Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 20

Երկրորդ հրաշքը Կանայում

Երկրորդ հրաշքը Կանայում

ՄԱՐԿՈՍ 1։14, 15 ՂՈՒԿԱՍ 4։14, 15 ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։43–54

  • ՀԻՍՈՒՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է, ՈՐ «ՄՈՏԵՑԵԼ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՊԱԼԱՏԱԿԱՆԻ ՈՐԴՈՒՆ

Սամարիայում երկու օր անցկացնելուց հետո Հիսուսը ուղևորվում է դեպի իր հայրենի շրջան՝ Գալիլեա։ Հրեաստանում նա լայնածավալ քարոզչական գործունեություն էր իրականացրել։ Սակայն նա գալիս է Գալիլեա ոչ թե հանգստանալու համար, այլ որ ավելի շատ ծառայի իր հայրենիքում։ Հիսուսը չի ակնկալում, որ իրեն լավ կընդունեն այստեղ, քանի որ, ինչպես ինքն էր ասել, «մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում» (Հովհաննես 4։44)։ Իսկ աշակերտները, նրա հետ մնալու փոխարեն, վերադառնում են իրենց հարազատների մոտ ու զբաղվում են նախկին գործերով։

Ինչի՞ մասին է սկսում քարոզել Հիսուսը։ Նա ասում է. «Մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին» (Մարկոս 1։15)։ Իսկ ինչպե՞ս են արձագանքում մարդիկ։ Գալիլեացիներից շատերը լավ են ընդունում Հիսուսին և պատիվ են տալիս նրան։ Պատճառը միայն նրա հաղորդած լուրը չէ։ Ամիսներ առաջ նրանցից ոմանք Երուսաղեմում ներկա են եղել Պասեքի տոնին ու ականատես են եղել նրա կատարած հրաշքներին (Հովհաննես 2։23

Գալիլեայում իր լայնածավալ ծառայությունը Հիսուսը սկսում է ակներևաբար Կանայից, որտեղ նա մի անգամ հարսանեկան խնջույքի ժամանակ ջուրը գինի էր դարձրել։ Երկրորդ անգամ է, որ Հիսուսը գալիս է Կանա։ Այդ ընթացքում ծանր հիվանդության պատճառով մահամերձ վիճակում է հայտնվում Հերովդես Անտիպաս թագավորի պալատականներից մեկի որդին (հենց այս թագավորն է հետագայում գլխատում Հովհաննես Մկրտչին)։ Այդ պալատականը, լսելով, որ Հիսուսը եկել է Կանա, անմիջապես Կափառնայումից գնում է այնտեղ, որ տեսնի Հիսուսին։ Նա ընկճված ու դառնացած աղաչում է Հիսուսին. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ երեխաս չի մահացել» (Հովհաննես 4։49

Հիսուսն ասում է մի բան, ինչը հավանաբար զարմացնում է այդ մարդուն. «Գնա՛, քո որդին ողջ է» (Հովհաննես 4։50)։ Հերովդեսի պալատականը հավատում է Հիսուսի խոսքերին և վերադառնում է տուն։ Երբ նա դեռ ճանապարհին է, նրա ծառաները շտապելով ընդառաջ են գալիս և ուրախությամբ հայտնում, որ նրա որդին ապաքինվել է։ Պալատականը հարցնում է, թե որ ժամին է նա ապաքինվել, որպեսզի հասկանա, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Նրանք էլ ասում են. «Երեկ՝ յոթերորդ ժամին, ջերմությունը թողեց» (Հովհաննես 4։52

Պալատականը հասկանում է, որ դա հենց այն ժամն էր, երբ Հիսուսն ասաց. «Քո որդին ողջ է»։ Դրանից հետո թե՛ այդ մարդը, որը հարուստ էր և շատ ծառաներ ուներ, և թե՛ նրա ողջ ընտանիքը դառնում են Քրիստոսի աշակերտները։

Այսպիսով Հիսուսը Կանայում երկրորդ անգամ է հրաշք գործում. առաջին անգամ նա ջուրը գինի դարձրեց, իսկ երկրորդ անգամ մոտ 25 կիլոմետր հեռավորությունից բուժեց մի տղայի։ Ինչ խոսք, Հիսուսը միայն այս երկու հրաշքը չի գործել։ Սակայն այս վերջին հրաշքը ուշագրավ է նրանով, որ այդպես Հիսուսը սկսում է իր մեծածավալ ծառայությունը Գալիլեայում։ Նա, անկասկած, Աստծու կողմից նշանակված մարգարե է, բայց արդյո՞ք այդ «մարգարեն պատիվ կունենա իր հայրենիքում»։

Դա հստակ կլինի այն ժամանակ, երբ Հիսուսը գնա տուն՝ Նազարեթ։ Ի՞նչ է նրան սպասում այնտեղ։