Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 126

Պետրոսն ուրանում է Հիսուսին

Պետրոսն ուրանում է Հիսուսին

ՄԱՏԹԵՈՍ 26։69–75 ՄԱՐԿՈՍ 14։66–72 ՂՈՒԿԱՍ 22։54–62 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։15–18, 25–27

  • ՊԵՏՐՈՍԸ ՈՒՐԱՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ ԿԱՅԻԱՓԱՅԻ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ

Երբ Հիսուսին ձերբակալում են Գեթսեմանի պարտեզում, առաքյալները վախենում են ու թողնելով Հիսուսին՝ փախչում են։ Սակայն հետո նրանցից երկուսը՝ Պետրոսը և «մեկ ուրիշ աշակերտ»՝ ակներևաբար Հովհաննես առաքյալը, որոշում են գնալ Հիսուսի հետևից (Հովհաննես 18։15; 19։35; 21։24)։ Նրանք հավանաբար հասնում են այն պահին, երբ Հիսուսին տանում են Հաննայի տուն։ Իսկ երբ Հաննան ուղարկում է Հիսուսին Կայիափա քահանայապետի տուն, Պետրոսն ու Հովհաննեսը հեռվից հետևում են Հիսուսին։ Նրանք թերևս վախենում են, որ իրենց կսպանեն, սակայն միևնույն ժամանակ անհանգստանում են և ուզում են իմանալ, թե ինչ կլինի իրենց ուսուցչին։

Հովհաննեսը ծանոթ է քահանայապետին, ուստի կարողանում է մտնել Կայիափայի տան բակը, իսկ Պետրոսը սպասում է դրսում՝ դռան մոտ։ Շուտով Հովհաննեսը վերադառնում է, խոսում է աղախնի հետ, որը ծառայում է որպես դռնապան, և Պետրոսին ներս են թողնում։

Քանի որ այդ գիշեր ցուրտ է, ծառաներն ու պահապանները բակում ածուխով կրակ են վառել։ Պետրոսը նստում է նրանց մոտ՝ տաքանալու և սպասում է, որ «տեսնի, թե ինչով է ավարտվելու» Հիսուսի դատաքննությունը (Մատթեոս 26։58)։ Այդ ընթացքում կրակի լույսի տակ դռնապանը ավելի լավ է տեսնում Պետրոսին և ասում է նրան. «Դու էլ այս մարդու աշակերտներից մեկը չե՞ս» (Հովհաննես 18։17)։ Պետրոսին ճանաչում են նաև այլ մարդիկ և ասում են, որ նա Հիսուսի հետ է եղել (Մատթեոս 26։69, 71–73; Մարկոս 14։70

Պետրոսը վախենում է ու շփոթվում։ Նա փորձում է աննկատ մնալ, ուստի դուրս է գնում դեպի նախասրահ։ Այդ ընթացքում նա երկու անգամ հերքում է, որ Հիսուսի հետ է եղել, և նույնիսկ ասում. «Չեմ ճանաչում նրան և չեմ էլ հասկանում, թե դու ինչ ես ասում» (Մարկոս 14։67, 68)։ Նա նաև սկսում է ինքն իրեն «անիծել ու երդվել»։ Պետրոսը «անիծում ու երդվում» է այն իմաստով, որ ուզում է ասել, թե իր խոսքերը ճիշտ են, և եթե իր խոսքերը ճիշտ չեն, ապա թող իր գլխին չարիք գա (Մատթեոս 26։74

Այդ ընթացքում շարունակվում է Հիսուսի դատաքննությունը։ Ակներևաբար, դա տեղի է ունենում Կայիափայի տան այն հատվածում, որի անմիջապես ներքևում բակն է։ Այնպես որ, Պետրոսը և ներքևում սպասող ուրիշ մարդիկ կարող են տեսնել, թե ինչպես են տարբեր վկաներ գալիս, որ ցուցմունք տան։

Պետրոսի խոսելու ձևից երևում է, որ ինքը գալիլեացի է, ուստի մարդիկ հասկանում են, որ նա սուտ է ասում, թե չի ճանաչում Հիսուսին, որը նույնպես Գալիլեայից է։ Բացի դրանից, այդտեղ հավաքված մարդկանցից մեկը ազգակցական կապ ունի Մալքոսի հետ, որի ականջը Պետրոսը կտրել է։ Այդ մարդը ասում է Պետրոսին. «Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա»։ Երբ Պետրոսը երրորդ անգամ է հերքում, որ ճանաչում է Հիսուսին, աքաղաղը կանչում է, ինչպես որ մարգարեացել էր Հիսուսը (Հովհաննես 13։38; 18։26, 27

Այդ ժամանակ Հիսուսը, ըստ ամենայնի, գտնվում է դեպի բակը բացվող պատշգամբում։ Նա շրջվում է և նայում Պետրոսին։ Այդ պահին Պետրոսը ցնցվում է մինչև հոգու խորքը։ Նա հիշում է ընդամենը մի քանի ժամ առաջ վերնասենյակում Հիսուսի ասած խոսքերը։ Կարելի է պատկերացնել՝ ինչ խոր ցավ է ապրում Պետրոսը՝ հասկանալով, թե ինչ է արել։ Նա անմիջապես դուրս է գալիս ու դառնապես լաց լինում (Ղուկաս 22։61, 62

Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Ինչպե՞ս կարող էր Պետրոսը, որը վստահ էր, որ հոգևորապես ամուր է ու հավատարիմ, ուրանալ իր Տիրոջը։ Այս պահին, երբ ճշմարտությունը աղավաղվում է ու Հիսուսին ներկայացնում են որպես ստոր մի հանցագործ, Պետրոսը կարող էր թիկունք կանգնել նրան։ Այնինչ նա երես է թեքում այն անձնավորությունից, ով «հավիտենական կյանքի տանող խոսքեր» ունի (Հովհաննես 6։68

Պետրոսի հետ պատահած այս ցավալի դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ ամուր հավատ ունեցող և նվիրված մարդը կարող է սայթաքել, եթե պատրաստված չլինի անսպասելի փորձություններին կամ գայթակղություններին։ Պետրոսի հետ պատահածը նախազգուշական օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։