Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 44

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

ՄԱՏԹԵՈՍ 8։18, 23–27 ՄԱՐԿՈՍ 4։35–41 ՂՈՒԿԱՍ 8։22–25

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՆԴԱՐՏԵՑՆՈՒՄ Է ՓՈԹՈՐԻԿԸ ԳԱԼԻԼԵԱՅԻ ԾՈՎՈՒՄ

Հիսուսը երկար ու հագեցած օր է անցկացրել։ Երեկոյան նա ասում է իր աշակերտներին. «Եկեք մյուս ափը անցնենք» (Մարկոս 4։35)։ Նա ցանկանում է Կափառնայումից Գալիլեայի ծովով անցնել դիմացի ափը։

Գալիլեայի ծովի արևելյան ափին գտնվում է գերասացիների երկիրը, որը Դեկապոլիս կոչվող շրջանի մի մասն է։ Դեկապոլիսի քաղաքները հանդիսանում են հունական մշակույթի կենտրոն՝ չնայած որ այնտեղ շատ հրեաներ են ապրում։

Հիսուսի ու իր աշակերտների մեկնումը Կափառնայումից աննկատ չի մնում մարդկանց աչքից։ Շատերը իրենց նավակներով գնում են նրանց հետևից (Մարկոս 4։36)։ Հանդիպակաց ափը շատ հեռու չէ։ Գալիլեայի ծովը իրականում մեծ ու քաղցրահամ լիճ է։ Այն ունի մոտ 21 կմ երկարություն և մոտ 11 կմ լայնություն։ Լիճը բավականին խորն է։

Հիսուսը կատարյալ անձնավորություն է, սակայն միանգամայն հասկանալի է, որ իր բուռն գործունեությունից հետո նա շատ է հոգնել։ Ուստի ափից հեռանալուն պես Հիսուսը պառկում է նավի հետևի մասում և գլուխը դնելով բարձին՝ խոր քուն է մտնում։

Առաքյալներից ոմանք փորձառու նավաստիներ են, բայց նրանք լուրջ դժվարության են բախվում այս նավարկության ընթացքում։ Գալիլեայի ծովը շրջապատված է լեռներով։ Ծովի մակերևույթի մոտ հիմնականում օդը տաք է։ Երբեմն լեռներից եկող սառը հոսանքները բախվում են տաք օդին՝ առաջ բերելով հանկարծակի և սաստիկ փոթորիկներ։ Այժմ այդպիսի մի փոթորիկ է վրա հասնում։ Հողմակոծ ալիքները ուժգին հարվածում են նավակին, և այն սկսում է ջրով լցվել։ Նավակի մեջ գտնվողները վտանգի մեջ են հայտնվում (Ղուկաս 8։23)։ Այդ ընթացքում Հիսուսը դեռ քնած է։

Նավաստիները ամբողջ ուժով փորձում են ղեկավարել նավակը՝ գործի դնելով փոթորիկներին դիմագրավելու իրենց հարուստ փորձը։ Սակայն այս անգամ փոթորիկը ուժգին է։ Վախենալով, որ կկորցնեն իրենց կյանքը՝ նրանք արթնացնում են Հիսուսին և ասում. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք» (Մատթեոս 8։25)։ Աշակերտները վախենում են, որ կխորտակվեն։

Հիսուսն արթնանում է և առաքյալներին ասում. «Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր» (Մատթեոս 8։26)։ Ապա սաստում է քամուն ու ծովին՝ ասելով. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր» (Մարկոս 4։39)։ Կատաղի քամին դադարում է, և ծովը հանդարտվում է։ (Մարկոսն ու Ղուկասը այս իրադարձությունը նկարագրելիս նախ նշում են, որ Հիսուսը հրաշքով հանդարտեցնում է փոթորիկը, և ապա հիշատակում են աշակերտների թերահավատության մասին։)

Միայն պատկերացրու, թե ինչպիսի ազդեցություն է թողնում այս դեպքը Հիսուսի աշակերտների վրա։ Տեսնելով, թե ինչպես է մոլեգնած ծովը մի ակնթարթում հանդարտվում՝ աշակերտները համակվում են վախով և ասում են իրար. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան»։ Շուտով նրանք ապահով հասնում են հանդիպակաց ափը (Մարկոս 4։41–5։1)։ Մյուս նավակները, որ ծով էին դուրս եկել նրանց հետևից, հավանաբար հետ են դարձել արևմտյան ափ։

Անչափ մխիթարական է իմանալ, որ Աստծու Որդին իշխանություն ունի բնության ուժերի վրա։ Երբ երկրի վրա սկսի իշխել Հիսուսի Թագավորությունը, բոլորը կապրեն ապահովության մեջ, քանի որ բնական աղետներ այլևս չեն լինի։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ո՞վ է Աստծու Թագավորության թագավորը, և ի՞նչ է իրագործելու այդ Թագավորությունը։

«Քրիստոսը Աստծու զորությունն է»

Հիսուս Քրիստոսի հրաշքներից ու սովորեցրածներից ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին։