Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 2

«Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»

«Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»

1, 2. Ի՞նչ գործ էին կատարում Նոյն ու իր ընտանիքը, և ինչ դժվարություններ ունեին նրանք։

ՆՈՅՆ ուղղեց կորացած մեջքն ու ձգվեց՝ մեղմելու մկանների ցավը։ Նա նստեց մի հաստ գերանի վրա՝ փոքր-ինչ հանգիստ առնելու, և հայացքն ուղղեց դեպի հսկա տապանը։ Օդում տարածվել էր հալած կուպրի հոտը, լսվում էին գործիքների ձայները։ Այստեղից Նոյը կարող էր տեսնել՝ ինչպես են որդիները տապանի տարբեր մասերում տքնաջան աշխատում։ Կինը, որդիներն ու հարսները արդեն մի քանի տասնյակ տարիներ էր, ինչ իր հետ մասնակցում էին տապանի շինարարությանը։ Նրանք աշխատանքի մի մասն արդեն արել էին, սակայն ավարտին հասցնելու համար դեռ բավական գործ կար անելու։

2 Մարդիկ մտածում էին, թե Նոյն ու իր ընտանիքը խելքները թռցրել են։ Տապանի շինարարությունը օրեցօր մոտենում էր ավարտին, իսկ մարդիկ ծիծաղում էին նրանց խոսքերի վրա, թե՝ ջրերը հեղեղելու են ողջ երկիրը։ Այդ մեծ աղետի մասին Նոյի նախազգուշացումները անհավանական ու անհեթեթ էին թվում։ Նրանց գլխում չէր տեղավորվում, թե ինչու է այդ մարդը իր և իր ընտանիքի անդամների կյանքը վատնում այդ «հիմարության» վրա։ Սակայն Նոյի Աստծու՝ Եհովայի համար նա բոլորովին էլ հիմար չէր։

3. Ի՞նչ իմաստով Նոյը քայլեց Աստծու հետ։

3 Աստվածաշունչը Նոյի մասին ասում է. «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց» (կարդա՛ Ծննդոց 6։9)։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստված չի քայլել երկրի վրա, և ոչ էլ Նոյն է գնացել երկինք։ Նա ամեն ինչում հնազանդվել է Աստծուն և այնքան շատ է սիրել նրան, որ ասես ինքն ու Եհովան որպես ընկերներ քայլել են միասին։ Հազարավոր տարիներ հետո Աստվածաշնչում նրա մասին հետևյալը գրվեց. «Հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը» (Եբր. 11։7)։ Ինչպե՞ս Նոյը արեց դա։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։

Անարատ մարդ՝ արատավոր աշխարհում

4, 5. Ինչպե՞ս էր աշխարհը ապականվել Նոյի օրերում։

4 Նոյը մեծացել է մի աշխարհում, որը գնալով ապականվում էր։ Նրա հոր պապի՝ Ենոքի օրերում աշխարհն արդեն լի էր չարությամբ։ Ենոքն արդար մարդ էր, որը քայլեց Աստծու հետ։ Նա կանխագուշակեց  այն դատաստանի օրվա մասին, որ գալու էր անաստված մարդկանց վրա։ Այժմ՝ Նոյի օրերում, մարդիկ բարոյապես ավելի արատավոր էին դարձել։ Եհովայի աչքում երկիրն ապականվել էր և բռնությամբ լցվել (Ծննդ. 5։22; 6։11; Հուդա 14, 15)։ Ո՞րն էր պատճառը։

5 Ողբերգական դեպքերի զարգացումը սկսվել էր երկնքում։ Աստծու ոգեղեն որդիներից՝ հրեշտակներից մեկն ըմբոստացել էր նրա դեմ։ Աստծուն զրպարտելով և Ադամին ու Եվային մեղքի դրդելով՝ նա դարձել էր Բանսարկու Սատանա։ Նոյի օրերում ուրիշ հրեշտակներ հետևեցին նրան։ Թողնելով երկնքում Աստծու կողմից տրված իրենց դիրքը՝ նրանք իջան երկիր, մարդկային մարմիններ հագան և գեղեցիկ կանանց իրենց կին առան։ Այդ հպարտ ու եսասեր ըմբոստ հրեշտակները կործանարար ազդեցություն ունեցան մարդկային հասարակության վրա (Ծննդ. 6։1, 2; Հուդա 6, 7

6. Ի՞նչ ազդեցություն ունեցան նեֆիլիմները հասարակության վրա, և ի՞նչ վճռեց անել Եհովան։

6 Մարմնավորված հրեշտակների և կանանց այս անբնական միության հետևանքով խառնածին սերունդ առաջ եկավ։ Կանայք որդիներ էին ծնում, որոնք արտասովոր չափեր և ուժ ունեին։ Աստվածաշունչը նրանց կոչում է «նեֆիլիմներ», որը բառացի նշանակում է «տապալողներ»։ Լինելով դաժան ու կատաղի՝ նեֆիլիմները ծայրահեղ չարությամբ լցրին առանց այն էլ ապականված երկիրը։ Ուստի զարմանալի չէ, որ «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը»։ Նա վճռեց 120 տարի հետո մաքրել երկիրը այդ հասարակությունից (կարդա՛ Ծննդոց 6։3–5

7. Ինչի՞ց պետք է Նոյն ու իր կինը պաշտպանեին իրենց երեխաներին։

7 Պատկերացրու, թե որքան դժվար էր այդպիսի միջավայրում  երեխա դաստիարակելը։ Այնուամենայնիվ Նոյին դա հաջողվեց։ Նա լավ կին էր գտել, իսկ 500 տարեկանում հայր էր դարձել *։ Նա երեք որդի ուներ՝ Սեմը, Քամը, Հաբեթը։ Նոյն ու իր կինը պետք է պաշտպանեին իրենց երեխաներին շրջապատի ապականիչ ազդեցությունից։ Սովորաբար տղաները հիանում են ուժ և հեղինակություն ունեցող տղամարդկանցով, իսկ նեֆիլիմները հենց այդպիսին էին։ Դժվար թե Նոյն ու իր կինը այդ հսկաների սխրագործությունների մասին պատմությունները կարողանային հեռու պահել իրենց երեխաների ականջից, բայց կարող էին նրանց սովորեցնել Եհովա Աստծու մասին գեղեցիկ ճշմարտությունը, նրա, ով ատում է ամեն տեսակ չարություն։ Նրանք պետք է օգնեին իրենց զավակներին հասկանալու, որ Եհովան ցավ է զգում՝ տեսնելով աշխարհում տիրող բռնությունն ու ըմբոստության ոգին (Ծննդ. 6։6

Նոյն ու իր կինը պետք է պաշտպանեին իրենց երեխաներին շրջապատի ապականիչ ազդեցությունից

8. Ինչպե՞ս կարող են ծնողներն ընդօրինակել Նոյին ու նրա կնոջը։

8 Այսօր ծնողները նույն դժվարություններն ունեն, ինչ Նոյն ու իր կինն ունեին։ Ներկայիս աշխարհը նույնպես լի է բռնությամբ և ըմբոստության ոգով։ Օրինակ՝ շատ քաղաքներում տարածված են խուլիգանական տարբեր խմբեր։ Նույնիսկ մանկական ֆիլմերն ու հաղորդումներն են տոգորված բռնության ոգով։ Իմաստուն ծնողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին այդ ազդեցությունից։ Նրանք սովորեցնում են նրանց խաղաղության Աստծու՝ Եհովայի մասին, որը մի օր վերջ է դնելու բռնությանը (Սաղ. 11։5; 37։10, 11)։ Չնայած չար աշխարհի ազդեցությանը՝ հնարավո՛ր է լավ երեխաներ մեծացնել։ Նոյին ու նրա կնոջը հաջողվեց դա։ Նրանց որդիները լավ մարդ դարձան և հետագայում ամուսնացան այնպիսի կանանց հետ, որոնք նույնպես ցանկանում էին, որ ճշմարիտ Աստված Եհովան իրենց կյանքում առաջին տեղում լինի։

«Քեզ համար մի տապան շինիր»

9, 10. ա) Եհովայի ո՞ր պատվերը փոխեց Նոյի կյանքը։ բ) Տապանի վերաբերյալ ի՞նչ մանրամասներ հայտնեց Եհովան Նոյին։

9 Մի օր Նոյի կյանքը առհավետ փոխվեց։ Եհովան խոսեց իր սիրելի ծառայի հետ և նրան հայտնեց աշխարհը կործանելու մասին իր նպատակը։ Նա պատվիրեց Նոյին. «Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից» (Ծննդ. 6։14

10 Տապանը նավ չէր, ինչպես ոմանք են կարծում։ Այն ո՛չ նավաքիթ ուներ, ո՛չ էլ նավախել, ո՛չ թի, ո՛չ էլ ղեկ։ Այն մի հսկայական արկղի էր նման։ Եհովան Նոյին տվեց տապանի ճշգրիտ չափսերն ու մանրամասները և պատվիրեց այն ներսից ու դրսից կուպրով պատել։ Ապա ասաց, թե ինչու. «Ես երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու.... Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի»։ Այնուհետև Եհովան ուխտ  հաստատեց Նոյի հետ ու ասաց. «Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք»։ Նոյը պետք է տապան բերեր նաև կենդանիների բոլոր տեսակներից։ Ջրհեղեղից փրկվելու էին միայն նրանք, ովքեր տապանում կլինեին (Ծննդ. 6։17–20

Նոյն ու իր ընտանիքը, իրար հետ համագործակցելով, կատարում էին Աստծու պատվերը

11, 12. Ի՞նչ հսկայական աշխատանք պետք է կատարեր Նոյը, և ինչպե՞ս նա վերաբերվեց այդ առաջադրանքին։

11 Նոյը պետք է հսկայական աշխատանք կատարեր։ Տապանը չափազանց մեծ էր լինելու. 133 մետր երկարության, 22 մետր լայնության և 13 մետր բարձրության։ Այն ավելի մեծ է եղել, քան մեր օրերում փայտից կառուցված ծովագնաց ամենամեծ նավերը։ Արդյոք Նոյը խույս տվե՞ց այդ հանձնարարությունից, բողոքե՞ց, թե դժվար գործ է, կամ փոխե՞ց տապանի նախագիծը՝ իր գործը հեշտացնելու համար։ Աստվածաշունչը պատասխանում է. «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդ. 6։22

12 Շինարարությունը տասնամյակներ տևեց՝ հավանաբար 40–50 տարի։ Հարկավոր էր ծառեր կտրել, գերանները տեղափոխել, տարբեր չափերի կտրտել, տաշել և իրար ամրացնել։ Տապանը երեք հարկանի էր, բաժանմունքներ ուներ և մի կողմում՝ դուռ։ Ակներևաբար, տապանի վերևի հատվածում պատուհաններ կային, այն ուներ նաև տանիք, որի մեջտեղի հատվածը փոքր-ինչ բարձր էր, որպեսզի ջրերը վրայով հոսեին (Ծննդ. 6։14–16

13. Ո՞ր գործն էր թերևս տապան կառուցելուց ավելի դժվար, և ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում դրան։

13 Տարիներն անցնում էին, տապանը աստիճանաբար վեր էր խոյանում։ Որքա՜ն պետք է որ ուրախ լիներ Նոյը, որ ընտանիքը աջակցում է իրեն։ Սակայն կար ևս մի գործ, որը տապան կառուցելուց թերևս ավելի դժվար էր։ Աստվածաշունչը հայտնում է, որ Նոյը «արդարության քարոզիչ» էր (կարդա՛ 2 Պետրոս 2։5)։ Նա չար և անաստված մարդկանց խիզախորեն զգուշացնում էր մոտալուտ կործանման մասին։ Իսկ ինչպե՞ս էին նրանք արձագանքում։ Հետագայում Հիսուս Քրիստոսը, խոսելով այդ ժամանակների մասին, ասաց, որ նրանք «ուշադրություն չդարձրին»։ Նրանք այնքան էին տարված իրենց առօրյայով՝ ուտելով, խմելով և ամուսնանալով, որ ականջ չդրին Նոյի նախազգուշացումներին (Մատթ. 24։37–39)։ Անկասկած շատերը ծաղրում էին նրան ու նրա ընտանիքին, ոմանք էլ հնարավոր է՝ սպառնում էին ու խիստ հակառակվում։ Հավանաբար նույնիսկ փորձում էին խանգարել տապանի շինարարությանը։

Մարդիկ ծաղրում էին Նոյին և անտեսում նրա խոսքերը, չնայած որ տեսնում էին, թե ինչպես է Աստված օրհնում նրան

14. Ի՞նչ կարող են քրիստոնյա ընտանիքները սովորել Նոյից ու նրա ընտանիքից։

14 Սակայն Նոյն ու նրա ընտանիքը անկոտրում մնացին։ Նրանք շարունակեցին իրենց հանձնարարված գործը, չնայած որ ապրում էին մի աշխարհում, որտեղ մարդիկ միայն իրենց անձնական շահով էին հետաքրքրված և տապան կառուցելը հիմարություն ու անհեթեթություն էին համարում։ Այսօր քրիստոնյա ընտանիքները շատ բան կարող են  սովորել Նոյի ու նրա ընտանիքի դրսևորած հավատից։ Մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1)։ Հիսուսը մեր օրերը նմանեցրեց Նոյի օրերին։ Երբ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելիս քրիստոնյաները հանդիպում են անտարբերության, ենթարկվում ծաղրուծանակի և նույնիսկ հալածանքի, լավ կլինի՝ հիշեն Նոյին։ Նրանք առաջինը չեն, որ բախվում են նման դժվարությունների։

«Տապան մտեք»

15. Ի՞նչ կորուստներ ունեցավ Նոյը մոտ 600 տարեկանում։

15 Տասնամյակներ անցան։ Տապանը իր վերջնական տեսքն էր ստանում։ Նոյը մոտ 600 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը՝ Ղամեքը *։ Հինգ տարի անց 969 տարեկանում մահացավ Նոյի պապը՝ Մաթուսաղան։ Աստվածաշնչում հիշատակված մարդկանց մեջ նա ամենաերկարակյացն է (Ծննդ. 5։27)։ Թե՛ Մաթուսաղան, թե՛ Ղամեքը ապրել են այն ժամանակներում, երբ առաջին մարդը՝ Ադամը, դեռ կենդանի էր։

16, 17. ա) Ի՞նչ պատվիրեց Եհովան Նոյին, երբ վերջինս 600 տարեկան էր։ բ) Նկարագրիր՝ ինչ տպավորիչ տեսարանի ականատես եղան Նոյն ու իր ընտանիքը։

16 Երբ Նոյը 600 տարեկան էր, Եհովա Աստված նրան պատվիրեց. «Դու և քո ամբողջ ընտանիքը տապան մտեք»։ Նաև ասաց, որ տապան բերի ամեն տեսակ կենդանիների՝ մաքուր անասունից՝ յոթական՝ զոհ մատուցելու համար, իսկ մյուսներից՝ երկուական (Ծննդ. 7։1–3

 17 Տեսարանը պետք է որ անմոռանալի լիներ։ Հազարավոր կենդանիներ, սողուններ ու թռչուններ՝ տարբեր տեսակների և չափերի, շարժվում էին դեպի տապանը։ Հարկ չկար, որ Նոյը այս բոլոր վայրի կենդանիներին քշեր կամ ստիպեր մտնել տապան։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «մտան տապանը՝ Նոյի մոտ» (Ծննդ. 7։9

18, 19. ա) Ո՞ր փաստերն են պատասխան տալիս քննադատների բարձրացրած հարցերին։ բ) Ո՞ւմ միջոցով Եհովան փրկեց կենդանիներին, և ինչո՞ւ էր դա իմաստուն։

18 Որոշ քննադատներ գուցե ասեն. «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ինչպե՞ս կարող էին այդ բոլոր կենդանիները մի տեղ խաղաղ մնալ»։ Սակայն մի՞թե տիեզերքն Արարողը անզոր է ղեկավարելու իր իսկ ստեղծած կենդանիներին ու անհրաժեշտության դեպքում հնազանդեցնելու նրանց։ Մի՛ մոռացիր, Եհովան այն Աստվածն է, որը բացեց Կարմիր ծովը և կանգնեցրեց արևը։ Մի՞թե չէր կարող անել այն ամենը, ինչ նկարագրված է Նոյի պատմության մեջ։

19 Ինչ խոսք, Եհովան կարող էր մեկ այլ կերպ փրկել իր ստեղծած կենդանիներին։ Սակայն նա մարդու միջոցով դա արեց, ինչը խոսում է նրա իմաստության մասին։ Չէ՞ որ Եհովան կենդանիներին հոգ տանելու գործը հենց սկզբից մարդուն էր վստահել (Ծննդ. 1։28)։ Բազմաթիվ ծնողներ այսօր Նոյի պատմության միջոցով սովորեցնում են երեխաներին, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների կյանքը։

20. Ջրհեղեղին նախորդող յոթ օրերի ընթացքում ինչո՞վ էին զբաղված Նոյն ու իր ընտանիքը։

20 Եհովան Նոյին ասաց, որ յոթ օր հետո երկրի վրա ջրհեղեղ պիտի բերի։ Դրանք Նոյի ընտանիքի համար ծանրաբեռնված օրեր էին։  Միայն պատկերացրու. նրանք պետք է բոլոր կենդանիներին տեղավորեին տապանում, ուտելիք պահեստավորեին և իրենց ունեցվածքը տեղափոխեին։ Նոյի կինն ու հարսները հավանաբար զբաղված էին տապանում բնակության համար հարմարավետ պայմաններ ստեղծելով։

21, 22. ա) Ինչո՞ւ մեզ չպետք է զարմացնի Նոյի օրերի մարդկանց անտարբերությունը։ բ) Ե՞րբ դադարեց մարդկանց ծաղրուծանակը։

21 Իսկ ի՞նչ էին անում մարդիկ։ Նրանք շարունակում էին «ուշադրություն չդարձնել», թեև հստակ տեսնում էին, թե ինչպես է Եհովան օրհնում Նոյին ու նրա ջանքերը։ Իսկ կենդանիների բազմությունը, որը հորդում էր դեպի տապանը, նրանք չէին կարող չնկատել։ Սակայն մեզ չպետք է զարմացնի նրանց անտարբերությունը։ Այսօր էլ մարդիկ ուշադրություն չեն դարձնում ակնհայտ ապացույցներին, որ ապրում ենք վերջին օրերում։ Պետրոս առաքյալը կանխագուշակել էր, որ վերջին օրերում մարդիկ ծաղրելու են նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում Աստծու նախազգուշացումներին (կարդա՛ 2 Պետրոս 3։3–6)։ Նույն ձևով էլ ծաղրում էին Նոյին ու նրա ընտանիքին։

22 Ե՞րբ վերջ դրվեց ծաղրուծանակին։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ Նոյը իր ընտանիքին և կենդանիներին ներս բերեց տապան, «Եհովան դուռը փակեց նրա հետևից»։ Եթե մոտակայքում մարդիկ ծիծաղում էին նրանց վրա, Աստված դրանով պապանձեցրեց նրանց։ Իսկ եթե դեռ որևէ մեկը շարունակում էր ծաղրել, անձրևը լռեցրեց։ Անձրև տեղաց ժամեր, օրեր, շաբաթներ շարունակ և ի վերջո հեղեղեց ողջ երկիրը, ճիշտ ինչպես որ Եհովան ասել էր (Ծննդ. 7։16–21

23. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովային հաճույք չէր պատճառում Նոյի օրերի չար մարդկանց մահը։ բ) Ինչո՞ւ է իմաստուն ընդօրինակել Նոյի հավատը։

23 Արդյոք Եհովան ուրախացա՞վ՝ տեսնելով չար մարդկանց մահը։ Բոլորովի՛ն (Եզեկ. 33։11)։ Նա ամեն հնարավորություն տվել էր նրանց փոխելու իրենց ընթացքը։ Կարո՞ղ էին նրանք փրկվել։ Նոյի կյանքը լուռ պատասխանն է այս հարցի։ Քայլելով Եհովայի հետ՝ ամեն ինչում իր Աստծուն հնազանդվելով՝ նա փաստեց, որ հնարավոր էր փրկվել։ Նրա հավատը դատապարտեց աշխարհը՝ բացահայտելով իր ժամանակակիցների չարությունը։ Նոյի հավատի շնորհիվ կենդանի մնաց թե՛ ինքը և թե՛ իր ընտանիքը։ Ընդօրինակելով նրա հավատը՝ դու էլ թերևս կարողանաս փրկել քեզ ու քո սիրելիներին։ Նոյի պես՝ դու էլ կարող ես Աստծու ընկերը լինել ու քայլել նրա հետ։ Եվ այդ ընկերությունը կարող է տևել հավիտյան։

^ պարբ. 7 Այն ժամանակներում մարդիկ շատ ավելի երկար էին ապրում։ Նրանց երկարակեցությունը, ակներևաբար, պայմանավորված էր նրանով, որ մոտ էին կատարելությանը, որը կորցրել էին Ադամն ու Եվան։

^ պարբ. 15 Ղամեքն իր որդու անունը Նոյ դրեց, որը հավանաբար նշանակում է «հանգիստ» կամ «մխիթարություն», ու մարգարեացավ, որ Նոյը կկատարի իր անվան նշանակությունը և մարդիկ հանգստություն կգտնեն անիծված հողի պատճառով տքնաջան աշխատելուց (Ծննդ. 5։28, 29)։ Ղամեքը չտեսավ իր մարգարեության կատարումը։ Իսկ Նոյի մայրը, եղբայրներն ու քույրերը հավանաբար կործանվել են Ջրհեղեղի ժամանակ։

Իմացիր ավելին

Նոյը փրկվեց «ևս յոթ հոգու հետ»

Ինչպե՞ս Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին ջրհեղեղից։