Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 8

Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը

Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը

1. Ինչո՞ւ էր Սելով քաղաքը սգի մեջ։

ՍԵԼՈՎ քաղաքը սգի մեջ էր։ Լսվում էր կանանց ու երեխաների աղեկտուր լացի ձայնը։ Նրանք ողբում էին. նրանց հայրերը, ամուսինները, որդիները և եղբայրները այլևս տուն չէին դառնալու։ Իսրայելը փղշտացիների դեմ պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել՝ մարտի դաշտում կորցնելով 30000 ռազմիկ։ Իսկ նախորդ կռվի ժամանակ զոհվել էր 4000 հոգի (1 Սամ. 4։1, 2, 10

2, 3. Ո՞ր ողբերգությունները խլեցին Սելով քաղաքի փառքը։

2 Սակայն սա քաղաքի վրա եկած ողբերգության մի մասն էր միայն։ Հեղի քահանայապետի երկու չար որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, պատերազմի դաշտ էին գնացել՝ իրենց հետ վերցնելով ուխտի տապանակը։ Այս սուրբ և թանկարժեք արկղը, որը պահվում էր խորանի՝ որպես տաճար ծառայող վրանի ամենասուրբ տեղում, խորհրդանշում էր Աստծու ներկայությունը։ Իրենց հետ վերցնելով տապանակը՝ իսրայելացիները մտածում էին, թե այն կպաշտպանի և հաղթանակ կպարգևի իրենց։ Բայց փղշտացիները խլեցին այն, իսկ Օֆնիին ու Փենեհեսին սպանեցին (1 Սամ. 4։3–11

3 Դարեր շարունակ տապանակը պահվել էր Սելովում, ինչը մեծ պատիվ էր քաղաքի համար։ Սակայն հիմա այն փղշտացիների ձեռքում էր։ Այս լուրը լսելով՝ 98-ամյա Հեղին աթոռից մեջքի վրա ընկավ ու մահացավ։ Նույն օրը այրի դարձած նրա հարսը մահացավ ծննդաբերելիս։ Մահանալուց առաջ նա ասաց. «Փառքը հեռացավ Իսրայելից դեպի գերություն»։ Քաղաքը կորցրեց իր փառքը և ասես ամայացավ (1 Սամ. 4։12–22

4. Ի՞նչ ենք քննարկելու այս գլխում։

4 Ինչպե՞ս էր Սամուելը շարունակելու իր ծառայությունը։ Կպահպանե՞ր նա իր ամուր հավատը, թե՞ կհուսահատվեր։ Կշարունակե՞ր օգնել այն մարդկանց, որոնք կորցրել էին Եհովայի հավանությունն ու պաշտպանությունը։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող իրավիճակում է հայտնվում և հիասթափություններ է ունենում, որոնք կարող են բացասաբար ազդել մեր հավատի վրա։ Ուստի տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Սամուելից։

 Նա «արդարություն գործադրեց»

5, 6. Ինչո՞վ էր զբաղված Սամուելը քսան տարիների ընթացքում։

5 Այս դեպքերից հետո Աստվածաշունչը չի խոսում Սամուելի մասին, միայն պատմում է, թե ինչ եղավ տապանակի հետ, ինչ պատուհասներ կրեցին փղշտացիները տապանակն իրենց մոտ պահելու պատճառով և ի վերջո ինչպես ստիպված եղան վերադարձնել այն։ Իսկ երբ կրկին խոսվում է Սամուելի մասին, արդեն քսան տարի էր անցել (1 Սամ. 7։2)։ Ինչո՞վ էր զբաղված մարգարեն այդ տարիների ընթացքում։

Ինչպե՞ս կարողացավ Սամուելը օգնել հուսալքված ու վշտահար ժողովրդին

6 Աստվածաշնչից իմանում ենք, որ մինչ այդ «Սամուելը [Աստծու] խոսքերը փոխանցում էր ամբողջ Իսրայելին» (1 Սամ. 4։1)։ Երբ պատմվում է քսան տարի անց տեղի ունեցող դեպքերի մասին, նշվում է, որ Սամուելը սովորություն ուներ ամեն տարի շրջելու Իսրայելի երեք քաղաքներում։ Նա հարթում էր մարդկանց մեջ ծագած տարաձայնությունները և լուծում էր խնդիրները։ Հետո վերադառնում էր տուն՝ Ռամա (1 Սամ. 7։15–17)։ Պարզ է, ուրեմն, որ այդ տարիների ընթացքում նույնպես Սամուելը զբաղված է եղել իր ծառայությամբ։

Սամուելն իր կյանքի այն քսան տարիների ընթացքում, որոնց մասին չի նշվում Աստվածաշնչում, զբաղված է եղել ծառայությամբ

7, 8. ա) Ի՞նչ պատվեր տվեց Սամուելը ժողովրդին երկու տասնամյակ եռանդորեն ծառայելուց հետո։ բ) Ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը Սամուելի հավաստիացմանը։

7 Հեղիի որդիների անբարո վարքն ու անօրեն գործերը թուլացրել էին մարդկանց հավատը, և շատերը սկսել էին կուռքեր պաշտել։ Երկու տասնամյակ եռանդորեն ծառայելուց հետո Սամուելը հետևյալ պատվերը տվեց իսրայելացիներին. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք դառնում դեպի Եհովան, ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարտներին, ձեր սրտերը առանց երկմտելու Եհովային ուղղեք և միայն նրան ծառայեք, ու նա կազատի ձեզ փղշտացիների ձեռքից» (1 Սամ. 7։3

8 «Փղշտացիների ձեռքը» ծանրացել էր իսրայելացիների վրա։ Պատերազմում հաղթանակ տանելուց հետո փղշտացիները մտածում էին, թե կարող են ավելի մեծ ճնշում գործադրել նրանց վրա և մնալ անպատիժ։ Սակայն Սամուելը վստահեցրեց իր ազգակիցներին, որ իրենց դրությունը կփոխվի, եթե հետ դառնան դեպի Եհովան։ Ինչպե՞ս վարվեց ժողովուրդը։ Նրանք ականջ դրեցին մարգարեի խոսքերին, թողեցին կռապաշտությունը և «սկսեցին միայն Եհովային ծառայել»։ Դա, անկասկած, ուրախացրեց Սամուելին։ Նա ժողովրդին կանչեց Մասփա, որը գտնվում էր Երուսաղեմից հյուսիս՝ լեռնոտ տարածքում։ Իսրայելացիները հավաքվեցին այնտեղ։ Նրանք զղջացին իրենց մեղքերի համար և ծոմ պահեցին (կարդա՛ 1 Սամուել 7։2–6

Երբ իսրայելացիները հավաքվել էին Մասփայում, փղշտացիները մտածեցին, թե դա հարմար առիթ է նրանց վրա հարձակվելու համար

9. Ի՞նչ հարմար առիթ օգտագործեցին փղշտացիները, և ինչպե՞ս արձագանքեց Աստծու ժողովուրդը։

 9 Երբ փղշտացիները իմացան, որ իսրայելացիները հավաքվել են Մասփայում, մտածեցին, որ դա հարմար առիթ է նրանց վրա հարձակվելու համար։ Նրանց բանակը շարժվեց դեպի Մասփա, որ կոտորի Եհովայի երկրպագուներին։ Լսելով այդ մասին՝ իսրայելացիները սարսափահար աղաչեցին Սամուելին, որ իրենց համար աղոթի Եհովային։ Սամուելը կատարեց նրանց խնդրանքը ու, բացի այդ, զոհ մատուցեց Եհովային։ Այդ ընթացքում փղշտացիները հասան Մասփա։ Աստված պատասխանեց Սամուելի աղոթքին, և մի ահարկու որոտ թնդաց։ «Եհովան այդ օրը բարձր ձայնով որոտաց փղշտացիների վրա և նրանց խուճապի մեջ գցեց» (1 Սամ. 7։7–10

10, 11. ա) Ինչո՞ւ Եհովայի բերած որոտը պետք է որ արտասովոր լիներ։ բ) Ի՞նչ ավարտ ունեցավ Մասփայի մոտ սկսած մարտը։

10 Արդյոք փղշտացիները վախկո՞տ էին փոքր երեխաների պես, որոնք որոտի ձայնը լսելիս թաքնվում են իրենց մայրերի փեշերի տակ։ Ո՛չ, նրանք պատերազմներում կոփված խրոխտ զինվորներ էին։ Ուստի հնարավոր է՝ սարսափահար եղան, քանի որ այս որոտը շատ արտասովոր էր կամ էլ չափազանց ուժգին։ Գուցե այդ ժամանակ անամպ էր երկինքը, գուցե լեռներից եկող արձագանքն էր հզոր։ Ամեն դեպքում, այն շփոթության մեջ գցեց փղշտացիներին, ու զորեղ թշնամին դարձավ վախկոտ զոհ։ Իսրայելացիները դուրս եկան Մասփայից ու հարձակվեցին նրանց վրա։ Նրանք պարտության մատնեցին փղշտացիներին ու հետապնդեցին փախչող թշնամուն մինչև Երուսաղեմի հարավարևմտյան կողմը (1 Սամ. 7։11

11 Այդ հաղթանակը շրջադարձային եղավ Իսրայելի համար։ Հետագա տարիների ընթացքում մինչև Սամուելի որպես դատավոր ծառայելու ավարտը փղշտացիները շարունակ նահանջում էին։ Մեկը մյուսի հետևից նրանց գրաված քաղաքները Աստծու ժողովրդի իշխանության տակ էին անցնում (1 Սամ. 7։13, 14

12. Ինչպե՞ս Սամուելը «արդարություն գործադրեց», և ո՞ր հատկություններն օգնեցին նրան հաջողությամբ կատարելու իր ծառայությունը։

12 Դարեր անց Պողոս առաքյալը Սամուելին հիշատակեց այն հավատարիմ դատավորների ու մարգարեների թվում, որոնք «արդարություն գործադրեցին» (Եբր. 11։32, 33)։ Այո՛, հավատարիմ Սամուելը օգնեց ժողովրդին, որ անեն այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Նա հաջողությամբ կատարեց իր գործը, քանի որ համբերությամբ ծառայում էր Եհովային, և թույլ չէր տալիս, որ հիասթափությունները խանգարեն իրեն։ Բացի այդ, նա երախտագետ անձնավորություն էր։ Օրինակ՝ Մասփայում տարած հաղթանակից հետո Սամուելը որպես կոթող  մի քար կանգնեցրեց ի հիշատակ Եհովայի օգնության (1 Սամ. 7։12

13. ա) Ի՞նչ հատկություններ պետք է դրսևորենք, եթե ցանկանում ենք Սամուելի պես «արդարություն գործադրել»։ բ) Ո՞ր տարիքից ճիշտ կլինի նման հատկություններ զարգացնել։

13 Իսկ դու ցանկանո՞ւմ ես «արդարություն գործադրել»։ Եթե այո, ապա պետք է Սամուելի պես համբերատար, խոնարհ և երախտագետ անձնավորություն լինես (կարդա՛ 1 Պետրոս 5։6)։ Ինչ խոսք, բոլորս էլ ունենք այդ հատկությունների կարիքը։ Այս հատկությունները Սամուելը պետք է որ զարգացրած լիներ դեռ վաղ տարիքից, քանի որ հետագայում նա կարողացավ հաղթահարել խոր հիասթափություններ։

«Քո որդիները քո ճանապարհներով չեն քայլում»

14, 15. ա) Ի՞նչ հիասթափություն ապրեց Սամուելը ծեր հասակում։ բ) Արդյո՞ք Սամուելը՝ որպես ծնող, կրկնեց Հեղիի սխալները։ Բացատրի՛ր։

14 Սամուելի մասին հաջորդ արձանագրությունից տեսնում ենք, որ նա արդեն ծերացել էր։ Նա իր երկու որդիներին՝ Հովելին ու Աբիային դատավորներ նշանակեց, որ օգնեն իրեն։ Ցավոք, նրանք չարդարացրին իրենց հոր ակնկալիքները։ Նրանք ազնվորեն ու արդարությամբ չվարվեցին, ինչպես որ վարվեց Սամուելը, այլ իրենց դիրքը եսասիրական նպատակներով օգտագործեցին՝ անիրավություն անելով և կաշառք վերցնելով (1 Սամ. 8։1–3

 15 Մի օր Իսրայելի երեցները մոտեցան Սամուելին ու դժգոհեցին. «Քո որդիները քո ճանապարհով չեն քայլում» (1 Սամ. 8։4, 5)։ Արդյոք նա տեղյա՞կ էր այդ մասին։ Արձանագրությունը ոչինչ չի հայտնում։ Սակայն վստահ կարող ենք ասել, որ Սամուելը՝ որպես հայր, տարբերվում էր Հեղիից, ում Եհովան հանդիմանեց ու պատժեց, քանի որ նա իր որդիներին ուղղելու համար համապատասխան քայլեր չէր ձեռնարկում, այլ ընդհակառակը՝ նրանց ավելի մեծ պատվի էր արժանացնում, քան Աստծուն (1 Սամ. 2։27–29)։ Այս հարցում Եհովան Սամուելի մեջ ոչ մի սխալ բան չգտավ։

Սամուելն ինչպե՞ս հաղթահարեց այն հիասթափությունը, որ պատճառեցին իր որդիները

16. Ի՞նչ զգացումներ են ունենում ծնողները, երբ երեխաները չեն հնազանդվում, և ինչո՞վ կարող է Սամուելի օրինակը մխիթարական և օգտակար լինել։

16 Թեև Աստվածաշունչը չի խոսում, թե ինչ ցավ ու հիասթափություն ապրեց Սամուելը՝ իմանալով իր որդիների արարքների մասին, սակայն շատ ծնողներ կարող են լավ հասկանալ նրա զգացումները։ Հատկապես այս վերջին օրերում ծնողների դեմ ըմբոստությունը և նրանց խրատի ու դաստիարակության հանդեպ արհամարհական վերաբերմունքը տարածված բնույթ են կրում (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5)։ Իրենց սրտում այդպիսի ցավ կրող ծնողների համար Սամուելի օրինակը կարող է որոշ չափով մխիթարական և օգտակար լինել։ Նա թույլ չտվեց, որ իր որդիների անհավատարմությունը որևէ կերպ շեղի իրեն իր անարատ ընթացքից։ Կարևոր է հիշել, որ եթե խոսքերն ու խրատները չեն հասնում անհնազանդ երեխայի սրտին, ծնողների օրինակը կարող է զորեղ ազդեցություն թողնել նրանց վրա։ Ամեն դեպքում ծնողները չպետք է մոռանան, որ իրենք ունեն երկնային Հայր, որի սիրտը կարող են ուրախացնել, ինչպես արեց Սամուելը։

«Մեզ համար մի թագավոր նշանակիր»

17. Իսրայելի երեցները ի՞նչ պահանջ ներկայացրին, և ինչպե՞ս վերաբերվեց դրան Սամուելը։

17 Սամուելի որդիները չէին էլ պատկերացնում, թե իրենց ագահությունն ու եսասիրությունը ինչ հետևանքներ կարող էին ունենալ։ Իսրայելի երեցները Սամուելին ասացին. «Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս ազգերի մոտ»։ Արդյո՞ք դրանով նրանք մերժում էին Սամուելին, որը տասնամյակներ շարունակ ծառայել էր նրանց որպես դատավոր։ Այս անգամ նրանք ոչ թե Սամուելի պես մարգարե էին ուզում, այլ թագավոր, որը կդատեր իրենց։ Նրանք ուզում էին շրջակա ազգերի պես թագավոր ունենալ։ Իսրայելացիների պահանջը «Սամուելի աչքին վատ երևաց» (1 Սամ. 8։5, 6

18. Ինչպե՞ս Եհովան հանգստացրեց Սամուելին և միևնույն ժամանակ ցույց տվեց իսրայելացիների մեղքի լրջությունը։

18 Երբ Սամուելը ժողովրդի պահանջը ներկայացրեց Եհովային՝ աղոթելով նրան, Աստված հետևյալ խոսքերն ասաց. «Լսի՛ր ժողովրդի ձայնին և արա՛ այն ամենը, որ ասացին քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ ինձ, որ նրանց վրա թագավոր չլինեմ»։ Թեև այս խոսքերով  Աստված հանգստացրեց Սամուելին, սակայն իրականում իսրայելացիների պահանջը խիստ վիրավորական էր Ամենակարող Աստծու համար։ Նա ասաց իր մարգարեին, որ զգուշացնի ժողովրդին, թե ինչպիսին է լինելու նրանց կյանքը թագավորի իշխանության ներքո։ Չնայած այդ նախազգուշացումներին՝ ժողովուրդը շարունակեց համառորեն պահանջել. «Ո՛չ, թող մեզ վրա թագավոր լինի»։ Հնազանդվելով Աստծուն՝ Սամուելը գնաց և թագավոր օծեց նրան, ում Եհովան ընտրեց (1 Սամ. 8։7–19

19, 20. ա) Ինչպե՞ս Սամուելը ցույց տվեց Եհովայի հանդեպ իր հնազանդությունը։ բ) Ինչպե՞ս Սամուելը շարունակեց օգնել Եհովայի ժողովրդին։

19 Արդյոք Սամուելը բարկացա՞վ կամ պարզապես անտարբերությա՞մբ կատարեց իր հանձնարարությունը։ Թույլ տվե՞ց, որ հիասթափությունը թունավորի և դառնությամբ լցնի իր սիրտը։ Նման իրավիճակում թերևս շատերը հենց այդպես վարվեին, սակայն ոչ Սամուելը։ Նա հավատարմորեն շարունակեց իր ծառայությունը։ Սամուելը օծեց Սավուղին՝ ընդունելով, որ այդ մարդը Եհովայի ընտրյալն է, և ի նշան հարգանքի և հպատակության՝ համբուրեց այդ նորընծա թագավորին։ Այնուհետև նա դիմեց ժողովրդին՝ ասելով. «Տեսա՞ք, թե ում ընտրեց Եհովան։ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա» (1 Սամ. 10։1, 24)։ Սամուելը կենտրոնացավ Եհովայի ընտրյալի ոչ թե բացասական, այլ դրական կողմերի վրա։

20 Նա ճիշտ տրամադրվածություն ուներ. իր համար ավելի կարևոր էր Եհովայի աչքում անարատ լինել, քան ունենալ այդ անկայուն մարդկանց հավանությունը (1 Սամ. 12։1–4)։ Նա շարունակեց հավատարմորեն կատարել իր ծառայությունը՝ Աստծու ժողովրդին նախազգուշացնելով հոգևոր վտանգների մասին և քաջալերելով նրանց նվիրված մնալ Եհովային։ Սամուելի խոսքերը հասան մարդկանց սրտին, և նրանք աղաչեցին նրան աղոթել Աստծուն իրենց համար։ Սամուելի պատասխանը ցույց է տալիս, թե ինչ կար նրա սրտում։ Նա ասաց. «Ինձ համար անհնար է, որ դադարեմ ձեզ համար աղոթք անելուց և այդպիսով Եհովայի դեմ մեղք գործեմ։ Ես պիտի սովորեցնեմ ձեզ բարի և ուղիղ ճանապարհը» (1 Սամ. 12։21–24

Սամուելի օրինակը հիշեցնում է մեզ, որ երբեք չպետք է թույլ տանք՝ նախանձն ու դառնությունը արմատ գցեն մեր սրտում

21. Ինչպե՞ս կարող է Սամուելի օրինակը օգնել, երբ հուսալքվում ենք՝ տեսնելով, որ ինչ-որ մեկը առանձնաշնորհում է ստանում, իսկ մենք՝ ոչ։

21 Երբևէ հուսալքվե՞լ ես, երբ ինչ-որ մեկը առանձնաշնորհում է ստացել, իսկ դու՝ ոչ։ Սամուելի օրինակը ցույց է տալիս, որ երբեք չպետք է թույլ տանք, որ նախանձն ու դառնությունը արմատ գցեն մեր սրտում (կարդա՛ Առակներ 14։30)։ Եհովան իր բոլոր հավատարիմ ծառաներին է բավականություն պատճառող հանձնարարություն տալիս։

 «Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար»

22. Ինչո՞ւ զուր չէր, որ Սամուելը կենտրոնացավ Սավուղի լավ հատկությունների վրա։

22 Զուր չէ, որ Սամուելը Սավուղի մեջ լավ բաներ էր տեսել։ Սավուղը աչքի էր ընկնում իր հասակով ու առնական արտաքինով։ Նա նաև քաջ էր ու խելացի, միևնույն ժամանակ համեստ էր ու խոնարհ (1 Սամ. 10։22, 23, 27)։ Ուներ ազատ կամք և կարող էր ընտրել իր կյանքի ուղին ու որոշումներ կայացնել (2 Օրենք 30։19)։ Ինչպե՞ս նա օգտագործեց ազատ կամքի իր պարգևը։

23. Ո՞ր հատկությունը կորցրեց Սավուղը և ինչպե՞ս հպարտացավ։

23 Ցավալի է, բայց փաստ, որ հաճախ, երբ մարդն իշխանություն է ստանում, սկսում է կորցնել խոնարհությունը։ Այդպես պատահեց Սավուղի հետ։ Թագավոր դառնալուց շատ չանցած՝ նա հպարտացավ։ Նա չէր հնազանդվում Եհովայի պատվերներին, որոնք Սամուելը հայտնում էր իրեն։ Մի անգամ էլ Սավուղը չսպասեց Սամուելին և զոհ մատուցեց Եհովային, ինչը Սամուելը պետք է աներ։ Սամուելը խստորեն հանդիմանեց նրան և ասաց, որ նրա տունը չի շարունակելու թագավորել։ Փոխանակ այդ հանդիմանությունից դաս քաղելու՝ Սավուղը շարունակեց իր անհնազանդ ընթացքը և ավելի վատ բաներ արեց (1 Սամ. 13։8, 9, 13, 14

24. ա) Ինչպե՞ս Սավուղը չհնազանդվեց Եհովային ամաղեկացիների դեմ պատերազմելիս։ բ) Ինչպե՞ս Սավուղը արձագանքեց հանդիմանությանը, և ի՞նչ որոշեց Եհովան։

24 Սամուելի միջոցով Եհովան կարգադրեց Սավուղին դուրս գալ ամաղեկացիների դեմ պատերազմելու։ Նա պետք է սպաներ նրանց չար թագավորին՝ Ագագին, սակայն ողջ թողեց նրան, ինչպես նաև խնայեց լավագույն անասուններին և ավար վերցրեց դրանք։ Երբ Սամուելը հանդիմանեց Սավուղին, պարզ դարձավ, թե վերջինս ինչքան էր փոխվել։ Հանդիմանությունը խոնարհությամբ ընդունելու փոխարեն՝ նա սկսեց արդարացնել իր արարքները, հետո հարցը շրջանցելով՝ փորձեց մեղքը գցել ժողովրդի վրա։ Իսկ երբ իր հանցանքը մեղմացնելու համար արդարացավ, թե ընտիր անասուններին կենդանի է թողել Եհովային զոհ մատուցելու համար, Սամուելն ասաց. «Հնազանդությունը զոհից լավ է»։ Նա անվախորեն հանդիմանեց Սավուղին և հայտնեց Եհովայի որոշումը. թագավորական իշխանությունը պետք է վերցվեր նրանից և իրենից լավին տրվեր * (1 Սամ. 15։1–33

25, 26. ա) Ինչո՞ւ էր Սամուելը սգում Սավուղի համար, և ինչպե՞ս Եհովան մեղմորեն սթափեցրեց նրան։ բ) Ի՞նչ սովորեց Սամուելը, երբ գնաց Հեսսեի տուն։

 25 Սամուելը շատ տխրեց Սավուղի համար։ Նա ողջ գիշեր աղոթեց Եհովային և իր վիշտը հայտնեց նրան։ Նա նույնիսկ սուգ արեց Սավուղի համար։ Սամուելը նրա մեջ լավ բաներ էր տեսել և մտածում էր, որ նա լավ թագավոր կլիներ, սակայն հիմա հիասթափված էր նրանից։ Այն Սավուղը, որին նա ճանաչում էր, այլևս չկար. չկային նրա լավ հատկությունները, այդ մարդը երես էր թեքել Եհովայից։ Սամուելն այլևս չուզեց նրան տեսնել։ Սակայն որոշ ժամանակ անց Եհովան մեղմորեն փորձեց սթափեցնել Սամուելին՝ ասելով. «Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար, ես նրան մերժել եմ Իսրայելի վրա թագավոր լինելուց։ Եղջյուրդ յուղով լցրու և գնա։ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր եմ ընտրել» (1 Սամ. 15։34, 35; 16։1

26 Եհովայի կամքի իրականացումը կախված չէ անկատար մարդկանց հավատարիմ լինելուց կամ չլինելուց։ Եթե մեկը անհավատարիմ է գտնվում, Եհովան իր կամքը իրականացնում է մեկ ուրիշի միջոցով։ Ուստի արդեն տարիքն առած Սամուելը դադարեց Սավուղի համար սգալուց և Եհովայի առաջնորդությամբ գնաց Բեթլեհեմ՝ Հեսսեի տուն։ Այստեղ նա տեսավ Հեսսեի տղաներին, որոնք մեկը մյուսից բարեկազմ էին ու գեղեցիկ։ Բայց հենց սկզբից Եհովան զգուշացրեց Սամուելին չնայել արտաքին տեսքին, այլ փորձել ավելին տեսնել (կարդա՛ 1 Սամուել 16։7)։ Վերջում Սամուելին ներկայացրին ամենակրտսեր որդուն՝ Դավթին, որին և ընտրել էր Եհովան։

Սամուելը հասկացավ, որ չկա հիասթափություն պատճառող որևէ բան, որ Եհովան չկարողանա լուծել, հարթել և նույնիսկ օրհնության վերածել

27. ա) Ի՞նչը նպաստեց, որ Սամուելի հավատը ավելի ու ավելի զորանա։ բ) Ի՞նչ օրինակ է Սամուելը քեզ համար։

27 Իր կյանքի վերջին տարիներին Սամուելն ավելի հստակ տեսավ, թե որքան արդարացի վարվեց Եհովան, երբ Սավուղի փոխարեն նշանակեց Դավթին։ Հետագայում Սավուղը նախանձով լցվեց Դավթի հանդեպ և փորձեց սպանել նրան։ Նա այնքան չարացավ, որ ի վերջո հավատուրաց դարձավ։ Մինչդեռ Դավիթը գեղեցիկ հատկություններ էր դրսևորում՝ քաջություն, անարատություն, հավատարմություն ու նվիրվածություն։ Տարիների ընթացքում Սամուելի հավատն ավելի ու ավելի էր զորանում։ Նա տեսավ, որ չկա հիասթափություն պատճառող որևէ խնդիր կամ իրավիճակ, որ Եհովան չկարողանա լուծել, հարթել և նույնիսկ օրհնության վերածել։ Ապրելով գրեթե մեկ դար՝ Սամուելը բարի անուն թողեց։ Զարմանալի չէ, որ ողջ Իսրայելը սգաց այս հավատարիմ մարդու մահը։ Եհովայի բոլոր ծառաների համար Սամուելը հավատի հրաշալի օրինակ թողեց։ Կընդօրինակե՞ս նրա հավատը։

^ պարբ. 24 Ագագին սպանեց Սամուելը։ Ո՛չ այդ չար թագավորը, ո՛չ էլ նրա ընտանիքը արժանի չէին ողորմության։ Ագագյան Համանը, որը դարեր անց փորձեց բնաջնջել Աստծու ժողովրդին, ակներևաբար Ագագի սերնդից էր (Եսթ. 8։3, տե՛ս 15-րդ և 16-րդ գլուխները