Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 21

Պայքար վախի ու կասկածների դեմ

Պայքար վախի ու կասկածների դեմ

1-3. Ինչի՞ էր ականատես եղել այդ օրը Պետրոսը, և ինչպե՞ս փոխվեց եղանակը, երբ նրանք ծով դուրս եկան։

ՊԵՏՐՈՍՆ իր ընկերների հետ նավում էր, իսկ Հիսուսը մնացել էր ափին։ Այդ օրը նրանք տեսել էին, թե ինչպես է նա ընդամենը մի քանի հացով ու ձկով կերակրել հազարավոր մարդկանց, ու թե ինչպես էին մարդիկ փորձում Հիսուսին թագավոր դարձնել։ Սակայն նա չէր ցանկանում որևէ կերպ առնչվել քաղաքականությանը։ Աստծու Որդին ուզում էր, որ իր աշակերտներն էլ չունենան այդպիսի նպատակներ։ Հետո նա բազմության միջից դուրս էր եկել և ստիպել իր աշակերտներին նավ մտնել ու գնալ դիմացի ափ։ Իսկ ինքը մենակ բարձրացել էր լեռը՝ աղոթելու (Մարկ. 6։35–45; կարդա՛ Հովհաննես 6։14–17

2 Պետրոսը թիավարում էր Գալիլեայի ծովում։ Գիշերվա խավարի մեջ հայացքը հառելով հեռուն՝ նա ասես փորձում էր պարզել, թե արևելքում խավարը ցրվո՞ւմ է։ Փոթորկոտ ծովի կատաղի ալիքները զարկվում էին նավին, ու սառը ջրափոշին լցվում էր նավի մեջ։ Կատաղի քամին խառնում էր Պետրոսի մազերը։ Նրա մեջքի և ուսերի մկանները լարվել էին ժամեր շարունակ թիավարելուց, սակայն նա համառորեն շարունակում էր թիավարել։

3 Երբ նավը հեռանում էր ափից, կլոր լուսինը նրանց գլխավերևում էր, սակայն այժմ այն արդեն թեքվել էր դեպի արևմուտք, իսկ աշակերտներն ընդամենը մի քանի կիլոմետր էին անցել։ Քամին սուրում էր, ծովն ալեկոծվում, նրանք դժվարությամբ էին լսում իրար։ Պետրոսը ոչինչ չէր խոսում. հավանաբար նա մտորումների մեջ էր։

Երկու տարվա ընթացքում Պետրոսը շատ բաներ էր սովորել, բայց դեռ պետք է շարունակեր սովորել

4. Ինչո՞ւ է Պետրոսը լավ օրինակ մեզ համար։

 4 Ինչի՞ մասին էր Պետրոսը մտածում։ Երկու տարուց ավել էր, ինչ նա ճանաչում էր Հիսուսին։ Նա շատ բաներ էր սովորել, բայց դեռ պետք է շարունակեր սովորել։ Պետրոսը պատրաստ էր դրան, թեև բազմաթիվ դժվարություններ պետք է հաղթահարեր՝ վախ, կասկածներ... Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։ Տեսնենք։

«Գտա՛նք Մեսիային»

5, 6. Ինչպիսի՞ն էր Պետրոսի կյանքը։

5 Պետրոսը չէր մոռացել Հիսուսի հետ իր հանդիպումը և այն օրը, երբ իր եղբայր Անդրեասը հայտնեց. «Գտա՛նք Մեսիային»։ Այս խոսքերը շրջադարձային եղան Պետրոսի համար։ Նրա կյանքը լիովին փոխվեց (Հովհ. 1։41

6 Պետրոսն իր կնոջ, զոքանչի և իր եղբայր Անդրեասի հետ ապրում էր Գալիլեայի ծովի հյուսիսային ափին գտնվող Կափառնայում քաղաքում։ Նա և իր եղբայրը Հակոբոսի ու Հովհաննեսի՝ Զեբեդեոսի որդիների հետ զբաղվում էին ձկնորսությամբ։ Ընտանիքին հոգ տանելու համար նա պետք է տքնաջան աշխատեր։ Կարող ենք պատկերացնել, թե քանի անքուն գիշեր է անցկացրել ծովի վրա. նա իր ընկերների հետ ցանցը ծովն էր նետում, և ինչ ձուկ որ ցանցն էր ընկնում, քաշում բարձրացնում էին նավը։ Իսկ լուսաբացին տեսակավորում և վաճառում էր ձկները, նորոգում ու լվանում ցանցերը։

7. Ի՞նչ լսեց Պետրոսը Հիսուսի մասին, և ինչո՞ւ էր այդ լուրը հետաքրքրում նրան։

7 Անդրեասը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր։ Պետրոսն, անկասկած, մեծ հետաքրքրությամբ լսում էր, երբ եղբայրը պատմում էր, թե ինչ է քարոզում Հովհաննես Մկրտիչը։ Մի օր Անդրեասը տեսավ, որ Հովհաննեսը, մատնացույց անելով Հիսուսին, ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»։ Նա շտապեց հայտնել եղբորը, որ Մեսիան եկել է։ Այդ օրվանից Անդրեասը դարձավ Հիսուսի հետևորդը (Հովհ. 1։35–40)։ Մոտ 4000 տարի առաջ՝ Եդեմում տեղի ունեցած ըմբոստությունից հետո, Եհովան խոստացել էր, որ կծնվի մեկը, ով կփրկի մարդկանց անհույս վիճակից (Ծննդ. 3։15)։ Եվ այժմ Անդրեասը տեսնում էր այդ Փրկչին իր աչքերով։ Պետրոսն էլ էր ուզում հնարավորինս շուտ հանդիպել Մեսիային։

8. Ի՞նչ է նշանակում Պետրոս անունը, և ինչո՞ւ ոմանք համաձայն չեն, որ նրա անունը համապատասխանել է իր էությանը։

8 Երբ նրանք հանդիպեցին, Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովհաննեսի որդին։ Այսուհետև դու կկոչվես Կեփաս» (հունարեն՝ «Պետրոս») (Հովհ. 1։42)։ «Կեփաս» նշանակում է «քար» կամ «ժայռ»։ Հիսուսի խոսքերը մարգարեական նշանակություն ունեին։ Նա տեսավ, որ Պետրոսը ժայռի պես էր լինելու՝ հաստատակամ, տոկուն և վստահելի, ու զորացնելու էր իր հետևորդներին։ Պետրոսը,  սակայն, այդպես չէր կարծում։ Նույնիսկ այսօր Աստվածաշունչն ընթերցողները համամիտ չեն, որ նա այդպիսին է եղել։ Ոմանք անգամ կարծում են, թե նա անկայուն, փոփոխական ու երկմիտ անձնավորություն է եղել։

9. Ի՞նչ են Եհովան և նրա Որդին փնտրում մարդկանց մեջ, և ինչո՞ւ պետք է վստահենք նրանց։

9 Պետրոսն, ինչ խոսք, թերություններ ուներ։ Եվ Հիսուսն, անկասկած, տեսնում էր դրանք։ Սակայն նա, իր Հոր՝ Եհովայի նման, մարդկանց մեջ լավն էր փնտրում։ Հիսուսը տեսավ, թե ինչ հատկություններ կարող է զարգացնել Պետրոսը, և օգնեց նրան անելու դա։ Եհովան ու իր Որդին մեր մեջ նույնպես լավն են փնտրում։ Թերևս մտածենք, որ մենք լավ հատկություններ չունենք։ Այնուհանդերձ, պետք է վստահենք նրանց և թույլ տանք, որ կրթեն ու ձևավորեն մեզ, ինչպես որ Պետրոսն արեց (կարդա՛ 1 Հովհաննես 3։19, 20

«Մի՛ վախեցիր»

10. Ինչի՞ն ականատես եղավ Պետրոսը, սակայն ինչպե՞ս վարվեց հետո։

10 Պետրոսը հավանաբար Հիսուսի հետ էր նրա քարոզչական գործունեության սկզբում ու թերևս ներկա էր, երբ նա Կանայում՝ հարսանեկան խնջույքի ժամանակ, արեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Ավելին, Պետրոսը լսել էր Աստծու Որդու հուսադրող խոսքերը Աստծու Թագավորության մասին։ Բայցևայնպես նա չշարունակեց շրջել Հիսուսի հետ ու վերադարձավ իր գործին։ Ամիսներ հետո, սակայն, Հիսուսը և Պետրոսը կրկին հանդիպեցին, և այս անգամ Հիսուսն առաջարկեց նրան միշտ հետևել իրեն։

11, 12. ա) Ի՞նչ արդյունք էր ունեցել գիշերվա որսը։ բ) Ինչի՞ մասին էր հավանաբար մտածում Պետրոսը, երբ Հիսուսը ուսուցանում էր իրենց շուրջը հավաքված մարդկանց։

11 Այդ օրը Պետրոսն անքուն գիշեր էր անցկացրել։ Ձկնորսները բազում անգամներ ուռկանը ծովն էին նետել, սակայն դատարկ էին դուրս քաշել։ Պետրոսը գործի էր դրել իր փորձն ու հմտությունները՝ ծովի տարբեր մասերում փնտրելով ձկների վտառներ։ Անկասկած, ինքն էլ, շատ ձկնորսների պես, ցանկացել էր սուզվել մութ ջրերի խորքը, գտնել ու դեպի ցանց քշել ձկներին։ Ինչ խոսք, նա վհատված էր։ Պետրոսը հաճույքի համար չէր ձուկ բռնում, նա պետք է հոգար իր ընտանիքի կարիքները։ Առավոտյան նա ափ վերադարձավ ձեռնունայն ու սկսեց լվանալ ցանցերը։ Հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը մոտեցավ նրան։

Պետրոսը միշտ հետաքրքրությամբ էր լսում, թե ինչպես է Հիսուսը քարոզում Աստծու Թագավորության մասին

12 Ժողովուրդը խմբվել էր Հիսուսի շուրջը և ուշադրությամբ ականջ էր դնում նրա ամեն մի խոսքին։ Նա նստեց Պետրոսի նավը և խնդրեց, որ այն ափից մի փոքր հեռացնի։ Այդպես մարդիկ կարող էին ավելի պարզ լսել Հիսուսի ձայնը։ Պետրոսը նույնպես կլանված լսում էր նրան։ Նա միշտ հետաքրքրությամբ էր լսում, թե ինչպես է  Հիսուսը զարգացնում իր քարոզչության գլխավոր թեման՝ Աստծու Թագավորությունը։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում կլիներ Քրիստոսի հետ տարածել այդ լուրն ամբողջ երկրով մեկ։ Սակայն նա կկարողանա՞ր դա անել։ Ինչպե՞ս էր հոգալու ընտանիքի կարիքները։ Պետրոսը հավանաբար հիշեց անցած գիշերը, երբ ցանցերը դատարկ ափ էր վերադարձել (Ղուկ. 5։1–3

13, 14. Ի՞նչ հրաշք գործեց Հիսուսը Պետրոսի համար, և ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը։

13 Երբ Հիսուսը ավարտեց իր խոսքը, Պետրոսին ասաց. «Նավակը դեպի խորքը տար, և ձեր ցանցերը գցեք ջուրը»։ Պետրոսը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քանի որ դու ես ասում, կգցե՛մ»։ Սակայն Պետրոսի սրտում կասկած կար, նա, ակներևաբար, չէր ցանկանում դա անել, հատկապես հիմա, երբ ձկները պետք է որ ծովի խորքում լինեին։ Բայց նա հնազանդվեց ու հավանաբար նշան արեց իր ընկերներին, որ իրենց նավով հետևեն իրեն (Ղուկ. 5։4, 5

14 Պետրոսն անակնկալի եկավ. երբ քաշեց ցանցը, զգաց, որ այն ծանր է։ Նա ավելի մեծ ճիգով սկսեց քաշել այն. ցանցը լիքն էր ձկներով։ Ուստի նշան արեց մյուս նավի մեջ եղող ընկերներին, որ գան ու օգնեն։ Սակայն ձկներն այնքան շատ էին, որ չէին տեղավորվում նավի մեջ։ Նրանք երկրորդ նավն էլ լցրին ձկով։ Դրանք այնքան լիքն էին, որ քիչ էր մնում սուզվեին ծանրությունից։ Պետրոսն ապշել էր։ Նախկինում նա տեսել էր Հիսուսի հրաշքները, սակայն այս մեկը անձամբ իր համար արվեց։ Նրա կողքին էր մի մարդ, որը կարող էր ձկներին դեպի ցանցը բերել։ Պետրոսը վախի զգացումով համակվեց։ Նա ծնկի եկավ ու ասաց. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»։ Նա ասես իրեն արժանի չէր համարում հետևելու մեկին, ով Աստծու զորությամբ նման հրաշքներ էր գործում (կարդա՛ Ղուկաս 5։6–9

«Ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»

15. Ինչպե՞ս Հիսուսը օգնեց Պետրոսին հասկանալու, որ նրա մտահոգություններն անհիմն են։

15 Նայելով Պետրոսին՝ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս» (Ղուկ. 5։10, 11)։ Իսկապես, Պետրոսը վախենալու կամ կասկածելու պատճառ չուներ։ Նրա անհանգստությունն առօրյա բաների մասին անտեղի էր։ Եվ իզուր էր մտահոգվում իր թերությունների պատճառով ու մտածում, թե արժանի չէ Հիսուսին հետևելու։ Հիսուսը մի մեծ գործ էր անում, որը  փոխելու էր մարդկանց ապագան։ Նա ծառայում էր մի Աստծու, որը «մեծահոգաբար ներում» է (Ես. 55։7)։ Եհովան, անկասկած, կհոգար Պետրոսի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր կարիքները (Մատթ. 6։33

16. Ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսի հրավերին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, և ինչո՞ւ էր դա նրանց լավագույն որոշումը։

16 Ուստի Պետրոսը վճռական քայլերի դիմեց։ Դա նրա կյանքի լավագույն որոշումն էր։ Նրա օրինակին հետևեցին նաև Հովհաննեսն ու Հակոբոսը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք նավակները ափ հանեցին և ամեն ինչ թողնելով՝ գնացին նրա հետևից» (Ղուկ. 5։11)։ Այո՛, Պետրոսը հավատաց Հիսուսին ու նրան Ուղարկողին։ Այսօր էլ այն քրիստոնյաները, ովքեր, հաղթահարելով վախի ու անվստահության զգացումը, ծառայում են Աստծուն, ցույց են տալիս  նրա հանդեպ իրենց հավատը։ Այդ մարդիկ երբեք ամոթով չեն մնա (Սաղ. 22։4, 5

«Ինչո՞ւ կասկածեցիր»

17. Ի՞նչ հիշողություններ ուներ Պետրոսը այն օրերից սկսած, երբ հանդիպել էր Հիսուսին։

17 Արդեն երկու տարի էր անցել այն օրից, երբ Պետրոսը հանդիպել էր Հիսուսին։ Նա այդ տարիներից շատ բան ուներ հիշելու։ Ինչ խոսք, չգիտենք, թե այդ գիշեր փոթորկոտ ծովում թիավարելիս ինչ հիշողություններ արթնացան նրա մտքում։ Այնքա՜ն բան կար հիշելու. այն, որ Հիսուսը բուժել էր իր զոքանչին, նրա Լեռան քարոզը, ուսմունքներն ու հրաշքները, որոնք վկայում էին, որ նա Եհովայի Օծյալն է՝ Մեսիան։ Ժամանակի ընթացքում Պետրոսի անվստահության ու վախի զգացումը նվազել էր։ Հիսուսը նույնիսկ ընտրել էր նրան լինելու իր 12 առաքյալներից մեկը։ Սակայն Պետրոսը դեռ չէր ձերբազատվել այդ զգացումներից, ինչը շուտով բացահայտվելու էր։

18, 19. ա) Ի՞նչ տեսավ Պետրոսը Գալիլեայի ծովի վրա։ բ) Ինչպե՞ս Հիսուսը կատարեց Պետրոսի խնդրանքը։

18 Գիշերվա չորրորդ պահն էր՝ 3։00-ից էլ անց։ Պետրոսը ինչ-որ բան նշմարեց հեռվում ու տեղում քարացավ։ Ի՞նչ էր դա։ Արդյոք դա ջրափոշու խա՞ղն էր լուսնի լույսի ներքո։ Ո՛չ։ Նա տեսնում էր մարդու ուրվագիծ, որը քայլում էր ջրերի վրայով, ու այդ ուրվագիծը մոտենում էր և կարծես ուզում էր նրանց կողքով անցնել։ Սարսափահար եղած աշակերտները մտածեցին, թե ուրվական են տեսնում։ Հանկարծ «ուրվականը» ձայն տվեց. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»։ Հիսուսն էր (Մատթ. 14։25–28

19 Պետրոսը ուշքի եկավ ու ձայն տվեց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Համարձակ խնդրանք։ Ոգևորված՝ նա ուզում էր ոչ միայն տեսնել, այլև զգալ հրաշքը և ավելի ամրացնել իր հավատը։ Հիսուսը մեղմորեն ասաց՝ ե՛կ։ Պետրոսը դուրս եկավ նավից ու ոտքը դրեց ջրերի վրա։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգաց նա այն պահին, երբ հասկացավ, որ քայլում է ջրերի վրայով և չի սուզվում։ Ու հանկարծ սրտի մի անկյունում ծվարած զգացումը գլուխ բարձրացրեց (կարդա՛ Մատթեոս 14։29

«Փոթորկին նայելով՝ վախեցավ»

20. ա) Ե՞րբ շեղվեց Պետրոսի ուշադրությունը, և ի՞նչ եղավ հետևանքը։ բ) Ո՞րն էր իրական պատճառը, որ Պետրոսը սկսեց սուզվել։

20 Պետրոսը պետք է ուշադրությունը կենտրոնացած պահեր Հիսուսի վրա։ Չէ՞ որ Հիսուսն էր Եհովայի զորությամբ պահում նրան ջրերի վրա՝ տեսնելով նրա հավատը։ Բայց հանկարծ Պետրոսի ուշադրությունը շեղվեց։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Փոթորկին նայելով՝ վախեցավ»։ Նա հայացք նետեց այն ալիքներին, որոնք հարվածում էին նավին և ջրափոշին ու փրփուրը  տալիս էին քամուն։ Նա խուճապի մատնվեց. ասես տեսնում էր, թե ինչպես են այդ անգութ ալիքները խեղդում իրեն. իրականում, սակայն, իր սրտի մեջ վախը խեղդում էր հավատը։ Այն մարդը, որը ժայռ էր կոչվել, քանի որ կարող էր ամուր և հաստատակամ լինել, քարի պես սկսեց սուզվել։ Չնայած Պետրոսը հմուտ լողորդ էր, բայց չապավինեց իր ունակությանը։ Նա բացականչեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը ձեռքը մեկնելով՝ բռնեց նրան ու ասաց. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթ. 14։30, 31

21. Ինչո՞ւ է կասկածելը վտանգավոր, և ինչպե՞ս կարող ենք պայքարել դրա դեմ։

21 «Ինչո՞ւ կասկածեցիր»։ Տեղին դիտողություն էր։ Այո՛, կասկածը կարող է խեղդել մեր հավատը ու խորտակել մեզ հոգևորապես։ Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք դրա դեմ՝ մեր ուշադրությունը կենտրոնացած պահելով հոգևոր բաների վրա։ Եթե շարունակ մտածենք այնպիսի բաների մասին, որոնք մեզ վախեցնում են, վհատեցնում և շեղում են հոգևորից, ապա մեր կասկածները կշատանան։ Բայց եթե մտածենք այն ամենի մասին, ինչ Եհովան և իր Որդին արել են, անում են և անելու են այն մարդկանց համար, ովքեր սիրում են նրանց, մենք կվանենք կասկածները և կամրացնենք մեր հավատը։

22. Ինչո՞ւ է Պետրոսի հավատը ընդօրինակման արժանի։

22 Երբ Հիսուսն ու Պետրոսը նավը մտան, փոթորիկը հանդարտվեց։ Նա մյուս աշակերտների հետ հիացած բացականչեց. «Դու իրոք Աստծու Որդին ես» (Մատթ. 14։33)։ Լույսը գնալով բացվում էր, ու Պետրոսի սիրտը լցվում էր երախտագիտությամբ։ Նա շատ բան սովորեց այդ դեպքից, հասկացավ, որ չպետք է թույլ տա, որ վախը կասկածներ սերմանի իր մեջ Եհովայի և Հիսուսի հանդեպ։ Ինչ խոսք, նա դեռ շատ փոփոխություններ պիտի աներ, որ դառնար ժայռանման քրիստոնյա։ Պետրոսը վճռական էր և շարունակեց ջանքեր թափել։ Այո՛, Պետրոսի հավատն արժանի է ընդօրինակման։ Իսկ դու վճռե՞լ ես պայքարել վախի ու կասկածների դեմ։