Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 87

Գործնական իմաստություն

Գործնական իմաստություն

ՂՈՒԿԱՍ 16։1–13

  • ԱՆԱՐԴԱՐ ՏՆՏԵՍԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

  • ԻՆՉՊԵՍ «ԱՆԱՐԴԱՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԸՆԿԵՐՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»

Քիչ առաջ Հիսուսը պատմել է կորած որդու առակը։ Նրա ունկնդիրները՝ հարկահավաքները, դպիրները ու փարիսեցիները, պետք է որ հասկացած լինեն, որ Աստված պատրաստ է ներել զղջացող մեղավորներին (Ղուկաս 15։1–7, 11)։ Այժմ Հիսուսը դիմում է իր աշակերտներին։ Նա մեկ ուրիշ առակ է պատմում։ Այդ առակը մի հարուստ մարդու մասին է, ով իմանում է, որ իր տան կառավարիչը՝ տնտեսը, ազնիվ չի աշխատում։

Տնտեսին մեղադրում են այն բանում, որ նա սխալ է տնօրինում իր տիրոջ ունեցվածքը։ Ուստի հարուստ մարդն ասում է, որ տնտեսը այլևս չի աշխատելու իր տանը։ Տնտեսը ինքն իրեն ասում է. «Ի՞նչ պիտի անեմ, երբ տերս տնտեսի պաշտոնը վերցնի ձեռքիցս։ Փորելու համար ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ»։ Այնուհետև մտածելով այն մասին, թե ինչ կարող է անել՝ ասում է. «Գիտեմ, թե ինչ անեմ, որ երբ ինձ տնտեսի պաշտոնից զրկեն, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»։ Նա անմիջապես իր մոտ է կանչում իր տիրոջ պարտապաններին և նրանցից յուրաքանչյուրին հարցնում է. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը» (Ղուկաս 16։3–5

Առաջին պարտապանն ասում է. «Հարյուր մար ձիթապտղի յուղ»։ 100 մարը մոտավորապես 2200 լիտր է։ Այս պարտապանը հավանաբար ունի մեծ ձիթենու այգի կամ էլ զբաղվում է ձիթապտղի յուղի վաճառքով։ Տնտեսն ասում է նրան. «Վերցրու քո պարտամուրհակը, նստիր և շտապ գրիր հիսուն [1100 լիտր]» (Ղուկաս 16։6

Հետո տնտեսը հարցնում է մյուս պարտապանին. «Իսկ դո՞ւ ինչքան ես պարտք»։ Նա էլ պատասխանում է. «Հարյուր քոռ ցորեն»։ 100 քոռը մոտավորապես 22000 լիտր է։ Տնտեսն ասում է պարտապանին. «Վերցրու քո պարտամուրհակը և գրիր ութսուն»։ Այդպես նա 20 տոկոսով կրճատում է պարտքը (Ղուկաս 16։7

Տնտեսը դեռ պատասխանատու է իր տիրոջ ֆինանսական գործերի համար, ուստի, կարելի է ասել, նա իրավասու է կրճատելու իր տիրոջ պարտապանների պարտքը։ Այդպես վարվելով՝ տնտեսը ընկերներ է ձեռք բերում, որոնք էլ կարող են օգնել իրեն, երբ կորցնի իր աշխատանքը։

Տերը իմանում է պատահածի մասին։ Չնայած տնտեսի այդ քայլի պատճառով նա կորուստներ է ունենում, սակայն տպավորվում է տնտեսի հնարամտությամբ։ Տերը գովում է նրան, որ թեև անարդար է, սակայն գործնական իմաստություն է դրսևորել։ Ապա Հիսուսը շարունակում է. «Այս աշխարհի որդիները իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները» (Ղուկաս 16։8

Հիսուսը չի արդարացնում տնտեսի արած քայլը, ոչ էլ հորդորում է խարդախ գործարքներ անել։ Այդ դեպքում Հիսուսն ի՞նչ է ուզում ցույց տալ այդ առակով։ Նա հորդորում է իր աշակերտներին. «Անարդար հարստության միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք, որպեսզի երբ այն վերջանա, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն ընդունեն» (Ղուկաս 16։9)։ Հիսուսն այս առակով սովորեցնում է, որ անհրաժեշտ է լինել հեռատես և գործնական իմաստություն դրսևորել։ Աստծու ծառաները՝ «լույսի որդիները», պետք է իմաստուն ձևով օգտագործեն իրենց նյութական միջոցները, որպեսզի ապագայում ստանան հավիտենական կյանք։

Միայն Եհովա Աստված և նրա Որդին կարող են հնարավորություն տալ անհատին մտնելու երկնքի Թագավորություն կամ այդ Թագավորության ներքո ապրելու դրախտ-երկրի վրա։ Մենք պետք է ամեն ջանք անենք, որ դառնանք նրանց ընկերները՝ մեր ունեցած նյութական միջոցները օգտագործելով Թագավորության գործին աջակցելու համար։ Այդ դեպքում, երբ ոսկին, արծաթը և այլ թանկարժեք բաներ անարժեք դառնան կամ ոչնչանան, մեր հավիտենական ապագան ապահովված կլինի։

Հիսուսը նաև ասում է, որ նրանք, ովքեր հավատարիմ են և ճիշտ ձևով են օգտագործում իրենց հարստությունը կամ նյութական միջոցները, կկարողանան հավատարմորեն հոգ տանել նաև ավելի կարևոր բաների մասին։ Հիսուսն ասում է. «Հետևաբար, եթե դուք անարդար հարստությունը օգտագործելու մեջ հավատարիմ չլինեք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը [օրինակ՝ Թագավորության շահերը]» (Ղուկաս 16։11

Հիսուսը ցանկանում է ցույց տալ իր աշակերտներին, որ «հավիտենական բնակատեղերը» մտնելու համար նրանցից շատ բան կպահանջվի։ Ոչ ոք չի կարող լինել Աստծու ճշմարիտ ծառան և միևնույն ժամանակ՝ անարդար հարստության ծառան։ Հիսուսն ասում է. «Ոչ մի սպասավոր չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կանարգի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Ղուկաս 16։9, 13