Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 70

Հիսուսը բուժում է ի ծնե կույր մի մարդու

Հիսուսը բուժում է ի ծնե կույր մի մարդու

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9։1–18

  • ԲՈՒԺՈՒՄ Է Ի ԾՆԵ ԿՈՒՅՐ ՄԻ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ

Հիսուսը դեռ Երուսաղեմում է։ Շաբաթ օրը նա իր աշակերտների հետ ճանապարհով քայլելիս տեսնում է մի մուրացկանի, որն ի ծնե կույր է։ Աշակերտները հարցնում են Հիսուսին. «Ռաբբի՛, ո՞վ է մեղք գործել, որ նա կույր է ծնվել, այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները» (Հովհաննես 9։2

Աշակերտները գիտեն, որ մարդ արարածը չունի ինչ-որ անտեսանելի հոգի, որը գոյություն է ունեցել նախքան նրա ծնվելը։ Բայց նրանք թերևս մտածում են, թե հնարավոր է արդյոք, որ մարդը մեղք գործի իր մոր արգանդում եղած ժամանակ։ Հիսուսը պատասխանում է. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները, բայց սա եղել է նրա համար, որ դրանով Աստծու գործերը հայտնի դառնան» (Հովհաննես 9։3)։ Այդ մարդու կուրության պատճառը այն չէ, որ նա կամ իր ծնողները ինչ-որ մեղք են գործել։ Պատճառն այն է, որ Ադամի գործած մեղքի հետևանքով բոլոր մարդիկ անկատար են ծնվում և հնարավոր է՝ ունենան արատներ, այդ թվում կուրություն։ Բայց այն հանգամանքը, որ այս մարդը կույր է, հնարավորություն է տալիս Հիսուսին «հայտնի դարձնելու» Աստծու գործերը, ինչպես որ նա արել է այլ առիթներով, երբ բուժել է հիվանդ մարդկանց։

Հիսուսը նշում է, որ Աստծու գործերն անելը շատ հրատապ է։ Նա ասում է. «Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի գործերն անենք։ Ահա գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործ անել։ Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ» (Հովհաննես 9։4, 5)։ Շուտով Հիսուսը կմահանա և կհայտնվի մահվան խավարում, որտեղ ոչինչ չի կարողանա անել։ Սակայն մինչ այդ նա՝ որպես լույսի աղբյուր, լուսավորում է աշխարհը։

Այժմ Հիսուսը պատրաստվում է բուժել կույր մարդուն։ Նա թքում է գետնին և իր թուքը հողի հետ խառնելով մածուկ է պատրաստում։ Ապա դրանից քսում է կույր մարդու աչքերին և ասում է. «Գնա՛, լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (Հովհաննես 9։7)։ Այդ մարդը գնում է ու լվացվում։ Եվ նրա աչքերը սկսում են տեսնել։ Միայն պատկերացրու այդ մարդու ուրախությունը, որը կյանքում առաջին անգամ կարողանում է տեսնել։

Հարևանները և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են այդ մարդուն, նրան տեսնելով, զարմանում են և հարցնում. «Սա այն մարդը չէ՞, որ նստած ողորմություն էր խնդրում»։ Ոմանք ասում են՝ նա է։ Իսկ մյուսները չեն հավատում, որ նա այդ մարդն է և ասում են. «Նա չէ, այլ նման է նրան»։ Սակայն բուժված մարդն ասում է. «Այդ ես եմ» (Հովհաննես 9։8, 9

Ուստի նրանք հարցնում են. «Էդ ինչպե՞ս աչքերդ բացվեցին»։ Նա պատասխանում է. «Հիսուս կոչված մարդը կավ շինեց, քսեց աչքերիս ու ասաց ինձ. «Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր»։ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել»։ Ապա նրանք հարցնում են. «Ո՞ւր է այդ մարդը»։ Մուրացկանը պատասխանում է՝ չգիտեմ (Հովհաննես 9։10–12

Մարդիկ նրան տանում են փարիսեցիների մոտ, որոնք նույնպես ուզում են իմանալ, թե ինչպես է նա բուժվել։ Բուժված մարդն ասում է նրանց. «Նա կավ դրեց աչքերիս, ես էլ լվացվեցի ու տեսնում եմ»։ Փարիսեցիները պետք է որ ուրախանային, որ այդ մարդը բուժվել է։ Բայց նրանցից ոմանք, ուրախանալու փոխարեն, սկսում են դատապարտել Հիսուսին՝ ասելով. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում շաբաթը»։ Իսկ մյուսներն ասում են. «Մի մարդ, որ մեղավոր է, ինչպե՞ս կարող է այդպիսի հրաշքներ գործել» (Հովհաննես 9։15, 16)։ Այդպիսով նրանց միջև տարակարծություն է առաջանում։

Ուստի նրանք հարցնում են բուժված մարդուն. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, որ քո աչքերը բացեց»։ Այդ մարդը Հիսուսի առնչությամբ կասկածներ չունի, ուստի վստահությամբ պատասխանում է. «Նա մարգարե է» (Հովհաննես 9։17

Հրեաները չեն ցանկանում հավատալ դրան։ Նրանք թերևս մտածում են, որ այդ մուրացկանը և Հիսուսը գաղտնի փոխհամաձայնության են եկել, որպեսզի մոլորեցնեն ժողովրդին։ Ուստի նրանք որոշում են հարցուփորձ անել մուրացկանի ծնողներին՝ պարզելու համար, թե արդյոք նա իսկապես կույր է եղել։

Իմացիր ավելին

Մոտեցիր Եհովային

«Քրիստոսը Աստծու զորությունն է»

Հիսուս Քրիստոսի հրաշքներից ու սովորեցրածներից ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին։