Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 86

Կորած որդին վերադառնում է

Կորած որդին վերադառնում է

ՂՈՒԿԱՍ 15։11–32

  • ԿՈՐԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

Հիսուսը հավանաբար դեռ Պիրեայում է՝ Հորդանան գետի արևելյան կողմում։ Նա քիչ առաջ պատմել է կորած ոչխարի ու կորած դրախմայի մասին առակները։ Այդ առակների գլխավոր միտքն այն է, որ պետք է ուրախանանք, երբ մեղավոր անհատը զղջում է ու վերականգնում իր լավ փոխհարաբերությունները Աստծու հետ։ Փարիսեցիներն ու դպիրները քննադատում են Հիսուսին այն բանի համար, որ նա սիրով ընդունում է այդպիսի մարդկանց։ Արդյոք այդ կրոնական առաջնորդները ինչ-որ բան սովորո՞ւմ են Հիսուսի պատմած այդ երկու առակից։ Հասկանո՞ւմ են, թե ինչպես է մեր երկնային Հայրը վերաբերվում զղջացող մեղավորներին։ Այժմ Հիսուսը այդ կարևոր միտքը ընդգծելու համար մի հուզիչ առակ է պատմում։

Նա պատմում է մի մարդու մասին, որն ունի երկու որդի։ Կրտսեր որդին առակի գլխավոր կերպարն է։ Փարիսեցիներն ու դպիրները, ինչպես նաև մյուս ունկնդիրները կարող են դաս քաղել այն ամենից, ինչ առակում ասվում է կրտսեր որդու մասին։ Սակայն ուսանելի է նաև այն, ինչ Հիսուսը պատմում է Հոր և ավագ որդու դրսևորած վերաբերմունքի մասին։ Ուստի խորությամբ մտածիր այս երեք անձանց օրինակների շուրջ։

Հիսուսն ասում է. «Մի մարդ երկու որդի ուներ։ Կրտսերն ասաց իր հորը. «Հա՛յր, տուր ինձ քո ունեցվածքից իմ հասանելիքը»։ Եվ հայրն իր ունեցվածքը բաժանեց նրանց միջև» (Ղուկաս 15։11, 12)։ Փաստորեն, կրտսեր որդին իր ժառանգությունը պահանջում է հոր կենդանության ժամանակ, ոչ թե նրա մահից հետո։ Նա իր հասանելիքը հիմա է ուզում, որպեսզի կարողանա անկախ լինել և անել այն, ինչ ցանկանում է։ Իսկ ի՞նչ է նա ցանկանում անել։

Հիսուսը շարունակում է. «Շատ օրեր չանցած՝ կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց ու ճանապարհ ընկավ մի հեռու երկիր և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնեց իր ունեցվածքը» (Ղուկաս 15։13)։ Փոխանակ մնալու տանը՝ այդ ապահով հանգրվանում, որտեղ իր սիրառատ հայրը հոգ է տանում իր մասին ու ապահովում ամեն անհրաժեշտ բանով, որդին գնում է ուրիշ երկիր։ Այնտեղ նա վատնում է իր ողջ ժառանգությունը՝ ապրելով ցոփ ու շվայտ կյանքով և տրվելով անբարո հաճույքների։ Սակայն որոշ ժամանակ հետո նա լուրջ դժվարություններ է ունենում։

Հիսուսը պատմում է. «Երբ նա ամեն բան սպառեց, այդ երկրում սաստիկ սով սկսվեց, և նա կարիքի մեջ հայտնվեց։ Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որ նա վարձի իրեն։ Նա էլ նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին արածեցնելու։ Եվ նա փափագում էր իր քաղցը հագեցնել եղջերենու պատիճներով, որոնք խոզերն էին ուտում, և ոչ ոք նրան ոչինչ չէր տալիս» (Ղուկաս 15։14–16

Կրտսեր որդին այժմ այնպիսի ծանր կացության մեջ է, որ ստիպված է աշխատել որպես խոզապահ, այնինչ Աստծու Օրենքի համաձայն՝ խոզերը անմաքուր կենդանիներ են համարվում։ Նա երկար ժամանակ ուտելու բան չի ունեցել և այնքան քաղցած է, որ նույնիսկ ցանկանում է ուտել այն կերը, որ տալիս են խոզերին։ Հայտնվելով այդպիսի թշվառ ու հուսահատ վիճակում՝ «նա խելքի է գալիս»։ Այդ ժամանակ նա մտածում է. «Քանի՜ վարձկան մարդիկ ունի իմ հայրը, որ առատ հաց ունեն, մինչդեռ ես այստեղ սովից մեռնում եմ։ Վեր կենամ, ճանապարհ ընկնեմ հորս մոտ ու ասեմ նրան. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»»։ Ապա նա վեր է կենում ու գնում իր հոր մոտ (Ղուկաս 15։17–20

Ինչպե՞ս կարձագանքի հայրը, երբ նրա որդին վերադառնա։ Արդյո՞ք նա կզայրանա ու կհանդիմանի իր որդուն այն բանի համար, որ անխոհեմություն դրսևորելով՝ հեռացավ տնից։ Արդյո՞ք անտարբեր ու սառը վերաբերմունք կդրսևորի նրա հանդեպ։ Եթե դու լինեիր հոր փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։ Ի՞նչ կանեիր, եթե քո զավակը այդ կրտսեր որդու պես վարվեր։

 ԿՈՐԱԾ ՈՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Հիսուսը նկարագրում է, թե ինչ է զգում հայրը և ինչպես է վարվում. «Երբ [որդին] դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց» (Ղուկաս 15։20)։ Հայրը ջերմորեն ընդունում է իր որդուն, թեև գուցե լսել է, որ նա անառակ կյանք է վարել։ Հրեա կրոնական առաջնորդները, ովքեր ասում են, թե ճանաչում են ու երկրպագում են Եհովային, այս հոր օրինակից կհասկանա՞ն արդյոք, որ մեր երկնային Հայրը սիրով ընդունում է զղջացող մեղավորներին։ Կամ կհասկանա՞ն, որ Հիսուսը նույնպես այդպիսի ջերմ վերաբերմունք է դրսևորում մարդկանց հանդեպ։

Տեսնելով, թե որքան տխուր ու հուսահատ վիճակում է իր որդին՝ հայրը հասկանում է, որ նա խորապես զղջում է իր արածների համար։ Ու քանի որ հայրը, նախաձեռնություն դրսևորելով, ջերմորեն դիմավորում է որդուն, վերջինիս համար ավելի հեշտ է լինում խոստովանել իր սխալները։ Հիսուսը շարունակում է. «Որդին ասաց. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»» (Ղուկաս 15։ 21

Հայրն ասում է իր ծառաներին. «Իսկույն բերեք ամենալավ պատմուճանը և հագցրեք նրան, ձեռքին մատանի դրեք և ոտքերին սանդալներ հագցրեք։ Բերեք պարարտ ցուլը ու մորթեք, եկեք ուտենք և ուրախանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Հետո նրանք «սկսում են ուրախանալ» (Ղուկաս 15։22–24

Այս ընթացքում ավագ որդին դաշտում է։ Հիսուսը պատմում է, թե ինչ է լինում հետո. «Երբ նա եկավ ու մոտեցավ տանը, երաժշտության ու պարի ձայներ լսեց։ Ծառաներից մեկին կանչեց ու հարցրեց, թե ինչ առիթով են ուրախանում։ Նա էլ ասաց. «Քո եղբայրն է եկել, և հայրդ պարարտ ցուլը մորթեց, քանի որ նա ողջ-առողջ վերադարձել է»։ Նա էլ զայրացավ ու չուզեց ներս մտնել։ Բայց հայրը դուրս եկավ ու սկսեց խնդրել նրան։ Նա էլ ասաց հորը. «Այսքան տարի է ծառայում եմ քեզ ու երբեք քո պատվիրանները չեմ ոտնահարել, բայց դու ինձ մի ուլ անգամ չտվեցիր, որ ընկերներիս հետ զվարճանամ։ Սակայն հենց որ քո այս որդին եկավ, որ պոռնիկների հետ կերավ քո ունեցվածքը,  նրա համար պարարտ ցուլը մորթեցիր»» (Ղուկաս 15։25–30

Վարվելով այս ավագ որդու պես՝ դպիրներն ու փարիսեցիները քննադատում են Հիսուսին այն բանի համար, որ նա ողորմություն և հոգատարություն է դրսևորում հասարակ մարդկանց ու մեղավորների հանդեպ։ Թերևս հենց դա է պատճառը, որ Հիսուսը պատմում է այս առակը։ Անկասկած, ամեն ոք, ով քննադատաբար է վերաբերվում այն բանին, որ Աստված ողորմություն է դրսևորում ինչ-որ մեկի հանդեպ, պետք է դաս քաղի այս առակից։

Հիսուսը ավարտում է այս առակը՝ ասելով, թե ինչ հորդոր է տալիս հայրը իր ավագ որդուն. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես եղել, և իմ ողջ ունեցածը քոնն է, բայց մենք պետք է ուրախանանք ու ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15։31, 32

Հիսուսը չի նշում, թե ի վերջո ինչ է անում ավագ որդին։ Սակայն Հիսուսի մահից ու հարությունից հետո «քահանաների մի մեծ բազմություն ընդունում է հավատը» (Գործեր 6։7)։ Թերևս նրանց թվում են նաև այն կրոնական առաջնորդներից ոմանք, ովքեր լսում են Հիսուսի պատմած այս առակը։ Այո՛, նույնիսկ նրանք են խելքի գալիս, զղջում ու վերականգնում իրենց փոխհարաբերություններն Աստծու հետ։

Հիսուսի աշակերտները պետք է իրենց սրտում պահեն այն կարևոր դասերը, որ Հիսուսը սովորեցրեց այս հիանալի առակի միջոցով։ Առաջին դասն այն է, որ խելամիտ կվարվենք, եթե մնանք Աստծու ժողովրդի մեջ՝ մեր սիրառատ ու հոգատար Հոր թևերի տակ, ոչ թե հեռանանք այդ ապահով հանգրվանից ու «հեռու երկրում» ընկնենք հաճույքների հետևից։

Մյուս դասն այն է, որ եթե երբևէ շեղվենք Աստծուն հաճելի ճանապարհից, ապա պետք է խոնարհաբար վերադառնանք մեր երկնային Հոր մոտ, որպեսզի կրկին արժանանանք նրա հավանությանը։

Իսկ հասկանալու համար, թե որն է երրորդ դասը, կարող ենք հոր ջերմ, ներողամիտ վերաբերմունքը համեմատել ավագ որդու դառնասիրտ, անբարյացակամ վերաբերմունքի հետ։ Անկասկած, Աստծու ծառաները ցանկանում են ներողամիտ լինել ու ջերմորեն ընդունել այն մարդուն, ով թեև շեղվել է ճշմարտության ճանապարհից, բայց անկեղծորեն զղջում է ու վերադառնում «Հոր մոտ»։ Այո՛, այդ ժամանակ մենք պետք է ուրախանանք, որ մեր «եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։

Իմացիր ավելին

«Ըմբռնո՞ւմ ես Գրքերի իմաստը»

Ի՞նչ են նշանակում Հիսուսի՝ սերմնացանի, ուռկանի և անառակ որդու մասին առակները։