Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 63

Այլ խորհուրդներ՝ կարևոր հարցերի հետ կապված

Այլ խորհուրդներ՝ կարևոր հարցերի հետ կապված

ՄԱՏԹԵՈՍ 18։6–20 ՄԱՐԿՈՍ 9։38–50 ՂՈՒԿԱՍ 9։49, 50

  • ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՅԹԱԿՂԵՑՆԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • ԵՐԲ ԵՂԲԱՅՐԴ ՄԵՂՔ Է ԳՈՐԾՈՒՄ

Հիսուսը քիչ առաջ օրինակի միջոցով ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինեն աշակերտները։ Նրանք պետք է լինեն երեխաների նման՝ համեստ ու խոնարհ։ Աշակերտները պետք է ընդունեն «այսպիսի երեխաներին» Հիսուսի անունով, և այդ դեպքում նրանք ընդունած կլինեն նաև Հիսուսին (Մատթեոս 18։5

Քանի որ առաքյալները որոշ ժամանակ առաջ վիճում էին, թե ով է իրենցից մեծը, նրանք Հիսուսի այս խոսքերը թերևս ընդունում են որպես հանդիմանություն։ Այժմ Հովհաննես առաքյալը պատմում է մի դեպք, որը որոշ ժամանակ առաջ էր տեղի ունեցել։ Նա ասում է. «Տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք արգելել նրան, որովհետև նա մեզ հետ չի շրջում» (Ղուկաս 9։49

Հովհաննեսը հավանաբար մտածում է, թե առաքյալները միակն են, ովքեր բուժումներ անելու իշխանություն ունեն, ու թերևս զարմանում է, թե ինչպես է այդ հրեա մարդուն հաջողվում հանել չար ոգիներին։ Հովհաննեսը գուցե այն կարծիքին է, որ այդ մարդը չպետք է այդպիսի զորավոր գործեր անի, քանի որ չի շրջում Հիսուսի ու առաքյալների հետ։

Ի զարմանս Հովհաննեսի՝ Հիսուսն ասում է. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և անմիջապես հետո չարախոսի ինձ, որովհետև նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Ով ձեզ մի բաժակ խմելու ջուր տա այն բանի համար, որ դուք Քրիստոսի հետևորդներն եք, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր վարձը չի կորցնի» (Մարկոս 9։39–41

Այժմ կարիք չկա, որ այդ մարդը շրջի Հիսուսի հետ, որպեսզի ցույց տա, որ նրա կողմն է դիրք բռնում։ Քրիստոնեական ժողովը դեռ չի կազմավորվել, հետևաբար այն փաստը, որ այդ մարդը չի շրջում Հիսուսի հետ, չի նշանակում, որ նա հակառակորդ է կամ կեղծ կրոն է դավանում։ Ակներևաբար, նա հավատ է դրսևորում Հիսուսի անվան հանդեպ, և Հիսուսի վերը նշված խոսքերը ցույց են տալիս, որ այդ մարդը «իր վարձը չի կորցնի»։

Սակայն ի՞նչ կպատահի, եթե առաքյալների խոսքերն ու գործերը գայթակղեցնեն այդ մարդուն։ Հետևանքները շատ լուրջ կլինեն։ Հիսուսն ասում է. «Ով գայթակղեցնի ինձ հավատացող այս փոքրերից մեկին, նրա համար ավելի լավ կլինի, որ նրա վզին մի աղացքար կապվի, և նա ծովը գցվի» (Մարկոս 9։42)։ Այնուհետև Հիսուսն ասում է, որ իր աշակերտները պետք է հրաժարվեն այն ամենից, ինչը կարող է գայթակղեցնել իրենց, նույնիսկ եթե դա իրենց համար այնքան թանկ է, որքան ձեռքը, ոտքը կամ աչքը։ Ավելի լավ է հրաժարվել մեզ համար թանկ բաներից և մտնել Աստծու Թագավորություն, քան կառչել դրանցից և գցվել Գեհենը (Հիննոմի հովիտ)։ Առաքյալները հավանաբար տեսել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող այս հովիտը, որտեղ վառում են աղբը, ուստի նրանց համար հասկանալի է, որ Գեհենը հավիտենական կործանման խորհրդանիշ է։

Հիսուսը նաև նախազգուշացնում է. «Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը»։ Իսկ որքա՞ն թանկ են «այս փոքրերը» Հոր համար։ Հիսուսը բերում օրինակ՝ պատմելով մի մարդու մասին, որը 100 ոչխար ունի, բայց մեկին կորցնում է։ Այդ մարդը թողնում է 99 ոչխարներին և գնում է փնտրելու կորածին։ Եվ երբ գտնում է, ավելի շատ է ուրախանում այդ մեկի համար, քան 99-ի համար։ Հիսուսը ասում է. «Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթեոս 18։10, 14

Հավանաբար ի մտի ունենալով առաքյալների այն վիճաբանությունը, թե իրենցից ով է լինելու մեծը՝ Հիսուսը հորդորում է նրանց. «Աղ ունեցեք ձեր մեջ և իրար միջև խաղաղություն պահպանեք» (Մարկոս 9։50)։ Աղը համ է տալիս ճաշին։ Իսկ խորհրդանշական աղը «համ» է տալիս մեր խոսքերին և օգնում է, որ մարդիկ հեշտությամբ ընդունեն մեր ասածները, և այդպիսով նպաստում է խաղաղությանը (Կողոսացիներ 4։6)։ Դրան հակառակ՝ վեճը խաթարում է խաղաղությունը։

Երբեմն գուցե լուրջ վիճաբանություններ ծագեն, ուստի Հիսուսը սովորեցնում է, թե ինչպես կարելի է հարթել դրանք։ Նա ասում է. «Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը»։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե նա չլսի։ Հիսուսը շարունակում է. «Վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով ամեն բան հաստատվի»։ Իսկ եթե նա այդ մարդկանց էլ չլսի, ապա պետք է ասել «ժողովին», այսինքն՝ երեցներին, ովքեր իրավասու են որոշում կայացնելու։ Իսկ ի՞նչ կլինի, եթե երեցներին էլ չլսի։ Հիսուսն ասում է. «Թող քեզ համար լինի ինչպես այլազգի և հարկահավաք»։ Այսպիսի մարդկանց հետ հրեաները չէին ընկերակցում (Մատթեոս 18։15–17

Ժողովի վերակացուները պետք է սերտորեն հետևեն Աստծու Խոսքում տված առաջնորդությանը։ Եթե նրանք որոշեն, որ անհատը մեղք է գործել և արժանի է պատժի, նրանց որոշումը «երկնքում արդեն կապված կլինի»։ Բայց եթե նրանք որոշեն, որ անհատը մեղք չի գործել, ապա նրանց որոշումը «երկնքում արդեն արձակված կլինի»։ Երբ քրիստոնեական ժողովը կազմավորվի, այս առաջնորդությունը, անկասկած, շատ օգտակար կլինի ժողովի համար։ Նման լուրջ հարցերի քննարկման հետ կապված Հիսուսն ասում է. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ» (Մատթեոս 18։18–20