Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 91

Ղազարոսը հարություն է առնում

Ղազարոսը հարություն է առնում

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11։38–54

  • ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • ՍԻՆԵԴՐԻՈՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ

Բեթանիայի մոտակայքում Մարթային, իսկ հետո Մարիամին հանդիպելուց հետո Հիսուսը նրանց հետ գնում է Ղազարոսի գերեզման։ Այն մի քարայր է, որի մուտքին քար է դրված։ Հիսուսն ասում է. «Քարը մի կողմ տարեք»։ Մարթան, չհասկանալով, թե Հիսուսը ինչ է պատրաստվում անել, ասում է. «Տե՛ր, պետք է որ արդեն հոտած լինի, քանի որ չորրորդ օրն է»։ Սակայն Հիսուսն ասում է. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես» (Հովհաննես 11։39, 40

Քարը մի կողմ են տանում։ Այդ ժամանակ Հիսուսն իր աչքերը դեպի երկինք է բարձրացնում և աղոթում. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց սա ասացի այստեղ կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ես ինձ ուղարկել»։ Մարդկանց ներկայությամբ աղոթելով՝ Հիսուսը ցույց է տալիս, որ այն, ինչ պատրաստվում է անել, Աստծու զորությամբ է անելու։ Ապա Հիսուսը բարձր ձայնով կանչում է. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Ղազարոսը դուրս է գալիս. նրա ոտքերն ու ձեռքերը կապված են պատանքով, իսկ դեմքը փաթաթված է կտորով։ Հիսուսն ասում է. «Քանդեք պատանքը և թողեք, որ գնա» (Հովհաննես 11։41–44

Հրեաներից շատերը, ովքեր եկել էին Մարիամին ու Մարթային մխիթարելու, տեսնելով այս հրաշքը, սկսում են հավատալ Հիսուսին։ Իսկ մյուսները գնում են ու կատարվածի մասին պատմում փարիսեցիներին։ Փարիսեցիներն ու ավագ քահանաները անմիջապես հավաքում են Սինեդրիոնը՝ հրեական գերագույն ատյանը։ Սինեդրիոնի անդամներից է նաև քահանայապետ Կայիափան։ Ատյանի անդամներից ոմանք ասում են. «Ի՞նչ պիտի անենք։ Այս մարդը բազում հրաշքներ է անում։ Եթե այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը, թե՛ մեր ազգը» (Հովհաննես 11։47, 48)։ Թեև նրանք լսել են ականատեսների վկայությունը այն մասին, որ Հիսուսը «բազում նշաններ է անում», սակայն նրանք չեն ուրախանում այն ամենի համար, ինչ Աստված անում է Հիսուսի միջոցով։ Նրանց գլխավորապես մտահոգում է իրենց դիրքն ու իշխանությունը։

Ղազարոսի հարությունը ուժեղ հարված է սադուկեցիների համար, ովքեր չեն հավատում հարությանը։ Կայիափան, որը սադուկեցի է, ասում է. «Դուք ոչինչ չգիտեք և չեք էլ խորհում, որ ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կործանվի» (Հովհաննես 11։49, 50; Գործեր 5։17; 23։8

Իրականում Աստված է Կայիափային մղում ասելու այդ խոսքերը, քանի որ վերջինս ծառայում է որպես քահանայապետ։ Փաստորեն, այն, ինչ Կայիափան ասում է, «իրենից չի ասում»։ Նա նկատի ունի, որ պետք է Հիսուսին սպանել, որպեսզի նրա պատճառով հրեա կրոնական առաջնորդները չկորցնեն իրենց իշխանությունն ու ազդեցիկ դիրքը։ Սակայն Կայիափայի մարգարեական խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսը իր մահով փրկանք է տալու ոչ միայն հրեա ազգի, այլև Աստծու բոլոր «ցիրուցան եղած զավակների» համար (Հովհաննես 11։51, 52

Կայիափային հաջողվում է դրդել Սինեդրիոնի անդամներին, որ նրանք ծրագրեն Հիսուսի սպանությունը։ Արդյոք Նիկոդեմոսը, որը Սինեդրիոնի անդամ է և լավ է վերաբերվում Հիսուսին, տեղեկացնո՞ւմ է նրան այդ ծրագրերի մասին։ Ինչ էլ լինի պարագան, Հիսուսը հեռանում է Երուսաղեմի տարածքից, քանի որ չի ցանկանում Աստծու նշանակած ժամանակից շուտ մահանալ։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է հարությունը

Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե ովքեր են ապագայում կրկին կյանքի վերադառնալու։

ԴԻՏԱՐԱՆ

Մահով ամեն բան չի ավարտվում

Ինչո՞ւ Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։ Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում նկարագրված հարության դեպքերից։

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար

Քո սիրելի հարազատը մահացե՞լ է։ Հնարավո՞ր է կրկին տեսնել նրան։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը հարության մասին։