Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 54

Հիսուսը «կյանքի հացն է»

Հիսուսը «կյանքի հացն է»

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6։25–48

  • ՀԻՍՈՒՍԸ «ԵՐԿՆՔԻՑ ԻՋԱԾ ՀԱՑՆ» Է

Գալիլեայի ծովի արևելյան կողմում Հիսուսը հրաշքով կերակրել էր հազարավոր մարդկանց և ապա հեռացել էր, որ մարդիկ իրեն թագավոր չդարձնեն։ Այդ գիշեր նա քայլել էր ջրի վրայով և փրկել Պետրոսին, որը սկսել էր խորտակվել ջրի վրայով քայլելիս։ Հիսուսը նաև հանդարտեցրել էր քամին։

Այժմ Հիսուսը վերադարձել է Գալիլեայի ծովի արևմտյան կողմը՝ Կափառնայումի տարածք։ Այն մարդիկ, ում նա հրաշքով կերակրել էր, գտնում են նրան և ասում. «Ե՞րբ եկար այստեղ»։ Հանդիմանելով նրանց՝ Հիսուսը ասում է, որ նրանք փնտրում են իրեն միայն այն բանի համար, որ ինքը նորից կերակրի նրանց։ Հիսուսը հորդորում է նրանց, որ «աշխատեն ոչ թե կորչող ուտելիքի համար, այլ այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս»։ Ուստի այդ մարդիկ հարցնում են. «Ի՞նչ անենք, որ Աստծուն հաճելի գործեր անենք» (Հովհաննես 6։25–28

Նրանք գուցե մտածում են այն «գործերի» մասին, որոնք հարկավոր է անել ըստ Օրենքի, սակայն Հիսուսը խոսում է մի «գործի» մասին, որն ամենակարևորն է։ Նա ասում է. «Աստծուն հաճելի գործն այն է, որ դուք հավատաք նրան, ում նա ուղարկեց»։ Սակայն մարդիկ, չնայած Հիսուսի կատարած զորավոր գործերին, չեն հավատում նրան։ Նրանք պահանջում են, որ Հիսուսը մի նշան ցույց տա իրենց, որ կարողանան հավատալ նրան։ Ուստի հարցնում են. «Դու ի՞նչ կանես»։ Ապա ավելացնում են. «Մեր նախահայրերը մանանան կերան անապատում, ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց ուտելու»» (Հովհաննես 6։29–31; Սաղմոս 78։24

Ի պատասխան նշանի հետ կապված մարդկանց խնդրանքին՝ Հիսուսը հստակ ցույց է տալիս, թե ով է իրականում հրաշքների Աղբյուրը։ Նա ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ թե Մովսեսը ձեզ հաց տվեց երկնքից, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից։ Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։ Չհասկանալով Հիսուսի խոսքերը՝ նրանք ասում են. «Տե՛ր, միշտ տուր մեզ այդ հացը» (Հովհաննես 6։32–34)։ Իսկ ի՞նչ հացի մասին է խոսում Հիսուսը։

Նա բացատրում է. «Ե՛ս եմ կյանքի հացը։ Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի։ Բայց ինչպես արդեն ասել եմ ձեզ՝ թեև դուք ինձ տեսնում եք, սակայն չեք հավատում.... Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ես ոչ մեկին չկորցնեմ նրանցից, ում նա տվել է ինձ, այլ որ հարություն տամ վերջին օրը, որովհետև սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 6։35–40

Լսելով Հիսուսի խոսքերը՝ հրեաները խիստ զայրանում են և «սկսում են տրտնջալ նրա դեմ, որովհետև ասաց, թե՝ «ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»» (Հովհաննես 6։41)։ Նրանց համար Հիսուսը սովորական մարդ է, որի ծնողները Գալիլեայի Նազարեթ քաղաքից են։ Նրանք ասում են. «Սա Հովսեփի որդի Հիսուսը չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք» (Հովհաննես 6։42

Հիսուսն էլ ասում է. «Բավակա՛ն է տրտնջաք։ Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան, և վերջին օրը ես նրան հարություն կտամ։ Մարգարեների գրվածքներում գրված է. «Նրանք բոլորը Եհովայից ուսուցանված կլինեն»։ Ամեն ոք, ով լսում է Հորը և սովորում է, ինձ մոտ է գալիս։ Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը տեսել է Հորը. միայն նա է տեսել Հորը, ով Աստծուց է։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 6։43–47; Եսայիա 54։13

Ավելի վաղ՝ Նիկոդեմոսի հետ խոսելիս, Հիսուսը ցույց էր տվել, որ հավիտենական կյանքը կախված է մարդու Որդու հանդեպ հավատ դրսևորելուց։ Նա ասել էր. «Ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա [Աստծու միածին Որդու] հանդեպ, չի կործանվի, այլ հավիտենական կյանք կունենա» (Հովհաննես 3։15, 16)։ Սակայն այս պահին նա ավելի մեծ թվով մարդկանց հետ է խոսում և ասում է, որ իր միջոցով նրանք կարող են հավիտենական կյանք ունենալ։ Ո՛չ մանանան և ո՛չ էլ ցանկացած ուրիշ հաց չի կարող նրանց հավիտենական կյանք տալ։ Ուստի Հիսուսը նորից կրկնում է. «Ես եմ կյանքի հացը» (Հովհաննես 6։48

Այս թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են, երբ Հիսուսը ուսուցանում է Կափառնայումի ժողովարանում։