Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 29

Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը

Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։1–16

  • ՀԻՍՈՒՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ

  • ՆԱ ԱՎԱԶԱՆԻ ՄՈՏ ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴՈՒ

Հիսուսը շատ բան է արել Գալիլեայում կատարած իր ծառայության ընթացքում։ Սակայն ասելով՝ «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ»՝ Հիսուսը նկատի ուներ ոչ միայն Գալիլեան, այլև ուրիշ տարածքներ։ Ուստի նա գնում է քարոզելու «Հրեաստանի ժողովարաններում» (Ղուկաս 4։43, 44)։ Սա խելամիտ որոշում է, քանի որ այժմ գարուն է, և Երուսաղեմում շուտով տոն է լինելու։

Հրեաստանում Հիսուսի գործունեության մասին Ավետարանները համեմատաբար ավելի քիչ տեղեկություններ են հայտնում, քան Գալիլեայում նրա կատարած ծառայության մասին։ Թեև Հրեաստանում ընդհանուր առմամբ մարդիկ անտարբեր են Հիսուսի հայտնած լուրի հանդեպ, սակայն նա շարունակում է եռանդորեն քարոզել և բարի գործեր անել՝ որտեղ էլ որ լինի։

Շուտով Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Հրեաստանի գլխավոր քաղաք՝ Երուսաղեմ՝ տոնելու մ.թ. 31թ. Պասեքը։ Երուսաղեմում՝ «Ոչխարների դարպասի» մոտ գտնվող մարդաշատ տարածքում, կա հինգ սյունաշար ունեցող մի ավազան, որը Բեթզաթա է կոչվում։ Այս ավազանի մոտ են գալիս բազմաթիվ մարդիկ, ովքեր հիվանդ են, կույր են կամ կաղ։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ հավատում են, որ հիվանդը կարող է բուժվել, եթե մտնի ավազանի մեջ այն ժամանակ, երբ ջուրը շարժվում է։

Շաբաթ օր է, և Հիսուսը ավազանի մոտ տեսնում է մի մարդու, որը 38 տարի է, ինչ հիվանդ է։ Նա հարցնում է այդ մարդուն. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը պատասխանում է. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջուրը շարժվելիս ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձանից առաջ իջնում» (Հովհաննես 5։6, 7

Հիսուսը ասում է մի բան, ինչը հավանաբար զարմացնում է հիվանդին և ներկա գտնվող մյուս մարդկանց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր» (Հովհաննես 5։8)։ Այդ մարդը հենց այդպես էլ անում է. լիովին առողջացած՝ նա վերցնում է իր պատգարակը և սկսում է քայլել։

Փոխանակ կատարված հրաշքով ուրախանալու՝ հրեաները, այդ մարդուն տեսնելով, քննադատաբար ասում են. «Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում, որ պատգարակդ տանես»։ Իսկ այդ մարդը պատասխանում է. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ «վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»» (Հովհաննես 5։10, 11)։ Հրեաների համար անընդունելի է, որ ինչ-որ մեկը շաբաթ օրով մարդ բուժի։

Նրանք հարցնում են. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ «վերցրու այն ու քայլիր»»։ Հրեաները չգիտեն, թե ով է բուժել հիվանդին, քանի որ Հիսուսը խառնվել է ամբոխին, իսկ բուժված մարդը չգիտի Հիսուսի անունը (Հովհաննես 5։12, 13)։ Ավելի ուշ տաճարում նա տեսնում է Հիսուսին և իմանում է, որ նա է այն անձնավորությունը, ով բուժել է իրեն ավազանի մոտ։

Այդ բուժված մարդը գտնում է հրեաներին, ովքեր իրեն բուժող անձնավորության մասին հարցուփորձ էին արել, և ասում է նրանց, որ իրեն բուժել է Հիսուսը։ Դա լսելով՝ հրեաները գնում են Հիսուսի մոտ։ Արդյո՞ք նրանք ցանկանում են իմանալ, թե ինչի շնորհիվ է Հիսուսը այդպիսի հրաշքներ անում։ Ո՛չ։ Նրանց նպատակն է մեղադրել Հիսուսին շաբաթ օրը բարի գործեր անելու համար։ Նրանք նույնիսկ սկսում են հալածել Հիսուսին։

Իմացիր ավելին

Պե՞տք է քրիստոնյաները շաբաթը պահեն

Եթե քրիստոնյաներից չի պահանջվում շաբաթ պահել, ինչո՞ւ է Աստվածաշունչը շաբաթը պահելու օրենքը անվանում հավիտենական ուխտ։