Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 85

Ուրախություն է լինում զղջացող մեղավորի համար

Ուրախություն է լինում զղջացող մեղավորի համար

ՂՈՒԿԱՍ 15։1–10

  • ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ԵՎ ԿՈՐԱԾ ԴՐԱԽՄԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ

  • ԵՐԿՆՔՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆ

Հիսուսը իր ծառայության ժամանակ բազմիցս խոսել է խոնարհ լինելու կարևորության մասին (Ղուկաս 14։8–11)։ Նա շատ է ցանկանում գտնել այնպիսի տղամարդկանց ու կանանց, ովքեր փափագում են խոնարհաբար ծառայել Աստծուն։ Սակայն նրանցից ոմանք հավանաբար վատահամբավ մարդիկ են։

Փարիսեցիներն ու դպիրները նկատում են, որ նման մարդիկ, ում իրենք անարժան են համարում, մղվում են դեպի Հիսուսը և ընդունում են նրա հայտնած լուրը։ Ուստի նրանք դժգոհում են՝ ասելով. «Այս մարդը ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ» (Ղուկաս 15։2)։ Փարիսեցիներն ու դպիրները իրենց մյուսներից բարձր են դասում և սովորական ժողովրդին ոտքի տակի կեղտ են համարում։ Նման մարդկանց հանդեպ ունեցած իրենց արհամարհանքը արտահայտելու համար նրանք օգտագործում են ամ հաարեց եբրայերեն արտահայտությունը, որը նշանակում է՝ «հողի մարդիկ»։

Սակայն Հիսուսը բոլոր մարդկանց վերաբերվում է արժանապատվությամբ, բարությամբ և կարեկցանքով։ Այդ պատճառով արհամարհված մարդկանցից շատերը, այդ թվում նաև նրանք, ովքեր մեղսագործներ են, շատ են ցանկանում լսել Հիսուսին։ Իսկ ինչպե՞ս է Հիսուսը վերաբերվում այն բանին, որ փարիսեցիներն ու դպիրները քննադատում են իրեն՝ այսպիսի մարդկանց օգնելու համար։

Այս հարցի պատասխանը պարզ է դառնում, երբ Հիսուսը մի առակ է պատմում, որը նման է ավելի վաղ Կափառնայումում բերած իր օրինակին (Մատթեոս 18։12–14)։ Հիսուսը այս առակում փարիսեցիներին ներկայացնում է այնպես, կարծես նրանք արդար են և Աստծու հոտի մեջ ապահով են, իսկ սովորական մարդկանց ներկայացնում է որպես մոլորվածների։

Հիսուսն ասում է. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնի, մի՞թե չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան։ Եվ երբ գտնի, կուրախանա ու կդնի նրան իր ուսերին։ Երբ նա տուն գա, կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին»» (Ղուկաս 15։4–6

Ի՞նչ է ուզում ասել Հիսուսը։ Նա բացատրում է. «Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն» (Ղուկաս 15։7

Զղջալու մասին Հիսուսի ակնարկը թերևս վերաբերում է փարիսեցիներին։ Նրանք իրենց արդար են համարում և կարծում են, որ զղջալու կարիք չունեն։ Երբ մի քանի տարի առաջ նրանցից ոմանք քննադատել էին Հիսուսին այն բանի համար, որ նա հարկահավաքների ու մեղավորների հետ է ճաշում, Հիսուսը պատասխանել էր. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մարկոս 2։15–17)։ Իրենք իրենց արդար համարող փարիսեցիները չեն հասկանում, որ զղջալու կարիք ունեն, ուստի երկնքում նրանց համար չեն ուրախանում։ Սակայն այլ է պարագան զղջացող մեղավորի դեպքում։

Ցանկանալով մեկ անգամ ևս ընդգծել այն միտքը, որ մեղսագործի դարձի գալու համար մեծ ուրախություն է լինում երկնքում՝ Հիսուսը մեկ այլ օրինակ է բերում։ Նա ասում է. «Եթե մի կին տասը դրախմա ունենա և մեկ դրախման կորցնի, մի՞թե չի վառի ճրագը և չի ավլի տունը և ուշադիր չի փնտրի, մինչև որ գտնի այն։ Եվ երբ գտնի, կկանչի իր ընկերուհիներին ու հարևանուհիներին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, գտա՛ իմ կորցրած դրախման»» (Ղուկաս 15։8, 9

Հիսուսը շարունակում է իր միտքը՝ ասելով. «Այդպես էլ Աստծու հրեշտակներն են ուրախանում զղջացող մեկ մեղավորի համար» (Ղուկաս 15։10

Պատկերացրու, թե որքան շատ են Աստծու հրեշտակները ցանկանում, որ Աստծուց հեռացած մարդիկ դարձի գան։ Այս միտքը ուշադրության է արժանի, քանի որ երբ մեղավոր անհատը դարձի է գալիս ու դառնում է երկնային Թագավորության անդամ, ավելի բարձր դիրք է ստանում, քան հրեշտակները (1 Կորնթացիներ 6։2, 3)։ Մինչդեռ հրեշտակները չեն նախանձում նրանց։ Իսկ ի՞նչ պետք է մենք զգանք, երբ մի մեղավոր զղջում է և մտերմանում Աստծու հետ։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Կարո՞ղ ենք մեղքերի ներում ստանալ

Արդյո՞ք Աստված ներում է լուրջ սխալները։ Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք Աստծու հավանությանն արժանանալ։

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Երբ Հիսուսը երկրի վրա էր նա փոքր մասշտաբով ցույց տվեց, թե ինչ է անելու իր Թագավորության միջոցով։

Մոտեցիր Եհովային

Աստված, որ «ներելու պատրաստ» է

Եթե Աստված ամեն ինչ հիշում է, ինչպե՞ս նա կարող է ներել և մոռանալ։