Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 40

Ներողամտության դաս

Ներողամտության դաս

ՂՈՒԿԱՍ 7։36–50

  • ՄԵՂԱՎՈՐ ԿԻՆԸ ՀԻՍՈՒՍԻ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ՅՈՒՂ Է ԼՑՆՈՒՄ

  • ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ՕՐԻՆԱԿՈՎ ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՆԵՐՈՂԱՄԻՏ ԼԻՆԵԼ

Մարդիկ տարբեր կերպով են արձագանքում Հիսուսի խոսքերին ու գործերին, քանի որ նրանց սրտի վիճակը տարբեր է։ Եվ դա հստակ է դառնում Գալիլեայում տեղի ունեցած մի դեպքից։ Սիմոն անունով մի փարիսեցի Հիսուսին ճաշի է հրավիրում՝ հավանաբար, ցանկանալով ավելի մոտիկից ճանաչել նրան, ով զորավոր գործեր է անում։ Հիսուսը այս հրավերը համարում է ներկաներին քարոզելու լավ առիթ, ուստի ընդունում է այն, ինչպես որ նախկինում ընդունել է մաքսահավաքների ու մեղավորների հրավերը։

Սակայն Հիսուսը չի արժանանում այն ջերմ ընդունելությանը, որը սովորաբար դրսևորվում է հյուրերի հանդեպ։ Պաղեստինի փոշոտ ճանապարհներով անցնելիս մարդկանց ոտքերը սանդալների մեջ հաճախ շոգում ու կեղտոտվում են, ուստի հյուրընկալության սովորության համաձայն՝ հյուրերի ոտքերը սառը ջրով լվանում են։ Սակայն Հիսուսի ոտքերը չեն լվանում։ Բացի այդ, նրան ողջունելիս չեն համբուրում և գլխի վրա յուղ չեն լցնում, ինչը նույնպես ընդունված սովորություն է և բարության դրսևորում։ Ակնհայտ է, որ Հիսուսին չեն ընդունում ինչպես հարկն է։

Երբ բոլոր ներկաները սեղանի շուրջ թիկնած ճաշում են, ներս է մտնում մի կին, որին ոչ ոք չէր հրավիրել։ Նա «այդ քաղաքում ճանաչված է որպես մեղավոր» (Ղուկաս 7։37)։ Ինչ խոսք, բոլոր անկատար մարդիկ էլ մեղավոր են, սակայն այս կինը անբարո կյանքով է ապրում. հավանաբար նա մարմնավաճառ է։ Ակներևաբար, նա տեղյակ է, թե ինչ է սովորեցնում Հիսուսը և լսել է նրա հրավերը այն մասին, որ բոլոր «բեռնավորվածները» կարող են գալ նրա մոտ ու «թարմություն գտնել» (Մատթեոս 11։28, 29)։ Թերևս այդ կնոջը շատ են տպավորել Հիսուսի խոսքերն ու գործերը, ուստի նա եկել է անձամբ տեսնելու նրան։

Այդ կինը հետևից մոտենում է Հիսուսին և ծնկի է գալիս նրա ոտքերի մոտ։ Նա լաց է լինում, նրա արցունքները թափվում են Հիսուսի ոտքերի վրա, և նա իր մազերով սրբում է դրանք։ Ապա քնքշորեն համբուրում է նրա ոտքերը և իր բերած անուշահոտ յուղը լցնում է դրանց վրա։ Սիմոնին դուր չի գալիս այս ամենը, և նա մտքում ասում է. «Եթե այս մարդը մարգարե լիներ, կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է իրեն դիպչողը, և որ նա մեղավոր է» (Ղուկաս 7։39

Իմանալով, թե ինչ է մտածում Սիմոնը՝ Հիսուսն ասում է. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Նա էլ պատասխանում է. «Ասա՛, Ուսուցի՛չ»։ Հիսուսը շարունակում է. «Երկու մարդ պարտք էին մի պարտատիրոջ. մեկը պարտք էր հինգ հարյուր դինար, մյուսը՝ հիսուն։ Եվ քանի որ նրանք ոչինչ չունեին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց։ Նրանցից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»։ Թերևս փոքր-ինչ անտարբերությամբ Սիմոնը պատասխանում է. «Կարծում եմ՝ նա, որին ավելի շատ ներեց» (Ղուկաս 7։40–43

Հիսուսը համաձայնվում է նրա խոսքերին և ապա նայելով կնոջը՝ Սիմոնին ասում է. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես քո տուն մտա, դու ոտքերս լվանալու համար ջուր չտվիր, բայց այս կինը իմ ոտքերը արցունքներով թրջեց և մազերով սրբեց։ Դու ինձ մի համբույր էլ չտվիր, բայց այս կինը, ինչ մտել եմ այստեղ, չդադարեց ոտքերս համբուրելուց։ Դու իմ գլուխը չօծեցիր յուղով, բայց այս կինը իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց»։ Հիսուսը հասկանում է, որ կինը այդ արարքով ուզում է ցույց տալ, որ խորապես զղջում է իր անբարո կյանքի համար։ Ուստի ասում է. «Նրա մեղքերը, թեպետև շատ են, բայց ներված են, որովհետև նա շատ սիրեց. իսկ ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում» (Ղուկաս 7։44–47

Հիսուսը չի արդարացնում անբարոյությունը, այլ կարեկցանք և հասկացողություն է դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր թեպետ լուրջ մեղքեր են գործել, սակայն իրենց գործերով ցույց են տալիս, որ զղջում են և գալիս են իր մոտ՝ օգնություն ստանալու։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ մեծ թեթևություն է զգում այս կինը, երբ Հիսուսն ասում է նրան. «Քո մեղքերը ներված են.... քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ» (Ղուկաս 7։48, 50