Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

 ՀԱՐՑ 3

Ո՞վ կազմեց այս հրահանգները

Ո՞վ կազմեց այս հրահանգները

Ինչո՞ւ դու հենց այդպիսի արտաքին ունես։ Ինչո՞ւ են քո աչքերը, մազերը և մաշկը հենց այդ գույնի։ Ի՞նչն է որոշիչ դեր ունեցել քո հասակի ու կազմվածքի ձևավորման մեջ։ Ինչո՞ւ ես նման ծնողներիդ։ Եվ ընդհանրապես ի՞նչն է պատճառը, որ օրինակ՝ մատի ծայրը ներսի կողմից փափուկ է, իսկ դրսի կողմից ծածկված է պինդ եղունգով։

Չարլզ Դարվինի ժամանակներում այս հարցերի պատասխաններն անհայտ էին։ Դարվինն ինքն էլ հիանում էր, թե ինչպես են տեսակների առանձնահատկությունները փոխանցվում ժառանգաբար։ Սակայն նա քիչ բան գիտեր ժառանգականության և առավել ևս դրա միջոցով ղեկավարվող մեխանիզմների մասին, որոնք գործում են բջջի ներսում։ Գիտնականները արդեն տասնյակ տարիներ է, ինչ ուսումնասիրում են գենետիկան և ԴՆԹ-ի զարմանահրաշ մոլեկուլը, որի մեջ պահպանվում են բոլոր մանրամասն հրահանգները կենդանի օրգանիզմի գործունեության վերաբերյալ։ Բայց հարց է ծագում՝ ո՞վ կազմեց այս հրահանգները։

Ի՞նչ են ասում շատ գիտնականներ։ Շատ գիտնականներ, այդ թվում կենսաբաններ պնդում են, որ ԴՆԹ-ն և նրա ծածկագրված հրահանգները առաջ են եկել մի շարք պատահական իրադարձությունների հետևանքով, որ տեղի են ունեցել միլիոնավոր տարիների ընթացքում։ Նրանց կարծիքով՝ ոչ մի փաստ չկա, որ այս մոլեկուլի կառուցվածքը, տվյալների պահպանման և փոխանցման կարողությունը, ինչպես նաև գործունեությունը նախագծված են17։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը հայտնում է, որ մեր օրգանների մասին բոլոր տեղեկությունները և նույնիսկ դրանց կազմավորման ստույգ ժամանակը գրված է մի «գրքում», որի հեղինակը Աստված է։ Ուշադրություն դարձրու, թե ինչ ասաց Դավիթ թագավորը Աստծուն մեր մարմնի կառուցվածքի մասին. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին, թեև դրանցից դեռ մեկն էլ չկար» (Սաղմոս 139։16

Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։ Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ է, այդ դեպքում առնվազն տրամաբանական կլիներ մտածել, որ ԴՆԹ-ն կարող էր առաջ գալ պատահականությունների արդյունքում։ Սակայն եթե Աստվածաշնչում նշված տեղեկությունն է ճիշտ, ապա ԴՆԹ-ն համոզիչ ապացույց պետք է ներկայացնի, որ «ինքը» հզոր բանականության արդյունք է։

Երբ պարզ բառերով բացատրվում է, թե ինչ է ԴՆԹ-ն, անմիջապես հասկանում ենք և հիացմունքով լցվում։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է կատարվում բջջի ներսում։ Այս  անգամ եկ միասին ուսումնասիրենք մարդու բջիջը։ Պատկերացրու՝ գնում ես մի թանգարան, որը նման է 13000000 անգամ մեծացված բջջի և զբաղեցնում է 70000 տեղանոց մի հսկա մարզադաշտի չափ տարածք։ Այստեղ ցուցադրվում է, թե ինչպես է գործում բջիջը։

Մտնում ես թանգարան և ապշում՝ տեսնելով տարօրինակ կառուցվածքներ։ Կենտրոնում բջջակորիզն է, որը 20 հարկանի շենքի բարձրություն ունեցող մի գունդ է։ Քայլերդ ուղղում ես այդ կողմ։

«Ինժեներական գլուխգործոց»։ Ինչպես է փաթաթված ԴՆԹ-ն։ Բջջակորիզում ԴՆԹ-ի մոլեկուլը նման է թենիսի գնդակի մեջ տեղավորված 40 կիլոմետր երկարություն ունեցող բարակ թելի։ Փաթույթի այս կառուցվածքը համարվում է ինժեներական գլուխգործոց

Մտնում ես կորիզի թաղանթից ներս գտնվող սրահ և նայում շուրջդ։ Անմիջապես ուշադրությունդ գրավում են 46 քրոմոսոմները։ Դրանք, ըստ իրենց չափերի, շատ համապատասխան զույգեր են կազմել։ Քեզ ամենամոտ զույգը ունի 12 հարկանի շենքի բարձրություն և հսկա ծառի բնի չափ հաստություն (1)։ Յուրաքանչյուր քրոմոսոմի գրեթե մեջտեղում կա սեղմվածք, որը իրար կպած երկու նրբերշիկների տեսք է տալիս նրան։ Դրանք ասես մեծ փաթույթներ են։ Երբ ավելի մոտիկից ես նայում, տեսնում ես, որ յուրաքանչյուր հորիզոնական փաթույթ բաժանված է ուղղահայաց գծերով, որոնց արանքներում ավելի մանր հորիզոնական գծեր կան (2)։ Մի՞թե դրանք իրար վրա դարսված գրքեր են։ Ո՛չ։ Դրանք ավելի մանր սպիրալաձև գալարներ են, որոնք դարսված են իրար վրա։ Դու քաշում ես դրանցից մեկը և ի զարմանս քեզ՝ այն հեշտությամբ դուրս է գալիս։ Երբ ավելի ուշադիր ես նայում, տեսնում ես, որ սա էլ իր հերթին պարուրաձև կազմություն ունի, որի օղակները խիտ դասավորված են իրար կողքի (3)։ Տեսնում ես, որ ի վերջո այս ամբողջը մի երկար, շատ երկար պարանից է կազմված։ Ի՞նչ պարան է դա։

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՄՈԼԵԿՈՒԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Պարանը, ինչպես որ անվանեցինք քրոմոսոմի մոդելի այս մասը, ունի մոտ 2,6 սանտիմետր հաստություն։ Այն խիտ փաթաթված է կոճերի վրա (4), որոնք հնարավորություն են տալիս պարանի գալարներին դասավորվել սպիրալաձև։ Այս գալարները կպած են մի հենքի, որը դրանց պահում է իրենց տեղում։ Դու համոզվում ես, որ պարանը ռացիոնալ կերպով է փաթաթված, ինչպես նշված է մոտակա ցուցանակի վրա։ Եթե քրոմոսոմի այս մոդելը ամբողջությամբ քանդես, ապա պարանը կձգվի երկրագնդի մի ծայրից մյուսը *։

Գիտական մի գրքում այս ռացիոնալ դասավորությունն անվանվել է «ինժեներական արտասովոր գլուխգործոց»18։ Ի՞նչ ես կարծում, այս գլուխգործոցը ինքնաբերաբա՞ր է առաջ եկել, թե՞ ինժեներն է ստեղծել այն։ Եթե այս թանգարանում լիներ հուշանվերների մի մեծ խանութ, որտեղ միլիոնավոր մանր-մունր ապրանքներ են վաճառվում, և դրանք այնպես դասավորված լինեին, որ կարողանայիր հեշտությամբ գտնել քո ուզածը, արդյոք կմտածեի՞ր, որ այդ բոլոր առարկաները ինքնաբերաբար են դասավորվել։ Անշուշտ ոչ։ Սակայն այս խանութի ապրանքների դասավորությունը շատ պարզ է՝ համեմատած ԴՆԹ-ի պարույրի դասավորության հետ։

 Հետո տեսնում ես մեկ ուրիշ ցուցանակ, որի վրա նշված է՝ «Վերցրեք պարանը և ավելի մոտիկից ուսումնասիրեք այն» (5)։ Երբ պարանը ափիդ մեջ ես առնում, տեսնում ես, որ դա սովորական պարան չէ։ Այն կազմված է իրար փաթաթված երկու թելերից, որոնք միացած են իրարից հավասար հեռավորության վրա գտնվող փոքր կամրջակներով։ Այս պարույրը նման է ոլորված սանդուղքի (6)։ Հանկարծ քարանում ես. քո ձեռքում ԴՆԹ-ի մոլեկուլի մոդելն է՝ կյանքի ամենամեծ առեղծվածներից մեկը։

ԴՆԹ-ի մեկ մոլեկուլը իր բոլոր գալարներով ու փաթույթներով կազմում է մի քրոմոսոմ։ ԴՆԹ-ի սանդուղքի աստիճանները կոչվում են հիմքերի զույգեր (7)։ Իսկ ի՞նչ են դրանք և ի՞նչ դեր են կատարում։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԵՐՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԴՆԹ-ի գաղտնիքները բացահայտելու համար նախ պետք է ուսումնասիրենք սանդուղքի կամրջակները՝ աստիճանները։ Դրանք կազմված են չորս տարբեր կտորներից։ Եթե սանդուղքը մեջտեղից առանձնացնենք, յուրաքանչյուր թելի վրա կմնա աստիճանի մի կտոր։ Գիտնականները դրանցից յուրաքանչյուրը նշանակել են մի տառով՝ Ա, Գ, Ց, Թ։ Նրանք ապշել են, երբ հայտնաբերել են, որ այս տառերի հաջորդական դասավորությունը իրականում կոդ է, որը կարող է տվյալներ փոխանցել։

Հավանաբար քեզ ծանոթ է Մորզեի այբուբենը, որը ստեղծվեց տասնիններորդ դարում։ Այն հնարավորություն տվեց մարդկանց  հաղորդակցվելու հեռագրի միջոցով։ Թեև այբուբենն ունի ընդամենը երկու «տառ»՝ կետ և գիծ, այդուհանդերձ դրանցով կազմվում են անթիվ-անհամար բառեր և նախադասություններ։ Իսկ ԴՆԹ-ն ունի չորս տառ։ Այս տառերով կազմված բառերը կոչվում են եռյակներ (տրիպլետներ)։ Եռյակները միասին կազմում են «պատմություններ», որոնք կոչվում են գեներ։ Յուրաքանչյուր գեն պարունակում է միջին հաշվով 27000 տառ։ Գեները և դրանք իրար միացնող երկար հատվածները միասին կազմում են առանձին քրոմոսոմներ՝ «գրքի գլուխներ»։ Իսկ ամբողջ «գիրքը», որը բաղկացած է 23 քրոմոսոմներից, պարունակում է մեր օրգանիզմի բոլոր տվյալները՝ գենոմը *։

Իրականում գենոմը ասես մի գրադարան լինի, որն անսահմանափակ ինֆորմացիա է պարունակում։ Ընդհանուր հաշվով մարդու գենոմը կազմված է մոտ երեք միլիարդ հիմքերի զույգերից՝ ԴՆԹ-ի սանդուղքի աստիճաններից19։ Գենոմի ողջ տեղեկությունը կտեղավորվի հանրագիտարանի հազար էջ ունեցող 428 հատորի մեջ։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր բջջում կա գենոմի երկու օրինակ, ապա հատորների ընդհանուր թիվը կկազմի 856։ Իսկ եթե փորձես անձամբ արտագրել գենոմի ողջ ինֆորմացիան, ապա պետք է գրես մոտ 80 տարի՝ առանց արձակուրդի՝ լրիվ աշխատանքային օրով։

Այդուհանդերձ, եթե նույնիսկ քեզ հաջողվի արտագրել այդ ողջ ինֆորմացիան, ապա մտածե՞լ ես, թե ինչպես ես խտացնելու հարյուրավոր հաստափոր հատորների ինֆորմացիան և տեղավորելու քո մարմնում գտնվող 100 տրիլիոն միկրոսկոպիկ բջիջներից յուրաքանչյուրում։ Անշուշտ կհամաձայնվես, որ դա այնքան անհնարին է, որ պատկերացնելն անգամ վեր է մեր երևակայությունից։

Մոլեկուլային կենսաբանության և ինֆորմատիկայի մի պրոֆեսոր ասել է. «Մեկ գրամ ԴՆԹ-ն, որը չոր վիճակում կունենար մեկ խորանարդ սանտիմետր ծավալ, կարող է պահել այնքան ինֆորմացիա, որքան մեկ տրիլիոն սեղմապնակները»20։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպես նշեցինք, ԴՆԹ-ն բաղկացած է գեներից՝ այն հրահանգներից, որոնց միջոցով «կառուցվում է» անզուգական մարդ արարածը։ Յուրաքանչյուր բջջում կա այս հրահանգների ամբողջական հավաքածուն։ ԴՆԹ-ում տվյալներն այնքան խիտ են, որ ընդամենը մեկ թեյի գդալ մոլեկուլը կարող է պարունակել այնքան շատ ինֆորմացիա, որ բավարար կլիներ «կառուցելու» 350 անգամ ավելի շատ մարդ, քան կա այսօր։ Մինչդեռ երկրի վրա գոյություն ունեցող յոթ միլիարդ մարդկանց ԴՆԹ-ն հազիվ բարակ շերտով կծածկեր այդ թեյի գդալը21։

ԳԻՐՔ ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ՞

Մեկ գրամ ԴՆԹ-ն կարող է պահել այնքան տվյալներ, որքան մեկ տրիլիոն սեղմապնակները

Չնայած միկրոտեխնիկայի զարգացմանը՝ տվյալների պահպանման ոչ մի սարք իր կարողությամբ չի կարող համեմատվել այս մոլեկուլի հետ։ Նկատի առնենք հետևյալ օրինակը. սեղմապնակը տպավորում է մեզ իր համաչափ կառուցվածքով, հարթ ու փայլուն մակերեսով։ Կասկած չկա, որ խելացի մարդ է պատրաստել այն։ Հաշվի առնենք նաև, որ սեղմապնակի արժեքը պայմանավորված է նրանով, թե ինչ ինֆորմացիա կա նրա մեջ։ Ավելացնենք նաև, որ տվյալների ծավալը ոչ մի ձևով չի անդրադառնում սեղմապնակի  քաշի և չափի վրա։ Ի՞նչ կեզրակացնեիր, եթե այդ սեղմապնակը պարունակեր ոչ թե անարժեք ինֆորմացիա, այլ հստակ ու մանրակրկիտ հրահանգներ, թե ինչպես պետք է կառուցել, պահպանել ու վերանորոգել մի բարդ մեխանիզմ։ Մի՞թե չէիր մտածի, որ այն բանականության արդյունք է։ Ուրեմն՝ եթե կան հրահանգներ, կա նաև մեկը, ով կազմել է դրանք։

Սխալ չէ ԴՆԹ-ն համեմատել սեղմապնակի կամ գրքի հետ։ Գենոմի մասին մի աշխատության մեջ նշվում է. «Ասել, որ գենոմը գիրք է, ոչ թե փոխաբերություն է, այլ ճշմարտություն։ Այս գրքի բոլոր տվյալները կարելի է հեշտությամբ թվայնացնել»։ Հեղինակն ավելացնում է. «Գենոմը շատ «խելացի» գիրք է, որովհետև համապատասխան պայմաններում կարող է իր նախաձեռնությամբ պատճենահանվել և ընթերցվել»22։ Ահա ԴՆԹ-ի մեկ այլ կարևոր առանձնահատկություն։

ԱԿՏԻՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Թանգարանում լռություն է տիրում, և դու սկսում ես մտածել, թե արդյոք բջջակորիզի մեջ ամեն բան անշարժ է։ Հանկարծ նկատում ես մի այլ ցուցանմուշ՝ ԴՆԹ-ի մոլեկուլի մի փոքր մոդել, որը գտնվում է ապակյա արկղի մեջ։ Նրա վերևում կա մի գրություն. «Սեղմեք կոճակը»։ Սեղմում ես կոճակը և սկսվում է ցուցադրությունը։ Հեղինակը պատմում է. «ԴՆԹ-ն կատարում է առնվազն երկու կարևոր աշխատանք։ Առաջին՝ այն կրկնապատկվում է, որպեսզի յուրաքանչյուր նոր բջիջ ունենա գենետիկական տվյալների մի ամբողջական օրինակ։ Դիտենք ցուցադրությունը»։

Հանկարծ հայտնվում է մի բարդ կառուցվածք ունեցող մեքենա, որը ռոբոտների մի խումբ է։ Այս մեքենան մոտենում է ԴՆԹ-ի կրկնակի պարույրին, միանում է դրա ծայրին և շարժվում է առաջ, ինչպես գնացքը՝ ռելսերի վրայով։ Մեքենան այնքան արագ է շարժվում, որ չես կարողանում տեսնել, թե ինչ է անում, սակայն նկատում ես, որ իր հետևում թողնում է ոչ թե մեկ, այլ երկու նոր կրկնակի պարույր։

Հեղինակը շարունակում է. «Պարզեցված ցուցադրման միջոցով դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում, երբ ԴՆԹ-ն կրկնապատկվում է։ Մի խումբ մոլեկուլներ, որոնք  կոչվում են ֆերմենտներ, միասին անցնում են ԴՆԹ-ի պարույրի ողջ երկայնքով։ Դրանք նախ երկու մասի են բաժանում ԴՆԹ-ի սանդուղքը՝ անջատելով կամրջակներից, ապա յուրաքանչյուր կողմը որպես հիմք օգտագործելով՝ ստեղծում են նոր համապատասխան լրացում։ Մենք չենք կարող ներկայացնել այս մեքենայի բոլոր մանրամասները, օրինակ՝ այն փոքրիկ գործիքը, որը անցնում է մեքենայի առջևով և առանձնացնում սանդուղքի կողմերը այնպես, որ դրանք ոչ թե խճճվում են, այլ ազատ ոլորվում են և ստանում պարույրի տեսք, ոչ էլ կարող ենք ցույց տալ, թե ինչպես են մի քանի անգամ սրբագրվում ԴՆԹ-ի նոր մոլեկուլները։ Հետաքրքիր է սակայն, որ սխալներն անմիջապես հայտնաբերվում են և զարմանալի ճշգրտությամբ ուղղվում» (տե՛ս  16, 17 էջերի նկարը

Հեղինակը շարունակում է իր խոսքը. «Բայց մենք կարող ենք հստակ ցույց տալ, թե ինչ արագությամբ է աշխատում այս մեքենան։ Ինչպես նկատեցիք, այն շատ արագ է ընթանում։ Իրականում ֆերմենտների մեքենան մեկ վայրկյանում անցնում է ԴՆԹ-ի 100 աստիճան՝ հիմքերի զույգեր23։ Եթե այս մոլեկուլի սանդուղքը իր չափերով հավասար լիներ գնացքի ռելսերին, ապա մեքենան նրա վրայով կանցներ 80 կիլոմետր-ժամ արագությամբ։ Իսկ բակտերիաների մեջ մեքենան շարժվում է տասը անգամ ավելի արագ։ Մարդու բջջում՝ ԴՆԹ-ի մոլեկուլի տարբեր մասերում, միանգամից գործի են անցնում հարյուրավոր այսպիսի մեքենաներ։ Նրանք ողջ գենոմը պատճենահանում են ընդամենը ութ ժամում»24 (տե՛ս « Մոլեկուլ, որ ընթերցվում և պատճենահանվում է» շրջանակը, էջ 20)։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԸՆԹԵՐՑՎՈՒՄ ԴՆԹ-Ն

ԴՆԹ-ն պատճենահանող մեքենան հեռանում է։ Տեսադաշտում հայտնվում է մեկ ուրիշ մեքենա։ Սա նույնպես անցնում է ԴՆԹ-ի մի հատվածով, բայց ավելի դանդաղ։ ԴՆԹ-ի պարույրը մտնում է այս մեքենայի մի կողմից և դուրս է գալիս մյուս կողմից՝ առանց որևէ փոփոխություն կրելու։ Հանկարծ նկատում ես, որ մեքենայից դուրս է գալիս մի առանձին թել։ Ի՞նչ է դա։

Հեղինակը շարունակում է. «ԴՆԹ-ի երկրորդ աշխատանքը տրանսկրիպցիան է։ ԴՆԹ-ի մոլեկուլը երբեք դուրս չի գալիս իր ապահով բնակարանից՝ բջջակորիզից։ Այդ դեպքում ինչպե՞ս են ընթերցվում և օգտագործվում գեները՝ բաղադրատոմսերը այն բոլոր սպիտակուցների, որոնցից կազմված է մարդու մարմինը։ Ֆերմենտների մեքենան ԴՆԹ-ի մոլեկուլի վրա գտնում է այն գենը, որն ակտիվացել է բջջից եկող քիմիական ազդանշանների ազդեցության հետևանքով։ Հետո մեքենան արտագրում է տվյալ գենը ՌՆԹ-ի մոլեկուլի վրա, որն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մի թելին։ Ֆերմենտների մեքենայի օգնությամբ ՌՆԹ-ն իր վրա է «հավաքում» ԴՆԹ-ի գեներում կոդավորված հրահանգները։ Այնուհետև դուրս է գալիս բջջակորիզից և շարժվում է դեպի ռիբոսոմներ, որոնք էլ այս հրահանգների համաձայն՝ գործում են անհրաժեշտ սպիտակուցի շղթան»։

 Ցուցադրությունը դիտելիս հիացմունքով ես լցվում։ Թերևս դու այսպիսի թանգարան երբեք չէիր տեսել. անչափ տպավորված ես այն գյուտարարների աշխատանքով, ովքեր ստեղծել են այս ամենը։ Իսկ եթե բոլոր ցուցանմուշները սկսեին շարժվել միաժամանակ՝ ներկայացնելով այն հարյուր հազարավոր պրոցեսները, որ տեղի են ունենում մարդու բջջի մեջ, ի՜նչ ապշեցուցիչ տեսարան կլիներ։

Սակայն ամենից ապշեցուցիչն այն է, որ այս բոլոր պրոցեսները տեղի են ունենում քո օրգանիզմի ավելի քան 100 տրիլիոն բջիջներում հենց այս պահին։ Քո ԴՆԹ-ն ընթերցվում է և տալիս է համապատասխան հրահանգներ, որպեսզի պատրաստվեն հարյուր հազարավոր տարատեսակ սպիտակուցներ, որոնցից կազմված է քո մարմինը՝ ֆերմենտները, հյուսվածքները, օրգանները և այլն։ Հենց հիմա քո ԴՆԹ-ն կրկնօրինակվում է և սրբագրվում, որ հրահանգների մի թարմ հավաքածու պատրաստ լինի նոր բջջի մեջ ընթերցվելու։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անդրադառնանք վերնագրի հարցին. «Ո՞վ կազմեց այս հրահանգները»։ Աստվածաշունչն ասում է, որ այս «գիրքը» և նրա մեջ պահվող հրահանգները գրվել են հզոր բանականություն ունեցող Հեղինակի կողմից։  Արդյո՞ք այս խոսքերը ժամանակավրեպ են և հակասում են գիտական փաստերին։

Խորհիր հետևյալի մասին. կարո՞ղ են այսօր մարդիկ կառուցել այնպիսի թանգարան, որ ներկայացվեց այս հոդվածում։ Եթե նույնիսկ փորձեն նման բան կառուցել, կհասկանան, որ շատ դժվարությունների առաջ կկանգնեն։ Պետք է նշել նաև, որ շատ բան դեռևս հայտնի չէ գենոմի և նրա գործունեության մասին։ Գիտնականները շարունակ փորձում են կարդալ բոլոր գեները և հասկանալ, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ դեր է կատարում։ Մինչդեռ գեները զբաղեցնում են ԴՆԹ-ի մոլեկուլի ընդամենը մի փոքր մասը։ Իսկ ի՞նչ դեր են կատարում այն երկար հատվածները, որոնք իրար են միացնում գեները։ Գիտնականները մոլեկուլի այս հատվածները անվանում էին «խարամ» (կողմնակի անպետք նյութեր)։ Սակայն վերջերս նրանք փոխեցին իրենց տեսակետը։ Ըստ երևույթին, այս հատվածներն են վերահսկում, թե ինչպես և որքան են օգտագործվում գեները։ Այդուհանդերձ, եթե գիտնականներն անգամ կարողանային ստեղծել ԴՆԹ-ի մոդելը և մեքենաները, որոնք արտագրում և սրբագրում են այն,  արդյոք նրանց կհաջողվե՞ր այնպես անել, որ այդ մոդելն աշխատի «կենդանի» մոլեկուլի նման։

Հանրահայտ ֆիզիկոս Ռիչարդ Ֆինմանը իր մահից կարճ ժամանակ առաջ գրատախտակին գրեց հետևյալ պարզ խոսքերը, որոնք ցույց են տալիս նրա խոնարհությունը. «Ես չեմ կարող ստեղծել այն, ինչ չեմ հասկանում»25։ Այս սկզբունքը հատկապես կիրառելի է, երբ խոսքը ԴՆԹ ստեղծելու մասին է։ Գիտնականները անգամ չեն կարող ստեղծել ԴՆԹ-ն կրկնապատկող ու տրանսկրիպտացնող գոնե մեկ մեքենա, քանի որ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչպես են դրանք գործում։ Այնուամենայնիվ, նրանցից ոմանք համոզվածությամբ պնդում են, որ այս ամենը առաջացել է մի շարք կույր պատահականությունների արդյունքում։ Արդյոք հոդվածում ներկայացված տեղեկությունները թիկունք կանգնո՞ւմ են այս վարկածին։

Որոշ բանիմաց մարդիկ եկել են այն եզրակացության, որ փաստերն այլ բան են վկայում։ Օրինակ՝ գիտնական Ֆրենսիս Քրիկը, որը համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերեց ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքը, ասել է, որ այս մոլեկուլը չափազանց լավ է կազմավորված և անհնար է, որ այն առաջանար մի շարք աննպատակ իրադարձությունների հետևանքով։ Նա առաջ է քաշում այն վարկածը, թե զարգացած միտք ունեցող այլմոլորակայիններն են ԴՆԹ-ն ուղարկել երկիր, որպեսզի այստեղ կյանք առաջ գա26։

Իսկ հանրահայտ փիլիսոփա Էնթընի Ֆլուն, որը 50 տարի աթեիզմի ջատագով է եղել, վերջերս կտրուկ փոխեց իր տեսակետը։ 81 տարեկանում նա սկսեց հավատալ, որ կյանքը հանճարեղ մտքի արդյունք է։ Ինչո՞ւ։ Պատճառը ԴՆԹ-ի ուսումնասիրությունն էր։ Երբ նրան ասացին, որ իր նոր համոզմունքը գուցե գիտնականների համար անընդունելի լինի, նա պատասխանեց. «Ավելի վատ նրանց համար։ Ես ողջ կյանքում առաջնորդվել եմ այս սկզբունքով՝ .... հետևել փաստերին, ուր էլ որ դրանք առաջնորդեն»27։

Ո՞րն է քո կարծիքը։ Իսկ ո՞ւր են առաջնորդում փաստերը։ Պատկերացրու՝ մի հսկա գործարան, որտեղ աշխատանքը իրականացվում է ավտոմատացված ձևով։ Համակարգիչը գործի է գցում մի բարդ ծրագիր, որի օգնությամբ վերահսկվում են գործարանում կատարվող աշխատանքները։ Բացի դրանից, այդ ծրագիրը անընդհատ հրահանգներ է տալիս, թե ինչպես պետք է պատրաստվեն և վերանորոգվեն բոլոր մեխանիզմները։ Այն նաև ինքնուրույն կրկնօրինակվում և սրբագրվում է։ Այս ամենը տեսնելով՝ ի՞նչ եզրահանգման կգաս։ Կմտածե՞ս արդյոք, թե այս համակարգիչը և նրա ծրագիրը ինքնաբերաբար են առաջացել, թե՞ անմիջապես կընդունես, որ այդ ամենը խելացի մարդիկ են ստեղծել։ Պատասխանն ակնհայտ է։

^ պարբ. 12 Մոլեկուլային կենսաբանության դասագրքում բերվում է մեկ այլ համեմատություն (Molecular Biology of the Cell)։ Այնտեղ նշվում է, որ եթե բջջակորիզը թենիսի գնդակի չափ լիներ, ապա ԴՆԹ-ի պարույրները միասին հավասար կլինեին 40 կիլոմետր երկարություն ունեցող շատ բարակ թելի, որն այնպես է տեղավորված գնդակի մեջ, որ թելի ցանկացած հատված հեշտությամբ կարելի է գտնել։

^ պարբ. 18 Յուրաքանչյուր բջջում կա այս գրքի՝ գենոմի երկու օրինակ, այսինքն՝ 46 քրոմոսոմ։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Էվոլյուցիա. վարկածներ և փաստեր

Վարկածներից մեկը, որի վրա հիմնված է էվոլյուցիոն տեսությունը, այն է, որ մուտացիաները վերափոխում են բույսերի ու կենդանիների սկզբնական տեսակները լիովին նոր տեսակների։ Այս վարկածը հիմնվա՞ծ է փաստերի վրա։

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Գիտությունը և «Ծննդոց» գիրքը

Գիտությունը հերքե՞լ է ստեղծագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը։