Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 50

Նախապատրաստում է հալածանքների

Նախապատրաստում է հալածանքների

ՄԱՏԹԵՈՍ 10։16–11։1 ՄԱՐԿՈՍ 6։12, 13 ՂՈՒԿԱՍ 9։6

  • ՀԻՍՈՒՍԸ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԵՎ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՔԱՐՈԶԵԼՈՒ

Հիսուսը իր առաքյալներին հրահանգներ է տվել այն մասին, թե ինչպես նրանք պետք է կատարեն քարոզչական գործը։ Այժմ Հիսուսը նախազգուշացնում է նրանց, որ հակառակության կբախվեն։ Նա ասում է. «Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ.... Զգուշացեք մարդկանցից, որովհետև նրանք կմատնեն ձեզ դատարաններին և կխարազանեն ձեզ իրենց ժողովարաններում։ Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ» (Մատթեոս 10։16–18

Այո՛, Հիսուսի աշակերտները գուցե ուժգին հալածանքների ենթարկվեն, սակայն Հիսուսը վստահեցնում է նրանց. «Երբ նրանք մատնեն ձեզ դատարաններին, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով»։ Ապա Հիսուսը շարունակում է. «Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, և հայրը՝ իր զավակին, և զավակները վեր կկենան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց։ Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից, բայց ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթեոս 10։19–22

Քանի որ քարոզչությունը շատ կարևոր գործ է, Հիսուսն ասում է, որ իր հետևորդները պետք է զգուշություն դրսևորեն, որ կարողանան ազատության մեջ մնալ և շարունակեն քարոզել։ Նա ասում է. «Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. չեք հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա» (Մատթեոս 10։23

Հիսուսը շատ կարևոր հրահանգներ և նախազգուշացումներ է տալիս իր 12 առաքյալներին և քաջալերական խոսքեր է ասում նրանց։ Սակայն այդ հրահանգներն ու նախազգուշացումները ոչ միայն առաքյալների համար են, այլև նրանց համար, ովքեր Հիսուսի մահից ու հարությունից հետո կմասնակցեն քարոզչական գործին։ Սա հստակ երևում է Հիսուսի այն խոսքերից, որ իր աշակերտները «ատված կլինեն բոլորի կողմից», ոչ թե միայն այն մարդկանց կողմից, ում մոտ առաքյալները ուղարկվում են քարոզելու։ Բացի այդ, Գալիլեայում կատարած կարճ քարոզչական գործունեության ժամանակ առաքյալներին չեն տանում կառավարիչների ու թագավորների մոտ, և նրանցից ոչ ոք մահվան չի մատնվում իր ընտանիքի անդամների կողմից։

Հստակ է, որ այդ խոսքերն ասելով՝ Հիսուսը նկատի ունի ապագա իրադարձությունները։ Իր աշակերտներին ասելով, որ նրանք «չեն հասցնի անցնել Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա»՝ Հիսուսը ուզում է ցույց տալ, որ իր աշակերտները չեն հասցնի ավարտել Աստծու Թագավորության բարի լուրի քարոզչությունը, երբ ինքը՝ փառավորված Թագավոր Հիսուս Քրիստոսը, կգա որպես Աստծու Դատավոր։

Առաքյալները չպետք է անակնկալի գան, երբ քարոզչական գործը կատարելիս բախվեն հակառակության։ Հիսուսն ասում է նրանց. «Աշակերտը բարձր չէ իր ուսուցչից, ոչ էլ ծառան է բարձր իր տիրոջից»։ Քանի որ Աստծու Թագավորության լուրը քարոզելիս Հիսուսը բախվում է ճնշումների ու հալածանքների, հետևաբար նույն վերաբերմունքին կարժանանան նաև իր հետևորդները։ Սակայն Հիսուսը հորդորում է. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում» (Մատթեոս 10։24, 28

Այս հարցում Հիսուսը հրաշալի օրինակ է։ Նա անվախորեն մահ ճաշակեց և չգնաց փոխզիջումների՝ հավատարիմ մնալով Նրան, ում ձեռքում է ողջ զորությունը՝ Եհովա Աստծուն։ Միայն Ամենակարող Աստված կարող է կործանել մարդու «հոգին» (ապագա կյանքի հեռանկարը) կամ հարություն տալ նրան, որ վայելի հավիտենական կյանքը։ Անկասկած, Հիսուսի այդ խոսքերը շատ քաջալերական են առաքյալների համար։

Ապա Հիսուսը մի օրինակ է բերում ցույց տալու համար իր աշակերտներին, թե որքան շատ է Աստված սիրում նրանց։ Նա ասում է. «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության.... Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք» (Մատթեոս 10։29, 31

Հիսուսի աշակերտների քարոզած լուրը ընտանիքների մեջ բաժանություն է մտցնելու. տան անդամներից ոմանք ընդունելու են այդ լուրը, իսկ ոմանք չեն ընդունելու։ Հիսուսն ասում է. «Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա»։ Ուստի աստվածաշնչյան ճշմարտությունը ընդունելու համար անհատից քաջություն է պահանջվում։ Հիսուսն ասում է. «Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ, և ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ» (Մատթեոս 10։34, 37

Սակայն, ինչ խոսք, կլինեն մարդիկ, ովքեր լավ կվերաբերվեն իր աշակերտներին։ Հիսուսն ասում է. «Ով որ այս փոքրերից մեկին ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս խմելու, քանի որ նա աշակերտ է, ճշմարիտ ասում եմ ձեզ, չի կորցնի իր վարձատրությունը» (Մատթեոս 10։42

Լսելով Հիսուսի հրահանգները, նախազգուշացումներն ու քաջալերական խոսքերը՝ առաքյալները սկսում են «շրջել գյուղից գյուղ՝ ամեն տեղ բարի լուրը քարոզելով և բուժումներ անելով» (Ղուկաս 9։6

Իմացիր ավելին

Ուրախությամբ տոկա դժվարություններին

Իմացիր, թե ինչն օգնեց Պողոսին ու Շիղային պահելու իրենց ուրախությունը՝ չնայած հալածանքին։