Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 117

Տիրոջ ընթրիքը

Տիրոջ ընթրիքը

ՄԱՏԹԵՈՍ 26։21–29 ՄԱՐԿՈՍ 14։18–25 ՂՈՒԿԱՍ 22։19–23 ՀՈՎՀԱՆՆԵՍ 13։18–30

  • ՀԻՍՈՒՍԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՀՈՒԴԱՆ Է ԴԱՎԱՃԱՆԸ

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այս երեկո Հիսուսը իր առաքյալներին խոնարհության դաս է սովորեցրել՝ լվանալով նրանց ոտքերը։ Այժմ՝ ակներևաբար Պասեքի ընթրիքից հետո, Հիսուսը մեջբերում է Դավթի մարգարեական խոսքերը. «Այն մարդը, ով ինձ հետ խաղաղության մեջ էր, ում ես վստահում էի, և ով իմ հացն էր ուտում, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ»։ Հետո նա ասում է. «Ձեզնից մեկը մատնելու է ինձ» (Սաղմոս 41։9; Հովհաննես 13։18, 21

Առաքյալները նայում են իրար ու հարցնում. «Տե՛ր, մի՞թե ես եմ»։ Նույնիսկ Հուդա Իսկարիովտացին է այդ հարցը տալիս։ Պետրոսը գլխով է անում Հովհաննեսին, որը նստած է անմիջապես Հիսուսի կողքին, ու ասում է նրան, որ հարցնի Հիսուսին, թե ով է այդ անձնավորությունը։ Ուստի Հովհաննեսը, ավելի մոտ գալով Հիսուսին, ասում է. «Տե՛ր, ո՞վ է» (Մատթեոս 26։22; Հովհաննես 13։25

Հիսուսը պատասխանում է. «Այս պատառը թաթախելուց հետո ում որ տամ, նա է»։ Ապա հացի պատառը թաթախում է սեղանի վրա դրված ափսեի մեջ ու տալիս է Հուդային՝ ասելով. «Մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ» (Հովհաննես 13։26; Մատթեոս 26։24)։ Այնուհետև «Սատանան մտնում է» Հուդայի մեջ։ Այս մարդը, որի միտքն ու սիրտը արդեն ապականվել էր, այժմ լիովին ենթարկվում է Սատանայի կամքին և այդպիսով դառնում է «կործանման որդի» (Հովհաննես 6։64, 70; 12։4; 17։12

Հիսուսն ասում է Հուդային. «Ինչ որ անելու ես, շո՛ւտ արա»։ Քանի որ փողի արկղը Հուդայի մոտ է, մյուս առաքյալները մտածում են, թե Հիսուսը նրան ուզում է ասել, որ նա տոնի համար գնի ինչ-որ հարկավոր է, կամ էլ ուզում է ասել, «որ նա աղքատներին մի բան տա» (Հովհաննես 13։27–30)։ Սակայն իրականում Հուդան գնում է Հիսուսին մատնելու։

Այդ նույն երեկո Հիսուսը հաստատում է մի նոր արարողություն։ Պասեքի ընթրիքը ուտելուց հետո նա վերցնում է հացը, շնորհակալության աղոթք է մատուցում, հետո կտրում է այն ու տալիս է առաքյալներին, որ ուտեն։ Նա ասում է. «Սա խորհրդանշում է իմ մարմինը, որը տրվելու է ձեզ համար։ Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Առաքյալները հացը փոխանցում են իրար և ուտում են դրանից։

Հետո Հիսուսը վերցնում է գինով լի բաժակը, շնորհակալության աղոթք է մատուցում և տալիս է նրանց։ Յուրաքանչյուրը խմում է բաժակից։ Ապա Հիսուսն ասում է. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար» (Ղուկաս 22։20

Այսպես Հիսուսը հաստատում է իր մահվան Հիշատակի երեկոյի արարողությունը, որը նրա հետևորդները պետք է կատարեն ամեն տարի նիսանի 14-ին։ Դա նրանց կհիշեցնի, թե Հիսուսն ու նրա Հայրը ինչ են արել, որ հավատ դրսևորող մարդիկ ազատվեն մեղքի ու մահվան դատապարտությունից։ Պասեքը կարևոր նշանակություն ուներ հրեաների համար. այն նրանց ազատագրման տոնն էր։ Սակայն Հիսուսի հաստատած այդ նոր արարողությունը ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ խորհրդանշում է իսկական ազատագրում հավատ դրսևորող բոլոր մարդկանց համար։

Հիսուսն ասում է, որ իր արյունը «թափվելու է շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն»։ Այո՛, ներում կստանան «շատերը» այդ թվում՝ Հիսուսի առաքյալները և ուրիշ հավատարիմ մարդիկ, ովքեր Հիսուսի հետ կլինեն նրա Հոր Թագավորության մեջ (Մատթեոս 26։28, 29

Իմացիր ավելին

Տիրոջ ընթրիք. հիշարժան օր, որը փառք է բերում Աստծուն

Քրիստոնյաներին պատվեր է տրվել նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Ե՞րբ և ինչպե՞ս այն պետք է նշել։