Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 93

Երբ մարդու Որդին հայտնվի

Երբ մարդու Որդին հայտնվի

ՂՈՒԿԱՍ 17։20–37

  • ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ՆՐԱՆՑ ՄԵՋ Է»

  • ՀԻՍՈՒՍԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԻՆՉԻ՞ ՆՄԱՆ ԿԼԻՆԻ

Հիսուսը հավանաբար գտնվում է Սամարիայում կամ Գալիլեայում։ Այժմ փարիսեցիները նրան հարցնում են Թագավորության գալու մասին։ Նրանք կարծում են, որ այն գալու է մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Սակայն Հիսուսն ասում է. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա, և մարդիկ չեն ասի՝ «ահա այստե՛ղ է», կամ՝ «այնտե՛ղ է», քանի որ Աստծու թագավորությունը ձեր մեջ է» (Ղուկաս 17։20, 21

Ոմանք գուցե մտածեն, թե Հիսուսն ուզում է ասել, որ Թագավորությունը իշխում է Աստծու ծառաների սրտերում։ Սակայն դա այդպես չէ, քանի որ անհնար է, որ Թագավորությունը լինի կեղծավոր փարիսեցիների սրտերում, ում հետ այժմ խոսում է Հիսուսը։ Թագավորությունը նրանց մեջ է այն իմաստով, որ Աստծու Թագավորության Թագավորը՝ Հիսուսը, այստեղ է՝ նրանց մեջ (Մատթեոս 21։5

Հավանաբար, երբ փարիսեցիները գնում են, Հիսուսը իր աշակերտներին լրացուցիչ տեղեկություններ է հայտնում Թագավորության գալու մասին։ Հիսուսը, խոսելով թագավորական իշխանությամբ իր ներկայության մասին, ասում է. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել մարդու Որդու օրերից մեկը, բայց չեք տեսնի» (Ղուկաս 17։22)։ Հիսուսը նկատի ունի, որ մարդու Որդու թագավորական իշխանությունը լինելու է ապագայում։ Սակայն որոշ աշակերտներ գուցե ցանկանան, որ Թագավորությունը շուտ գա, բայց նրանք պետք է շարունակեն սպասել, մինչև որ գա Աստծու նշանակած ժամանակը, երբ մարդու Որդին կսկսի իշխել։

Հիսուսը շարունակում է. «Մարդիկ կասեն ձեզ՝ «ահա այնտե՛ղ է», կամ՝ «ահա այստե՛ղ է»։ Դուրս մի՛ գնացեք ու մի՛ ընկեք նրանց հետևից։ Ինչպես կայծակն է փայլատակելով լուսավորում երկնքի մի ծայրից մյուս ծայրը, այդպես էլ մարդու Որդու օրերում կլինի» (Ղուկաս 17։23, 24)։ Հիսուսի աշակերտները ինչպե՞ս կկարողանան զգուշանալ կեղծ մեսիաներին հետևելուց։ Հիսուսն ասում է, որ ճշմարիտ Մեսիայի գալուստը նման կլինի կայծակի փայլատակմանը, որը երևում է մեծ տարածության վրա։ Նույն ձևով էլ նրա թագավորական իշխանության ապացույցը հստակ տեսանելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր ուշադիր կլինեն։

Ապա Հիսուսը համեմատություն է անում անցյալի դեպքերի հետ՝ ցույց տալով, թե ինչպիսին կլինի մարդկանց վերաբերմունքը իր ներկայության ժամանակ։ Նա ասում է. «Ինչպես որ եղավ Նոյի օրերում, այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում.... Նույնը եղավ նաև Ղովտի օրերում. ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին։ Բայց այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց նրանց բոլորին։ Նույն ձևով էլ կլինի այն օրը, երբ մարդու Որդին իրեն հայտնի դարձնի» (Ղուկաս 17։26–30

Հիսուսը չի ուզում ասել, թե Նոյի ու Ղովտի օրերում ապրող մարդիկ կործանվեցին այն պատճառով, որ զբաղված էին առօրյա գործերով՝ ուտում էին, խմում էին, առնում էին, ծախում էին, տնկում էին, կառուցում էին։ Նոյը, Ղովտը ու նրանց տան անդամները նույնպես զբաղվում էին նման գործերով։ Սակայն ի տարբերություն նրանց՝ մյուս մարդիկ ուշադրություն չէին դարձնում Աստծու պահանջներին և այն բանին, թե ինչպիսի վճռորոշ օրերում են ապրում։ Ուստի Հիսուսը հորդորում է իր աշակերտներին ուշադրություն դարձնել Աստծու պահանջներին և եռանդորեն կատարել նրա կամքը։ Այսպես Հիսուսը ցույց է տալիս փրկության ճանապարհը, այսինքն՝ այն, թե ինչպես կարող են նրանք կենդանի մնալ, երբ Աստված կործանում բերի։

Աշակերտները չպետք է տարվեն այն ամենով, ինչ որ կա աշխարհում։ Հիսուսն ասում է. «Այդ օրը նա, ով տանիքի վրա է, բայց նրա կահ-կարասին տան մեջ է, թող ցած չիջնի՝ վերցնելու, և ով դաշտում է, թող նա էլ հետ չդառնա։ Հիշե՛ք Ղովտի կնոջը» (Ղուկաս 17։31, 32)։ Այո՛, Ղովտի կինը հետ նայեց և աղի արձան դարձավ։

Շարունակելով խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի իրավիճակը այն ժամանակ, երբ մարդու Որդին իշխի որպես Թագավոր՝ Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Այդ գիշեր երկու մարդ կլինեն անկողնում. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի» (Ղուկաս 17։34)։ Փաստորեն, ոմանք կփրկվեն, իսկ ոմանք էլ «կթողնվեն»՝ կկորցնեն իրենց կյանքը։

Հիսուսի այս խոսքերի հետ կապված՝ աշակերտները հարցնում են. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Հիսուսն էլ պատասխանում է. «Որտեղ որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17։37)։ Այո՛, ճշմարիտ աշակերտները նման կլինեն հեռատես արծիվների։ Նրանք կհավաքվեն Քրիստոսի՝ մարդու Որդու մոտ։ Այդ ժամանակ Հիսուսը իր աշակերտներին կապահովվի կենարար հոգևոր սննդով։

Իմացիր ավելին

Աստծու Թագավորությունը մարդու սրտո՞ւմ է

Ի՞նչ է նշանակում «Աստծու թագավորությունը ձեր մեջ է» արտահայտությունը։