Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 84

Աշակերտ դառնալը լուրջ որոշում է

Աշակերտ դառնալը լուրջ որոշում է

ՂՈՒԿԱՍ 14։25–35

  • ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փարիսեցիների իշխաններից մեկի տանը ճաշելիս Հիսուսը շատ արժեքավոր դաս է սովորեցրել։ Այժմ Հիսուսը շարունակում է իր ճանապարհը դեպի Երուսաղեմ։ Նրան ուղեկցում է մի մեծ ամբոխ։ Ինչո՞ւ են մարդիկ Հիսուսի հետևից գնում։ Արդյո՞ք նրանք անկեղծորեն ցանկանում են դառնալ նրա ճշմարիտ հետևորդը, անկախ նրանից, թե ինչ զոհողություններ կպահանջվի իրենցից։

Ճանապարհին Հիսուսը ասում է մի բան, ինչը ոմանց թերևս շատ է զարմացնում. «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, և իր իսկ հոգին, նա չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14։26)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։

Նա նկատի չունի, թե բոլոր նրանք, ովքեր կդառնան իր հետևորդները, պետք է բառացիորեն ատեն իրենց հարազատներին։ Նրանք պետք է ատեն իրենց հարազատներին այն իմաստով, որ պետք է ավելի քիչ սիրեն նրանց, քան իրեն՝ Հիսուսին։ Նրանք չպետք է նմանվեն մեծ ընթրիքի առակում նշված այն մարդուն, որը մերժեց կարևոր հրավերը՝ պատրվակ բերելով, թե նոր է ամուսնացել (Ղուկաս 14։20)։ Օրինակ՝ հրեաների նախահայր Հակոբի մասին ասվում է, որ նա «ատում էր» Լիային, բայց սիրում էր Ռաքելին, ինչը նշանակում է, որ նա Լիային ավելի քիչ էր սիրում, քան նրա քրոջը Ռաքելին (Ծննդոց 29։31, ծնթ.)։

Ուշադրություն դարձրու, որ Հիսուսն ասում է, որ իր աշակերտը պետք է ատի անգամ «իր իսկ հոգին», կամ՝ կյանքը։ Դա նշանակում է, որ ճշմարիտ հետևորդը պետք է Հիսուսին ավելի շատ սիրի, քան իր կյանքը, նույնիսկ պատրաստ լինի կորցնելու այն, եթե անհրաժեշտ լինի։ Իրոք, Հիսուսի հետևորդը լինելը լուրջ պատասխանատվություն է, որին չպետք է թեթևամտորեն վերաբերվել։ Նախքան այդ որոշումը կայացնելը անհատը պետք է խորությամբ մտածի։

Դառնալով Հիսուսի աշակերտը՝ անհատը գուցե դժվարությունների բախվի ու հալածանքներ կրի, ուստի Հիսուսն ասում է. «Ով որ չի կրում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14։27)։ Այո՛, Հիսուսի ճշմարիտ աշակերտները պետք է պատրաստ լինեն նախատինքներ կրելու, ինչպես որ նա է կրել։ Հիսուսը նույնիսկ ասել է, որ ինքը կսպանվի իր թշնամիների ձեռքով։

Ուստի Հիսուսին ուղեկցող մարդիկ պետք է լրջորեն մտածեն, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի աշակերտը։ Հիսուսը շեշտում է այս միտքը՝ բերելով մի օրինակ. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար։ Այլապես, նա միգուցե հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել» (Ղուկաս 14։28, 29)։ Ուրեմն Հիսուսին ուղեկցող մարդիկ նախքան նրա աշակերտը դառնալը պետք է հաստատապես որոշեն լիարժեքորեն կատարել այդ պատասխանատվությունը։ Նա այս միտքն ընդգծում է՝ բերելով մեկ այլ օրինակ։

Հիսուսն ասում է. «Ո՞ր թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմելու գնալիս նախ չի նստի և չի խորհրդակցի, թե տասը հազարանոց զորքով կկարողանա՞ դիմադրել նրան, որը քսան հազարով է գալիս իր դեմ։ Եթե չի կարող, ապա քանի դեռ մյուսը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղություն կխնդրի»։ Ապա ցույց տալով, թե որն է օրինակի գլխավոր միտքը՝ նա ասում է. «Այսպիսով՝ վստահ եղեք. ձեզանից նա, ով չի հրաժարվում իր ողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14։31–33

Իհարկե, Հիսուսը այս ամենը չի ասում միայն իրեն ուղեկցող մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են հետևել Քրիստոսին, պետք է պատրաստակամորեն անեն այն, ինչ նա ասում է։ Դա նշանակում է, որ Հիսուսի աշակերտը լինելու համար նրանք պետք է պատրաստ լինեն զոհելու ցանկացած բան՝ իրենց ունեցվածքը, նույնիսկ կյանքը։ Իսկապես, սա մի այնպիսի որոշում է, որը կայացնելուց առաջ պետք է լրջորեն մտածել ու աղոթել։

Հիսուսը իր Լեռան քարոզի ժամանակ ասել էր, որ իր աշակերտները «երկրի աղն են» (Մատթեոս 5։13)։ Նա, հավանաբար, նկատի ուներ, որ ինչպես բառացի աղը պահպանիչ ազդեցություն ունի, այնպես էլ իր աշակերտներն են պահպանիչ ազդեցություն ունենում մարդկանց վրա՝ պաշտպանելով նրանց հոգևոր և բարոյական ապականումից։ Այժմ, երբ Հիսուսի ծառայությունը մոտենում է ավարտին, նա ասում է. «Ինչ խոսք, աղը լավ բան է։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը» (Ղուկաս 14։34)։ Այդ օրերում ապրող մարդիկ օգտագործում էին աղի մի տեսակ, որը մաքրված չէր և խառնված էր հողին։ Երբ այդ աղը կորցնում էր իր աղիությունը, այն շատ քիչ բաների համար էր պիտանի լինում։

Ուստի Հիսուսը ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ իր աշակերտներն են, չպետք է թուլացնեն իրենց վճռականությունը։ Եթե թուլացնեն, նրանք կդառնան անպիտան, ինչպես համը կորցրած աղը։ Այդ ժամանակ նրանք աշխարհի համար կարող են դառնալ ծաղրուծանակի առարկա։ Բացի այդ, նրանք կդառնան անպիտան Աստծու առաջ, նույնիսկ նախատինք կբերեն նրա անվանը։ Հիսուսը ասում է, որ պետք է զգույշ լինենք, որ նման վիճակի մեջ չհայտնվենք։ Նա հորդորում է. «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկաս 14։35

Իմացիր ավելին

Ո՞րն է ճշմարիտ կրոնը

Միայն մե՞կ ճշմարիտ կրոն կա։ Քննեք ճշմարիտ կրոնի հինգ բնորոշող նշան։