Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 4

Մարիամն ամուսնացած չէ, բայց հղի է

Մարիամն ամուսնացած չէ, բայց հղի է

ՄԱՏԹԵՈՍ 1։18–25 ՂՈՒԿԱՍ 1։56

  • ՀՈՎՍԵՓՆ ԻՄԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԻԱՄԸ ՀՂԻ Է

  • ՄԱՐԻԱՄՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՀՈՎՍԵՓԻ ՀԵՏ

Մարիամի հղիության չորրորդ ամիսն է։ Հավանաբար հիշում ես, որ իր հղիության առաջին ամիսներին նա մնացել է իր բարեկամուհի Եղիսաբեթի տանը, որն ապրում է Հրեաստանի լեռնային շրջանում՝ Նազարեթից հարավ։ Այժմ Մարիամը վերադարձել է տուն։ Շուտով նրա հղիության մասին կիմանան բոլորը։ Պատկերացրու՝ որքան մտահոգված է նա։

Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ Մարիամը նշանված է։ Նա պետք է ամուսնանա Հովսեփ անունով մի ատաղձագործի հետ։ Մարիամը գիտի, որ Իսրայելին տրված Աստծու Օրենքի համաձայն՝ նշանված կինը, որը սեռական հարաբերություն է ունենում մեկ ուրիշ տղամարդու հետ, պետք է քարկոծվի (2 Օրենք 22։23, 24)։ Թեև Մարիամը անբարոյություն չի գործել, բայց հավանաբար մտածում է, թե ինչ բացատրություն պիտի տա Հովսեփին իր հղիության մասին, և թե ինչ կպատահի հետո։

Մարիամը երեք ամիս հեռու է եղել տնից։ Հավանաբար, Հովսեփը շատ է ցանկանում տեսնել նրան։ Երբ նրանք հանդիպում են, ակներևաբար, Մարիամն ասում է նրան, որ հղի է, և բացատրում է, որ Աստծու սուրբ ոգու միջոցով է հղիացել։ Սակայն Հովսեփի համար շատ դժվար է հավատալ դրան, քանի որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։

Հովսեփը գիտի, որ Մարիամը լավ համբավ ունի, և, անկասկած, շատ է սիրում նրան։ Սակայն, չնայած նրա տված բոլոր բացատրություններին, Հովսեփը մտածում է, թե նա հղի է մեկ ուրիշ տղամարդուց։ Բայցևայնպես, նա չի ուզում, որ Մարիամը քարկոծվի կամ խայտառակվի։ Ուստի որոշում է գաղտնի բաժանվել նրանից։ Այն ժամանակներում նշանված մարդկանց համարում էին ամուսնացած, ուստի նշանադրությունը չեղյալ համարելու համար հարկավոր էր ամուսնալուծվել։

Հովսեփը մտախոհ պառկում է քնելու։ Երազում Եհովայի հրեշտակը հայտնվում է նրան և ասում. «Մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանելուց, որովհետև նրա հղիությունը սուրբ ոգուց է։ Նա մի որդի կծնի, և նրա անունը Հիսուս կդնես, քանի որ նա փրկելու է իր ժողովրդին նրա մեղքերից» (Մատթեոս 1։20, 21

Երբ Հովսեփն արթնանում է, անչափ ուրախանում է, քանի որ այժմ նրա համար ամեն բան հստակ է։ Առանց հապաղելու նա անում է այն, ինչ ասել է հրեշտակը. Մարիամին իր տուն է տանում։ Դա հանրության առջև արվող մի քայլ է, կարելի է ասել՝ ամուսնական արարողություն։ Այն ցույց է տալիս, որ Հովսեփն ու Մարիամը այժմ ամուսիններ են։ Բայց Մարիամի հղիության ընթացքում Հովսեփը սեռական հարաբերություն չի ունենում նրա հետ։

Ամիսներ անց, երբ մոտենում են Մարիամի ծննդաբերության օրերը, Հովսեփը նրա հետ պատրաստվում է հեռանալ Նազարեթից։ Իսկ ո՞ւր են նրանք գնում, այն էլ այնպիսի մի ժամանակ, երբ Մարիամը շուտով պետք է ծննդաբերի։

Իմացիր ավելին

Մարիամ. «Ահա՛ Եհովայի աղախինը»

Գաբրիել հրեշտակին տված պատասխանից ինչպե՞ս է երևում Մարիամի հավատը։ Ուրիշ ի՞նչ հիանալի հատկություններ դրսևորեց նա։