Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

Վերջաբան

Վերջաբան

«Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 6։12

1, 2. Ինչո՞ւ է կարևոր կերտել մեր հավատը։ Բացատրի՛ր։

ՀԱՎԱՏԸ գեղեցիկ հատկություն է։ Սակայն երբ լսում ենք այս բառը, լավ կլինի՝ մտածենք նաև «անհապաղ» բառի մասին։ Եթե չունենք հավատ, պետք է անհապաղ այն ձեռք բերենք։ Իսկ եթե արդեն ունենք, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք, որպեսզի պահպանենք ու կերտենք այն։ Ինչո՞ւ։

2 Պատկերացրու անցնում ես մի մեծ անապատով և սաստիկ ծարավ ես զգում։ Հանկարծ ջրի աղբյուր ես տեսնում։ Հավանաբար դու այնքան ջրի պաշար կվերցնես, որքան որ կբավականացնի քեզ մինչև տեղ հասնելը, ինչպես նաև կպաշտպանես այն արևի ազդեցությունից, այլապես ջուրը կգոլորշիանա։ Այսօր մենք ապրում ենք հոգևոր անապատում, որտեղ իսկական հավատը անապատի ջրի նման հազվագյուտ բան է և կարող է արագ «գոլորշիանալ» ու սպառվել, եթե այն «չպահպանենք» ու «չավելացնենք»։ Ինչպես որ մենք ֆիզիկապես չենք կարող գոյատևել առանց ջրի, այնպես էլ հոգևոր առումով չենք կարող գոյատևել առանց հավատի (Հռոմ. 1։17

3. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ կերտելու մեր հավատը, և ո՞ր երկու բաները պետք է հիշենք։

3 Եհովան գիտի, որ մեզ հավատ է անհրաժեշտ։ Նա նաև գիտի, թե որքան դժվար է այսօր կերտել ու պահպանել այն։ Այդ իսկ պատճառով նա հոգ է տարել, որ իր Խոսքում գրի առնվեն հավատարիմ մարդկանց օրինակներ։ Եհովան ներշնչել է Պողոս առաքյալին գրելու. «Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։12)։ Ահա թե ինչու է Եհովայի կազմակերպությունը հորդորում մեզ ջանքեր թափել, որ ընդօրինակենք այն հավատարիմ տղամարդկանց ու կանանց հավատը, որոնց մասին քննեցինք այս գրքում։ Հիշենք երկու բան. 1) մենք պետք է շարունակ ավելացնենք մեր հավատը և 2) մեր հույսը վառ պահենք։

4. Ինչպե՞ս է Սատանան փաստել, որ հավատի թշնամին է, և ինչո՞ւ չպետք է հուսահատվենք։

4 Շարունակ ավելացրու հավատդ։ Հավատի ամենամեծ թշնամին Սատանան է։ Նա այս աշխարհը վերածել է անապատի՝ մի վայր, որտեղ դժվար է պահպանել հավատը։ Նա մեզանից շատ ավելի զորեղ է։ Սակայն պե՞տք է արդյոք վախենանք՝ մտածելով, թե չենք կարող հավատ զարգացնել և պահպանել։ Ամենևի՛ն։ Եհովան Ընկեր է նրանց համար, ովքեր ձգտում են իսկական հավատ ձեռք բերել։ Նա վստահեցնում է մեզ, որ իր օգնությամբ մենք կկարողանանք հակառակվել Բանսարկուին, և նա կփախչի մեզանից (Հակ. 4։7)։ Մենք դա կարող ենք անել՝ ամեն օր ավելացնելով և կերտելով մեր հավատը։ Սակայն ինչպե՞ս։

5. Ինչպե՞ս են Աստվածաշնչում նշված հավատարիմ մարդիկ հավատ զարգացրել։ Բացատրի՛ր։

 5 Այս գիրքն ուսումնասիրելով մենք տեսանք, որ այն հավատարիմ մարդիկ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, չեն ծնվել հավատով։ Նրանց կյանքը փաստում է, որ Եհովայի սուրբ ոգու շնորհիվ են հավատ զարգացրել (Գաղ. 5։22, 23)։ Նրանք Աստծուց օգնություն են խնդրել, և նա շարունակ ավելացրել է նրանց հավատը։ Եկեք մենք էլ այդ մարդկանց պես վարվենք՝ երբեք չմոռանալով, որ Եհովան իր ոգին առատորեն տալիս է նրանց, ովքեր խնդրում են այն և վարվում իրենց աղոթքի համաձայն (Ղուկ. 11։13)։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել։

6. Ինչպե՞ս կարող ենք աստվածաշնչյան պատմություններն ընթերցելիս լավագույնս օգուտներ քաղել։

6 Այս գրքում մենք քննեցինք ամուր հավատ ունեցող որոշ մարդկանց օրինակներ։ Սակայն նման օրինակներ, ինչ խոսք, շատ կան (կարդա՛ Եբրայեցիներ 11։32)։ Յուրաքանչյուր օրինակ մենք պետք է խորությամբ ուսումնասիրենք և դրա շուրջ աղոթքով խորհրդածենք։ Աստվածաշնչյան պատմությունները պարզապես աչքի անցկացնելով՝ մենք չենք կարողանա ամրացնել մեր հավատը։ Որպեսզի լիովին օգուտ քաղենք ընթերցանությունից, պետք է խորությամբ ուսումնասիրենք համատեքստը և աստվածաշնչյան ողջ պատմությունը։ Եթե միշտ հիշենք, որ այդ անկատար տղամարդիկ ու կանայք «այնպիսի զգացմունքներ ունեին, ինչպիսիք որ մենք ունենք», նրանց օրինակը ավելի իրական կդառնա մեզ համար (Հակ. 5։17)։ Նաև կկարողանանք պատկերացնել, թե ինչ էին նրանք հավանաբար զգում, երբ բախվում էին դժվարությունների ու փորձությունների։

7-9. ա) Թերևս ի՞նչ զգային աստվածաշնչյան ժամանակներում ապրած որոշ հավատարիմ մարդիկ, եթե հնարավորություն ունենային Եհովային երկրպագելու այնպես, ինչպես մենք։ բ) Ինչո՞ւ պետք է մեր հավատը փաստենք գործերով։

7 Մենք նաև մեր գործերով ենք կերտում մեր հավատը։ Չէ՞ որ «հավատը առանց գործերի մեռած է» (Հակ. 2։26)։ Միայն պատկերացրու, թե որքա՜ն ուրախ կլինեին Աստծու հավատարիմ ծառաները կատարելու այն հանձնարարությունը, որը Եհովան այսօր մեզ է տվել։

8 Օրինակ՝ ի՞նչ կզգար Աբրահամը, եթե իմանար, որ անապատում քարերից պատրաստված զոհասեղանի մոտ Եհովային երկրպագելու փոխարեն կարող է դա անել Աստծու մյուս երկրպագուների հետ գեղեցիկ Թագավորության սրահում կամ մեծ համաժողովների ժամանակ, որտեղ խորությամբ բացատրվում են այն խոստումները, որոնք նա միայն «հեռվից տեսավ» (կարդա՛ Եբրայեցիներ 11։13)։ Իսկ եթե Եղիան իմանար, որ ոչ թե պետք է մահապատժի ենթարկի Բահաղի չար մարգարեներին կամ ծառայի Աստծուն չար հավատուրաց թագավորի իշխանության օրոք, այլ խաղաղ պայմաններում այցելի մարդկանց՝ հայտնելով նրանց մխիթարական և հույս ներշնչող մի լուր, մի՞թե չէր ուրախանա։ Մի՞թե այդ հավատարիմ մարդիկ ուրախությունից չէին ցնծա,  եթե հնարավորություն ունենային նման ձևով երկրպագելու Եհովային։

9 Եկեք ուրեմն շարունակ ավելացնենք մեր հավատը՝ փաստելով այն գործերով։ Այդպես մենք կընդօրինակենք այն հավատարիմ մարդկանց, որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում։ Ինչպես որ նախաբանում էր ասվում, նրանք ընկերոջ պես մեր սրտին հարազատ կդառնան։ Եվ, ինչ խոսք, նոր աշխարհում այդ ընկերությունը կարող է իրականություն դառնալ։

10. Ի՞նչ ցնծություն կապրենք նոր աշխարհում։

10 Հույսդ վառ պահիր։ Աստծուն հավատարիմ տղամարդիկ ու կանայք միշտ զորացել են իրենց հույսով։ Իսկ դո՞ւ։ Օրինակ՝ պատկերացրու այն մեծ ցնծությունը, որ կապրես, երբ «արդարների հարության» ժամանակ հանդիպես այդ հավատարիմ ծառաներին (կարդա՛ Գործեր 24։15)։ Ի՞նչ կհարցնես նրանց։

11, 12. Նոր աշխարհում ի՞նչ կհարցնես ա) Աբելին, բ) Նոյին, գ) Աբրահամին, դ) Հռութին, ե) Աբիգեային, զ) Եսթերին։

11 Երբ հանդիպես Աբելին, կցանկանա՞ս հարցնել, թե ինչպիսին էին նրա ծնողները։ Կամ գուցե հարցնես. «Երբևէ խոսե՞լ ես այն քերովբեների հետ, որոնք հսկում էին Եդեմի պարտեզի մուտքը։ Ի՞նչ են ասել նրանք»։ Նոյին թերևս հարցնես, թե արդյոք նա վախեցել է նեֆիլիմներից կամ ինչպես է հոգ տարել տապանում գտնվող կենդանիներին։ Աբրահամին գուցե հարցնես, թե արդյոք նա հանդիպել է Սեմին կամ ումի՞ց է իմացել Եհովայի մասին։ Դժվա՞ր էր թողնել Ուր քաղաքը։

12 Իսկ ի՞նչ կհարցնես հավատարիմ կանանց։ Օրինակ՝ Հռութին գուցե հարցնես. «Ի՞նչն է մղել քեզ Եհովայի երկրպագուն դառնալու»։ Աբիգեային թերևս հարցնես՝ «չվախեցա՞ր, երբ Նաբաղին ասացիր Դավթին օգնելու մասին»։ Իսկ Եսթերին՝ «ձեր մասին գրված աստվածաշնչյան պատմությունից հետո ի՞նչ եղավ»։

13. ա) Թերևս ի՞նչ հարցնեն քեզ հարություն առածները։ բ) Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես, որ կարող ես հանդիպել Աստծու հավատարիմ ծառաներին։

13 Ինչ խոսք, այս հավատարիմ ծառաներն էլ հնարավոր է՝ քեզ շատ հարցեր տան։ Որքա՜ն հետաքրքրիր կլինի նրանց պատմել վերջին օրերի մասին և թե ինչպես է Եհովան օրհնել իր ժողովրդին ծանր ժամանակներում։ Նրանք շատ կտպավորվեն, երբ իմանան, թե ինչպես է Եհովան իրականացրել իր բոլոր խոստումները։ Նոր աշխարհում կարիք չի լինի պատկերացնելու հնում ապրած Աստծու հավատարիմ ծառաներին։ Մենք նրանց հետ ապրելու ենք Դրախտում։ Ուստի ամեն ջանք թափիր լավ ճանաչելու այդ ծառաներին և ընդօրինակելու նրանց հավատը։ Այդպես նրանք կդառնան քո ընկերները, և միասին հավիտյան կծառայեք Եհովային։