Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 119

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14։1–31

  • ՀԻՍՈՒՍԸ ԳՆՈՒՄ Է, ՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՊԱՏՐԱՍՏԻ

  • ՆԱ ԻՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՕԳՆԱԿԱՆ ՈՒՂԱՐԿԵԼ

  • ՀԱՅՐԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ՀԻՍՈՒՍԸ

Հիսուսը Պասեքի ընթրիքից հետո դեռ վերնասենյակում է իր առաքյալների հետ։ Նա ասում է նրանց. «Թող ձեր սրտերը չխռովվեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ» (Հովհաննես 13։36; 14։1

Հիսուսը իր հավատարիմ առաքյալներին ասում է, թե ինչու նրանք չպետք է մտահոգվեն իր գնալու հետ կապված։ Նա ասում է. «Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան.... Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք»։ Սակայն առաքյալները չեն հասկանում, որ նա խոսում է երկինք գնալու մասին։ Թովմասն ասում է նրան. «Տե՛ր, մենք չգիտենք, թե դու ուր ես գնում։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը» (Հովհաննես 14։2–5

Հիսուսը պատասխանում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Անհատը կկարողանա մտնել Հոր երկնային բնակավայրը միայն այն դեպքում, եթե ընդունի Հիսուսին ու նրա սովորեցրածները, ինչպես նաև ընդօրինակի նրան։ Հիսուսն ասում է. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6

Փիլիպոսը, որը ուշադիր լսում է Հիսուսին, ասում է. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ համար»։ Հավանաբար Փիլիպոսը ցանկանում է ինչ-որ կերպով տեսնել Աստծուն, ինչպես որ տեսիլքի միջոցով Աստծուն տեսել էին Մովսեսը, Եղիան և Եսայիան։ Սակայն իրականում առաքյալները այդպիսի տեսիլքներից ավելի զորեղ բան ունեն։ Հիսուսն ասում է. «Այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դու, Փիլիպո՛ս, չճանաչեցի՞ր ինձ։ Ով ինձ տեսավ, Հորը տեսավ»։ Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր անձնավորությունը, ուստի նրա կողքին ապրելն ու նրա օրինակը տեսնելը, հավասար է Հորը տեսնելուն։ Ինչ խոսք, Հայրը մեծ է Որդուց։ Հիսուսը դա ցույց է տալիս՝ ասելով. «Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինձանից չեմ ասում» (Հովհաննես 14։8–10)։ Առաքյալները հստակ տեսնում են, որ Հիսուսը իր սովորեցրած բոլոր բաների համար ամբողջ փառքը Հորն է տալիս։

Հիսուսի առաքյալները տեսել են, թե ինչպես է Հիսուսը զորավոր գործեր անում և քարոզում Թագավորության բարի լուրը։ Այժմ Հիսուսը նրանց հետևյալ պատվերն է տալիս. «Ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի» (Հովհաննես 14։12)։ Հիսուսը չի ուզում ասել, որ իր հետևորդները ավելի զորավոր հրաշքներ կանեն, քան ինքն է արել։ Նա նկատի ունի այն, որ նրանք կկատարեն իրենց ծառայությունը ավելի երկար ժամանակ և ավելի մեծ մասշտաբով։

Իր հեռանալուց հետո Հիսուսը չի լքի իր աշակերտներին։ Նա խոստանում է նրանց. «Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ»։ Բացի այդ, նա ասում է. «Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա, այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը» (Հովհաննես 14։14, 16, 17)։ Հիսուսը խոստանում է իր աշակերտներին, որ նրանք կստանան օգնական՝ սուրբ ոգին։ Դա տեղի է ունենում Պենտեկոստեի օրը։

Հիսուսն ասում է. «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես ապրում եմ, և դուք նույնպես կապրեք» (Հովհաննես 14։19)։ Հարություն առնելուց հետո Հիսուսը աշակերտներին կհայտնվի մարմնով, իսկ հետո՝ նշանակված ժամանակին, նրանց հարություն կտա որպես ոգեղեն էակների, որ իր հետ երկնքում լինեն։

Այժմ Հիսուսը նրանց մի պարզ ճշմարտություն է հայտնում. «Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու ինձ հայտնի կդարձնեմ նրան»։ Այդ ժամանակ Հուդան, որին նաև Թադեոս են անվանում, հարցնում է Հիսուսին. «Տե՛ր, ինչո՞ւ ես ուզում քեզ հայտնի դարձնել մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուսը պատասխանում է. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան.... Իսկ ով չի սիրում ինձ, չի պահում իմ խոսքերը» (Հովհաննես 14։21–24)։ Ի տարբերություն իր հետևորդների՝ աշխարհը չի ընդունում Հիսուսին որպես ճանապարհ, ճշմարտություն և կյանք։

Հիսուսը շուտով հեռանալու է։ Իսկ ինչպե՞ս են աշակերտները հիշելու այն ամենը, ինչ նա սովորեցրել է իրենց։ Հիսուսը բացատրում է. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ»։ Առաքյալները տեսել են, թե ինչ զորավոր գործեր է հնարավոր անել սուրբ ոգու միջոցով, ուստի այս հավաստիացումը անչափ մխիթարական է նրանց համար։ Հիսուսը շարունակում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս.... Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն» (Հովհաննես 14։26, 27)։ Աշակերտները չպետք է անհանգստանան, քանի որ Հիսուսի Հայրը նրանց կառաջնորդի ու կպաշտպանի։

Աստծու պաշտպանության ապացույցը շուտով հստակ է լինելու։ Հիսուսն ասում է. «Այս աշխարհի իշխանը գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա» (Հովհաննես 14։30)։ Աշխարհի իշխանը՝ Սատանան, «մտել է» Հուդայի մեջ՝ նրան իր իշխանության տակ է պահում։ Մինչդեռ Հիսուսի վրա Սատանան չի կարող իշխանություն բանեցնել։ Հիսուսը չունի ոչ մի մեղավոր հակում, որը Սատանան կարող է օգտագործել նրան Աստծուց հեռացնելու համար։ Սատանան նաև չի կարող Հիսուսին պահել մահվան կապանքներում, քանի որ Հիսուսի Հայրը ավելի զորեղ է ու կարող է ազատել նրան մահվան ճիրաններից։ Հիսուսն ասում է. «Ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում»։ Ուստի Հիսուսը վստահ է, որ իր Հայրը հարություն կտա իրեն (Հովհաննես 14։31

Իմացիր ավելին

Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով

Մտածիր, թե ինչու է Հիսուսի անունով աղոթելը պատիվ բերում Աստծուն և թե ինչու է դա հարգանքի դրսևորում Հիսուսի հանդեպ։