Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 61

Հիսուսը բուժում է մի դիվահար տղայի

Հիսուսը բուժում է մի դիվահար տղայի

ՄԱՏԹԵՈՍ 17։14–20 ՄԱՐԿՈՍ 9։14–29 ՂՈՒԿԱՍ 9։37–43

  • ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏ ԷՐ ՀԱՐԿԱՎՈՐ ԴԻՎԱՀԱՐ ՏՂԱՅԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբ Հիսուսը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը իջնում են սարից, տեսնում են մարդկանց մի մեծ բազմություն։ Ակներևաբար, ինչ-որ բան է պատահել։ Աշակերտների շուրջը դպիրներ են հավաքվել և վիճում են նրանց հետ։ Հիսուսին տեսնելով՝ մարդիկ զարմանում են և վազում են նրան ընդառաջ, որ ողջունեն նրան։ Հիսուսը հարցնում է. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ» (Մարկոս 9։16

Բազմության միջից մի մարդ մոտենում է Հիսուսին, ծնկի է գալիս նրա առաջ ու ասում. «Ուսուցի՛չ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որովհետև համր ոգի ունի, և որտեղ որ բռնում է նրան, գետին է զարկում, և նրա բերանը փրփրում է, ու նա ատամները կրճտացնում է և ուժասպառ է լինում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան» (Մարկոս 9։17, 18

Հավանաբար, դպիրները քննադատում են աշակերտներին այն բանի համար, որ նրանք չեն կարողացել բուժել տղային, ու թերևս ծաղրում են նրանց։ Ուստի Հիսուսը, վշտահար հորը պատասխանելու փոխարեն, դիմում է բազմությանը՝ ասելով. «Ո՜վ անհավատ ու ապականված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ»։ Այս խիստ խոսքերը, անկասկած, ուղղված են դպիրներին, որոնք Հիսուսի բացակայության ժամանակ դժվարին կացության մեջ էին գցել աշակերտներին։ Ապա Հիսուսը, դիմելով տղայի հորը, ասում է. «Ինձ մոտ բերեք նրան» (Մատթեոս 17։17

Երբ տղան մոտենում է, դևը նրան գետին է զարկում և ուժգին ցնցում։ Տղան գետնին ընկած թավալվում է, ու նրա բերանից փրփուր է դուրս գալիս։ Հիսուսը տղայի հորը հարցնում է. «Որքա՞ն ժամանակ է, որ այս բանը նրա հետ տեղի է ունենում»։ Հայրն էլ պատասխանում է. «Մանկությունից։ Շատ անգամ ոգին գցել է նրան կրակի ու ջրի մեջ, որ սպանի»։ Ապա հայրը աղերսում է Հիսուսին. «Բայց եթե կարող ես որևէ բան անել, խղճա՛ մեզ և օգնի՛ր» (Մարկոս 9։21, 22

Հայրը հուսահատության մեջ է, որովհետև նույնիսկ Հիսուսի աշակերտները չեն կարողացել օգնել տղային։ Ի պատասխան նրա աղերսանքին՝ Հիսուսը նրան հավաստիացնում է. «Ասացիր՝ «եթե կարող ես». հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։ Տղայի հայրը իսկույն բացականչում է. «Հավատում եմ։ Օգնի՛ր ինձ, եթե ինչ-որ տեղ հավատի պակաս ունեմ» (Մարկոս 9։23, 24

Այդ պահին Հիսուսը տեսնում է, որ մեծ ամբոխ է հավաքվում։ Բոլորի ներկայությամբ նա սաստում է անմաքուր ոգուն ու ասում. «Հա՛մր ու խո՛ւլ ոգի, հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս եկ նրանից և այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ Չար ոգին ստիպում է տղային ճչալ, գցում է նրան ուժգին ցնցումների մեջ և դուրս է գալիս։ Հետո տղան մնում է գետնին անշարժ պառկած։ Մարդիկ մտածում են, թե նա մահացել է (Մարկոս 9։25, 26)։ Բայց Հիսուսը, բռնելով տղայի ձեռքից, բարձրացնում է նրան, և «հենց այդ պահին տղան բուժվում» է (Մատթեոս 17։18)։ Այս ամենը տեսնելով՝ մարդիկ ապշում են։

Ավելի վաղ, երբ Հիսուսն իր աշակերտներին ուղարկել էր քարոզելու, նրանք կարողացել էին դևեր հանել։ Ուստի երբ տուն են մտնում, նրանք առանձին հարցնում են Հիսուսին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ Հիսուսը բացատրում է, որ պատճառը նրանց հավատի պակասն է՝ ասելով. «Այս տեսակ ոգին ուրիշ բանով չի կարող դուրս գալ, եթե ոչ աղոթքով» (Մարկոս 9։28, 29)։ Աշակերտները պետք է ամուր հավատ ունենային ու աղոթքով Աստծուց օգնություն խնդրեին, որ կարողանային հանել այդ հզոր դևին։

Ուստի Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» (Մատթեոս 17։20)։ Հավատն իսկապես մեծ ուժ ունի։

Եհովային ծառայելիս մենք բախվում ենք խոչընդոտների ու դժվարությունների, որոնք գուցե մեծ ու անհաղթահարելի թվան, ինչպես բառացի սարերը։ Սակայն ամուր հավատ զարգացնելով՝ կարող ենք հաղթահարել այդ սարանման խոչընդոտներն ու դժվարությունները։