Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 116

Խոնարհության դաս վերջին Պասեքի ժամանակ

Խոնարհության դաս վերջին Պասեքի ժամանակ

ՄԱՏԹԵՈՍ 26։20 ՄԱՐԿՈՍ 14։17 ՂՈՒԿԱՍ 22։14–18 ՀՈՎՀԱՆՆԵՍ 13։1–17

  • ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՍԵՔԸ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ

  • ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՈՏՔԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՎ՝ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

Հիսուսի հանձնարարությամբ Պետրոսը և Հովհաննեսը արդեն եկել են Երուսաղեմ ու պատրաստություններ են տեսել Պասեքի համար։ Ավելի ուշ Հիսուսը և մյուս տասը առաքյալները նույնպես ճանապարհ են ընկնում դեպի Երուսաղեմ։ Երեկոն արդեն մոտենում է, և արևը աստիճանաբար մայր է մտնում։ Հիսուսն ու իր առաքյալները իջնում են Ձիթենյաց լեռից։ Իր մահից ու հարությունից առաջ Հիսուսը վերջին անգամ է ցերեկով այս լեռան լանջից նայում Երուսաղեմին։

Շուտով Հիսուսը և իր ուղեկիցները հասնում են քաղաք և գնում են այն տունը, որտեղ պետք է ուտեն Պասեքի ընթրիքը։ Նրանք բարձրանում են այդ տան մեծ վերնասենյակը։ Այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է ընթրիքի համար։ Հիսուսը անհամբերությամբ է սպասել այս օրվան։ Նա ասում է. «Անչափ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ձեզ հետ միասին ուտել իմ չարչարվելուց առաջ» (Ղուկաս 22։15

Տարիներ առաջ հրեաների մեջ ընդունվել է մի սովորույթ, համաձայն որի՝ Պասեքի ընթրիքի ժամանակ մարդիկ մի քանի գավաթ գինի են փոխանցում միմյանց։ Վերցնելով բաժակը՝ Հիսուսը շնորհակալություն է հայտնում Աստծուն և ասում. «Վերցրեք սա և իրար փոխանցեք։ Ասում եմ ձեզ, այսուհետև որթատունկի բերքից չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա» (Ղուկաս 22։17, 18)։ Այս խոսքերով նա հստակ ցույց է տալիս, որ իր մահը մոտ է։

Պասեքի ընթրիքի ընթացքում Հիսուսը մի արտասովոր բան է անում։ Նա վեր է կենում, հանում է իր վերնահագուստը և մի սրբիչ է վերցնում։ Ապա վերցնում է մի տաշտ և ջուր է լցնում դրա մեջ։ Սովորաբար տանտերն է հոգ տանում, որ հյուրերի ոտքերը լվանան, և այդ գործը հավանաբար անում է ծառան (Ղուկաս 7։44)։ Այս դեպքում տանտերը ներկա չէ, ուստի Հիսուսն ինքն է անում այդ ծառայությունը։ Դա կարող էր անել առաքյալներից մեկը, բայց ոչ ոք չի անում։ Գուցե պատճառն այն է, որ նրանց մեջ դեռևս մրցակցության ոգի կա։ Ինչևէ, նրանք անհարմար են զգում, որ Հիսուսն է լվանում իրենց ոտքերը։

Ուստի երբ Հիսուսը մոտենում Պետրոսին, վերջինս ասում է. «Դու իմ ոտքերը երբեք չե՛ս լվանա»։ Հիսուսը պատասխանում է. «Եթե չլվանամ, դու ինձ հետ ոչ մի բաժին չես ունենա»։ Պետրոսը ոգևորությամբ ասում է. «Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխը լվա»։ Այդ ժամանակ Հիսուսը ասում է մի բան, ինչը հավանաբար Պետրոսին շատ է զարմացնում. «Լողացած մարդուն իր ոտքերը լվանալուց ավել ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է։ Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ» (Հովհաննես 13։8–10

Հիսուսը լվանում է 12 առաքյալների, այդ թվում նաև Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Ապա հագնում է իր վերնահագուստը և կրկին թիկնելով սեղանի շուրջ՝ հարցնում է առաքյալներին. «Գիտե՞ք, թե ինչ արեցի։ Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք անվանում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա։ Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք։ Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից։ Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհաննես 13։12–17

Խոնարհության ի՜նչ հիանալի դաս է սովորեցնում Հիսուսը։ Հիսուսի հետևորդները չպետք է ձգտեն առաջինը լինել՝ մտածելով, թե իրենք կարևոր մարդիկ են, և ուրիշները պետք է ծառայեն իրենց։ Նրանք պետք է հետևեն Հիսուսի օրինակին։ Սա չի նշանակում, թե նրանք պետք է ոտքեր լվանալու արարողություն անեն։ Նրանք պետք է պատրաստ լինեն խոնարհությամբ և անկողմնապահությամբ ծառայել ուրիշներին։

Իմացիր ավելին

Պետրոսը իր Ուսուցչից ներողամտություն սովորեց

Ի՞նչ Հիսուսը Պետրոսին ներողամտության դաս սովորեցրեց։ Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ներել է Պետրոսին։