Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 120

Պտուղ բերել և լինել Հիսուսի ընկերները

Պտուղ բերել և լինել Հիսուսի ընկերները

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15։1–27

  • ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԸ

  • ԻՆՉՊԵՍ ՄՆԱԼ ՀԻՍՈՒՍԻ ՍԻՐՈ ՄԵՋ

Հիսուսը առաքյալների հետ ունեցած մտերմիկ զրուցի ընթացքում քաջալերել է նրանց։ Այժմ բավականին ուշ է՝ հավանաբար կեսգիշերն անց։ Հիսուսը մտածելու տեղիք տվող մի օրինակ է բերում։

Նա ասում է. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, իսկ իմ Հայրը մշակն է» (Հովհաննես 15։1)։ Նրա բերած օրինակը հիշեցնում է այն, ինչ դարեր առաջ ասվել է Իսրայել ազգի վերաբերյալ։ Իսրայել ազգը կոչվել է Եհովայի որթատունկը (Երեմիա 2։21; Օսեե 10։1, 2)։ Սակայն Եհովան մերժում է այդ ազգին (Մատթեոս 23։37, 38)։ Ուստի այժմ Հիսուսն ասում է, որ ինքն է որթատունկը։ Հայրը տնկել է այդ «որթատունկը» մ.թ. 29-ին, երբ սուրբ ոգով օծել է Հիսուսին։ Բայց Հիսուսը ցույց է տալիս, որ «որթատունկը» միայն իրեն չի ներկայացնում։

Նա ասում է. «Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա [Հայրը] հեռացնում է, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է, որ ավելի շատ պտուղ տա.... Ինչպես որ ճյուղը չի կարող ինքնուրույն պտուղ տալ, եթե չմնա որթատունկի վրա, նույնպես էլ դուք չեք կարող, եթե ինձ հետ միության մեջ չմնաք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք» (Հովհաննես 15։2–5

Հիսուսը խոստացել է հավատարիմ աշակերտներին, որ երբ ինքը հեռանա, օգնական կուղարկի՝ սուրբ ոգին։ 51 օր հետո, երբ առաքյալները և ուրիշները ստանում են սուրբ ոգին, նրանք դառնում են «որթատունկի ճյուղերը»։ Բոլոր «ճյուղերը» պետք է միության մեջ լինեն Հիսուսի հետ։ Ինչո՞ւ։

Հիսուսն ասում է. «Նա, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել»։ Այս «ճյուղերը»՝ Հիսուսի հավատարիմ հետևորդները, շատ պտուղ կբերեն, եթե ընդօրինակեն Հիսուսին. ակտիվորեն պատմեն ուրիշներին Աստծու Թագավորության մասին և աշակերտներ պատրաստեն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը միության մեջ չմնա Հիսուսի հետ և պտուղ չբերի։ Հիսուսը բացատրում է. «Եթե որևէ մեկը միության մեջ չի մնում ինձ հետ.... նետվում է»։ Ապա Հիսուսն ասում է. «Եթե դուք միության մեջ մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտերում, ինչ էլ որ կամենաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ» (Հովհաննես 15։5–7

Այժմ Հիսուսը կրկին ընդգծում է իր պատվիրանները պահելու կարևորությունը, ինչի մասին արդեն երկու անգամ հիշատակել է (Հովհաննես 14։15, 21)։ Նա նշում է, թե ինչպես կարող են աշակերտները ցույց տալ, որ պահում են իր պատվիրանները. «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ»։ Սակայն Աստծուն և նրա Որդուն սիրելուց ավելին է պահանջվում։ Հիսուսն ասում է. «Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար։ Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15։10–14

Մի քանի ժամ հետո Հիսուսը անձնազոհ սեր է դրսևորելու՝ տալով իր կյանքը բոլոր նրանց համար, ովքեր հավատ կցուցաբերեն իր հանդեպ։ Նրա օրինակը պետք է մղի աշակերտներին այդպիսի անձնազոհ սեր դրսևորելու միմյանց նկատմամբ։ Այդ սերը լինելու է Հիսուսի հետևորդներին բնորոշող հատկանիշը, ինչպես քիչ առաջ նշել է Հիսուսը։ Նա ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35

Ուշադրության է արժանի այն, որ Հիսուսը իր աշակերտներին ընկերներ է անվանում։ Հիսուսը բացատրում է, թե ինչու. «Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ»։ Իսկապես, մեծ առանձնաշնորհում է նման փոխհարաբերություններ ունենալ Հիսուսի հետ՝ լինել նրա մտերիմ ընկերը, և իմանալ այն, ինչ Հայրը հայտնել է նրան։ Իսկ այդ թանկ փոխհարաբերությունները պահպանելու համար աշակերտները պետք է շարունակ պտուղ բերեն։ Եթե նրանք այդպես վարվեն, ապա ինչպես Հիսուսն է ասում, «ինչ էլ որ խնդրեն Հորից իր անունով, կտա իրենց» (Հովհաննես 15։15, 16

Աշակերտների միջև եղած սերը կօգնի նրանց հաղթահարելու գալիք դժվարությունները։ Հիսուսը զգուշացնում է, որ աշխարհը ատելու է նրանց։ Նա նաև մխիթարական խոսքեր է ասում. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք.... դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ» (Հովհաննես 15։18, 19

Հիսուսը շարունակում է բացատրել, թե ինչու է աշխարհը ատելու իր հետևորդներին. «Սակայն այս ամենը ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց ինձ»։ Հիսուսը ցույց է տալիս, որ իր արած հրաշքները, իրականում, դատապարտում են իրեն ատողներին։ Նա ասում է. «Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ մեկը չարեց, նրանք մեղք չէին ունենա, սակայն հիմա նրանք տեսան ու ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ»։ Իրականում, այդ թշնամական վերաբերմունքի մասին մարգարեացվել էր դարեր առաջ (Հովհաննես 15։21, 24, 25; Սաղմոս 35։19; 69։4

Այժմ Հիսուսը նորից խոստանում է օգնական ուղարկել՝ սուրբ ոգին։ Այս հզոր ուժը կարող են ստանալ նրա բոլոր հետևորդները, և այն կօգնի, որ նրանք պտուղ բերեն՝ վկայություն տան (Հովհաննես 15։27