Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 13

«Եհովայի օրենքը կատարյալ է»

«Եհովայի օրենքը կատարյալ է»

1, 2. Շատ մարդիկ ինչո՞ւ չեն հարգում օրենքը, բայց ինչպե՞ս կարող ենք սեր զարգացնել Աստծու օրենքների հանդեպ։

«ՕՐԵՆՔԻ միջոցով արդարության ձգտելը նույնն է, ինչ անհուն փոսի մեջ քար գցելը»։ Այս խոսքերը գրվել են մի գրքում, որը հրատարակվել է դեռևս 1712թ.-ին։ Հեղինակը քննադատում էր արդարադատության համակարգը, որտեղ դատական գործերը երբեմն տարիներով ձգձգվում էին՝ սնանկացնելով արդարություն փնտրողներին։ Շատ երկրներում արդարադատության և իրավական համակարգերն այնքան բարդ են, այն աստիճան հակասական ու ներծծված անարդարությամբ և նախապաշարումով, որ օրենքի հանդեպ արհամարհանքը լայն տարածում է գտել։

2 Այժմ խորհենք բոլորովին տարբեր խոսքերի մասին, որ գրվել են մոտ 2700 տարի առաջ. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը» (Սաղմոս 119։97)։ Ինչո՞ւ էր սաղմոսերգուի սերն այդքան ուժգին։ Որովհետև իր գովաբանած օրենքը տրվել էր ոչ թե որևէ կառավարության կողմից, այլ Եհովա Աստծու։ Եհովայի օրենքներն ուսումնասիրելով՝ հետզհետե դու էլ կունենաս այս նույն զգացումները։ Այդպիսի ուսումնասիրությունը կօգնի քեզ ավելի ու ավելի լավ ճանաչելու ողջ տիեզերքի ամենաարդար Անձնավորությանը։

Գերագույն Օրենսդիրը

3, 4. Եհովան ինչպե՞ս է իրեն Օրենսդիր դարձրել։

3 «Մեկն է օրենսդիրն ու դատավորը»,— ասում է Աստվածաշունչը (Հակոբոս 4։12)։ Եվ իրոք, Եհովան միակ ճշմարիտ Օրենսդիրն է։ Անգամ երկնային մարմինների շարժումը կարգավորվում է նրա «երկնային օրենքներով» (Հոբ 38։33, The New Jerusalem Bible)։ Աստծու բյուրավոր սուրբ հրեշտակները նույնպես առաջնորդվում են աստվածային օրենքով, քանի որ նրանք կազմակերպված են, և յուրաքանչյուրն իր դերն է կատարում՝ ծառայելով Եհովայի առաջնորդության ներքո որպես նրա ծառաներ (Սաղմոս 104։4; Եբրայեցիներ 1։7, 14

4 Եհովան օրենքներ է տվել նաև մարդկությանը։ Մեզանից յուրաքանչյուրը ունի խիղճ, որն արտացոլում է նրա արդարության զգացումը։ Այդ ներքին օրենքը մեզ օգնում է տարբերելու ճիշտը  սխալից (Հռոմեացիներ 2։14)։ Մեր նախածնողներին կատարյալ խիղճ էր շնորհվել, ուստի նրանք ընդամենը մի քանի օրենքների կարիք ունեին (Ծննդոց 2։15–17)։ Անկատար մարդուն, սակայն, ավելի շատ օրենքներ են հարկավոր, որպեսզի կարողանա կատարել Աստծու կամքը։ Նոյը, Աբրահամը, Հակոբը և մյուս նահապետները օրենքներ ստացան Եհովա Աստծուց և դրանք փոխանցեցին իրենց ընտանիքներին (Ծննդոց 6։22; 9։3–6; 18։19; 26։4, 5)։ Եհովան առանձնահատուկ կերպով իրեն Օրենսդիր դարձրեց, երբ Մովսեսի միջոցով Օրենք տվեց Իսրայել ազգին։ Օրենքների այդ ժողովածուն օգնում է մեզ խորությամբ ըմբռնելու Եհովայի արդարությունը։

Մովսիսական օրենքի հիմնական դրույթները

5. Արդյո՞ք Մովսիսական օրենքը մարդկանց ծանրաբեռնող կանոնների բարդ ժողովածու էր։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

5 Շատերն այն կարծիքին են, թե Մովսիսական օրենքը մարդկանց ծանրաբեռնող կանոնների բարդ ժողովածու էր։ Բայց իրականում դա այդպես չէ։ Ամբողջությամբ այն բաղկացած է ավելի քան 600 օրենքից։ Առաջին հայացքից թվում է, թե դա մեծ թիվ է, բայց նկատի առնենք հետևյալը. 20-րդ դարի վերջում Միացյալ Նահանգների ֆեդերատիվ օրենքները արդեն զբաղեցրել էին օրենսգրքերի ավելի քան 150000 էջ։ Երկու տարին մեկ դրանց թվին ավելանում է մոտ 600-ը։ Ուստի մարդկային մեծաթիվ օրենքների համեմատությամբ Մովսիսական օրենքը շատ փոքր է։ Չնայած դրան՝ Աստծու Օրենքը իսրայելացիներին առաջնորդություն էր տալիս կյանքի այնպիսի բնագավառներում, որոնք ժամանակակից օրենքներում նույնիսկ չեն էլ հիշատակվում։ Քննենք դրանցից մի քանիսը։

6, 7. ա) Մովսիսական օրենքը ինչո՞վ էր տարբերվում ուրիշ օրենսդրությունից, և ո՞րն է այդ Օրենքի մեծագույն պատվիրանը։ բ) Իսրայելացիները ինչպե՞ս կարող էին ցույց տալ, որ ընդունում են Եհովայի գերիշխանությունը։

6 Օրենքը ջատագովում էր Եհովայի գերիշխանությունը։ Այս առումով այն հնարավոր չէ համեմատել ուրիշ ոչ մի օրենքի հետ։ Մովսիսական օրենքի մեծագույն պատվիրանը հետևյալն էր. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել. մեր Աստված Եհովան մեկ Եհովա է։ Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով»։ Իսկ ինչպե՞ս պետք է Աստծու ժողովուրդն արտահայտեր իր սերը Եհովայի հանդեպ։ Նրանք պետք է ծառայեին  նրան՝ հպատակվելով նրա գերիշխանությանը (2 Օրենք 6։4, 5; 11։13

7 Յուրաքանչյուր իսրայելացի ցույց էր տալիս, որ ընդունում է Եհովայի գերիշխանությունը՝ հնազանդվելով նրանց, ում իշխանություն էր տրվել։ Իսկ Աստծու իշխանությամբ օժտված էին ծնողները, տոհմապետները, դատավորները, քահանաները և թագավորը։ Իշխանություն ունեցողների դեմ ըմբոստությունը Եհովան համարում էր իր դեմ ուղղված ըմբոստություն։ Մյուս կողմից՝ եթե իշխանությամբ օժտված անհատները անարդարացիորեն ու մեծամտաբար վարվեին Եհովայի ժողովրդի հետ, ապա նույնպես կբորբոքեին նրա բարկությունը (Ելք 20։12; 22։28; 2 Օրենք 1։16, 17; 17։8–20; 19։16, 17)։ Հետևաբար, երկու կողմերն էլ պարտավոր էին թիկունք կանգնել Աստծու գերիշխանությանը։

8. Օրենքն ինչպե՞ս էր թիկունք կանգնում Եհովայի սրբության չափանիշին։

8 Օրենքը թիկունք էր կանգնում Եհովայի սրբության չափանիշին։ «Սուրբ» և «սրբություն» բառերը Մովսիսական օրենքում հանդիպում են ավելի քան 280 անգամ։ Օրենքի օգնությամբ Աստծու ժողովուրդը կարողանում էր տարբերել մաքուրն անմաքուրից և անարատը պղծվածից, քանի որ այնտեղ նշվում էին մոտ 70 տարբեր պատճառներ, որոնք կարող էին իսրայելացուն դարձնել ծիսականորեն անմաքուր։ Այդ օրենքները վերաբերում էին ֆիզիկական հիգիենային, սննդին և նույնիսկ արտաթորանքների վերացմանը։ Դրանք զգալիորեն նպաստում էին առողջության պահպանմանը *։ Բայց այդ օրենքները ավելի մեծ նպատակ ունեին. դրանք օգնում էին իսրայելացիներին շարունակ ունենալու Եհովայի բարեհաճությունը և հեռու լինելու այն մեղավոր սովորություններից, որ ունեին շրջակա այլասերված ազգերը։ Ահա մի օրինակ։

9, 10. Սեռական հարաբերությունների ու ծննդաբերության վերաբերյալ ի՞նչ պատվիրաններ էր ընդգրկում Օրենքի ուխտը, և ինչո՞վ էին օգտակար այդ օրենքները։

9 Ըստ Օրենքի ուխտի՝ ծննդաբերությունն ու սեռական հարաբերությունները, նույնիսկ ամուսնացածների միջև որոշ ժամանակով  անմաքուր էին դարձնում մարդուն (Ղևտական 12։2–4; 15։16–18)։ Այդ օրենքները չէին նսեմացնում աստվածաշնորհ այս մաքուր պարգևները (Ծննդոց 1։28; 2։18–25)։ Դրանք պարզապես թիկունք էին կանգնում Եհովայի սրբությանը՝ նրա երկրպագուներին պահպանելով ապականությունից։ Ուշագրավ է, որ շրջակա ազգերն իրենց երկրպագության մեջ ընդգրկում էին սեռական հարաբերություններն ու պտղաբերության հետ կապված ծիսակատարությունները։ Քանանացիների կրոնի մասն էր կազմում պոռնկությունը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Դրա հետևանքով այլասերվածությունը իր ամենաստոր արտահայտումներով մեծ չափերի էր հասել։ Ի տարբերություն դրա՝ Օրենքը զերծ էր պահում սեռական անբարոյությունը Եհովայի երկրպագությանը խառնելու մտքից անգամ *։ Բայց այն օգտակար էր նաև ուրիշ առումներով։

10 Այդ օրենքները շատ կարևոր ճշմարտություն էին սովորեցնում *։ Ինչպե՞ս էր սերնդեսերունդ փոխանցվում ադամական մեղքի «արատը»։ Չէ՞ որ սեռական հարաբերությունների և ծննդաբերության միջոցով (Հռոմեացիներ 5։12)։ Աստծու Օրենքը հիշեցնում էր իսրայելացիներին, որ մեղքն անխուսափելի էր։ Իրականում, բոլորս էլ մեղքի մեջ ենք ծնվել (Սաղմոս 51։5)։ Ուստի մեր սուրբ Աստծուն մոտենալու համար ներման ու մեղքերի քավության կարիք ունենք։

11, 12. ա) Արդարությանն առնչվող ի՞նչ կարևոր սկզբունք էր ընդգծվում Օրենքում։ բ) Ինչպե՞ս էր Օրենքը պաշտպանում արդարադատությունը։

11 Օրենքը թիկունք էր կանգնում Եհովայի կատարյալ արդարությանը։ Մովսիսական օրենքը շեշտում էր հավասարարժեքության, կամ՝ հավասարակշռության սկզբունքը դատական հարցերում։ Ահա թե ինչ էր ասվում այնտեղ. «Հոգու դիմաց՝ հոգի, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝  ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք» (2 Օրենք 19։21)։ Ուստի քրեական գործի քննության ժամանակ պատիժը պետք է համապատասխաներ կատարված հանցագործությանը։ Աստծու արդարության այս առանձնահատկությունը երևում է ողջ Օրենքում և, ինչպես կտեսնենք 14-րդ գլխում, մինչ օրս շատ կարևոր դեր է խաղում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի իմաստը հասկանալու հարցում (1 Տիմոթեոս 2։5, 6

12 Օրենքի շնորհիվ պաշտպանվում էր արդարադատությունը։ Օրինակ՝ առնվազն երկու վկա էր հարկավոր մեղադրանքը հաստատելու համար։ Սուտ վկայություն տալու համար խիստ պատիժ էր սահմանված (2 Օրենք 19։15, 18, 19)։ Խստիվ արգելված էր նաև կաշառակերությունը (Ելք 23։8; 2 Օրենք 27։25)։ Նույնիսկ իրենց գործարքներում իսրայելացիները պետք է պահեին Եհովայի արդարության բարձր չափանիշը (Ղևտական 19։35, 36; 2 Օրենք 23։19, 20)։ Այդ վեհ ու արդարացի օրենսդրությունը մեծ օրհնություն էր Իսրայելի համար։

Օրենքներ, որ շեշտում էին ողորմությունն ու անկողմնակալությունը

13, 14. Օրենքն ինչպե՞ս էր նպաստում, որ թե՛ գողի և թե՛ նրա զոհի հանդեպ անկողմնակալ ու արդար վերաբերմունք դրսևորվեր։

13 Արդյո՞ք Մովսիսական օրենքը անթեք ու խստապահանջ կանոնների մի հավաքածու էր։ Բոլորովի՛ն։ Ներշնչված՝ Դավիթ թագավորը գրեց. «Եհովայի օրենքը կատարյալ է» (Սաղմոս 19։7)։ Նա շատ լավ գիտեր, որ Օրենքում մեծ ուշադրություն էր դարձվում ողորմությանն ու անկողմնակալությանը։ Ինչպե՞ս։

14 Որոշ երկրներում թվում է, թե օրենքը հանցագործների նկատմամբ ավելի մեղմ է և ավելի շատ նրանց օգտին է ծառայում, քան տուժածների։ Օրինակ՝ կարող է այնպես պատահել, որ գողերն իրենց ժամանակը անցկացնեն բանտում, իսկ տուժածները, իրենց ունեցվածքն այդպես էլ հետ չստանալով, շարունակեն վճարել հարկերը, որոնց միջոցով պետությունը ապահովում է այդ նույն հանցագործների կացարանն ու սնունդը։ Հին Իսրայելում չկային այնպիսի բանտեր, ինչպիսին որ կան մեր օրերում։ Իսկ պատժամիջոցների խստության հարցում կոնկրետ սահմանափակումներ էին դրված (2 Օրենք 25։1–3)։ Գողը պարտավոր էր փոխհատուցել զոհին գողացածի դիմաց։ Ավելին, նա պետք է լրացուցիչ վճար տար։ Որքա՞ն։ Տարբեր դեպքերում՝ տարբեր չափի։ Ակներևաբար,  դատավորներին այս հարցում ազատություն էր տրվում, և նրանք հաշվի էին առնում մի շարք հանգամանքներ, օրինակ՝ մեղավորի զղջումը։ Սրանով կարելի է բացատրել, թե ըստ Ղևտական 6։1–7-ի՝ ինչու էր գողից ավելի քիչ փոխհատուցում պահանջվում, քան՝ ըստ Ելք 22։7-ի։

15. Օրենքը ինչպե՞ս էր դրսևորում ողորմություն, բայցև արդարություն այն անհատի հանդեպ, ով ոչ միտումնավոր սպանություն էր գործել։

15 Օրենքում ողորմածորեն հաշվի էր առնվում այն փաստը, որ ոչ բոլոր հանցանքներն էին դիտավորյալ գործվում։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ոչ միտումնավոր կերպով մարդ սպաներ, նա ստիպված չէր լինի անձի տեղ անձ վճարելու, եթե ճիշտ քայլեր ձեռնարկեր՝ վազեր ողջ Իսրայելի տարածքում գտնվող ապաստանի քաղաքներից մեկը։ Այն բանից հետո, երբ փորձառու դատավորները քննեին գործը, նա պետք է մնար քաղաքում մինչև քահանայապետի մահը։ Դրանից հետո այդ մարդը կարող էր բնակություն հաստատել ցանկացած քաղաքում։ Այդպիսով նա օգուտ էր քաղում Աստծու ողորմությունից։ Բայց միևնույն ժամանակ այս օրենքը շեշտում էր, որ մարդու կյանքը շատ արժեքավոր է (Թվեր 15։30, 31; 35։12–25

16. Օրենքն ինչպե՞ս էր պաշտպանում մարդու սեփականության իրավունքը։

16 Օրենքը պաշտպանում էր մարդու սեփականության իրավունքը։ Քննենք, թե ինչպես էր այն պաշտպանում պարտք ունեցող անհատներին։ Օրենքն արգելում էր պարտատիրոջը մտնել պարտապանի տուն՝ նրա ունեցվածքից ինչ-որ բան գրավ վերցնելու նպատակով։ Փոխարենը՝ նա պետք է սպասեր դրսում և թույլ տար, որ պարտապանը դուրս բերեր գրավը։ Այդպիսով շեշտվում էր, որ ուրիշի տարածք ներխուժելը անթույլատրելի է։ Իսկ եթե պարտատերը որպես գրավ մարդու վերնազգեստը վերցներ, ապա պետք է այն վերադարձներ նախքան մութն ընկնելը, որպեսզի գիշերը այդ մարդը առանց հագուստի չսառչեր (2 Օրենք 24։10–14

17, 18. Պատերազմ մղելու հետ կապված՝ ինչպե՞ս էին իսրայելացիները տարբերվում մյուս ժողովուրդներից և ինչո՞ւ։

17 Օրենքը կարգավորում էր նույնիսկ պատերազմներ մղելը։ Աստծու ժողովուրդը պետք է պատերազմ մղեր ոչ թե հզորության հասնելու կամ հաղթանակ տանելու փափագից դրդված, այլ որպեսզի հանդես գար իբրև Աստծու ներկայացուցիչ «Եհովայի պատերազմներում» (Թվեր 21։14)։ Շատ դեպքերում իսրայելացիները նախ պետք է խաղաղության պայմաններ առաջարկեին։ Եթե քաղաքի բնակիչները մերժեին, նրանք կարող էին պաշարել այն, բայց  Աստծու կանոնների համաձայն։ Իսրայելի բանակի ռազմիկներին թույլ չէր տրվում բռնաբարել կանանց կամ անկառավարելի ջարդ կազմակերպել, ինչը չի կարելի ասել պատմության մեջ եղած շատ զինվորների մասին։ Իսրայելացիները խնամքով պետք է վերաբերվեին նույնիսկ շրջակա միջավայրին և չկտրեին թշնամու պտղատու ծառերը *։ Մյուս երկրների բանակներում նման կանոններ գոյություն չունեին (2 Օրենք 20։10–15, 19, 20; 21։10–13

18 Չէ՞ս սարսռում արդյոք, երբ լսում ես, որ որոշ երկրներում անգամ երեխաներին են պատրաստում զինծառայության։ Իսկ հին Իսրայելում քսան տարեկանից ցածր տղաներին բանակ չէին տանում (Թվեր 1։2, 3)։ Նույնիսկ չափահաս տղամարդիկ, ովքեր չափից դուրս վախկոտ էին, ազատվում էին բանակից։ Մի ամբողջ տարով բանակից ազատվում էին նորապսակ տղամարդիկ, որպեսզի նախքան այդ վտանգավոր ծառայությունը կատարելը կարողանային տեսնել իրենց ժառանգին։ Այդպիսով երիտասարդ ամուսինը կկարողանար «ուրախացնել» իր կնոջը, ինչպես նշվում է Օրենքում (2 Օրենք 20։5, 6, 8; 24։5

19. Օրենքով ի՞նչ էր նախատեսված կանանց, երեխաներին, այրիներին ու որբերին հոգ տանելու և ընտանեկան կառույցը պաշտպանելու համար։

19 Օրենքը պաշտպանում էր կանանց, երեխաների, ինչպես նաև ընտանիքների իրավունքները՝ հոգ տանելով նրանց մասին։ Ծնողներին հրահանգ էր տրվում մշտական ուշադրության արժանացնել իրենց երեխաներին և հոգևոր բաներ ուսուցանել նրանց (2 Օրենք 6։6, 7)։ Մահվան սպառնալիքով այն արգելում էր արյունապղծության բոլոր ձևերը (Ղևտական, գլ. 18)։ Արգելվում էր նաև շնությունը, որը քայքայում է ընտանիքները, ինչպես նաև հանգեցնում է վստահության ու ինքնահարգանքի կորստին։ Օրենքը հոգ էր տանում այրիներին ու որբերին և ամենախիստ ձևով արգելում էր նրանց հանդեպ վատ վերաբերմունքը (Ելք 20։14; 22։22–24

20, 21. ա) Մովսիսական օրենքով ինչո՞ւ էր Իսրայելում թույլատրվում բազմակնությունը։ բ) Ամուսնալուծության վերաբերյալ Օրենքում ներկայացված չափանիշը ինչո՞ւ էր տարբերվում այն չափանիշից, որը վերականգնեց Հիսուսը։

20 Ոմանց մեջ գուցե հարց առաջանա, թե այդ դեպքում Օրենքով  ինչո՞ւ էր թույլատրվում բազմակնությունը (2 Օրենք 21։15–17)։ Նման հարցերը պարզաբանելու համար հարկավոր է հաշվի առնել ժամանակը։ Նրանք, ովքեր Մովսիսական օրենքին նայում են մեր օրերի ու ժամանակակից մշակույթների լույսի ներքո, սխալ եզրակացությունների կհանգեն (Առակներ 18։13)։ Ըստ այն չափանիշի, որ Եհովան հաստատել էր դեռևս Եդեմում՝ ամուսնությունը մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև հարատև միություն է (Ծննդոց 2։18, 20–24)։ Սակայն երբ Աստված Իսրայելին տվեց Օրենքը, այնպիսի սովորությունները, ինչպիսին էր բազմակնությունը, դարերի ընթացքում խորապես արմատավորվել էին մարդկային հասարակության մեջ։ Եհովան լավ գիտեր, որ իր «համառ ժողովուրդը» հաճախակի կթերանար կատարել նույնիսկ այն հիմնական պատվիրանները, որոնք արգելում էին, օրինակ, կռապաշտությունը (Ելք 32։9)։ Ուստի իմաստություն դրսևորելով՝ նա այդ ժամանակաշրջանում չվերափոխեց ամուսնության հետ կապված նրանց բոլոր սովորությունները։ Պետք է հիշենք, սակայն, որ Եհովան բազմակնություն չի հաստատել։ Բայց նա Մովսիսական օրենքի միջոցով կանոնակարգել է բազմակնությունը իր ժողովրդի մեջ ու կանխել դրա չարաշահումը։

21 Նմանապես, Մովսիսական օրենքը թույլատրում էր տղամարդուն ամուսնալուծվել կնոջից համեմատաբար լուրջ բնույթ կրող պատճառներով (2 Օրենք 24։1–4)։ Հիսուսի խոսքերով՝ Աստված թույլ էր տվել դա հրեաների «սրտերի կարծրության պատճառով»։ Սակայն նման զիջումները ժամանակավոր բնույթ էին կրում։ Իր հետևորդների համար Հիսուսը վերականգնեց ամուսնության վերաբերյալ Եհովայի սկզբնական չափանիշը (Մատթեոս 19։8

Օրենք, որը նպաստում էր սիրուն

22. Ի՞նչ կերպերով էր Մովսիսական օրենքը քաջալերում սեր դրսևորել և ո՞ւմ հանդեպ։

22 Կարո՞ղ ես պատկերացնել ժամանակակից որևէ օրենսդրություն, որը քաջալերում է սեր դրսևորել։ Մովսիսական օրենքում ամենից շատ դա էր արվում։ Միայն «2 Օրենք» գրքում «սեր» բառը իր տարբեր ձևերով հանդիպում է ավելի քան 20 անգամ։ «Մերձավորիդ սիրիր քո անձի պես». սա էր Օրենքի երկրորդ ամենամեծ պատվիրանը (Ղևտական 19։18; Մատթեոս 22։37–40)։ Աստծու ժողովրդի անդամները պետք է այդպիսի սեր ցույց տային ոչ  միայն իրար հանդեպ, այլև իրենց մեջ եղող պանդուխտների՝ հիշելով, որ իրենք ևս պանդուխտ են եղել։ Իսրայելացիները պետք է սեր դրսևորեին աղքատ ու կեղեքված մարդկանց նկատմամբ՝ նյութապես աջակցելով նրանց։ Նաև չպետք է շահագործեին աղքատներին՝ օգտվելով նրանց վատ վիճակից։ Իսրայելացիներին նույնիսկ հրահանգ էր տրվել լավ վարվել լծկան անասունների հետ և հոգ տանել նրանց (Ելք 23։6; Ղևտական 19։14, 33, 34; 2 Օրենք 22։4, 10; 24։17, 18

23. 119-րդ սաղմոսը գրի առնողը ի՞նչ անելու էր մղված, և մենք ի՞նչ կարող ենք վճռել։

23 Ուրիշ ո՞ր ժողովուրդն այդպիսի օրենսդրություն ուներ։ Զարմանալի չէ, որ սաղմոսերգուն գրեց. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը»։ Նրա սերը, սակայն, լոկ զգացմունք չէր։ Այն մղում էր նրան գործերի՝ ջանք թափել այդ օրենքին հնազանդվելու և դրա համաձայն ապրելու։ Ուստի սաղմոսերգուն շարունակեց. «Ողջ օրը [քո օրենքի] մասին եմ խորհրդածում» (Սաղմոս 119։11, 97)։ Այո՛, նա կանոնավորաբար ժամանակ էր տրամադրում Եհովայի օրենքների ուսումնասիրությանը։ Անկասկած, ուսումնասիրության շնորհիվ սաղմոսերգուի սերը այդ օրենքների հանդեպ աճեց։ Միևնույն ժամանակ նրա սերը աճեց նաև դրանց Օրենսդրի՝ Եհովա Աստծու հանդեպ։ Շարունակելով ուսումնասիրել Աստծու օրենքը՝ թող որ դու էլ ավելի մոտենաս Եհովային՝ Մեծ Օրենսդրին ու արդարության Աստծուն։

^ պարբ. 8 Այն օրենքները, որոնց համաձայն՝ պահանջվում էր ծածկել մարդու արտաթորանքները, մեկուսացնել հիվանդներին և լվացվել մահացածի մարմնին դիպչելու դեպքում, այնքան առաջադեմ էին, որ ուրիշ ազգերը դրանց կարևորությունը շատ դարեր անց միայն հասկացան (Ղևտական 13։4–8; Թվեր 19։11–13, 17–19; 2 Օրենք 23։13, 14

^ պարբ. 9 Քանանացիների տաճարներում հատուկ սենյակներ կային սեռական հարաբերություններ ունենալու համար, մինչդեռ Մովսիսական օրենքը արգելում էր անմաքուր վիճակում գտնվողներին նույնիսկ մտնել տաճար։ Եվ քանի որ սեռական հարաբերության հետևանքով մարդը որոշ ժամանակ անմաքուր էր համարվում, անօրինական էր սեռական հարաբերություններ ունենալը Եհովայի տան մեջ մատուցվող երկրպագության մաս դարձնել։

^ պարբ. 10 Օրենքի գլխավոր նպատակը ուսուցանելն էր։ Համաձայն մի հանրագիտարանի՝ «օրենք» թարգմանված եբրայերեն թորա բառը նշանակում է «ուսուցում» (Encyclopaedia Judaica)։

^ պարբ. 17 Օրենքում հստակ տրվում էր այս հարցը. «Մի՞թե ծառը մարդ է, որ պաշարես նրան» (2 Օրենք 20։19)։ Առաջին դարում ապրած հրեա փիլիսոփա Փիլոնը այս օրենքը մեջբերեց և բացատրեց, որ Աստծու տեսանկյունից «անարդարացի է, որ մարդկանց դեմ ուղղված զայրույթը թափվի այնպիսի բաների վրա, որոնք ոչ մի մեղք չեն գործել»։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է սիրել միմյանց

Ո՞ր կրոնն է սովորեցնում հեռու մնալ քաղաքականությունից և տարբերություն չդնել մարդկանց միջև