Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 89

Հրեաստան գնալու ճանապարհին ուսուցանում է Պիրեայում

Հրեաստան գնալու ճանապարհին ուսուցանում է Պիրեայում

ՂՈՒԿԱՍ 17։1–10 ՀՈՎՀԱՆՆԵՍ 11։1–16

  • ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԼԻՆԵԼԸ ԼՈՒՐՋ ՍԽԱԼ Է

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԵԼ ՈՒ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՆԱԼ

Հիսուսը արդեն որոշ ժամանակ է, ինչ «Հորդանանի մյուս կողմում» է՝ Պիրեա կոչվող շրջանում (Հովհաննես 10։40)։ Այժմ նա պատրաստվում է գնալ հարավ՝ դեպի Երուսաղեմ։

Նա մենակ չէ։ Նրա հետ են իր աշակերտները, ինչպես նաև մարդկանց «մեծ բազմություն», այդ թվում՝ հարկահավաքներ ու մեղավորներ (Ղուկաս 14։25; 15։1)։ Ներկա են նաև փարիսեցիներն ու դպիրները, որոնք քննադատաբար են վերաբերվում Հիսուսի խոսքերին ու գործերին։ Կորած ոչխարի, կորած որդու, ինչպես նաև հարուստ մարդու և Ղազարոսի մասին Հիսուսի պատմած առակները պետք է որ նրանց մտածելու տեղիք տային (Ղուկաս 15։2; 16։14

Հավանաբար, ի մտի ունենալով իր հակառակորդների քննադատական ու ծաղրական խոսքերը՝ Հիսուսը դիմում է աշակերտներին ու նշում է որոշ մտքեր, որոնց մասին ավելի վաղ խոսել էր Գալիլեայում։

Նա ասում է. «Գայթակղության պատճառներ անխուսափելիորեն պիտի լինեն։ Սակայն վա՜յ նրան, ում միջոցով դրանք կլինեն.... Ուշադրություն դարձրեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը մեղք գործի, սաստիր նրան, իսկ եթե զղջա, ներիր նրան։ Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի քո դեմ և յոթ անգամ հետ դառնա քեզ մոտ ու ասի՝ զղջում եմ, ներիր նրան» (Ղուկաս 17։1–4)։ Հիսուսի նշած վերջին միտքը թերևս Պետրոսին հիշեցնում է մինչև յոթ անգամ ներելու վերաբերյալ իր տված հարցը (Մատթեոս 18։21

Արդյոք աշակերտները կկարողանա՞ն վարվել Հիսուսի սովորեցրածներին ներդաշնակ։ Նրանք Հիսուսին ասում են. «Ավելացրու մեր հավատը»։ Ի պատասխան՝ Հիսուսը նրանց այսպիսի հավաստիացում է տալիս. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «արմատախիլ եղիր և տնկվիր ծովի մեջ», և այն կհնազանդվի ձեզ» (Ղուկաս 17։5, 6)։ Այո՛, ունենալով նույնիսկ մի փոքր հավատ՝ մարդը շատ բան կարող է անել։

Հիսուսը կրկին ընդգծում է, թե որքան կարևոր է խոնարհ լինել ու հավասարակշռված տեսակետ ունենալ սեփական անձի մասին։ Նա ասում է առաքյալներին. «Ձեզանից ո՞վ է նա, որ հերկող կամ հոտը հովվող ծառա ունենա, ու երբ նա դաշտից վերադառնա, նրան ասի. «Եկ ու սեղանի մոտ թիկնիր»։ Փոխարենը՝ մի՞թե չի ասի նրան. «Մի բան պատրաստիր ինձ համար, որ ընթրեմ, և գոգնոց կապիր ու ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»։ Եվ մի՞թե նա ծառային երախտապարտ կլինի այն բանի համար, որ նա իր հանձնարարություններն արեց։ Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»» (Ղուկաս 17։7–10

Աստծու ծառան պետք է հասկանա, որ կարևոր է Աստծու գործը կյանքում առաջին տեղում դնել։ Նաև նա պետք է հիշի, որ Աստծուն երկրպագելը ու նրա ընտանիքի անդամ լինելը մեծ առանձնաշնորհում է։

Շուտով Հիսուսի մոտ գալիս է մի պատգամաբեր, որին ուղարկել են Մարթան և Մարիամը՝ Ղազարոսի քույրերը, որոնք ապրում են Հրեաստանի Բեթանիա գյուղում։ Պատգամաբերն ասում է. «Տե՛ր, նա, որին սիրում ես, հիվանդ է» (Հովհաննես 11։1–3

Լսելով, որ իր ընկերը՝ Ղազարոսը, ծանր հիվանդ է՝ Հիսուսը չի մտահոգվում, այլ ասում է. «Այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի Աստծու Որդին փառավորվի դրանով»։ Նա դեռ երկու օր մնում է այդ վայրում, իսկ հետո ասում է իր աշակերտներին. «Եկեք նորից գնանք Հրեաստան»։ Աշակերտները առարկում են՝ ասելով. «Ռաբբի՛, հրեաները դեռ վերջերս ուզում էին քեզ քարկոծել, և դու նորից այնտե՞ղ ես գնում» (Հովհաննես 11։4, 7, 8

Հիսուսը պատասխանում է. «Չէ՞ որ օրվա մեջ տասներկու ժամ լույս է։ Եթե մեկը այդ ժամանակ է քայլում, նա ոչնչի չի բախվում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը։ Բայց եթե մեկը գիշերով է քայլում, ինչ-որ բանի բախվում է, որովհետև լույս չունի» (Հովհաննես 11։9, 10)։ Նա ակներևաբար նկատի ունի, որ իր ծառայության համար Աստծու սահմանած ժամանակը դեռ չի լրացել։ Ուստի մինչև իր ծառայության ավարտը Հիսուսը պետք է մնացած կարճ ժամանակը լիարժեքորեն օգտագործի։

Ապա Հիսուսը ասում է. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ նրան»։ Աշակերտները թերևս կարծում են, թե Ղազարոսը պարզապես հանգստանում է և շուտով ապաքինվելու է, ուստի ասում են. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասում է. «Ղազարոսը մեռավ.... Եկեք գնանք նրա մոտ» (Հովհաննես 11։11–15

Աշակերտները գիտեն, որ Հիսուսին կարող են սպանել Հրեաստանում, բայցևայնպես ցանկանում են աջակցել նրան։ Ուստի Թովմասը ասում է. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու» (Հովհաննես 11։16