Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 74

Դասեր հյուրասիրության և աղոթքի վերաբերյալ

Դասեր հյուրասիրության և աղոթքի վերաբերյալ

ՂՈՒԿԱՍ 10։38–11։13

  • ՀԻՍՈՒՍՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՄԱՐԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄԻՆ

  • ԱՂՈԹԵԼԻՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ

Ձիթենյաց լեռան արևելյան լանջին՝ Երուսաղեմից մոտ 3 կիլոմետր հեռու, գտնվում է Բեթանիա գյուղը (Հովհաննես 11։18)։ Հիսուսը գնում է այդ գյուղ և հյուրընկալվում է երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի տանը։ Այս քույրերը, ինչպես նաև նրանց եղբայրը՝ Ղազարոսը, Հիսուսի ընկերներն են։ Նրանք ջերմորեն ընդունում են Հիսուսին։

Ինչ խոսք, Մեսիային հյուրընկալելը մեծ պատիվ է։ Մարթան շատ է ցանկանում լավ հյուրասիրություն ցույց տալ, ուստի անմիջապես ճաշի պատրաստություններ է տեսնում։ Մինչ Մարթան գործ է անում, նրա քույրը՝ Մարիամը, Հիսուսի ոտքերի մոտ նստած, լսում է նրան։ Քիչ անց Մարթան ասում է. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ասա նրան, որ օգնի ինձ» (Ղուկաս 10։40

Մարիամին քննադատելու փոխարեն՝ Հիսուսը Մարթային է խորհուրդ տալիս այն բանի համար, որ նա չափից շատ է մտահոգվում հյուրասիրության հետ կապված հարցերով։ Հիսուսն ասում է. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում, մինչդեռ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից» (Ղուկաս 10։41, 42)։ Այո՛, Հիսուսը ուզում է ասել, որ կարիք չկա շատ ժամանակ ծախսելու և զանազան կերակրատեսակներ պատրաստելու։ Մեկ հասարակ կերակուրն էլ բավական է։

Մարթան լավ մղումներ ունի։ Նա ցանկանում է հյուրասեր լինել։ Բայց չափից շատ կենտրոնանալով ճաշի պատրաստությունների վրա՝ նա բաց է թողնում անձամբ Աստծու Որդուց արժեքավոր բաներ սովորելու հիանալի հնարավորությունը։ Իսկ Մարիամը, ինչպես նշում է Հիսուսը, իմաստուն ընտրություն է անում, ինչը նրան հարատև օգուտներ է բերելու։ Սա նաև մեզ համար է լավ դաս, որը պետք է միշտ հիշենք։

Մեկ այլ առիթով Հիսուսը կրկին մի կարևոր դաս է սովորեցնում։ Նրա աշակերտներից մեկը խնդրում է նրան. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց» (Ղուկաս 11։1)։ Ավելի վաղ՝ մոտ մեկուկես տարի առաջ, Լեռան քարոզում Հիսուսն արդեն սովորեցրել է ինչպես աղոթել (Մատթեոս 6։9–13)։ Սակայն այս աշակերտը թերևս այդ ժամանակ ներկա չի եղել, ուստի Հիսուսը կրկնում է գլխավոր մտքերը։ Ապա նա մի օրինակ է բերում՝ ցույց տալու համար, որ աղոթելիս անհրաժեշտ է հաստատակամ լինել։

Հիսուսն ասում է. «Ձեզանից ո՞վ է, որ ընկեր ունենա և կեսգիշերին գնա նրա մոտ ու ասի՝ «ընկե՛ր, պարտքով երեք հաց տուր ինձ, որովհետև ընկերս ճանապարհից հենց նոր ինձ մոտ եկավ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ», իսկ նա ներսից պատասխանի. «Ինձ մի՛ անհանգստացրու։ Դուռն արդեն կողպված է, և երեխաներս ինձ հետ անկողնում են։ Չեմ կարող վեր կենալ ու քեզ ինչ-որ բան տալ»։ Ասում եմ ձեզ, որ եթե նույնիսկ հանուն ընկերության նա վեր չկենա և նրան պետք եղածը չտա, նրա հաստատակամության համար անշուշտ վեր կկենա ու կտա» (Ղուկաս 11։5–8

Հիսուսը նկատի չունի, թե Եհովան, օրինակում նշված ընկերոջ պես, չի ցանկանում պատասխանել մեր խնդրանքներին։ Հիսուսն ուզում է ասել, որ եթե այդ դժկամ ընկերը արձագանքում է հաստատակամ խնդրանքներին, ապա մեր սիրառատ երկնային Հայրը, անկասկած, կպատասխանի իր հավատարիմ ծառաների անկեղծ աղոթքներին։ Հիսուսը շարունակում է. «Ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի» (Ղուկաս 11։9, 10

Ապա Հիսուսը, կրկին ընդգծելով այդ կարևոր միտքը, մի համեմատություն է անում. «Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին երբ ձուկ խնդրի, ձկան փոխարեն օձ տա նրան։ Կամ եթե նա ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա նրան։ Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։11–13)։ Այս խոսքերը իսկապես հավաստիացնում են մեզ, որ մեր երկնային Հայրը պատրաստ է սիրով լսել մեր աղոթքները և տալ այն, ինչ անհրաժեշտ է մեզ։