Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 133

Հիսուսի մարմինը պատրաստում են թաղման համար և դնում են գերեզմանում

Հիսուսի մարմինը պատրաստում են թաղման համար և դնում են գերեզմանում

ՄԱՏԹԵՈՍ 27։57–28։2 ՄԱՐԿՈՍ 15։42–16։4 ՂՈՒԿԱՍ 23։50–24։3 ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։31–20։1

  • ՀԻՍՈՒՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ՑՑԻՑ

  • ՀԻՍՈՒՍԻ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ

  • ԿԱՆԱՅՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԴԱՏԱՐԿ Է

Նիսանի 14-ն է՝ ուրբաթ։ Մոտենում է երեկոն։ Մայրամուտին կսկսվի նիսանի 15-ը՝ շաբաթ օրը։ Հիսուսն արդեն մահացել է, բայց նրա կողքին գամված հանցագործները դեռ ողջ են։ Օրենքի համաձայն՝ մահացածի մարմինը «ամբողջ գիշեր չպետք է մնա ցցի վրա», այլ պետք է «նույն օրը» թաղվի (2 Օրենք 21։22, 23

Ուրբաթը համարվում է պատրաստության օր, քանի որ այդ օրը մարդիկ կերակուրներ են պատրաստում շաբաթ օրվա համար և անում են այլ հրատապ գործեր, որոնք հարկավոր է ավարտել մինչև Շաբաթի սկսվելը։ Մայրամուտից հետո սկսվելու է, այսպես ասած, կրկնակի շաբաթը, կամ՝ «մեծ» շաբաթը (Հովհաննես 19։31)։ Բանն այն է, որ նիսանի 15-ը Անթթխմոր հացերի յոթնօրյա տոնի առաջին օրն է, իսկ այդ տոնի առաջին օրը միշտ համարվում է Շաբաթ (Ղևտական 23։5, 6)։ Եվ այս անգամ այդ առաջին օրը համընկել է շաբաթ օրվա՝ այսինքն շաբաթվա յոթերորդ օրվա հետ։

Այդ պատճառով հրեաները Պիղատոսին խնդրում են արագացնել Հիսուսի և երկու հանցագործների մահը։ Դա անելու համար սովորաբար կոտրում են դատապարտյալների ոտքերը։ Այդպես նրանք չեն կարողանա, ոտքերի վրա հենվելով, բարձրացնել իրեն մարմինները, որ շնչեն։ Այսպիսով՝ զինվորները գալիս են, որ կոտրեն ցցին գամված մարդկանց ոտքերը։ Նրանք կոտրում են երկու հանցագործների ոտքերը։ Բայց տեսնելով, որ Հիսուսն արդեն մահացել է, նրա ոտքերը չեն կոտրում։ Այդպես կատարվում է Սաղմոս 34։20-ում գրված մարգարեությունը. «Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները. նրանցից և ոչ մեկը կոտրված չէ»։

Բայց լիովին համոզված լինելու համար, որ Հիսուսն իսկապես մահացել է, զինվորներից մեկը նիզակով խոցում է «նրա կողը»՝ սրտի հատվածում, և «իսկույն արյուն ու ջուր է դուրս գալիս» (Հովհաննես 19։34)։ Այդպես կատարվում է աստվածաշնչյան մեկ այլ մարգարեություն. «Նրանք կնայեն նրան, որին խոցեցին» (Զաքարիա 12։10

Հիսուսի մահապատժի ժամանակ ներկա էր նաև Արիմաթեա քաղաքից Հովսեփ անունով «մի հարուստ մարդ», որը Սինեդրիոնի պատվարժան անդամ է (Մատթեոս 27։57)։ Նա «բարի ու արդար մարդ է» և «սպասում է Աստծու թագավորությանը»։ Իրականում Հովսեփը «Հիսուսի աշակերտներից է, բայց դա գաղտնի է պահում, քանի որ վախենում է հրեաներից»։ Երբ Սինեդրիոնը վճիռ էր կայացնում Հիսուսի վերաբերյալ, նա թիկունք չէր կանգնել այդ վճռին (Ղուկաս 23։50; Մարկոս 15։43; Հովհաննես 19։38)։ Այժմ նա, համարձակություն դրսևորելով, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Պիղատոսն էլ կանչում է հարյուրապետին, որը վերահսկում էր Հիսուսի մահապատիժը, և նրանից ստույգ տեղեկանալով, որ Հիսուսը մահացել է՝ կատարում է Հովսեփի խնդրանքը։

Հովսեփը բարձրորակ մաքուր կտավ է գնում և Հիսուսի մարմինը ցցից իջեցնելով՝ դնում է այդ կտավի մեջ։ Նիկոդեմոսը՝ «այն մարդը, որ առաջին անգամ գիշերով եկել էր Հիսուսի մոտ», նույնպես օգնում է, որ Հիսուսի մարմինը թաղման պատրաստեն (Հովհաննես 19։39)։ Նա իր հետ բերում է զմուռսի ու հալվեի մի թանկարժեք խառնուրդ, որը կշռում է մոտ 33 կիլոգրամ։ Հրեաների սովորության համաձայն՝ Հիսուսի մարմինը փաթաթում են պատանքով, որի մեջ դնում են այս անուշահոտ խոտաբույսերը։

Հիսուսի մարմինը դնում են մոտակայքում գտնվող ժայռի մեջ փորված մի նոր գերեզմանում, որը պատկանում է Հովսեփին։ Ապա մի մեծ քար են գլորում ու փակում գերեզմանի մուտքը։ Այս բոլոր գործերը արագ են անում և ավարտում մինչև Շաբաթի սկսելը։ Մարիամ Մագդաղենացին և Փոքր Հակոբոսի մայր Մարիամը թերևս նույնպես օգնել են Հիսուսի մարմինը թաղման նախապատրաստելու գործում։ Այժմ նրանք գնում են տուն, «որպեսզի հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեն» Շաբաթից հետո Հիսուսի մարմինը օծելու համար (Ղուկաս 23։56

Շաբաթ օրը ավագ քահանաներն ու փարիսեցիները գնում են Պիղատոսի մոտ ու ասում. «Մենք հիշեցինք, որ այդ մոլորեցնողը, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երեք օր հետո հարություն կառնեմ»։ Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որպեսզի նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան նրան և մարդկանց ասեն, թե՝ «նա հարություն է առել», և այս վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ Պիղատոսն էլ պատասխանում է նրանց. «Դուք պահապան զինվորներ ունեք, գնացեք հսկեք, ինչպես որ գիտեք» (Մատթեոս 27։63–65

Կիրակի վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և մյուս կանայք հոտավետ խոտեր և անուշահոտ յուղեր են վերցնում ու գալիս գերեզման, որ օծեն Հիսուսի մարմինը։ Ճանապարհին նրանք ասում են իրար. «Գերեզմանի մուտքից քարը մեզ համար ո՞վ կգլորի» (Մարկոս 16։3)։ Բայց տեղ հասնելով՝ նրանք անակնկալի են գալիս. գերեզմանը դատարկ է։ Մինչ այդ երկրաշարժ էր տեղի ունեցել, Աստծու հրեշտակը քար մի կողմ էր գլորել, իսկ պահապան զինվորները հեռացել էին։