Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 88

Հարուստ մարդու և Ղազարոսի հանգամանքները փոխվում են

Հարուստ մարդու և Ղազարոսի հանգամանքները փոխվում են

ՂՈՒԿԱՍ 16։14–31

  • ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ

Հիսուսը իր աշակերտներին հրաշալի խորհուրդներ է տվել նյութական միջոցները օգտագործելու վերաբերյալ։ Այդ խորհուրդները լսել են նաև փարիսեցիները։ Նրանք անշուշտ պետք է ականջ դնեին Հիսուսի տված խորհուրդներին։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք «փողասեր են»։ Բայց լսելով Հիսուսի խոսքերը՝ նրանք սկսում են ծաղրել նրան (Ղուկաս 15։2; 16։13, 14

Սակայն Հիսուսն ասում է նրանց. «Դուք ձեզ մարդկանց առաջ արդար եք ներկայացնում, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև ինչը որ մարդիկ կարևոր են համարում, Աստծու աչքին նողկալի է» (Ղուկաս 16։15

Փարիսեցիները երկար ժամանակ է, ինչ բարձր դիրք ունեն մարդկանց մեջ, սակայն եկել է ժամանակը, որ այս իրավիճակը փոխվի, ամեն բան լինի ճիշտ հակառակը։ Մեծ փառք վայելող մարդիկ, ովքեր հարուստ են, քաղաքական իշխանություն ունեն կամ կրոնական առաջնորդներ են, պետք է նվաստացվեն։ Իսկ հասարակ ժողովուրդը, որ գիտակցում է իր հոգևոր կարիքները, պետք է բարձրացվի։ Հիսուսը խոսում է մի մեծ փոփոխության մասին։

Նա ասում է. «Օրենքն ու Մարգարեները մինչև Հովհաննեսն էին։ Դրանից հետո Աստծու թագավորության բարի լուրն է հռչակվում, և ամեն տեսակ մարդ ողջ ուժով ջանում է հասնել դրան։ Իրոք որ, ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անհետանան, քան Օրենքի տառի մի մասնիկը չիրականանա» (Ղուկաս 3։18; 16։16, 17)։ Ինչպե՞ս են Հիսուսի այս խոսքերը ցույց տալիս, որ այժմ փոփոխություն է տեղի ունենում։

Հրեա կրոնական առաջնորդները հպարտորեն ասում են, թե հետևում են Մովսիսական օրենքին։ Հիշո՞ւմ ես, երբ Հիսուսը Երուսաղեմում հրաշքով բուժեց ի ծնե կույր մի մարդու, փարիսեցիները հպարտորեն ասացին. «Մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ» (Հովհաննես 9։13, 28, 29)։ Մովսեսի միջոցով տրված Օրենքի նպատակներից մեկը խոնարհ մարդկանց դեպի Մեսիան՝ Հիսուսը, առաջնորդելն էր։ Հովհաննես Մկրտիչը ցույց էր տվել, որ Հիսուսն է Աստծու Գառը (Հովհաննես 1։29–34)։ Ուստի այն ժամանակվանից, երբ Հովհաննեսը սկսեց իր ծառայությունը, խոնարհ հրեաները, հատկապես աղքատները լսում են «Աստծու Թագավորության» լուրը։ Այո՛, բարի լուր է տրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լինել Աստծու Թագավորության հպատակները և վայելել դրա բերած օրհնությունները։

Մովսիսական օրենքը ամբողջությամբ ծառայել է իր նպատակին։ Օրենքը մարդկանց արդեն առաջնորդել է դեպի Մեսիան, և շուտով այն պահելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Օրինակ՝ Օրենքով թույլատրվում էր ամուսնալուծվել տարբեր պատճառներով, սակայն այժմ Հիսուսը ասում է, որ «յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում. և նա, ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Ղուկաս 16։18)։ Անշուշտ, այս խոսքերը սաստիկ զայրացնում են փարիսեցիներին, որոնք սիրում են ամեն ինչի համար կանոններ սահմանել։

Հիսուսը այժմ պատմում է մի առակ, որը ցույց է տալիս, թե ինչ մեծ փոփոխություն է տեղի ունենում։ Նա խոսում է երկու մարդկանց մասին, որոնց կարգավիճակը և հանգամանքները կտրուկ փոխվում են։ Այս առակի մասին կարդալիս ի մտի ունեցիր այն, որ Հիսուսի ունկնդիրների մեջ են նաև փողասեր փարիսեցիները, որոնք բարձր դիրք ունեն մարդկանց մեջ։

Հիսուսն ասում է. «Մի հարուստ մարդ կար, որը ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր ճոխության մեջ էր ապրում։ Մի մուրացկան էլ կար՝ Ղազարոս անունով, որին բերում էին հարուստ մարդու դարպասների մոտ։ Նա լի էր խոցերով։ Ղազարոսն ուզում էր կշտանալ այն բաներով, որ ընկնում էին հարուստի սեղանից։ Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը» (Ղուկաս 16։19–21

Փարիսեցիները փողասեր են, ուստի կասկած չկա, որ Հիսուսը, խոսելով «հարուստ մարդու» մասին, նկատի ունի հենց նրանց։ Այս հրեա կրոնական առաջնորդները սիրում են ցուցադրել իրենց՝ հագնելով թանկարժեք ու ճոխ հագուստներ։ Բացի իրենց ունեցած նյութական միջոցներից, նրանք նաև հարուստ են այն իմաստով, որ ունեն բարձր դիրք և տարբեր արտոնություններ։ Այն, որ առակում հարուստ մարդը արքայական ծիրանի է հագել, ցույց է տալիս, որ փարիսեցիները առանձնաշնորհյալ դիրք ունեն, իսկ այն, որ նա սպիտակ բեհեզ է հագել, ցույց է տալիս, որ նրանք իրենց արդար են համարում (Դանիել 5։7

Իսկ ինչպե՞ս են այս հարուստ և հպարտ առաջնորդները վերաբերվում հասարակ ժողովրդին։ Փարիսեցիները այս մարդկանց համարում են ամ հաարեց, կամ՝ «հողի մարդիկ», և նրանց կարծիքով՝  այս մարդիկ չգիտեն Օրենքը և արժանի չեն, որ ինչ-որ մեկը ուսուցանի նրանց (Հովհաննես 7։49)։ Այս մարդկանց վիճակը նման է մուրացկան Ղազարոսի վիճակին, որը այնքան քաղցած է, որ «ուզում է կշտանալ այն բաներով, որ ընկնում են հարուստի սեղանից»։ Ղազարոսի պես, որը խոցերով է ծածկված, հասարակ ժողովուրդը արհամարհված է, ասես հոգևորապես հիվանդ է։

Այս ցավալի իրավիճակը երկար ժամանակ է, ինչ գոյություն ունի։ Սակայն Հիսուսը գիտի, որ այժմ ժամանակն է, որ հարուստ մարդու իրավիճակում գտնվողների և Ղազարոսի իրավիճակում գտնվողների հանգամանքները կտրուկ փոխվեն։

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Հիսուսը նկարագրում է, թե ինչպես է կատարվում այդ մեծ փոփոխությունը։ Նա ասում է. «Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ, և հրեշտակները նրան տարան Աբրահամի գիրկը։ Հարուստը նույնպես մահացավ և թաղվեց։ Գերեզմանում, որտեղ նա տանջվում էր, բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին և նրա գրկում նաև Ղազարոսին» (Ղուկաս 16։22, 23

Հիսուսին լսող մարդիկ գիտեն, որ Աբրահամը երկար ժամանակ է, ինչ մահացել է և գերեզմանում է։ Սուրբ Գրքում հստակ ասվում է, որ գերեզմանում, կամ՝ շեոլում գտնվող ոչ մի մարդ, այդ թվում նաև Աբրահամը չի կարող տեսնել կամ լսել (Ժողովող 9։5, 10)։ Այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ այս օրինակը բերելով։ Ի՞նչ է լինում հասարակ մարդկանց և փողասեր կրոնական առաջնորդներին։

Հիսուսը քիչ առաջ նշել է, թե ինչ մեծ փոփոխություն է տեղի ունենում՝ ասելով, որ «Օրենքն ու Մարգարեները մինչև Հովհաննեսն էին։ Դրանից հետո Աստծու թագավորության բարի լուրն է հռչակվում»։ Ուստի Հովհաննեսի ու Հիսուս Քրիստոսի քարոզչության շնորհիվ է, որ հարուստ մարդը և Ղազարոսը «մահանում են» իրենց նախկին հանգամանքների նկատմամբ և ձեռք են բերում նոր կարգավիճակ Աստծու առաջ։

Խոնարհ և չքավոր մարդիկ երկար ժամանակ հոգևորապես քաղցած վիճակում են եղել։ Սակայն այժմ նրանց օգնություն է տրվում, և նրանք արձագանքում են Թագավորության լուրին, որը նախ հայտնում է Հովհաննես Մկրտիչը, իսկ հետո՝ Հիսուսը։ Նախկինում նրանք ստիպված էին բավարարվել այն «փշրանքներով», որ ընկնում էին կրոնական առաջնորդների «սեղանից»։ Սակայն այժմ նրանք առատորեն սնվում են հոգևոր ճշմարտություններով, հատկապես այն հրաշալի ճշմարտություններով, որ սովորեցնում է Հիսուսը։ Այսպիսով՝ նրանք կարծես առանձնաշնորհյալ դիրք են ձեռք բերում Եհովա Աստծու առաջ։

Սակայն բարձր դիրք ունեցող հարուստ փարիսեցիները չեն ցանկանում ընդունել Հովհաննեսի և Հիսուսի քարոզած Թագավորության լուրը (Մատթեոս 3։1, 2; 4։17)։ Նրանք զայրանում են, «տանջվում են» այդ լուրից, որն ազդարարում է նրանց մոտալուտ կրակոտ դատաստանի մասին (Մատթեոս 3։7–12)։ Փողասեր փարիսեցիների համար իսկական ազատագրում կլիներ, եթե Հիսուսը և նրա աշակերտները դադարեին Աստծու պատգամը քարոզելուց։  Այդ առաջնորդները նման են առակի հարուստ մարդուն, որն ասում է. «Հա՛յր Աբրահամ, ողորմիր ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը ջրի մեջ թաթախի և լեզուս հովացնի, որովհետև տառապում եմ այս կրակի բոցի մեջ» (Ղուկաս 16։24

Սակայն դա տեղի չի ունենա։ Կրոնական առաջնորդներից շատերը չեն ցանկանում փոխվել։ Նրանք «չեն լսում Մովսեսին ու Մարգարեներին», որոնց արձանագրած տեղեկությունները պետք է օգնեին նրանց ընդունելու Հիսուսին՝ որպես Աստծու Մեսիայի և Թագավորի (Ղուկաս 16։29, 31; Գաղատացիներ 3։24)։ Նրանք նաև չեն խոնարհեցնում իրենց անձը և չեն հետևում աղքատ մարդկանց օրինակին, ովքեր ընդունում են Հիսուսին և այժմ վայելում են Աստծու հավանությունը։ Հիսուսի աշակերտները չեն կարող զիջումների գնալ կամ մեղմացնել ճշմարտությունը՝ կրոնական առաջնորդներին հաճեցնելու կամ նրանց «տառապանքը» թեթևացնելու համար։ Սա հստակ երևում է Հիսուսի առակում նշված «Հայր Աբրահամի» խոսքերից։

Աբրահամն ասում է. «Որդյա՛կ, հիշիր, որ քո կյանքի ընթացքում դու ստացել ես ամեն բարիք, իսկ Ղազարոսը՝ ամեն չարիք։ Սակայն հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տառապում ես։ Եվ այս ամենից բացի, մի մեծ անդունդ է հաստատվել մեր և ձեր միջև, այնպես որ եթե մեկը ուզենա այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել ու մեզ մոտ գալ» (Ղուկաս 16։25, 26

Որքան արդար է ու տեղին, որ այսպիսի փոփոխություն է տեղի ունենում։ Փաստորեն, կտրուկ փոխվում են հպարտ փարիսեցիների և խոնարհ մարդկանց իրավիճակները։ Խոնարհ մարդիկ վերցնում են Հիսուսի «լուծը» և արդյունքում թարմություն են ստանում ու հոգևորապես կշտանում (Մատթեոս 11։28–30)։ Այս փոփոխությունը ավելի ակնհայտ է դառնում մի քանի ամիս հետո, երբ Օրենքի ուխտը փոխարինվում է նոր ուխտով (Երեմիա 31։31–33; Կողոսացիներ 2։14; Եբրայեցիներ 8։7–13)։ Երբ Աստված մ.թ. 33թ.Պենտեկոստեին սուրբ ոգին թափում է, միանգամայն պարզ է դառնում, որ Աստծու հավանությունը վայելում են ոչ թե փարիսեցիները և նրանց համախոհները, այլ Հիսուսի աշակերտները։