Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 73

Իրականում ո՞վ է մերձավորը

Իրականում ո՞վ է մերձավորը

ՂՈՒԿԱՍ 10։25–37

  • ԻՆՉՊԵ՞Ս ԺԱՌԱՆԳԵԼ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

  • ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ

Հիսուսը դեռ Երուսաղեմի շրջակայքում է։ Այդ ընթացքում տարբեր հրեաներ են մոտենում նրան։ Ոմանք ուզում են սովորել Հիսուսից, ոմանք էլ հարցեր են տալիս, որ փորձեն նրան։ Նրանցից մեկը՝ Օրենքից լավատեղյակ մի մարդ, Հիսուսին մի հարց է տալիս. «Ուսուցի՛չ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկաս 10։25

Հիսուսը հասկանում է, որ այս մարդու նպատակը պարզապես տեղեկություն ստանալը չէ։ Թերևս նա ցանկանում է, որ Հիսուսը տա մի այնպիսի պատասխան, որը վիրավորական կլինի հրեաների համար։ Հիսուսը գիտի, որ այս մարդը արդեն ունի որոշակի տեսակետ այդ հարցի վերաբերյալ։ Ուստի Հիսուսը այնպես է անում, որ նա հայտնի իր տեսակետը։

Հիսուսը հարցնում է. «Օրենքում ի՞նչ է գրված։ Ինչպե՞ս ես հասկանում»։ Այս մարդը լավ է ուսումնասիրել Օրենքը և պատասխանում է՝ մեջբերում անելով 2 Օրենք 6։5 և Ղևտական 19։18 համարներից։ Նա ասում է. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով» և «քո մերձավորին՝ քո անձի պես»» (Ղուկաս 10։26, 27)։ Արդյոք դա՞ է հարցի պատասխանը։

Հիսուսն այդ մարդուն ասում է. «Ճի՛շտ պատասխանեցիր, վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»։ Բայց դրանով զրույցը չի ավարտվում։ Այդ մարդը չի ցանկանում պարզապես հարցի պատասխանը ստանալ, այլ «ցանկանում է արդարացնել իրեն», այսինքն՝ ուզում է, որ Հիսուսը հաստատի, որ իր տեսակետը ճիշտ է, և որ ինքը արդարությամբ է վարվում ուրիշների հետ։ Ուստի նա հարցնում է. «Ո՞վ է իմ մերձավորը» (Ղուկաս 10։28, 29)։ Իրականում, առաջին հայացքից պարզ թվացող այս հարցը ավելի խոր իմաստ ունի։

Բանն այն է, որ հրեաները մտածում են, թե «մերձավոր» բառը վերաբերում է միայն նրանց, ովքեր պահում են հրեական ավանդույթները։ Անգամ կարող է թվալ, թե Ղևտական 19։18 համարը թիկունք է կանգնում այդ տեսակետին։ Հրեաները գուցե նույնիսկ ասեն, թե «անօրինական» է ոչ հրեայի հետ ընկերակցելը (Գործեր 10։28)։ Ուստի այդ մարդը, հավանաբար նաև Հիսուսի աշակերտներից մի քանիսը մտածում են, որ եթե իրենք մյուս հրեաներին բարությամբ են վերաբերվում, ուրեմն արդար են, իսկ ոչ հրեաների հանդեպ կարող են անբարյացակամ վերաբերմունք դրսևորել, քանի որ նրանք «մերձավորներ» չեն։

Ինչպե՞ս կարող է Հիսուսը շտկել այդ տեսակետը առանց այդ մարդուն և մյուս հրեաներին վիրավորելու։ Նա անում է դա՝ պատմելով մի պատմություն. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան։ Այնպես պատահեց, որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց։ Այդպես էլ մի ղևտացի, երբ հասավ այնտեղ ու տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց։ Բայց մի սամարացի, որ անցնում էր այդ ճանապարհով, տեսավ նրան ու խղճահարվեց» (Ղուկաս 10։30–33

Հիսուսին հարց տվող մարդը, անկասկած, գիտի, որ քահանաներից ու տաճարում ծառայող ղևտացիներից շատերը ապրում են Երիքովում։ Տաճարից տուն գնալու համար նրանք իջնում են մոտ 23 կիլոմետր ձգվող մի ճանապարհով։ Ճանապարհին կարող են հանդիպել դարան մտած ավազակներ, ուստի այդտեղով անցնելը վտանգավոր է։ Քահանան կամ ղևտացին, տեսնելով, որ իրենց հայրենակիցը փորձանքի մեջ է ընկել, մի՞թե չպետք է օգնեն նրան։ Հիսուսի պատմած պատմության մեջ ղևտացին ու քահանան չեն օգնում փորձանքի մեջ ընկած մարդուն։ Նրան օգնում է մի սամարացի, մինչդեռ հրեաները արհամարհում են սամարացիներին (Հովհաննես 8։48

Ինչպե՞ս է սամարացին օգնում վիրավոր հրեային։ Հիսուսը շարունակում է. «[Նա] մոտեցավ ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով։ Ապա նրան դրեց իր էշի վրա, բերեց մի իջևանատուն և հոգ տարավ նրա մասին։ Հաջորդ օրը երկու դինար հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հո՛գ տար նրա մասին, իսկ եթե սրանից  ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»» (Ղուկաս 10։34, 35

Այդ պատմությունն ավարտելով՝ հմուտ ուսուցիչը՝ Հիսուսը, մտածելու տեղիք տվող մի հարց է տալիս Օրենքից լավատեղյակ այդ մարդուն. «Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար»։ Այդ մարդը թերևս չի ցանկանում ասել՝ սամարացին, ուստի պատասխանում է. «Նա, ով ողորմածաբար վարվեց նրա հետ»։ Այդ ժամանակ Հիսուսը հստակ ցույց է տալիս, թե ինչ է ուզում սովորեցնել։ Նա ասում է. «Գնա և դու էլ այդպես արա» (Ղուկաս 10։36, 37

Անկասկած, սա ուսուցման հիանալի մեթոդ է։ Եթե Հիսուսը այդ մարդուն պարզապես ասեր, որ այլազգի մարդիկ նույնպես նրա մերձավորներն են, արդյո՞ք այդ մարդը և իրեն լսող մյուս հրեաները կընդունեին դա։ Ամենայն հավանականությամբ, ո՛չ։ Սակայն պատմելով մի պարզ պատմություն և խոսելով իր ունկնդիրներին ծանոթ մանրամասների մասին՝ Հիսուսը հստակ ցույց տվեց, թե որն է հարցի պատասխանը։ Իրականում, մերձավորը նա է, ով սեր ու բարություն է դրսևորում. մի բան, որ Սուրբ Գիրքն է պատվիրում անել։