Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

 ՀԱՐՑ 2

Իրականում գոյություն ունի՞ կյանքի պարզ տեսակ

Իրականում գոյություն ունի՞ կյանքի պարզ տեսակ

Մի՞թե քո մարմնում գոյություն ունեցող ավելի քան 200 տեսակի բջիջները առաջ են եկել պատահականորեն

Քո մարմինը տիեզերքի ամենաբարդ կառուցվածքներից մեկն է։ Այն կազմված է ավելի քան 200 տարբեր տեսակի միկրոսկոպիկ բջիջներից, օրինակ, ոսկորի, արյան, ուղեղի7։ Դրանց թիվը հասնում է մոտ 100 տրիլիոնի8։

Բջիջները խիստ տարբերվում են իրենց ձևով և ֆունկցիայով։ Դրանք մի բարդ և ամբողջական համակարգ են։ Օրինակ՝ միլիոնավոր արագագործ համակարգիչներից և կապուղիներից կազմված Ինտերնետն անգամ բջիջների այս համակարգի համեմատությամբ դանդաղ է և ոչ արդյունավետ։ Մարդու կողմից ստեղծված ոչ մի տեխնիկա չի կարող մրցել նույնիսկ ամենապարզ բջիջների մեջ գործող «մեխանիզմների» հետ։ Իսկ ինչպե՞ս են առաջացել մարդու մարմնի բջիջները։

Ի՞նչ են ասում շատ գիտնականներ։ Բջիջները բաժանվում են երկու խմբի՝ կորիզային և անկորիզ։ Մարդիկ, կենդանիները և բույսերը ունեն կորիզային բջիջներ, իսկ, օրինակ, բակտերիաները չունեն ձևավորված կորիզ։ Կորիզային բջիջները կոչվում են էուկարիոտ, անկորիզ բջիջները՝ պրոկարիոտ։ Պրոկարիոտ բջիջները կազմությամբ համեմատաբար ավելի պարզ են, քան էուկարիոտ բջիջները։ Այդ պատճառով շատերը կարծում են, որ կենդանիների և բույսերի բջիջները աստիճանաբար առաջ են եկել բակտերիաների բջիջներից։

Իրականում շատ գիտնականներ սովորեցնում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում որոշ պրոկարիոտ բջիջներ կուլ են  տվել մյուս պարզ բջիջներին, բայց չեն մարսել դրանք։ Ըստ տեսության՝ բանականություն չունեցող բնությունը «մտածել է» ոչ միայն արմատական փոփոխություններ մտցնել «գերի ընկած» բջիջների ֆունկցիայի մեջ, այլև արդեն հարմարված բջջին պահել «ագրեսորի» ներսում, երբ վերջինս վերարտադրվում է9 *։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը նշում է, որ կյանքը բանականության արդյունք է։ Ուշադրություն դարձրու հետևյալ տրամաբանական մտքին. «Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Մեկ ուրիշ աստվածաշնչյան համարում կարդում ենք. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով,.... թիվ չկա շարժվող բաներին, կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին» (Սաղմոս 104։24, 25

Մի՞թե անգամ «պարզ» բջիջը կարող էր առաջանալ անկենդան քիմիական միացություններից

Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։ Մանրէաբանության զարգացումը հնարավորություն տվեց գիտնականներին բացահայտելու ամենապարզ պրոկարիոտ բջիջների ապշեցուցիչ կառուցվածքը։ Էվոլյուցիոնիստ-գիտնականները ենթադրում են, որ առաջին կենդանի բջիջները նման են եղել այս պարզ բջիջներին10։

Եթե էվոլյուցիոն տեսությունը ճշմարտություն է, ապա պետք է համոզիչ բացատրություն ներկայացնի, թե ինչպես է պատահականության արդյունքում ի հայտ եկել առաջին «պարզ» բջիջը։ Իսկ եթե կյանքը ստեղծագործության արդյունք է, ապա նույնիսկ ամենափոքր ստեղծագործության մեջ պետք է ակնհայտ լինի հզոր բանականության ձեռագիրը։ Այժմ հրավիրում ենք քեզ մասնակցելու մի շատ հետաքրքիր էքսկուրսիայի, որը կանցկացվի պրոկարիոտ բջջի ներսում։ Էքսկուրսիայի ընթացքում մտածիր հետևյալ հարցի շուրջ. «Այս բջիջը կարո՞ղ էր պատահականորեն առաջանալ»։

ԱՄՈՒՐ ՊԱՐԻՍՊ

Նախ ասենք, որ բջիջ մուտք գործելու համար պետք է փոքրանանք ու դառնանք կետի մեկ հարյուրերորդականի չափ։ Այժմ պետք է անցնենք ամուր, բայց միևնույն ժամանակ էլաստիկ բջջաթաղանթի միջով, որը պարսպի նման պաշտպանում է բջիջ-գործարանը։ Այս թաղանթն իրականում այնքան բարակ է, որ 10000 թաղանթներից բաղկացած շերտի հաստությունը հավասար կլինի սովորական թղթի հաստությանը։ Սակայն բջջաթաղանթը շատ ավելի բարդ կազմություն ունի, քան քարից ու ցեմենտից շինված պարիսպը։

Այս թաղանթը պաշտպանում է բջիջը անբարենպաստ միջավայրի ազդեցությունից։ Գործարանը պաշտպանող պարսպի պես՝ բջջաթաղանթը արգելում է բարդ, ըստ էության վնասակար մոլեկուլների մուտքը բջիջ՝ առանց վերջինիս թույլտվության։ Սակայն թույլ է տալիս, որ փոքր մոլեկուլները, օրինակ, թթվածինը, հեշտությամբ ներթափանցեն բջիջ կամ դուրս գան այնտեղից։ Բացի այդ, այն կանխում է օգտակար մոլեկուլների ելքը։ Մտածե՞լ ես երբևէ, թե ինչպես է տեղի ունենում այս զարմանահրաշ աշխատանքը։

Գործարանը ունի նաև պահակներ, որոնք հսկում են և ստուգում, թե ինչ է մտնում գործարան և ինչ է դուրս գալիս այնտեղից։ Նույն ձևով էլ բջիջը ունի պահակների և դարպասների դեր կատարող հատուկ սպիտակուցներ, որոնք մտնում են բջջաթաղանթի կազմության մեջ։

Բջջաթաղանթի վրա կան «պահակներ», որոնք թույլ են տալիս, որ միայն որոշ տեսակի միացություններ ներս ու դուրս անեն

 Այս սպիտակուցներից մի քանիսը թունելի նման են (1), որոնք թույլ են տալիս որոշ տեսակի մոլեկուլների ազատ ներս ու դուրս անել։ Մյուս սպիտակուցները բաց են միայն մի կողմից (2)։ Դրանք ունեն այնպիսի խոռոչներ (3), որոնց մեջ կարող են մտնել միայն համապատասխան ձև ունեցող մոլեկուլները։ Երբ վերջիններս ներս են մտնում, սպիտակուցի մյուս ծայրը բացվում է, և նրանք անարգել անցում են բջջաթաղանթի միջով (4)։ Այս պրոցեսները տեղի են ունենում նույնիսկ ամենապարզ բջջի թաղանթում։

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ

Մենք արդեն անցանք «պահակակետից» և այժմ գտնվում ենք բջջի ներսում՝ ցիտոպլազմայի մեջ, որը բջջի կիսահեղուկ ներքին միջավայրն է։ Այն հարուստ է սննդանյութերով, աղերով և այլ միացություններով։ Բջիջը դրանք օգտագործում է անհրաժեշտ սպիտակուցներ սինթեզելու համար։ Այստեղ ամեն բան կարգ ու կանոնով է ընթանում, ինչպես որ արդյունավետորեն աշխատող գործարանում։ Ըստ սահմանված գրաֆիկի՝ որոշակի հաջորդականությամբ տեղի են ունենում հազարավոր քիմիական ռեակցիաներ։

Բջիջը իր ժամանակի մեծ մասը տրամադրում է սպիտակուցներ արտադրելուն։ Ինչպե՞ս է տեղի ունենում այս պրոցեսը։ Նախ նշենք, որ ինչպես կենտրոնական համակարգչային ծրագիրն է վերահսկում գործարանի աշխատանքը, այնպես էլ ԴՆԹ-ի (5) կոդն է վերահսկում բջջի ներսում տեղի ունեցող շատ պրոցեսներ։ ԴՆԹ-ն ռիբոսոմին (6) ուղարկում է մանրամասն հրահանգների պատճենը, որտեղ նշված է, թե ինչ սպիտակուց պետք է պատրաստել և ինչպես (7)։ Մինչ այդ պատրաստվում են սպիտակուցի շղթայի օղակները՝ մոտ 20 տեսակի ամինաթթուները։ Ապա դրանք տարվում են ռիբոսոմների մոտ։ Ավտոմատ մեքենաների նման՝ ռիբոսոմները ամինաթթուների այս օղակներն իրար են միացնում որոշակի հաջորդականությամբ և ստանում են անհրաժեշտ տեսակի սպիտակուցը՝ հետևելով հրահանգներին։

Երբ արդեն սպիտակուցի շղթան պատրաստ է, մի զարմանալի բան է տեղի ունենում. այն սկսում է ծալվել իր տեսակին բնորոշ որոշակի ձևով և ձեռք է բերում եռաչափ կառուցվածք (8)։ Հենց այս կառուցվածքից էլ կախված է, թե ինչ ֆունկցիա պետք է կատարի սպիտակուցը *։ Օրինակ՝ պատկերացրու մի արտադրամաս, որտեղ շարժիչի մասեր են հավաքում։ Յուրաքանչյուր մաս պետք է ճիշտ պատրաստված լինի, որպեսզի շարժիչը աշխատի։  Նմանապես, սպիտակուցը պետք է ճիշտ կառուցվի և ծալվի, հակառակ դեպքում այն չի կարող ինչպես հարկն է կատարել իր ֆունկցիան և հնարավոր է նույնիսկ վնասի բջջին։

Բջիջ-գործարանը։ Ինչպես են սպիտակուցները արտադրվում։ Ավտոմատացված գործարանի նման՝ բջջի ներսում գործում են տարբեր մեխանիզմներ, որոնք պատրաստում և առաքում են բարդ «արտադրանքը»

Իսկ ինչպե՞ս է սպիտակուցը գտնում իր ճանապարհը և հասնում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Յուրաքանչյուր սպիտակուցի վրա նշված է «հասցե»։ Թեև ամեն րոպե հազարավոր սպիտակուցներ են պատրաստվում ու առաքվում, սակայն «հասցեի» շնորհիվ նրանք միշտ բարեհաջող հասնում են իրենց նշանակետին։

Ինչո՞ւ են կարևոր այս տեղեկությունները։ Անգամ ամենապարզ կենդանի օրգանիզմի բարդ մոլեկուլները չեն կարող ինքնուրույն վերարտադրվել։ Բջջից դուրս դրանք քայքայվում են, իսկ բջջի ներսում չեն կարող վերարտադրվել առանց մյուս բարդ մոլեկուլների օգնության։ Օրինակ՝ ֆերմենտներ են անհրաժեշտ հատուկ տեսակի մոլեկուլներ սինթեզելու համար, որոնք ապահովում են բջիջը էներգիայով և կոչվում են ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ), սակայն ԱԵՖ-ից ստացած էներգիան էլ պետք է ֆերմենտներ արտադրելու համար։ Նմանապես, ԴՆԹ-ի մոլեկուլ է անհրաժեշտ ֆերմենտներ ստանալու համար, և ֆերմենտներ՝ ԴՆԹ սինթեզելու համար (3-րդ բաժնում քննարկվում է այս մոլեկուլի մասին)։ Ավելին, տարբեր  սպիտակուցներ կարող են սինթեզվել միայն բջջի կողմից, մինչդեռ բջիջն ինքն իրեն գոյություն չի կարող ունենալ առանց սպիտակուցների *։

Մանրէաբան Ռադու Պոպան չի ընդունում արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը։ Այդուհանդերձ, 2004թ. նա ասել է. «Եթե մանրամասնորեն նախապատրաստած և իրականացրած գիտափորձերի ժամանակ մեզ չհաջողվեց կյանք ստեղծել, ապա ինչպե՞ս դա հաջողվեց բնությանը»13։ Նա նաև ավելացրել է. «Կենդանի բջջի գործունեության համար անհրաժեշտ մեխանիզմներն այնքան բարդ են, որ դրանց միաժամանակ և պատահականորեն առաջ գալը անհնար բան է թվում»14։

Ինչպես երկնաքերը կփլուզվի առանց հիմքի, այնպես էլ էվոլյուցիոն տեսությունը, որը չի կարողանում պատասխանել կյանքի ծագման վերաբերյալ հարցերին, կհերքվի

Ո՞րն է քո կարծիքը։ Էվոլյուցիոն տեսությունը փորձում է բացատրել, թե ինչպես է առանց Աստծու միջամտության երկրի վրա կյանք առաջացել։ Սակայն որքան շատ բան են իմանում գիտնականները, այնքան քիչ հավանական է թվում, որ կյանքը կարող էր առաջանալ պատահականորեն։ Այս դիլեմայից խուսափելու համար որոշ էվոլյուցիոնիստ-գիտնականներ ուզում են կյանքի ծագման հարցը հանել էվոլյուցիոն տեսությունից՝ համարելով, որ դա առանձին թեմա է։ Տրամաբանակա՞ն է արդյոք քեզ համար նման մոտեցումը։

Էվոլյուցիոն տեսության համաձայն՝ կյանքը առաջ է եկել մի շարք պատահական իրադարձությունների արդյունքում։ Իսկ հետագայում այլ պատահական իրադարձությունների արդյունքում առաջ են եկել կենդանի օրգանիզմների զանազան և բարդ տեսակներ։ Սակայն եթե էվոլյուցիոն տեսությունը հիմք չունի, ի՞նչ տեղի կունենա մյուս տեսությունների հետ, որոնք հիմնվում են դրա վրա։ Պատասխանն ակնհայտ է։ Ինչպես երկնաքերը կփլուզվի առանց հիմքի, այնպես էլ էվոլյուցիոն տեսությունը, որը չի կարողանում պատասխանել կյանքի ծագման վերաբերյալ հարցերին, կհերքվի։

«Պարզ» բջջի կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելուց հետո ի՞նչ եզրահանգման եկար՝ այդ ամենը պատահականությա՞ն, թե՞ հանճարեղ մտքի արդյունք է։ Եթե դեռ կասկածներ ունես, եկ ուսումնասիրենք այն բարդ ծրագիրը, որը հմտորեն ղեկավարում է բջջի գործունեությունը։

^ պարբ. 6 Ոչ մի գիտափորձ չի փաստել այս երևույթի հնարավոր լինելը։

^ պարբ. 18 Ֆերմենտները (էնզիմները) սպիտակուցի տեսակ են և պատրաստվում են բջջի ներսում։ Յուրաքանչյուր ֆերմենտ ծալվում է հատուկ ձևով, որ արագացնի կոնկրետ որևէ տեսակի քիմիական ռեակցիայի ընթացքը։ Բջջի գործունեությանը մասնակցում են հարյուրավոր ֆերմենտներ։

^ պարբ. 20 Մարդու օրգանիզմում որոշ բջիջներ կազմված են մոտ 10000000000 սպիտակուցի մոլեկուլներից11, որոնք մի քանի հարյուր հազար տեսակի են12։