Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 110

Հիսուսը վերջին անգամ է տաճարում

Հիսուսը վերջին անգամ է տաճարում

ՄԱՏԹԵՈՍ 23։25–24։2 ՄԱՐԿՈՍ 12։41–13։2 ՂՈՒԿԱՍ 21։1–6

  • ՀԻՍՈՒՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՈՂԱԶԵՐԾԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

  • ՏԱՃԱՐԸ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է

  • ՄԻ ԱՂՔԱՏ ԱՅՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՓՈՔՐ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ

Հիսուսը վերջին անգամ է տաճարում։ Նա շարունակում է քողազերծել դպիրների ու փարիսեցիների նենգությունը՝ բացահայտորեն նրանց կեղծավորներ անվանելով։ Նա, պատկերավոր արտահայտություններ օգտագործելով, ասում է նրանց. «Մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, բայց դրանց ներսը լիքն է թալանով և անզսպվածությամբ։ Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի և ափսեի ներսը մաքրիր, որպեսզի դուրսը նույնպես մաքուր լինի» (Մատթեոս 23։25, 26)։ Թեև փարիսեցիները բծախնդրորեն հետևում են ծիսական մաքրությանն ու իրենց արտաքին տեսքին, սակայն ուշադրություն չեն դարձնում իրենց ներքին անձնավորությանը և չեն մաքրում իրենց փոխաբերական սիրտը։

Նրանց կեղծավորությունը երևում է նաև այն բանից, որ նրանք մարգարեների համար գերեզմաններ են շինում և զարդարում են դրանք։ Մինչդեռ, ինչպես նշում է Հիսուսը, կրոնական առաջնորդները «որդիներն են նրանց, ովքեր սպանեցին մարգարեներին» (Մատթեոս 23։31)։ Փարիսեցիները, փորձելով սպանել Հիսուսին, ցույց են տալիս, որ նման են իրենց հայրերին (Հովհաննես 5։18; 7։1, 25

Ապա Հիսուսը նշում է, թե ինչ է սպասում կրոնական առաջնորդներին, եթե նրանք չզղջան. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից» (Մատթեոս 23։33)։ «Գեհեն» բառը նշանակում է «Հիննոմի հովիտ»։ Այդ հովիտը, որտեղ հրեաները այրում էին աղբը, հարմար խորհրդանիշ էր հավիտենական կործանման համար, որ սպասում է չարասիրտ դպիրներին և փարիսեցիներին։

Այնուհետև Հիսուսը նշում է, որ նա իր աշակերտներին ուղարկելու է մարդկանց մոտ որպես «մարգարեներ, իմաստուններ և ուսուցիչներ»։ Ի՞նչ վերաբերմունքի կարժանանան նրանք։ Դիմելով կրոնական առաջնորդներին՝ Հիսուսն ասում է. «Նրանցից [իմ աշակերտներից] ոմանց կսպանեք ու ցցին կգամեք, ոմանց էլ կխարազանեք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք կհալածեք, որպեսզի ձեզ վրա գա ամեն արդար արյուն, որ թափվել է երկրի վրա՝ արդար Աբելի արյունից մինչև.... Զաքարիայի արյունը, որին սպանեցիք»։ Ապա Հիսուսն ավելացնում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս ամենը այս սերնդի վրա պիտի գա» (Մատթեոս 23։34–36)։ Հիսուսի այս խոսքերն իրականանում են մ.թ. 70-ին, երբ հռոմեական զորքը կործանում է Երուսաղեմը, և հարյուր հազարավոր հրեաներ սպանվում են։

Այս սարսափելի կործանման մասին մտածելով՝ Հիսուսը ցավ է ապրում։ Նա դառնությամբ ասում է. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է ճտերին իր թևերի տակ հավաքում։ Բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթեոս 23։37, 38)։ Հավանաբար Հիսուսի ունկնդիրների մտքում հարց է ծագում, թե ինչ տան մասին է նա խոսում։ Նրանք թերևս մտածում են, որ նա նկատի ունի Երուսաղեմի վեհաշուք տաճարը, որը, նրանց կարծիքով, Աստված պաշտպանում է։

Հետո Հիսուսն ավելացնում է. «Ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով»» (Մատթեոս 23։39)։ Նա մեջբերում է անում Սաղմոս 118։26-ի մարգարեական խոսքերից. «Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով։ Օրհնում ենք ձեզ Եհովայի տնից»։ Հստակ է, որ երբ այս տաճարը կործանվի, ոչ ոք չի կարողանա գալ այստեղ Աստծու անունով։

Այժմ Հիսուսը գնում է տաճարի այն մասը, որտեղ դրված են գանձանակները։ Գանձանակի վրա կա փոքր անցք, որի միջով մարդիկ իրենց նվիրաբերություններն են գցում։ Հիսուսը տեսնում է, որ տարբեր հրեաներ նվիրաբերություն են անում, և որ հարուստները «շատ փող են գցում» գանձանակների մեջ։ Այդ ժամանակ նա նկատում է, որ մի աղքատ այրի «երկու փոքր մետաղադրամ է գցում, որոնք շատ չնչին արժողություն ունեն» (Մարկոս 12։41, 42)։ Հիսուսը համոզված է, որ այդ կնոջ արած նվիրաբերությունը անչափ հաճելի է Աստծուն։

Իր մոտ կանչելով աշակերտներին՝ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը»։ Ինչո՞ւ է Հիսուսը այդպես ասում։ Նա բացատրում է. «Ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը» (Մարկոս 12։43, 44)։ Որքա՜ն է այս կինը իր մտածելակերպով ու գործերով տարբերվում կրոնական առաջնորդներից։

Նիսանի 11-ը դեռ չի ավարտվել։ Հիսուսը հեռանում է տաճարից։ Նա այլևս չի վերադառնալու այստեղ։ Նրա աշակերտներից մեկը բացականչում է. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են» (Մարկոս 13։1)։ Տաճարի քարերից մի քանիսը չափազանց մեծ են, ինչը այնպիսի տպավորություն է ստեղծում, թե այդ շինությունը շատ ամուր է ու միշտ կանգուն կմնա։ Ուստի աշակերտներին թերևս տարօրինակ են թվում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները։ Քարը քարի վրա չի մնա այստեղ, բոլորն էլ կքանդվեն» (Մարկոս 13։2

Այնուհետև Հիսուսն ու իր առաքյալները, անցնելով Կեդրոն հեղեղատը, բարձրանում են Ձիթենյաց լեռը։ Մի պահ նա առանձին է մնում իր առաքյալներից չորսի՝ Պետրոսի, Անդրեասի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ։ Իրենց կանգնած տեղից նրանք նայում են հոյակերտ տաճարին։