Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 96

Հիսուսը խոսում է երիտասարդ իշխանի հետ

Հիսուսը խոսում է երիտասարդ իշխանի հետ

ՄԱՏԹԵՈՍ 19։16–30 ՄԱՐԿՈՍ 10։17–31 ՂՈՒԿԱՍ 18։18–30

  • ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՇԽԱՆԸ ՀԱՐՑ Է ՏԱԼԻՍ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հիսուսը անցնում է Պիրեայի շրջանով, որ գնա դեպի Երուսաղեմ։ Մի երիտասարդ վազելով մոտենում է Հիսուսին և ծնկի է գալիս նրա առաջ։ Այս մարդը «իշխան է», հավանաբար, ժողովարաններից մեկի պետ է կամ էլ Սինեդրիոնի անդամ։ Նա հարցնում է Հիսուսին. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկաս 8։41; 18։18; 24։20

Հիսուսը պատասխանում է. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված»։ Հավանաբար, երիտասարդը «բարի» բառը օգտագործում է որպես տիտղոս, որը հաճախ ռաբբիներն են օգտագործում։ Թեև Հիսուսը բարի ուսուցիչ է, սակայն «Բարի» տիտղոսը կարող է կրել միայն Աստված։

Հիսուսն ասում է նրան. «Բայց եթե ուզում ես կյանքը մտնել, շարունակիր պահել պատվիրանները»։ Երիտասարդը հարցնում է. «Որո՞նք»։ Հիսուսը մեջբերում է Տասը պատվիրաններից հինգը՝ սպանության, շնության, գողության, սուտ վկայության, հորն ու մորը պատվելու մասին։ Ապա խոսում է ավելի կարևոր մի պատվիրանի մասին։ Նա ասում է. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Մատթեոս 19։17–19

Երիտասարդը ասում է. «Ես այդ ամենը պահում եմ։ Էլ ի՞նչ է ինձ պակասում» (Մատթեոս 19։20)։ Նա գուցե մտածում է, որ պետք է ինչ-որ բարի, խիզախ արարք անի հավիտենական կյանքը ստանալու համար։ Զգալով, որ այս երիտասարդը անկեղծ սրտով է այդ հարցը տալիս՝ Հիսուսը «նրա հանդեպ սիրով է լցվում» (Մարկոս 10։21)։ Սակայն կա մի բան, ինչը խանգարում է այս երիտասարդին։

Նրա համար շատ թանկ է իր հարստությունը։ Ուստի Հիսուսն ասում է. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Այո՛, այս երիտասարդը կարող էր իր ունեցվածքը բաժանել աղքատներին և դառնալ Հիսուսի աշակերտը։ Սակայն նա վեր է կենում ու տրտմած հեռանում։ Երիտասարդ իշխանը այնքան է կապված իր հարստությանը՝ իր «շատ ունեցվածքին», որ չի կարողանում տեսնել ճշմարիտ գանձը (Մարկոս 10։21, 22)։ Հիսուսն ասում է. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորություն մտնել» (Ղուկաս 18։24

Աշակերտները զարմանում են՝ լսելով Հիսուսի այդ խոսքերը, ինչպես նաև այն, ինչ նա ասում է այժմ. «Իրականում ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»։ Դա լսելով՝ աշակերտները հարցնում են. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»։ Թերևս նրանք մտածում են, որ եթե փրկության հասնելը այդքան դժվար է, ուրեմն ոչ ոք չի կարող փրկվել։ Ուստի Հիսուսը նայում է նրանց և ասում. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18։25–27

Այդ ժամանակ Պետրոսը ուզում է ցույց տալ, որ իրենք չեն վարվել այդ հարուստ երիտասարդի պես։ Նա ասում է. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Հիսուսն ասում է, թե ինչ կլինի նրանց ընտրության արդյունքը. «Վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին» (Մատթեոս 19։27, 28

Հստակ է, որ Հիսուսը նկատի ունի ապագա ժամանակները, երբ երկրի վրա կլինեն այն նույն դրախտային պայմանները, որ եղել են Եդեմի պարտեզում։ Պետրոսի ու մյուս աշակերտների վարձատրությունը կլինի այն, որ նրանք Քրիստոսի հետ երկնքից կիշխեն երկրի վրա։ Այո՛, նման վարձատրության համար արժե՛ ցանկացած զոհողության գնալ։

Սակայն նրանք օրհնություններ են ստանալու ոչ միայն ապագայում։ Նրանք արդեն այսօր են վայելում որոշ օրհնություններ։ Հիսուսն ասում է. «Չկա մեկը, որ թողած լինի տուն, կին, եղբայրներ, ծնողներ կամ զավակներ Աստծու թագավորության համար, որ այս ժամանակում ինչ-որ ձևով չստանա բազմապատիկը և գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը» (Ղուկաս 18։29, 30

Աշակերտները, որտեղ էլ, որ լինեն, կարող են վայելել իրենց հավատակիցների ընկերակցությունը, որը կարող է ավելի ջերմ ու մտերիմ լինել, քան ընտանիքի անդամների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ըստ ամենայնի, երիտասարդ իշխանը կորցնում է ինչպես այս օրհնությունը, այնպես էլ Աստծու երկնային Թագավորություն մտնելու հնարավորությունը։

Հիսուսն ասում է. «Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ» (Մատթեոս 19։30)։ Ի՞նչ է դա նշանակում։

Երիտասարդ իշխանը «առաջինների» թվում է, քանի որ հրեա առաջնորդներից է։ Եվ քանի որ նա Օրենքի գիտակ է ու պահում է Աստծու պատվիրանները, կարող էր ավելի մեծ հոգևոր առաջադիմություններ ունենալ։ Սակայն նրա կյանքում ամենակարևոր տեղում իր հարստությունն է։ Ի տարբերություն նրան՝ հասարակ ժողովուրդը, լսելով Հիսուսի խոսքերը, գտնում է ճշմարտությունը և կանգնում է կյանքի ճանապարհին։ Նրանք, այսպես ասած, «վերջիններ» են, սակայն հիմա դառնում են «առաջիններ»։ Նրանք հնարավորություն ունեն Հիսուսի հետ նստելու երկնային գահերի վրա և թագավորելու դրախտ-երկրի վրա։