Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 69

Նրանց հայրը Աբրահա՞մն է, թե՞ Սատանան

Նրանց հայրը Աբրահա՞մն է, թե՞ Սատանան

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8։37–59

  • ՀՐԵԱՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԸ ԱԲՐԱՀԱՄՆ Է

  • ՀԻՍՈՒՍԸ ԱԲՐԱՀԱՄԻՑ ԱՌԱՋ Է ԵՂԵԼ

Տաղավարների տոնը դեռ չի ավարտվել։ Հիսուսը դեռ Երուսաղեմում է և կարևոր ճշմարտություններ է սովորեցնում մարդկանց։ Այդտեղ ներկա հրեաներից ոմանք քիչ առաջ Հիսուսին ասել են. «Մենք Աբրահամի սերունդն ենք և ոչ մեկի ծառաները երբեք չենք եղել»։ Հիսուսը նրանց պատասխանում է. «Ես գիտեմ, որ դուք Աբրահամի սերունդն եք, բայց դուք փորձում եք սպանել ինձ, որովհետև չեք ընդունում իմ խոսքը։ Ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, այդ մասին եմ խոսում, իսկ դուք անում եք այն, ինչ լսել եք ձեր հորից» (Հովհաննես 8։33, 37, 38

Հստակ է, որ Հիսուսը ուզում է ասել, որ իր Հայրը և նրանց հայրը տարբեր անձնավորություններ են։ Չհասկանալով, թե ինչ նկատի ունի Հիսուսը՝ հրեաները կրկին ասում են. «Մեր հայրը Աբրահամն է» (Հովհաննես 8։39; Եսայիա 41։8)։ Հրեաները իսկապես Աբրահամի հետնորդներն են։ Ուստի նրանք կարծում են, թե ունեն նույն հավատը, ինչ ուներ Աստծու ընկերը՝ Աբրահամը։

Սակայն Հիսուսը նրանց մի անսպասելի պատասխան է տալիս. «Եթե Աբրահամի զավակներն եք, ուրեմն Աբրահամի գործերն արեք»։ Իսկապես, զավակն ընդօրինակում է իր հորը, իսկ հրեաները այդպես չեն վարվում։ Հիսուսը շարունակում է. «Բայց հիմա փորձում եք սպանել ինձ, մի մարդու, որը ձեզ պատմեց այն ճշմարտությունը, որն Աստծուց է լսել։ Աբրահամը այդ բանը չարեց»։ Ապա Հիսուսն ավելացնում է. «Դուք ձեր հոր գործերն եք անում» (Հովհաննես 8։39–41

Հրեաները կրկին չեն հասկանում, թե ում նկատի ունի Հիսուսը, և ցանկանալով ցույց տալ, որ իրենք օրինական զավակներ են՝ ասում են. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկն է՝ Աստված»։ Բայց իսկապե՞ս Աստված է նրանց հայրը։ Հիսուսն ասում է. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, դուք կսիրեիք ինձ, որովհետև Աստծու կողմից ուղարկվեցի և հիմա այստեղ եմ։ Ոչ էլ իմ նախաձեռնությամբ եկա, այլ նա ուղարկեց ինձ»։ Ապա Հիսուսը մի հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում է դրան. «Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ խոսում. պատճառն այն է, որ չեք կարող լսել իմ խոսքը» (Հովհաննես 8։41–43

Հիսուսը փորձել է նրանց բացատրել, թե իրեն մերժելը ինչ հետևանքներ կունենա։ Իսկ այժմ նա պարզ ասում է. «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից, և ուզում եք ձեր հոր ցանկություններն անել»։ Այնուհետև Հիսուսը հստակ նշում է, թե ինչպիսին է նրանց հայրը. «Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ հաստատ չմնաց»։ Ապա Հիսուսն ավելացնում է. «Ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը։ Իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք» (Հովհաննես 8։44, 47

Այս դատապարտական խոսքերից վրդովվելով՝ հրեաներն ասում են. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի ես ու դև ունես»։ Հիսուսին կոչելով «սամարացի»՝ նրանք ցանկանում են ցույց տալ իրենց արհամարհանքը նրա հանդեպ։ Բայց Հիսուսը, ուշադրություն չդարձնելով նրանց անարգական խոսքերին, պատասխանում է. «Ես դև չունեմ։ Ես իմ Հորն եմ պատվում, իսկ դուք անարգում եք ինձ»։ Ապա ցույց տալով, թե որքան կարևոր է ընդունել իր խոսքերը՝ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի տեսնի»։ Նա նկատի չունի, թե առաքյալները և իրեն հետևող մյուս մարդիկ բառացիորեն երբեք չեն մահանա։ Իրականում նրանք չեն տեսնի «երկրորդ մահը»՝ հավիտենական կործանումը, որից հարություն չկա (Հովհաննես 8։48–51; Հայտնություն 21։8

Բայց հրեաները բառացի են հասկանում Հիսուսի խոսքերը և ասում են. «Հիմա հաստատ գիտենք, որ դև ունես։ Աբրահամը մահացավ, մարգարեներն էլ, բայց դու ասում ես՝ «եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի ճաշակի»։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ.... Դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում» (Հովհաննես 8։52, 53

Ակնհայտ է, որ Հիսուսը նկատի ունի, որ ինքն է Մեսիան։ Բայց փոխանակ ուղղակիորեն պատասխանելու նրանց տված հարցին՝ նա ասում է. «Եթե ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Իմ Հայրն է փառավորում ինձ, նա, որի համար ասում եք, թե ձեր Աստվածն է, մինչդեռ դուք չեք ճանաչում նրան, իսկ ես ճանաչում եմ։ Եվ եթե ասեմ, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեմ» (Հովհաննես 8։54, 55

Ապա Հիսուսը անդրադառնում է նրանց նախահոր՝ հավատարիմ Աբրահամի օրինակին՝ ասելով. «Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը. նա տեսավ այն և ուրախացավ»։ Այո՛, Աբրահամը հավատում էր Աստծու տված խոստմանը և անհամբերությամբ սպասում էր Մեսիայի գալստին։ Այդ ժամանակ հրեաները թերահավատորեն հարցնում են նրան. «Դու դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ Հիսուսը պատասխանում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի»։ Նա խոսում է իր մինչմարդկային կյանքի մասին, երբ ապրում էր երկնքում՝ որպես հզոր ոգեղեն արարած (Հովհաննես 8։56–58

Հրեաները խիստ վրդովվում են Հիսուսի այդ խոսքերից, և ցանկանում են քարկոծել նրան։ Բայց Հիսուսին հաջողվում է անվնաս հեռանալ։

Իմացիր ավելին

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Աբրահամ. «բոլոր հավատ ունեցողների հայրը»

Ինչպե՞ս Աբրահամը հավատ դրսևորեց։ Ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Աբրահամի հավատը։