացրեց կյանքի արժեքը՝ որպես մեղավոր մարդկության համար տրված փրկագին։ Արդյոք Եհովան ընդունե՞ց այդ զոհը։ Այո՛, և դա ապացուցվեց մ.թ. 33թ. Պենտեկոստեին, երբ Երուսաղեմում սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա (Գործեր 2։1–4)։ Ու թեպետ դա շատ ոգևորիչ էր, բայց ընդամենը սկիզբն էր այն հրաշալի օգուտների, որ բերելու էր փրկանքը։

Փրկանքի օգուտները

18, 19. ա) Մարդկանց ի՞նչ երկու խմբեր են օգուտ քաղում այն հաշտությունից, որը հնարավոր է դարձել Հիսուսի թափած արյան հիման վրա։ բ) Փրկանքի շնորհիվ «մեծ բազմության» անդամները ի՞նչ օգուտներ են քաղում ներկայումս և դեռ կքաղեն ապագայում։

18 Կողոսացիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը բացատրում է, որ Քրիստոսի միջոցով Աստված ցանկացավ իր հետ հաշտեցնել մնացած բոլորին՝ խաղաղություն հաստատելով տանջանքի ցցի վրա Հիսուսի թափած արյան շնորհիվ։ Պողոսը բացատրում է նաև, որ այդ հաշտությունը առնչվում է մարդկանց երկու խմբերին՝ «երկնքում եղողներին» և «երկրի վրա եղողներին» (Կողոսացիներ 1։19, 20; Եփեսացիներ 1։10)։ Առաջին խումբը բաղկացած է 144000 քրիստոնյաներից, որոնք ունեն որպես երկնային քահանաներ ծառայելու և որպես թագավորներ Հիսուս Քրիստոսի հետ երկիրը ղեկավարելու հույս (Հայտնություն 5։9, 10; 7։4; 14։1–3)։ Նրանց միջոցով հնազանդ մարդիկ հազար տարվա ընթացքում աստիճանաբար կքաղեն փրկանքից բխող օգուտները (1 Կորնթացիներ 15։24–26; Հայտնություն 20։6; 21։3, 4

19 «Երկրի վրա եղողների» մեջ են մտնում այն անհատները, ովքեր դրախտի վերածված երկրի վրա կատարյալ կյանք վայելելու ակնկալիքներ ունեն։ Հայտնություն 7։9–17-ում նրանք նկարագրվում են որպես «մեծ բազմություն», որը վերապրելու է գալիք «մեծ նեղությունից»։ Սակայն փրկանքի օգուտները վայելելու համար նրանք ստիպված չեն լինի սպասել մինչև այդ ժամանակը։ Այդ խմբին պատկանող անհատները «իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով»։ Փրկանքին հավատ ընծայելով՝ նրանք հիմա արդեն հոգևոր օրհնություններ են ստանում այդ սիրառատ քայլից։ Այդ մարդիկ արդար են հայտարարվել  և դարձել են Աստծու ընկերները (Հակոբոս 2։23)։ Հիսուսի զոհաբերության շնորհիվ նրանց հնարավորություն է ընձեռվել «խոսելու ազատությամբ մոտենալ անզուգական բարության գահին» (Եբրայեցիներ 4։14–16)։ Իսկ սխալ գործելու դեպքում նրանք կարող են ներում ստանալ (Եփեսացիներ 1։7)։ Չնայած անկատար են՝ նրանք մաքուր խիղճ են ձեռք բերել (Եբրայեցիներ 9։9; 10։22; 1 Պետրոս 3։21)։ Աստծու հետ կարելի է հաշտվել ոչ միայն ապագայում, այլև այսօր (2 Կորնթացիներ 5։19, 20Հազարամյակի ընթացքում այդ մարդիկ աստիճանաբար «ազատ կարձակվեն ապականության ստրկությունից» և ի վերջո կհասնեն «Աստծու զավակների փառահեղ ազատության» (Հռոմեացիներ 8։21

20. Փրկանքի մասին խորհելը ի՞նչ ազդեցություն է գործում քեզ վրա։

20 «Շնորհակալ ենք Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» փրկագինը վճարելու համար (Հռոմեացիներ 7։25)։ Թեև փրկանքի սկզբունքը պարզ է, բայց այն, ինչ արել է Եհովան, շատ խորիմաստ է, և մեր սիրտը ակնածանքով է լցվում (Հռոմեացիներ 11։33)։ Այդ մասին երախտագիտությամբ խորհելը ազդեցություն կգործի մեր սրտի վրա ու է՛լ ավելի կմոտեցնի մեզ արդարության Աստծուն։ Սաղմոսերգուի նման՝ մենք բոլոր հիմքերն ունենք գովաբանելու Եհովային՝ որպես «արդարություն և արդարադատություն» սիրող Աստծու (Սաղմոս 33։5

^ պարբ. 11 Ադամն ու Եվան չէին կարող օգտվել փրկանքից։ Հոժարակամորեն սպանություն գործողի վերաբերյալ Մովսիսական օրենքում տրվում էր հետևյալ պատվիրանը. «Մահվան արժանի մարդասպանի հոգու դիմաց փրկանք չվերցնեք» (Թվեր 35։31)։ Պարզ է, որ Ադամն ու Եվան արժանի էին մահվան, քանի որ հոժարակամորեն ու գիտակցաբար չհնազանդվեցին Աստծուն, ինչի հետևանքով էլ զրկվեցին հավիտենական կյանքի հեռանկարից։

^ պարբ. 15 Ադամի մեղքը հավասարակշռելու համար Հիսուսը պետք է մեռներ ոչ թե որպես կատարյալ երեխա, այլ որպես կատարյալ տղամարդ։ Հիշենք, որ Ադամը մեղք գործեց հոժարակամորեն՝ լիովին հասկանալով իր արարքի լրջությունն ու հետևանքները։ Հետևաբար, «վերջին Ադամը» դառնալու և այդ մեղքը ծածկելու համար Հիսուսը պետք է մտածված և գիտակցաբար ընտրություն կատարեր՝ պահելով իր անարատությունը Եհովայի առաջ (1 Կորնթացիներ 15։45, 47)։ Ուստի Հիսուսի ողջ կյանքը, որի ընթացքում նա հավատարմություն դրսևորեց, այդ թվում նաև իր զոհաբերական մահը ծառայեցին որպես «արդարացում բերող մեկ արարք» (Հռոմեացիներ 5։18, 19