Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդօրինակեք նրանց հավատը

 ԳԼՈՒԽ 18

Նա «խոսքերը պահում էր իր սրտում»

Նա «խոսքերը պահում էր իր սրտում»

1, 2. Ո՞ւր էին գնում Մարիամն ու Հովսեփը, և ինչո՞ւ էր Մարիամի համար դժվար ճանապարհորդել։

ՄԱՐԻԱՄԸ, ավանակի վրա նստած, անհանգիստ շարժումներ էր անում. երկար ժամանակ էր, ինչ ճանապարհ էին գնում։ Առջևից դանդաղ քայլերով գնում էր Հովսեփը՝ ավանակի թոկից բռնած։ Նրանք ուղևորվում էին Բեթլեհեմ։ Մարիամը զգում էր, թե ինչպես է երեխան փորի մեջ շարժվում։

2 Նա հղի էր և շուտով պետք է ծննդաբերեր (Ղուկ. 2։5)։ Մինչ նրանք անցնում էին դաշտերի մոտով, այնտեղ աշխատող գյուղացիները հավանաբար նայում էին ու զարմանում, թե այս կինը ինչու է այդ վիճակում ճանապարհ ընկել։ Եվ իրոք, ո՞րն է պատճառը, որ Մարիամն այսքան հեռու ճամփա էր ընկել։

3. Ի՞նչ պատվի էր արժանացել Մարիամը, և ի՞նչ կիմանանք նրա մասին։

3 Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ։ Մի հրեշտակ այս երիտասարդ հրեա կնոջը հայտնել էր, որ նա երեխա պիտի ծնի՝ Աստծու Որդուն՝ խոստացյալ Մեսիային։ Դա մարդկության պատմության մեջ բացառիկ իրադարձություն էր լինելու (Ղուկ. 1։35)։ Երբ մոտենում էր ծննդաբերելու ժամանակը, անհրաժեշտություն առաջացավ, որ նրանք ճանապարհ ընկնեն։ Ինչ խոսք, ճանապարհորդությունը լի էր լինելու դժվարություններով, և Մարիամի հավատը լուրջ փորձության էր ենթարկվելու։ Տեսնենք, թե ինչպես նա կարողացավ պահպանել իր ամուր հավատը։

Ճանապարհորդություն դեպի Բեթլեհեմ

4, 5. ա) Ինչո՞ւ էին Մարիամն ու Հովսեփը ճամփա ընկել դեպի Բեթլեհեմ։ բ) Ո՞ր մարգարեության կատարմանը նպաստեց կայսրի հրամանագիրը։

4 Հովսեփն ու Մարիամը միակ ճանապարհորդները չէին։ Օգոստոս կայսրը հրամանագիր էր արձակել, որ երկրում գրանցում անցկացվի, և մարդիկ գնում էին իրենց ծննդավայրերը՝ գրանցվելու։ Ինչպե՞ս վարվեց Հովսեփը։ Կարդում ենք. «Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, ու գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տանից և նրա ազգատոհմից էր» (Ղուկ. 2։1–4

 5 Պատահականություն չէր այն, որ կայսրը հենց այդ ժամանակ հրամանագիր արձակեց։ Մոտ 700 տարի առաջ մարգարեացվել էր, որ Մեսիան պետք է ծնվի Բեթլեհեմում։ Հետաքրքիր է, որ Նազարեթից 11 կիլոմետր հեռու կար Բեթլեհեմ կոչվող մի քաղաք։ Սակայն մարգարեության մեջ կոնկրետ նշվում էր, որ Մեսիան ծնվելու էր «Բեթլեհեմ Եփրաթայում» (կարդա՛ Միքիա 5։2)։ Նազարեթից մինչև այդ փոքր քաղաք մոտ 130 կիլոմետր էր, և ճանապարհը անցնում էր Սամարիայի լեռնային տարածքներով։ Հովսեփն ու Մարիամը գնում էին հենց այդ Բեթլեհեմը, որտեղից որ սերել էր Դավիթը, քանի որ նրանք «Դավթի տանից և նրա ազգատոհմից էին»։

6, 7. ա) Ինչո՞ւ էր Բեթլեհեմի ճանապարհորդությունը դժվար Մարիամի համար։ բ) Ամուսնացած լինելը ինչպե՞ս ազդեց Մարիամի որոշումների վրա (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

6 Մարիամը թիկունք կանգնեց իր ամուսնու որոշմանը, թեև իր համար դժվար էր հղի վիճակով այդքան ճանապարհ անցնելը։ Ակներևաբար արդեն աշուն էր, սկսվել էին անձրևային եղանակները։ Բացի այդ, Բեթլեհեմը գտնվում էր ավելի քան 760 մետր բարձրության վրա, ուստի ճանապարհորդությունը սովորականից ավելի երկար կտևեր, քանի որ Մարիամը թերևս հաճախ հանգստանալու կարիք կունենար։ Հնարավոր է՝ այս երիտասարդ կինը ցանկանար տանը մնալ, իր հարազատների կողքին լինել, որոնք կօգնեին իրեն, երբ երկունքի ցավերը սկսեին։ Իրոք որ քաջություն  էր պետք այսպիսի ճանապարհորդություն կատարելու համար։

Բեթլեհեմի ճանապարհորդությունը հեշտ չէր

7 Ղուկասն իր Ավետարանում գրում է, որ Հովսեփը գնաց, «որպեսզի Մարիամի հետ գրանցվի»։ Նա նաև նշում է, որ Մարիամը «այդ ժամանակ արդեն [Հովսեփի] կինն էր» (Ղուկ. 2։4, 5)։ Իսկ դա նշանակում է, որ նա իր որոշումները պիտի համաձայնեցներ ամուսնու հետ։ Նա իր ամուսնուն համարում էր ընտանիքի գլուխ և գիտակցելով օգնականի իր դերը՝ թիկունք էր կանգնում նրա կայացրած որոշումներին *։ Չնայած դժվարություններին՝ Մարիամը հոժարակամորեն հնազանդվեց ամուսնուն։

8. ա) Ուրիշ ի՞նչը կարող էր մղել Մարիամին Հովսեփի հետ Բեթլեհեմ գնալու։ բ) Ինչո՞ւ է Մարիամի օրինակը քաջալերական մեզ համար։

8 Ուրիշ ի՞նչը մղեց Մարիամին հնազանդվելու ամուսնուն։ Գիտե՞ր արդյոք Մարիամը այն մարգարեությունը, որ Մեսիան պիտի ծնվեր Բեթլեհեմում։ Աստվածաշնչում ոչինչ չի ասվում։ Ամենայն հավանականությամբ Մարիամը տեղյակ էր այդ մասին, քանի որ թե՛ կրոնական առաջնորդները, թե՛ հասարակ ժողովուրդը գիտեին այդ մարգարեությունը (Մատթ. 2։1–7; Հովհ. 7։40–42 Մարիամը լավ գիտեր սուրբ գրքերը (Ղուկ. 1։46–55)։ Անկախ նրանից, թե ինչը մղեց նրան այդ ճանապարհորդությունը կատարելու, ամուսնու հանդեպ հնազանդությունը, կայսրի հրամանը թե մարգարեության մասին տեղյակ լինելը, նա հնազանդության լավ օրինակ թողեց։ Եհովան թանկ է գնահատում այն բոլոր կանանց ու տղամարդկանց, ովքեր խոնարհ են ու հնազանդ։ Այսօրվա աշխարհում, որտեղ հնազանդությունը ոչ թե առաքինություն է, այլ թերություն, Մարիամի օրինակը քրիստոնյաների համար կարող է քաջալերանքի մեծ աղբյուր լինել։

Քրիստոսի ծնունդը

9, 10. ա) Հավանաբար ինչի՞ մասին էին մտածում Հովսեփն ու Մարիամը, երբ մոտենում էին Բեթլեհեմին։ բ) Որտե՞ղ ստիպված եղան գիշերել նրանք և ինչո՞ւ։

9 Երբ Մարիամը հեռվից տեսավ Բեթլեհեմը, թերևս հանգիստ շունչ քաշեց։ Երբ բարձրանում էին զառիվեր ճանապարհներով և անցնում ձիթենիների պուրակների մոտով, Մարիամն ու Հովսեփը հավանաբար հիշեցին այս փոքր քաղաքի պատմությունը։ Ինչպես Միքիա մարգարեն էր գրել, այն շատ փոքր էր Հուդայի քաղաքների համեմատությամբ, սակայն ավելի քան հազար տարի առաջ հենց այնտեղ էին ծնվել Բոոսը, Նոեմին և Դավիթը։

10 Գյուղը մարդաշատ էր։ Շատերը ավելի վաղ էին եկել գրանցվելու, այդ պատճառով էլ օթևանելու տեղ չէր մնացել *։ Ուստի Մարիամն ու Հովսեփը ստիպված եղան գիշերել ախոռում։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ էր զգում Հովսեփը՝ տեսնելով կնոջ ցավերը, որ սաստկանում էին։ Հենց այստեղ՝ այս անհարմար պայմաններում, Մարիամի երկունքի ցավերը սկսվեցին։

11. ա) Ինչո՞ւ ցանկացած մայր կարող է հասկանալ Մարիամի վիճակը։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում անդրանիկ Որդի։

11 Ցանկացած մայր կարող է հասկանալ Մարիամի վիճակը։ Մոտ 4000 տարի առաջ Եհովան ասել էր, որ ժառանգած անկատարության պատճառով կանայք ցավով են երեխա ունենալու (Ծննդ. 3։16)։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ Մարիամը բացառություն է եղել։ Ղուկաս ավետարանիչը նույնպես չի նշում այդ մասին, նա պարզապես գրում է. «Նա ծնեց իր անդրանիկ որդուն» (Ղուկ. 2։7)։ Հետագայում Մարիամը ուրիշ երեխաներ էլ ունեցավ (Մարկ. 6։3)։ Սակայն իր առաջնեկը տարբերվում էր մյուսներից, քանի որ նա ոչ միայն իր անդրանիկն էր, այլև «բոլոր ստեղծվածների մեջ» Եհովայի անդրանիկ Որդին (Կող. 1։15

12. Որտե՞ղ Մարիամը դրեց երեխային, և ինչպե՞ս է իրականությունը տարբերվում սուրբծննդյան դրվագներից, նկարներից ու տեսարաններից։

12 Արձանագրության մեջ այնուհետև կարդում ենք, որ Մարիամը  բարուրեց երեխային ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. 2։7)։ Սուրբծննդյան դրվագները, նկարները և տեսարանները, որ ներկայացվում են ամբողջ աշխարհում, հեռու են իրականությունից։ Պատկերացնենք ողջ իրականությունը։ Նրանք ախոռում էին, որտեղ չկային հիգիենիկ պայմաններ և մաքուր օդ։ Իսկ մսուրը, որտեղ երեխան էր դրված, տաշտաձև աման էր, որի մեջ լցնում են անասունների կերը։ Ո՞ր ծնողը կցանկանար, որ իր երեխան այսպիսի տեղ ծնվեր։ Չէ՞ որ ցանկացած ծնող լավագույնն է ուզում իր երեխայի համար։ Իսկ որքա՜ն շատ Մարիամն ու Հովսեփը կցանկանային, որ Աստծու Որդին ծնվեր ամենալավ պայմաններում։

13. ա) Ինչպե՞ս Մարիամն ու Հովսեփը իրենց իրավիճակում լավագույնն արեցին։ բ) Ինչպե՞ս կարող են այսօր ծնողներն ընդօրինակել Մարիամին ու Հովսեփին երեխաների դաստիարակության հարցում։

13 Այնուհանդերձ, նրանք թույլ չտվեցին, որ սահմանափակ հնարավորությունները ընկճեն իրենց։ Նրանք իրենց իրավիճակում լավագույնն արեցին։ Օրինակ՝ Մարիամը հոգ տարավ նորածնին. նրան բարուրեց և զգուշորեն դրեց մսուրի մեջ, որպեսզի երեխան չմրսի և ապահով լինի։ Սակայն Մարիամն ու Հովսեփը գիտակցում էին, որ ամենակարևոր բանը, որ պետք է անեն, երեխայի հոգևոր կարիքները բավարարելն է (կարդա՛ 2 Օրենք 6։6–8)։ Այսօր իմաստուն ծնողները նույն առաջնահերթությունն են դնում իրենց երեխաների դաստիարակության հարցում։

Քաջալերական այց

14, 15. ա) Ինչո՞ւ էին հովիվները ուզում տեսնել երեխային։ բ) Ի՞նչ արեցին հովիվները երեխային մսուրի մեջ տեսնելուց հետո։

14 Մարիամն ու Հովսեփը անսպասելի հյուրեր ունեցան. հովիվներ էին։ Ոգևորված և ուրախ՝ նրանք անհամբերությամբ ուզում էին տեսնել երեխային։ Նրանք եկել էին մոտակա սարերից, որտեղ արածեցնում էին իրենց հոտերին և այնտեղ էլ ապրում *։ Անակնկալի եկած ծնողներին նրանք պատմեցին այն զարմանալի դեպքը, որը տեղի էր ունեցել իրենց հետ։ Գիշերը, երբ նրանք հսկում էին հոտը, մի հրեշտակ երևաց նրանց, ու Եհովայի փառքը լուսավորեց շուրջբոլորը։ Հրեշտակն ասաց, որ Բեթլեհեմում ծնվել է Քրիստոսը՝ Մեսիան, և մի նշան տվեց. «Դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։ Հետո մի շատ ավելի տպավորիչ բան տեղի ունեցավ. հրեշտակների մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն (Ղուկ. 2։8–14

15 Զարմանալի չէ, որ այս խոնարհ մարդիկ շտապել էին Բեթլեհեմ։ Հավանաբար նրանք շատ ուրախացան՝ տեսնելով նորածնին՝  մսուրի մեջ պառկած, ինչպես որ հրեշտակն էր ասել։ Նրանք հրեշտակների հայտնած ավետիսը չթաքցրին, այլ պատմեցին այն ամենը, ինչ ասվել էր երեխայի մասին։ Եվ բոլորը, ովքեր լսեցին հովիվների պատմածը, զարմացան (Ղուկ. 2։17, 18)։ Այդ օրերում կրոնական առաջնորդները արհամարհում էին հովիվներին, սակայն Եհովան բարձր էր գնահատում այդ խոնարհ և հավատարիմ մարդկանց։ Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ այս այցը Մարիամի վրա։

Եհովան թանկ էր գնահատում խոնարհ ու հավատարիմ հովիվներին

16. Ինչի՞ շնորհիվ Մարիամը կարողացավ ամուր հավատ ունենալ։

16 Ծննդաբերությունից հետո Մարիամն, անկասկած, իրեն թույլ էր զգում, այդուհանդերձ, նա ուշադիր լսում էր ամեն բառ։ Ավելին, «Մարիամը այս խոսքերը պահում էր իր սրտում՝ խորհելով դրանց շուրջ» (Ղուկ. 2։19)։ Նա գիտեր, որ հրեշտակի հայտնած լուրը շատ կարևոր է։ Նրա Աստվածը՝ Եհովան, ուզում էր, որ նա իմանա, թե ով է իր որդին և ինչ կարևոր նպատակի համար է լույս աշխարհ եկել։ Ուստի Մարիամը ոչ միայն լսում էր, այլև այդ բոլոր խոսքերը պահում էր սրտում, որ ամիսներ և տարիներ հետո կրկին ու կրկին խորհրդածի դրանց շուրջ։ Դրա շնորհիվ նա կարողացավ ողջ կյանքում ամուր հավատ ունենալ (կարդա՛ Եբրայեցիներ 11։1

Մարիամը ուշադիր լսում էր հովիվներին և նրանց խոսքերը պահում իր սրտում

17. Ինչպե՞ս կարող ենք Մարիամի պես ամրացնել մեր հավատը։

17 Կհետևե՞ս Մարիամի օրինակին։ Եհովայի Խոսքը հոգևոր ճշմարտություններ է պարունակում։ Սակայն այդ ճշմարտությունները մեզ օգուտ կտան միայն այն դեպքում, եթե ուշադրություն դարձնենք դրանց՝ եթե կանոնավորաբար կարդանք Աստվածաշունչը ոչ թե պարզապես որպես գեղարվեստական գիրք, այլ որպես Աստծու Խոսք (2 Տիմոթ. 3։16)։ Իսկ ընթերցելուց հետո, ինչպես Մարիամը, մենք էլ պետք է պահենք այդ հոգևոր խոսքերը մեր սրտում և եզրակացություններ անենք։ Եթե խորհրդածենք կարդացածի շուրջ՝ մտածելով, թե ինչպես կարող ենք Եհովայից ստացած խորհուրդները կիրառել կյանքում, է՛լ ավելի կամրացնենք մեր հավատը։

Խոսքերը պահում էր սրտում

18. ա) Ինչպե՞ս Մարիամն ու Հովսեփը հնազանդվեցին Մովսիսական օրենքին։ բ) Նրանց կատարած զոհաբերությունը ի՞նչ է բացահայտում իրենց տնտեսական վիճակի մասին։

18 Երբ երեխան ութ օրական դարձավ, Մարիամն ու Հովսեփը, Մովսիսական օրենքի համաձայն, թլփատեցին նրան և անվանեցին Հիսուս, ինչպես նախապես պատվեր էին ստացել (Ղուկ.  1։31)։ Իսկ քառասուներորդ օրը, երբ մաքրման օրերը լրացան, նրանք, Բեթլեհեմից մոտ 10 կիլոմետր ճանապարհ անցնելով, գնացին Երուսաղեմի տաճար և զոհ մատուցեցին՝ երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի, ինչը, ըստ Մովսիսական օրենքի, մատուցում էին աղքատները։ Նույնիսկ եթե նրանք անհարմար էին զգում, որ ուրիշների պես չեն կարող ոչխար զոհաբերել, այդուհանդերձ, նրանք չկենտրոնացան դրա վրա։ Եվ մինչ տաճարում էին, նրանք մեծապես քաջալերվեցին (Ղուկ. 2։21–24

19. ա) Ի՞նչ խոսքեր ասաց Սիմեոնը Մարիամին։ բ) Ի՞նչ արեց Աննան՝ տեսնելով փոքրիկ Հիսուսին։

19 Տաճարում էր Սիմեոն անունով մի ծերունի։ Նա մոտեցավ նրանց ու Մարիամին ասաց խոսքեր, որոնք նույնպես վերջինս պահելու էր իր սրտում։ Սիմեոնին խոստացվել էր, որ նախքան իր մահը տեսնելու է Մեսիային։ Եհովայի սուրբ ոգին հայտնել էր նրան, որ փոքրիկ Հիսուսն է լինելու խոստացված Փրկիչը։ Ուստի Սիմեոնը Մարիամին ասաց նաև, որ նա ապագայում մեծ ցավ էր ապրելու. այդ ցավն այնքան ուժեղ էր լինելու, ասես նրա հոգու միջով մի երկար սուր էր անցնելու (Ղուկ. 2։25–35)։ Թեև Սիմեոնի խոսքերը մասամբ վատ նախազգուշացում էին, սակայն դժվար ժամանակներում՝ երեսուներեք տարի անց, դրանք օգնեցին Մարիամին տոկալու։ Տաճարում էր նաև Աննա անունով մի մարգարեուհի, որը, տեսնելով փոքրիկ Հիսուսին, սկսեց խոսել երեխայի մասին բոլոր նրանց  հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը (կարդա՛ Ղուկաս 2։36–38

Մարիամն ու Հովսեփը մեծապես քաջալերվեցին Երուսաղեմի տաճարում

20. Ինչո՞ւ էր Հիսուսին տաճար բերելը ճիշտ որոշում։

20 Հովսեփն ու Մարիամը ճիշտ որոշում էին կայացրել՝ իրենց փոքրիկին բերելով Երուսաղեմ՝ Եհովայի տաճար։ Դա հավատարիմ կյանքի ընթացքի լավ սկիզբ էր։ Այնտեղ նրանք իրենց հնարավորությունների սահմանում լավագույնը տվեցին Եհովային և մեծ քաջալերություն ստացան։ Անշուշտ այդ օրը Մարիամի հավատը է՛լ ավելի ամրացավ։ Նա այդտեղից հեռացավ՝ սրտում պահելով հոգևոր ճշմարտություններ, որոնց շուրջ պետք է խորհեր և հայտներ ուրիշներին։

21. Ինչպե՞ս կարող ենք Մարիամի պես զորացնել մեր հավատը։

21 Ուրախալի է տեսնել, թե ինչպես են այսօր ծնողները հետևում Մարիամի և Հովսեփի օրինակին։ Եհովայի վկա ծնողները կանոնավորաբար իրենց երեխաների հետ մասնակցում են ժողովի հանդիպումներին։ Նրանք իրենց լավագույնն են անում՝ խոսքերով քաջալերելով հավատակիցներին։ Իսկ հանդիպման վայրից հեռանում են նոր ուժեր ստացած, ուրախ և սրտերում՝ բարի բաներ, որ պիտի նաև պատմեն ուրիշներին։ Որքա՜ն հաճելի է մեկտեղ հավաքվել այդպիսի մարդկանց հետ։ Եթե շարունակենք ներկա լինել այդ հանդիպումներին, մենք էլ, Մարիամի պես, ավելի կզորացնենք մեր հավատը։

^ պարբ. 7 Ուշադրություն դարձրեք, որ տարբերություն կա այս և ավելի վաղ կատարած ճանապարհորդության միջև. «Մարիամը վեր կացավ ու շտապելով գնաց» Եղիսաբեթին տեսնելու (Ղուկ. 1։39)։ Այդ ժամանակ նա միայն նշանված էր Հովսեփի հետ։ Ուստի հնարավոր է, որ առանց Հովսեփի հետ խորհրդակցելու մեկնեց Եղիսաբեթի մոտ։ Իսկ այս ճանապարհորդության վերաբերյալ նշվում է, որ որոշումը կայացրեց Հովսեփը, ոչ թե Մարիամը։

^ պարբ. 10 Այն ժամանակներում ընդունված էր օթևանելու տեղ տրամադրել ճանապարհորդներին և անցնող քարավաններին։

^ պարբ. 14 Այն, որ այդ ժամանակ հովիվները իրենց հոտերի հետ դրսում էին ապրում, հաստատում է այն փաստը, որ Քրիստոսը ծնվել է ոչ թե դեկտեմբերին, երբ կենդանիներին գոմում են պահում, այլ մոտավորապես հոկտեմբերի սկզբին։