Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 65

Ուսուցանում է Երուսաղեմ գնալու ճանապարհին

Ուսուցանում է Երուսաղեմ գնալու ճանապարհին

ՄԱՏԹԵՈՍ 8։19–22 ՂՈՒԿԱՍ 9։51–62 ՀՈՎՀԱՆՆԵՍ 7։2–10

  • Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ

  • ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Որոշ ժամանակ Հիսուսը իր գործունեությունը ծավալում է գլխավորապես Գալիլեայում, որտեղ մարդիկ ավելի լավ են արձագանքում իր հայտնած լուրին, քան Հրեաստանում։ Բացի այդ, Երուսաղեմում եղած ժամանակ՝ այն բանից հետո, երբ նա շաբաթ օրը բուժել էր մի մարդու, «հրեաները նրան սպանելու առիթ էին փնտրում» (Հովհաննես 5։18; 7։1

Այժմ մ.թ. 32-ի աշունն է, և մոտենում է Տաղավարների տոնը։ Այս տոնը նշում են յոթ օր, իսկ ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ է լինում։ Տաղավարների տոնը նշանավորում է հողագործական տարվա ավարտը, և մարդիկ այդ ժամանակ ուրախանում են ու իրենց երախտագիտությունն են հայտնում Աստծուն։

Հիսուսի եղբայրները՝ Հակոբոսը, Սիմոնը, Հովսեփը և Հուդան, հորդորում են նրան. «Այստեղից դուրս եկ ու գնա Հրեաստան»։ Երուսաղեմը երկրի կրոնական կենտրոնն է, և տարեկան երեք տոների ժամանակ այնտեղ շատ մարդ է հավաքվում։ Ուստի Հիսուսի եղբայրներն ասում են. «Ով որ ուզում է ճանաչված լինել, ոչ մի բան թաքուն չի անում։ Եթե դու անում ես այդ բաները, ինքդ քեզ հայտնի դարձրու աշխարհին» (Հովհաննես 7։3, 4

Հիսուսի «եղբայրները իրականում չեն հավատում», որ նա Մեսիան է։ Այդուհանդերձ ցանկանում են, որ Հիսուսը զորավոր գործեր անի տոնի առիթով հավաքված մարդկանց առաջ։ Սակայն Հիսուսը գիտի, որ իրեն այնտեղ վտանգ է սպառնում, ուստի ասում է. «Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի, բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, որ նրա գործերը չար են։ Դուք գնացեք տոնին, ես դեռ չեմ գա, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել» (Հովհաննես 7։5–8

Հիսուսի եղբայրները Երուսաղեմ գնացողների հիմնական խմբի հետ են մեկնում, իսկ Հիսուսը իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում դրանից մի քանի օր հետո։ Սակայն դա անում է գաղտնի, որ մարդիկ չիմանան։ Հորդանան գետի մոտով անցնող հիմնական ճանապարհով գնալու փոխարեն՝ նրանք գնում են Սամարիայի միջով անցնող ավելի կարճ ուղով։ Հիսուսին ու իր աշակերտներին Սամարիայում գիշերելու տեղ է հարկավոր, ուստի Հիսուսը մարդիկ է ուղարկում, որ այնտեղ պատրաստություն տեսնեն մինչև իրենց հասնելը։ Սամարիայի մի բնակավայրում մարդիկ չեն ընդունում Հիսուսին ու նրա աշակերտներին և հյուրասիրություն չեն ցուցաբերում նրանց հանդեպ, քանի որ իմանում են, որ նրանք գնում են Երուսաղեմ՝ հրեական տոնին մասնակցելու։ Այդ ժամանակ Հակոբոսն ու Հովհաննեսը զայրացած ասում են. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝ ասենք, որ երկնքից կրակ իջնի ու ոչնչացնի նրանց» (Ղուկաս 9։54)։ Հիսուսը հանդիմանում է նրանց այդպիսի բան առաջարկելու համար։ Ապա նրանք շարունակում են իրենց ճանապարհը։

Ճանապարհին մի դպիր մոտենում է Հիսուսին ու ասում. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, քո հետևից կգամ»։ Հիսուսն էլ նրան պատասխանում է. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթեոս 8։19, 20)։ Նա ուզում է ասել, որ դառնալով իր հետևորդը՝ այդ մարդը շատ նեղություններ կունենա։ Ըստ երևույթին, դպիրը հպարտ անձնավորություն է, և չի կարող հարմարվել այդպիսի կյանքին։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հարցնել ինքն իրեն. «Սրտանց ցանկանո՞ւմ եմ հետևել Հիսուսին»։

Հետո Հիսուսը հանդիպում է մեկ ուրիշ մարդու և ասում. «Իմ հետևո՛րդը դարձիր»։ Նա էլ պատասխանում է. «Թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»։ Հիսուսը գիտի այդ մարդու հանգամանքները, ուստի ասում է նրան. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա և ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակիր» (Ղուկաս 9։59, 60)։ Այդ մարդու հայրը, ակներևաբար, դեռ չի մահացել։ Եթե հայրը մահացած լիներ, որդին հազիվ թե այդտեղ Հիսուսի հետ զրուցելիս լիներ։ Պարզապես այդ մարդը դեռ պատրաստ չէ Աստծու Թագավորությունը իր կյանքում առաջին տեղում դնել։

Երբ Հիսուսն ու իր աշակերտները իջնում են Երուսաղեմ տանող ճանապարհով, մեկ ուրիշ մարդ ասում է Հիսուսին. «Ես քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թույլ տուր, որ հրաժեշտ տամ իմ տան անդամներին»։ Հիսուսը պատասխանում է. «Ով որ ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար» (Ղուկաս 9։61, 62

Նրանք, ովքեր ուզում են Հիսուսի աշակերտը լինել, պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Թագավորության գործի վրա։ Եթե վար անող մարդը շարունակ առաջ չնայի, ակոսը ծուռ կլինի։ Իսկ եթե նա արորը ցած դնի, որ տեսնի՝ ինչ կա հետևում, ապա գործը հետ կընկնի։ Նմանապես, եթե ինչ-որ մեկը «հետ նայի» այս չար համակարգում եղած բաներին, գուցե սայթաքի ու շեղվի հավիտենական կյանք տանող ճանապարհից։