Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 105

Թզենու օրինակով կարևոր դաս է սովորեցնում

Թզենու օրինակով կարևոր դաս է սովորեցնում

ՄԱՏԹԵՈՍ 21։19–27 ՄԱՐԿՈՍ 11։19–33 ՂՈՒԿԱՍ 20։1–8

  • ՀԱՎԱՏԻ ԴԱՍ

  • ՀԻՍՈՒՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ

Երկուշաբթի՝ կեսօրից հետո, Երուսաղեմից հեռանալով՝ Հիսուսը վերադառնում է Բեթանիա, որը գտնվում է Ձիթենյաց լեռան արևելյան լանջին։ Նա, ակներևաբար, գիշերն անցկացնում է իր ընկերներ Ղազարոսի, Մարթայի ու Մարիամի տանը։

Այժմ նիսանի 11-ի առավոտն է։ Հիսուսը իր աշակերտների հետ դարձյալ ճանապարհին է։ Նրանք ուղևորվում են դեպի Երուսաղեմ։ Հիսուսը պատրաստվում է վերջին անգամ գնալ տաճար։ Սա նրա ծառայության վերջին օրն է։ Դրանից հետո նա նշելու է Պասեքը, հաստատելու է իր մահվան Հիշատակի երեկոն, դատաքննության է ենթարկվելու ու դատապարտվելու է մահվան։

Հիսուսն ու իր աշակերտները Երուսաղեմ գնալիս անցնում են Ձիթենյաց լեռան վրայով։ Ճանապարհին Պետրոսը նկատում է այն ծառը, որին նախորդ առավոտ Հիսուսն անիծել էր։ Նա ասում է. «Ռաբբի՛, տե՛ս, այն թզենին, որին դու անիծեցիր, չորացել է» (Մարկոս 11։21

Բայց ինչո՞ւ Հիսուսը այնպես արեց, որ ծառը չորանա։ Նա ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն կանեք այն, ինչ ես արեցի այս թզենուն, այլ եթե անգամ այս սարին ասեք՝ «վեր կաց և ծովն ընկիր», այդպես էլ կլինի։ Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք» (Մատթեոս 21։21, 22)։ Այդպես նա կրկնում է հավատի հետ կապված այն միտքը, որ ասել էր ավելի վաղ (Մատթեոս 17։20

Ծառը չորացնելով՝ Հիսուսը իր աշակերտներին սովորեցնում է, թե որքան կարևոր է հավատ ունենալ Աստծու հանդեպ։ Նա ասում է. «Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչի համար աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կունենաք» (Մարկոս 11։24)։ Սա իսկապես կարևոր դաս է Հիսուսի բոլոր հետևորդների համար, հատկապես՝ առաքյալների համար, քանի որ շուտով նրանք բախվելու են ծանր փորձությունների։ Սակայն թզենու չորանալու և հավատ ունենալու միջև գոյություն ունի մի կապ ևս։

Այս թզենու նման՝ Իսրայել ազգը «խաբուսիկ տեսք» ունի։ Այդ ազգը ուխտի մեջ է Աստծու հետ, և արտաքնապես երևում է, թե նա կատարում է Աստծու Օրենքը։ Սակայն նա, ընդհանուր առմամբ, հավատ չունի և «պտուղ չի բերում»։ Այս ազգը նույնիսկ մերժում է Աստծու Որդուն։ Այնպես որ, թզենին չորացնելով՝ Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի այդ «անպտուղ», անհավատ ազգի վախճանը։

Շուտով Հիսուսն ու իր աշակերտները մտնում են Երուսաղեմ։ Իր սովորության համաձայն՝ Հիսուսը գնում է տաճար՝ սովորեցնելու։ Ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները, հավանաբար, նկատի ունենալով այն, թե նախորդ օրը Հիսուսն ինչ արեց դրամափոխներին, հարցնում են նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս բաներն անելու իշխանությունը» (Մարկոս 11։28

Հիսուսը պատասխանում է. «Մի հարց տամ ձեզ։ Եթե դուք պատասխանեք ինձ, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը։ Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից։ Պատասխանե՛ք ինձ»։ Քահանաներն ու երեցները իրար մեջ խորհրդակցում են, թե ինչպես պատասխանեն։ Նրանք ասում են. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան»։ Բայց եթե ասենք՝ մարդկանցից...»։ Նրանք տարակուսանքի մեջ են, քանի որ վախենում են ժողովրդից, «որովհետև բոլորն ընդունում են, որ Հովհաննեսն իրոք մարգարե էր» (Մարկոս 11։29–32

Քահանաներն ու երեցները պատասխան չեն գտնում, ուստի ասում են. «Չգիտենք»։ Հիսուսն էլ պատասխանում է. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը» (Մարկոս 11։33