Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 26

«Քո մեղքերը ներված են»

«Քո մեղքերը ներված են»

ՄԱՏԹԵՈՍ 9։1–8 ՄԱՐԿՈՍ 2։1–12 ՂՈՒԿԱՍ 5։17–26

  • ՀԻՍՈՒՍԸ ՆԵՐՈՒՄ Է ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ ՄԱՐԴՈՒ ՄԵՂՔԵՐԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ ՆՐԱՆ

Հիսուսի մասին լուրերը տարածվել են ամենուրեք։ Շատերը գնում են այն մեկուսի վայրերը, որտեղ մնում է Հիսուսը, որպեսզի լսեն, թե ինչ է նա սովորեցնում, և տեսնեն նրա զորավոր գործերը։ Սակայն մի քանի օր հետո նա վերադառնում է Կափառնայում, որը նրա գործունեության հիմնական վայրն է։ Հիսուսի վերադարձի մասին լուրը արագորեն տարածվում է Գալիլեայի ծովի ափին գտնվող այս քաղաքում։ Ուստի շատերը գալիս են այն տունը, որտեղ գտնվում է նա։ Նրանցից ոմանք փարիսեցիներ են և Օրենքի ուսուցիչներ, որոնք եկել են Գալիլեայի և Հրեաստանի տարբեր մասերից, այդ թվում նաև Երուսաղեմից։

Այսպիսով՝ «շատ մարդիկ են հավաքվում, այնքան շատ, որ տեղ չկա, նույնիսկ դռան մոտ չկա, և նա սկսում է Աստծու խոսքը քարոզել նրանց» (Մարկոս 2։2)։ Շուտով մի առանձնահատուկ բան է տեղի ունենում, որը օգնում է մեզ հասկանալու, որ Հիսուսը զորություն ունի վերացնելու տառապանքի պատճառը և մարդկանց կատարյալ առողջություն պարգևելու։

Մինչ Հիսուսն ուսուցանում է սենյակում հավաքվածներին, չորս տղամարդ պատգարակով բերում են մի անդամալույծ մարդու։ Նրանք ցանկանում են, որ Հիսուսը բուժի իրենց ընկերոջը, բայց ամբոխի պատճառով չեն կարողանում «նրան Հիսուսի մոտ բերել» (Մարկոս 2։4)։ Մի՞թե հնարավոր չէ որևէ բան ձեռնարկել։ Նրանք մի ելք են գտնում. բարձրանում են տանիք և կղմինդրե ծածկը հեռացնելով՝ անցք են բացում, ապա անդամալույծին պատգարակով իջեցնում են ցած։

Արդյոք Հիսուսը զայրանո՞ւմ է, որ իրեն ընդհատում են։ Բոլորովի՛ն։ Նա խորապես տպավորվում է՝ տեսնելով այդ մարդկանց հավատը, և ասում է անդամալույծին. «Քո մեղքերը ներված են» (Մատթեոս 9։2)։ Բայց Հիսուսը կարո՞ղ է մեղքեր ներել։ Փարիսեցիներն ու դպիրները կարծում են, որ չի կարող, և իրենց մտքում ասում են. «Ինչո՞ւ է այս մարդը այսպես խոսում։ Նա հայհոյում է։ Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքեր ներել» (Մարկոս 2։7

Իմանալով, թե ինչ են նրանք մտածում՝ Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտերում։ Ո՞րն է ավելի հեշտ. անդամալույծին ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց, վերցրու պատգարակդ ու քայլիր»» (Մարկոս 2։8, 9)։ Այո՛, Հիսուսը կարող է ներել այդ մարդու մեղքերը այն զոհի հիման վրա, որը նա շուտով պատրաստվում է մատուցել։

Ապա Հիսուսը հավաքված ամբոխին, այդ թվում նաև իրեն քննադատողներին ցույց է տալիս, որ իշխանություն ունի երկրի վրա մեղքեր ներելու։ Նա դիմում է անդամալույծին և ասում. «Ասում եմ քեզ, վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ և տո՛ւն գնա»։ Անդամալույծը իսկույն վեր է կենում և իր պատգարակը վերցնելով՝ բոլորի աչքի առաջ դուրս է գալիս։ Ներկաները ապշում են. նրանք սկսում են փառավորել Աստծուն՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել» (Մարկոս 2։11, 12

Ուշագրավ է, որ Հիսուսը ցույց տվեց, որ մեղքը և հիվանդությունը փոխկապակցված են, և որ կապ գոյություն ունի առողջ լինելու և մեղքերի ներման միջև։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր առաջին ծնողը՝ Ադամը, մեղք գործեց, և որ մենք բոլորս նրանից ժառանգել ենք մեղքի հետևանքները՝ հիվանդությունն ու մահը։ Սակայն Աստծու Թագավորության ներքո Հիսուսը կների բոլոր նրանց մեղքերը, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն։ Այդ ժամանակ հիվանդություն այլևս չի լինի (Հռոմեացիներ 5։12, 18, 19

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Կարո՞ղ ենք մեղքերի ներում ստանալ

Արդյո՞ք Աստված ներում է լուրջ սխալները։ Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք Աստծու հավանությանն արժանանալ։