Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 22

Նա մնաց նվիրված

Նա մնաց նվիրված

1, 2. Հավանաբար ի՞նչ հույս ուներ Պետրոսը, երբ Հիսուսը սովորեցնում էր Կափառնայումի ժողովարանում, սակայն ի՞նչ եղավ։

ՊԵՏՐՈՍԸ անհանգիստ էր։ Նա ուշադիր նայում էր Կափառնայումի ժողովարանում հավաքված մարդկանց, որոնք եկել էին Հիսուսին լսելու։ Կափառնայումը իր հարազատ քաղաքն էր. այստեղ էին ապրում իր ընկերները, հարազատները և այստեղ՝ Գալիլեայի ծովի հյուսիսային ափին էր նա ձուկ բռնում։ Անկասկած, Պետրոսը ցանկանում էր, որ այս մարդիկ նույնպես հասկանային, որ Հիսուսը Մեսիան է, և ուրախությամբ ընդունեին Աստծու Թագավորության բարի լուրը, որ քարոզում էր Մեծ ուսուցիչը։ Բայց, ավա՜ղ, այդպես չեղավ։

2 Շատերը չշարունակեցին լսել Հիսուսին։ Ոմանք սկսեցին տրտնջալ՝ չհամաձայնելով նրա ասածներին։ Սակայն Պետրոսին ավելի շատ անհանգստացրեց Հիսուսի աշակերտներից ոմանց արձագանքը։ Նրանց դեմքին չկար այն ուրախությունն ու ոգևորությունը, որ սովորաբար լինում է, երբ մարդը մի նոր ճշմարտություն է իմանում։ Այդ աշակերտները տխուր էին, նույնիսկ վրդովված։ Ոմանք անգամ ասացին, թե Հիսուսի խոսքերը զարհուրելի են։ Ուստի չցանկացան այլևս լսել նրան, հեռացան ժողովարանից ու դադարեցին Հիսուսին հետևելուց (կարդա՛ Հովհաննես 6։60, 66

3. Ինչո՞ւմ օգնեց Պետրոսին նրա հավատը։

3 Պետրոսը և մյուս առաքյալները դժվար կացության մեջ էին հայտնվել։ Թեև Պետրոսը լիովին չէր հասկանում Հիսուսի ասածների իմաստը, սակայն գիտակցում էր, որ եթե դրանք բառացի ընկալվեն, վիրավորական կլինեն։ Անշուշտ սա ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին անգամն էր, որ Տիրոջ հանդեպ իր նվիրվածությունը փորձվում էր։ Ի՞նչ դիրք էր բռնելու Պետրոսը։ Տեսնենք, թե ինչպես նրա հավատն օգնեց հաղթահարելու այս փորձությունը և նվիրված մնալու։

Նվիրված մնաց, թեև մյուսները երես դարձրին

4, 5. Ի՞նչ ակնկալիքներ ուներ ժողովուրդը, սակայն ինչպե՞ս վարվեց Հիսուսը։

4 Հիսուսի խոսքերը հաճախ էին զարմացնում Պետրոսին։ Երբեմն իր Տերը ասում և անում էր բաներ, որոնք անակնկալի էին բերում մարդկանց։ Մի օր առաջ նա հրաշքով կերակրել էր հազարավոր մարդկանց, որից հետո նրանք փորձել էին թագավոր դարձնել  նրան։ Սակայն ի զարմանս բոլորի՝ նա խույս էր տվել նրանցից և աշակերտներին պատվիրել էր նավ նստել և գնալ Կափառնայում, իսկ ինքը հեռացել։ Գիշերը, երբ աշակերտները դեռ տեղ չէին հասել, Հիսուսը, Գալիլեայի փոթորկոտ ծովի վրայով քայլելով, հասել էր նրանց։ Աշակերտները ապշել էին։ Այդ դեպքից Պետրոսը հավատի կարևոր դաս էր սովորել։

5 Առավոտյան աշակերտները տեսան, որ այդ նույն բազմությունը հետևել է իրենց և եկել է ծովի մյուս կողմը։ Սակայն, ակներևաբար, այդ մարդիկ չէին եկել իրենց հոգևոր քաղցը բավարարելու համար։ Նրանք ցանկանում էին, որ Հիսուսը նորից հրաշքով կերակրի իրենց։ Աստծու Որդին հանդիմանեց այդ մարդկանց նյութականի վրա կենտրոնանալու համար (Հովհ. 6։25–27)։ Հիսուսը շարունակեց նրանց սովորեցնել Կափառնայումի ժողովարանում։ Այստեղ էլ Մեծ ուսուցիչը փորձեց սովորեցնել կարևոր, բայց դժվարըմբռնելի ճշմարտություն։

6. Ի՞նչ համեմատություն արեց Հիսուսը, և ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ։

6 Հիսուսը ցանկանում էր, որ մարդիկ իր մեջ տեսնեն ոչ թե մեկին, ով կարող է հոգալ իրենց ֆիզիկական կարիքները, այլ հասկանան, որ ինքն Աստծու կողմից տրված հոգևոր հացն է, ով իր կյանքով ու մահով մարդկության առջև հավիտենական կյանքի դուռ է բացելու։ Ուստի նա իրեն համեմատեց մանանայի հետ՝ այն հացի, որ Մովսեսի օրերում Աստված տվել էր երկնքից։ Երբ ոմանք առարկեցին, նա փորձեց ավելի հստակ բացատրել՝ ասելով, որ կյանք ստանալու համար պետք է ուտեն իր մարմինը ու խմեն իր արյունը։ Սակայն դա հավաքվածներին ավելի բարկացրեց։ Ոմանք ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»։ Հիսուսի աշակերտներից շատերն էլ որոշեցին այլևս չհետևել նրան * (Հովհ. 6։48–60, 66

7, 8. ա) Ի՞նչ դեռ չէր հասկանում Պետրոսը։ բ) Ի՞նչ պատասխանեց Պետրոսը Հիսուսի հարցին։

7 Հավանաբար Հիսուսի խոսքերը շփոթեցրին նաև Պետրոսին։ Նա դեռ չէր հասկանում, թե Աստծու կամքը կատարելու համար ինչու պետք է Հիսուսը մեռնի։ Կհետևե՞ր նա այն աշակերտներին, ովքեր երես դարձրին Հիսուսից։ Ո՛չ, Պետրոսը չհեռացավ։ Նա ուներ մի հրաշալի հատկություն, որով տարբերվում էր մյուսներից։

8 Հիսուսը հարցրեց իր առաքյալներին. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ» (Հովհ. 6։67)։ Այդ հարցը նա ուղղեց 12-ին, սակայն, ինչպես որ հաճախ էր լինում, խոսեց Պետրոսը։ Հավանաբար նա տարիքով բոլորից մեծ էր և սիրում էր արտահայտել իր մտքերը։ Հազվադեպ էր լինում, որ լռեր ու չհայտներ իր կարծիքը։ Այս անգամ էլ նա արտահայտեց այն, ինչ կար իր սրտում. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես» (Հովհ. 6։68

9. Ինչպե՞ս Պետրոսը նվիրվածություն դրսևորեց Հիսուսի հանդեպ։

 9 Որքա՜ն ազդեցիկ են այս խոսքերը։ Հիսուսի հանդեպ ունեցած հավատը օգնել էր նրան զարգացնելու մի անգին հատկություն՝ նվիրվածություն։ Նա գիտակցում էր, որ Հիսուսը Եհովայի ուղարկած միակ Փրկիչն է, և փրկվելու համար կարևոր է ուշադրություն դարձնել նրա խոսքերին՝ Աստծու Թագավորության մասին ուսմունքներին։ Ու թեև ուսուցչի խոսքերը երբեմն շփոթեցնում էին Պետրոսին, սակայն նա գիտակցում էր, որ ուրիշ ոչ մի տեղ չի կարող շահել Աստծու հավանությունը և հավիտենական կյանքի հույս ունենալ։

Մենք պետք է հավատարիմ մնանք Հիսուսի ուսմունքներին, նույնիսկ եթե որոշ բաներ չենք հասկանում կամ լիովին համաձայն չենք դրանց

10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պետրոսի նվիրվածությունը։

10 Իսկ դու գիտակցո՞ւմ ես դա։ Ցավոք, շատերն են պնդում, թե սիրում են Հիսուսին, սակայն նվիրված չեն նրան։ Եթե նվիրված ենք Հիսուսին, ապա Պետրոսի պես կսիրենք նրա ուսմունքները։ Պետք է սովորենք դրանք, հասկանանք իմաստը, ապրենք դրանց համաձայն, նույնիսկ եթե որոշ բաներ չենք հասկանում կամ լիովին համաձայն չենք դրանց։ Միայն նվիրված մնալով կարող ենք ունենալ հավիտենական կյանքի հույսը, որ տալիս է Հիսուսը (կարդա՛ Սաղմոս 97։10

Նվիրված մնաց, երբ հանդիմանվեց

11. Ո՞ւր գնաց Հիսուսը իր աշակերտների հետ (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

11 Այդ լարված օրերից կարճ ժամանակ անց Հիսուսը իր առաքյալների ու մի քանի աշակերտների հետ ճանապարհ ընկավ դեպի հյուսիս։ Նրանց առջևում Հերմոն լեռն էր։ Ավետյաց երկրի հյուսիսում գտնվող այս լեռան ձյունապատ գագաթը երբեմն պարզ երևում էր նույնիսկ Գալիլեայի ծովի կապույտ ջրերի մոտից։ Խումբը որքան բարձրանում էր դեպի Փիլիպոսի Կեսարիա և մոտենում էր գյուղերին, այնքան լեռն ավելի բարձր էր երևում *։ Այստեղից կարելի էր տեսնել դեպի հարավ ընկած Ավետյաց երկրի մեծ մասը։ Եվ այս հիասքանչ վայրում՝ լեռան լանջին, Հիսուսը մի կարևոր հարց ուղղեց իր հետևորդներին։

12, 13. ա) Ինչո՞ւ Հիսուսը հարցրեց, թե ինչ կարծիք ունեն մարդիկ և առաքյալները իր մասին։ բ) Ինչպե՞ս Պետրոսը արտահայտեց իր հավատը Հիսուսի հանդեպ։

12 Նա հարցրեց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պատկերացրու, թե ինչպես էր Պետրոսը նայում Հիսուսի աչքերին, որոնցում նա նորից տեսնում էր իր Տիրոջ բարությունն ու անսահման իմաստությունը։ Հիսուսն ուզում էր իմանալ, թե մարդիկ ինչ կարծիք են կազմել իր մասին՝ տեսնելով իր արածները ու լսելով իր խոսքերը։ Աշակերտները պատասխանեցին նրան՝ ասելով ժողովրդի մեջ տարածված տարբեր կարծիքները։ Բայց Հիսուսն ուզում էր  իմանալ նաև, թե իր ամենամտերիմ հետևորդները ինչ էին մտածում իր մասին։ Ուստի հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես» (Ղուկ. 9։18–20

13 Պետրոսը կրկին շտապեց պատասխանել։ Նա պարզ ու վստահ ասաց այն, ինչ կար ոչ միայն իր, այլև աշակերտներից շատերի սրտում. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը ի նշան հավանության ժպտաց և գովեց Պետրոսին՝ ասելով, որ ոչ թե մարդը, այլ Եհովա Աստվածն է հայտնում այս կարևոր ճշմարտությունը անկեղծ հավատ ունեցողներին։ Պետրոսը կարողացել էր հասկանալ բացահայտված ճշմարտություններից մեծագույնը. Հիսուսն էր երկար սպասված Մեսիան՝ Քրիստոսը (կարդա՛ Մատթեոս 16։16, 17

14. Ի՞նչ հանձնարարություն տվեց Հիսուսը Պետրոսին։

14 Հիսուսը շարունակեց իր խոսքը՝ բացատրելով վաղուց ասված մի մարգարեություն, համաձայն որի՝ Քրիստոսը կոչվում է քար, որին շինարարները մերժեցին (Սաղ. 118։22; Ղուկ. 20։17)։ Նա ասաց, որ Եհովան մի ժողով կհիմնի այդ քարի, կամ՝ ժայռի վրա, որը Հիսուսն էր։ Այնուհետև Հիսուսը շատ կարևոր հանձնարարություն տվեց Պետրոսին։ Սակայն դա չէր նշանակում, որ Պետրոսը, ինչպես մտածում են ոմանք, մյուս առաքյալների համեմատ՝ որոշ առավելություններ էր ունենալու։ Նա պարզապես որոշ պատասխանատվություններ պետք է կրեր ժողովում։ Հիսուսը նրան տվեց «երկնքի թագավորության բանալիները» (Մատթ. 16։19)։ Դա նշանակում էր, որ Պետրոսը պետք է Աստծու Թագավորություն մտնելու հույսը հաղորդեր երեք խմբի մարդկանց. նախ՝ հրեաներին, հետո՝ սամարացիներին, ապա՝ այլազգիներին։

15. Ինչո՞ւ Պետրոսը սաստեց Հիսուսին և ի՞նչ խոսքերով։

15 Ավելի ուշ Հիսուսն ասաց, որ ում շատ է վստահվում, նրանից շատ էլ պահանջվում է, և Պետրոսը այն մարդկանցից մեկն էր, ում շատ բան էր վստահվել (Ղուկ. 12։48)։ Հիսուսը շարունակեց բացատրել Մեսիայի մասին կարևոր ճշմարտություններ։ Նա ասաց, որ ինքը Երուսաղեմում պետք է չարչարանքներ կրի ու սպանվի։ Այդ խոսքերն անհանգստացրին Պետրոսին։ Նա Հիսուսին մի կողմ տարավ ու սաստեց՝ ասելով. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի» (Մատթ. 16։21, 22

16. Ինչպե՞ս Հիսուսը սաստեց Պետրոսին, և ի՞նչ դաս ենք սովորում դրանից։

16 Անշուշտ, Պետրոսը լավ մղումներով ասաց այս խոսքերը, ուստի ուսուցչի արձագանքը հավանաբար անակնկալի բերեց նրան։  Հիսուսը շրջվեց, նայեց մյուսներին, որոնք թերևս նույն բանն էին մտածում, և Պետրոսին ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթ. 16։23; Մարկ. 8։32, 33)։ Նրա խոսքերից բոլորս մի կարևոր բան ենք հասկանում. շատ հեշտ է հարցերին նայել մարդկային տեսանկյունից։ Ուստի եթե զգույշ չլինենք, ապա գուցե մենք էլ, թեպետև լավ նպատակներ ունենալով, ակամայից դառնանք Սատանայի կողմնակիցը և ոչ թե Աստծու։

17. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ Պետրոսին ասելով՝ «իմ հետևն անցիր»։

17 Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը։ Նա հասկանում էր, որ Հիսուսը նկատի չուներ, թե ինքը Սատանա է։ Հիսուսը Սատանային ասել էր՝ հեռացի՛ր, իսկ Պետրոսին ասած խոսքերում նա ուրիշ բառեր օգտագործեց, որոնք բառացի թարգմանվում են՝ «իմ հետևն անցիր» (Մատթ. 4։10)։ Հիսուսը չէր ուզում ասել, որ այլևս չի շփվի Պետրոսի հետ, նրա, ում մեջ շատ լավ հատկություններ էր տեսել։ Նրա խոսքերը ցույց էին տալիս, որ Պետրոսը պետք է ոչ թե իր Տիրոջը դեմ կանգներ՝ դառնալով գայթակղության քար, այլ հետևն անցներ՝ աջակցեր նրան որպես հետևորդ։

Եթե խոնարհությամբ ընդունենք խրատը և դաս քաղենք դրանից, ավելի կմտերմանանք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի հետ

18. Ինչպե՞ս Պետրոսը ցույց տվեց, որ նվիրված է իր Ուսուցչին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։

18 Արդյոք Պետրոսը բարկացա՞վ, սկսեց վիճե՞լ նրա հետ կամ հեռացա՞վ։ Ո՛չ։ Նա խոնարհությամբ ընդունեց հանդիմանությունը և այդպիսով կրկին ցույց տվեց, որ նվիրված է իր Ուսուցչին։ Ինչ խոսք, բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծու Որդուն, երբեմն խրատ ու հանդիմանություն են ստանում։ Եթե խոնարհությամբ ընդունենք խրատը և դաս քաղենք դրանից, մտերիմ փոխհարաբերություններ կունենանք Հիսուս Քրիստոսի և նրա Հոր՝ Եհովա Աստծու հետ (կարդա՛ Առակներ 4։13

Պետրոսը նվիրված մնաց, նույնիսկ երբ հանդիմանություն ստացավ

Նրա նվիրվածությունը վարձատրվեց

19. Ի՞նչ առանձնաշնորհման մասին խոսեց Հիսուսը, ու թերևս ի՞նչ մտածեց Պետրոսը։

19 Շուտով Հիսուսի խոսքերը կրկին ապշեցրին իր հետևորդներին։ Նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» (Մատթ. 16։28)։ Անկասկած, այս խոսքերը շարժեցին Պետրոսի հետաքրքրությունը։ Ի՞նչ էին դրանք նշանակում։ Գուցե Պետրոսը մտածում էր, թե իրեն չի տրվի այս առանձնաշնորհումը,  քանի որ քիչ առաջ խիստ հանդիմանություն էր ստացել։

20, 21. ա) Նկարագրիր այն տեսարանը, որին ականատես եղան Պետրոսը և մյուս երկու առաքյալները։ բ) Ինչպե՞ս տեսիլքում ասված խոսքերը օգնեցին Պետրոսին շտկելու իր մտածելակերպը։

20 Մոտ մեկ շաբաթ անց Հիսուսը Հակոբոսի, Հովհաննեսի ու Պետրոսի հետ բարձրացավ «մի բարձր լեռ»։ Դա ակներևաբար Հերմոն լեռն էր, որը գտնվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Հավանաբար գիշեր էր, այդ պատճառով առաքյալների քունը տանում էր։ Բայց շատ չանցած՝ նրանց քունը փախավ։ Մինչ Հիսուսը աղոթում էր, մի զարմանալի բան տեղի ունեցավ (Մատթ. 17։1; Ղուկ. 9։28, 29, 32

21 Նրանց աչքի առաջ Հիսուսը սկսեց այլակերպվել։ Նրա դեմքը լուսավորվեց ու արևի պես փայլեց, իսկ շորերը սպիտակափայլ դարձան։ Հետո Հիսուսի կողքին երկու մարդիկ երևացին. մեկը Մովսեսն էր, իսկ մյուսը՝ Եղիան։ Նրանք խոսեցին Հիսուսի հետ «նրա  հեռանալու մասին, որը պիտի տեղի ունենար Երուսաղեմում». ակներևաբար դա վերաբերում էր նրա մահվանն ու հարությանը։ Պետրոսը հասկացավ, որ սխալվում էր, երբ մտածում էր, որ Հիսուսը չի չարչարվելու և մահանալու (Ղուկ. 9։30, 31

22, 23. ա) Ինչպե՞ս Պետրոսը դրսևորեց իր անկեղծությունն ու խանդավառությունը։ բ) Ուրիշ ի՞նչ առանձնաշնորհում ունեցան Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը այդ գիշեր։

22 Պետրոսի մտքով անցավ, որ ինչ-որ բանով պետք է մասնակցի այս զարմանահրաշ տեսիլքին, քանի որ, հավանաբար, չէր ուզում, որ այն շուտ ավարտվի։ Երբ Մովսեսն ու Եղիան հեռանում էին Հիսուսից, նա ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»։ Անշուշտ, Եհովայի այս երկու ծառաները վրանի կարիք չունեին. նրանք վաղուց մահացել էին, և դա ընդամենը տեսիլք էր։ Պետրոսը չէր հասկանում, թե ինչ է ասում։ Բայցևայնպես, մի՞թե չես հիանում այս մարդու անկեղծությամբ ու խանդավառությամբ (Ղուկ. 9։33

Պետրոսը Հակոբոսի և Հովհաննեսի հետ առանձնաշնորհում ունեցավ տեսնելու այլակերպության տեսիլքը

23 Այդ գիշեր երեք առաքյալները ևս մեկ առանձնաշնորհում ունեցան։ Մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց։ Ամպի միջից մի ձայն լսվեց. Եհովայի ձայնն էր։ Նա ասաց. «Սա՛ է իմ Որդին, որին ես ընտրել եմ։ Նրա՛ն լսեք»։ Հետո տեսիլքը վերացավ ու նրանք լեռան վրա Հիսուսի հետ մենակ մնացին (Ղուկ. 9։34–36

24. ա) Ինչպե՞ս այլակերպության տեսիլքը օգնեց Պետրոսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել այլակերպության տեսիլքից։

24 Այս տեսիլքը, իրոք որ, պարգև էր Պետրոսի համար։ Մի քանի տասնամյակ անց առաքյալը գրեց, որ պատիվ է ունեցել «նրա մեծափառությանը ականատես լինելու»։ Նա տեսել էր երկնային թագավոր Հիսուսին՝ իր փառքով։ Այլակերպության տեսիլքը հաստատեց, որ Աստծու Խոսքի մարգարեությունները անպայման կկատարվեն։ Այն ամրացրեց Պետրոսի հավատը, որպեսզի նա պատրաստ լինի հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որ դեռ ունենալու էր (կարդա՛ 2 Պետրոս 1։16–19)։ Այս տեսիլքը մեզ համար էլ կարող է օգտակար լինել։ Այն կամրացնի մեր հավատը, եթե Պետրոսի նման նվիրված մնանք Տիրոջը, ում Եհովան նշանակել է առաջնորդ։ Մենք էլ պետք է սովորենք Հիսուսից, ընդունենք նրա խրատն ու հանդիմանությունը և ամեն օր խոնարհությամբ հետևենք նրան։

^ պարբ. 6 Ընդամենը մեկ օր առաջ նրանք Հիսուսին կոչել էին Աստծու մարգարե։ Իսկ այժմ նրանց վերաբերմունքը լիովին փոխվել էր, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ փոփոխական են (Հովհ. 6։14

^ պարբ. 11 Գալիլեայի ծովափից, որը ծովի մակարդակից մոտ 210 մետր ցածր է, նրանք քայլեցին մոտ 50 կիլոմետր և հասան ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա գտնվող գյուղերը, որտեղից բնության գեղեցիկ տեսարան էր բացվում։