Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 75

Հիսուսը ասում է, թե որն է երջանկության աղբյուրը

Հիսուսը ասում է, թե որն է երջանկության աղբյուրը

ՂՈՒԿԱՍ 11։14–36

  • ԴԵՎԵՐԻՆ ՀԱՆՈՒՄ Է «ԱՍՏԾՈՒ ՄԱՏՈՎ»

  • ԻՍԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Հիսուսը քիչ առաջ կրկնել է աղոթքի վերաբերյալ իր ասած մտքերը, սակայն սա միակ թեման չէ, որին նա կրկին անդրադառնում է իր ծառայության ժամանակ։ Երբ Հիսուսը Գալիլեայում հրաշքներ էր անում, նրան կեղծ մեղադրանքներ ներկայացրին՝ ասելով, թե նա այդ հրաշքները անում է դևերի իշխանի զորությամբ։ Այժմ Հրեաստանում են այդ նույն մեղադրանքը ներկայացնում նրան։

Այստեղ Հիսուսը մի համր մարդու միջից դև է հանում։ Դևի դուրս գալուց հետո այդ մարդը սկսում է խոսել։ Դա տեսնելով՝ մարդիկ զարմանում են։ Սակայն Հիսուսի հակառակորդները սկսում են մեղադրել նրան՝ ասելով. «Նա դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է հանում դևերին» (Ղուկաս 11։15)։ Ուրիշներն էլ, ցանկանալով ավելի շատ ապացույցներ ստանալ, որ Հիսուսն է Մեսիան, խնդրում են, որ նա իրենց նշան տա երկնքից։

Հասկանալով, որ նրանք ցանկանում են փորձել իրեն՝ Հիսուսը նրանց նույն պատասխանն է տալիս, որը տվել է Գալիլեայում իրեն քննադատող մարդկանց։ Նա ասում է, որ ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, կփլուզվի։ Եվ նա այսպիսի հետևությունն է անում. «Եթե Սատանան բաժանված է իր մեջ, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա»։ Այնուհետև Հիսուսը նրանց հստակ ասում է. «Եթե Աստծու մատով եմ հանում դևերին, ապա Աստծու թագավորությունը հասել է ձեզ վրա» (Ղուկաս 11։18–20

«Աստծու մատ» արտահայտությունը պետք է որ Հիսուսի ունկնդիրներին հիշեցնի այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Իսրայել ժողովրդի պատմության մեջ։ Օրինակ՝ երբ փարավոնի տան անդամները տեսան, թե ինչպես է Մովսեսը հրաշք անում, բացականչեցին. «Դա Աստծո՛ւ մատն է»։ Նաև «Աստծու մատով» գրվեցին Տասը պատվիրանները երկու քարե տախտակների վրա (Ելք 8։19; 31։18)։ Նմանապես, այժմ հենց «Աստծու մատը»՝ նրա սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժն է, որ հնարավորություն է տալիս Հիսուսին հանելու դևերին և բուժելու մարդկանց։ Այնպես որ, Աստծու Թագավորությունը իրոք որ հասել է այս հակառակվող մարդկանց վրա, քանի որ այդ Թագավորության նշանակված Թագավորը՝ Հիսուսը, այդտեղ է և կատարում է այդ զորավոր գործերը։

Հիսուսի՝ դևեր հանելու զորությունը փաստում է, որ նա իշխանություն ունի Սատանայի վրա, և դա կարելի է համեմատել այն բանի հետ, որ տունը պահպանող զինված մարդուն հաղթում է նրանից ավելի ուժեղ մեկը։ Հիսուսը նաև կրկնում է իր բերած օրինակը մի մարդու մասին, որի միջից անմաքուր ոգի է դուրս գալիս։ Ու քանի որ այդ մարդը դատարկ տեղը չի լցնում լավ բաներով, այդ ոգին վերադառնում է յոթ ուրիշ անմաքուր ոգիների հետ, և այդ մարդու «վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը» (Մատթեոս 12։22, 25–29, 43–45)։ Հենց այսպիսի վիճակում է Իսրայել ազգը։

Այդ ժամանակ ժողովրդի միջից մի կին բացականչում է. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում և իր ստինքներով կերակրեց քեզ»։ Յուրաքանչյուր հրեա կին փափագում է լինել մարգարեի մայր, հատկապես Մեսիայի մայրը։ Ուստի այդ կինը թերևս մտածում է, որ Մարիամը շատ երջանիկ է, քանի որ այսպիսի ուսուցչի մայր է։ Սակայն Հիսուսը ուղղում է նրա մտածելակերպը՝ ասելով, թե ինչն է իրականում իսկական երջանկության աղբյուրը։ Նա ասում է. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։27, 28Հիսուսը երբեք չի ակնարկել, թե իր մորը՝ Մարիամին, պետք է առանձնահատուկ պատվի արժանացնել։ Նա նշում է, որ իսկական երջանկությունը կախված է Աստծուն հավատարիմ լինելուց, ոչ թե ազգակցական կապերից կամ հաջողությունների հասնելուց։

Հիսուսը նաև հանդիմանում է ժողովրդին երկնքից նշան խնդրելու համար, ինչպես որ արել էր Գալիլեայում։ Նա ասում է, որ բացի «Հովնանի նշանից»՝ նրանց ուրիշ նշան չի տրվի։ Հովնանը նշան եղավ այն իմաստով, որ երեք օր մնաց ձկան փորում, բացի այդ, նա համարձակորեն քարոզեց, ինչի շնորհիվ նինվեցիները զղջացին։ Հիսուսն ասում է. «Բայց Հովնանից էլ մեծն է այստեղ» (Ղուկաս 11։29–32)։ Հիսուսը նաև մեծ է Սողոմոնից, որի իմաստությամբ եկել էր հիանալու Սաբայի թագուհին։

Հիսուսն ասում է. «Ոչ ոք ճրագը չի վառում ու դնում նկուղում կամ գրվանի տակ, այլ ճրագակալի վրա է դնում» (Ղուկաս 11։33)։ Նա թերևս ցանկանում է ասել, որ այս հակառակվող մարդկանց ուսուցանելը և նրանց առաջ հրաշքներ անելը նման է ճրագի լույսը թաքցնելուն, քանի որ նրանց աչքերը «պարզ չեն» տեսնում, այսինքն՝ նրանք հստակ չեն հասկանում Հիսուսի կատարած գործերի նպատակը։

Հիսուսը քիչ առաջ դև է հանել մի համր մարդու միջից և այդ մարդը սկսել է խոսել։ Սա, ինչ խոսք, պետք է մղեր մարդկանց փառաբանելու Եհովա Աստծուն և պատմելու ուրիշներին նրա կատարած գործերի մասին։ Այժմ Հիսուսն իր խոսքն ուղղում է իրեն քննադատողներին։ Նա ասում է. «Ուրեմն զգո՛ւյշ եղիր։ Միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար է։ Ուստի եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի մասը խավար չէ, ապա այն այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը լուսավորի քեզ» (Ղուկաս 11։35, 36

Իմացիր ավելին

Մարիամ. «Ահա՛ Եհովայի աղախինը»

Գաբրիել հրեշտակին տված պատասխանից ինչպե՞ս է երևում Մարիամի հավատը։ Ուրիշ ի՞նչ հիանալի հատկություններ դրսևորեց նա։